«Մահացու հյուրախաղ» վեպը՝ ռուսերեն

Երևանի գրախանութներում հետաքրքրության նոր հասցեներ են նախանշում ռուս ընթերցասերները, որոնք հայ և նախևառաջ ժամանակակից հայ գրողների գրքերի ռուսերեն թարգմանություններն են փնտրում: Ըստ խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի այս հանգամանքը հրատարակիչների համար նոր իրավիճակում ճկուն գործելու միտք տվեց, ու մեծաթիվ ռուսախոս մարդկանց մուտքը Հայաստան հնարավորություն ստեղծեց ռուսերեն նրանց ներկայացնել հայ գրականությունը. «Նախաձեռնեցինք հետաքրքիր թարգմանական ծրագիր՝ հենց Հայաստանում հրատարակել հայ ժամանակակից գրողների գրքեր։ «Անտարեսում» առաջինը լույս տեսավ Գրիգի «Հիսուսի կատուն» պատմվածքների ժողովածուն՝ Կարինա Խալաթովայի թարգմանությամբ, այժմ թարգմանության փուլում է Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպը: Եվ հիմա ընթերցողները հրաշալի հնարավորություն ունեն կարդալու Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղ» վեպը ռուսերեն՝ Արամ Յավրումյանի թարգմանությամբ»։ Հրատարակչության խմբագիրը վստահ է, որ գիրքը կկարդան ոչ միայն այս պահին Հայաստանում գտնվող ռուս ընթերցողները, այլև Հայաստանի բազմաթիվ այն քաղաքացիները, «որոնց ընթերցանության լեզուն ավանդաբար եղել է ռուսերենը, և այդ պատճառով տարիներ շարունակ հնարավորություն չեն ունեցել ծանոթանալու հայ ժամանակակից գրականությանը»: Արքմենիկ Նիկողոսյանը կարևոր է համարում շեշտել, որ «Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղը» այնպիսի արժեքավոր գործ է, որ անպայման կխթանի հետաքրքրությունը հայ մյուս գրողների գործերի նկատմամբ»։
«Մահացու հյուրախաղ» վեպի թարգմանիչ Արամ Յավրումյանը թարգմանություններին զուգահեռ ստեղծագործում է, հպարտորեն շեշտելով, որ ազգակցական կապ ունի Նիկոլ Աղբալյանի հետ։ Արամ Յավրումյանի խոսքով հայ ժամանակակից գրականության ռուսերեն թարգմանությունների պակասն ակնհայտ է։
«Գիրքը հավանեցի, լավ վեպ էր, 90-ականների անցուդարձը, հոգեբանությունը, մեր ապրածը, ամեն ինչ վեպում կա, սովետի վերջին ժամանակաշրջանի մասին լավ պատկերացում է տալիս։ Մինչ այդ էլ ռուսերեն եմ թարգմանել Խանջյանի, Գրիգի գործերը», -ասում է պարոն Յավրումյանը։
Արքմենիկ Նիկողոսյանը վեպի ժամանակաշրջանի մասին թարգմանչի դատողություններին համակարծիք է․ «Հովհաննես Երանյանի «Մահացու հյուրախաղը» ոչ միայն ինքնին լավ գործ է, այլև այնպիսի նյութ ու հարցադրումներ է ընդգրկում, որ կարող է հետաքրքիր լինել նաև դրսի ընթերցողի համար, որովհետև որքան էլ վեպի ժամանակային ընդգրկումները վերաբերում են 35 տարի առաջվա իրողություններին, այնուամենայնիվ, թե՛ իրավիճակները, թե՛ դրանց ընկալումը, թե՛ հատկապես դրանց կրկնությունը նոր ժամանակներում վեպը դարձնում են չափազանց ակտուալ»։
Ակտուալ վեպի մասին
Խորհրդային մեծ երկրի ավանդույթի համաձայն՝ արվեստը պարտադիր պիտի գնար մարզեր, աշխատավորական մասսաների մոտ։
Եվ 1988 թվականին Հայաստանի ժողովրդական թատրոնի կոլեկտիվը (դերասան-դերասանուհիներ, ռեժիսոր և վարորդ) ավտոբուսով մեկնում է հեռավոր մարզ՝ հյուրախաղերի: Ճանապարհը կարճելու համար վարորդն անցնում է Ադրբեջանով։ Նրանք չգիտեին, որ հարևան պետությունը օրեր առաջ վերածվել էր թշնամի երկրի, և հայտնվում են գերության մեջ:
Թատերախմբի դերասանների նախատիպը հեղինակն ու ընկերներն են։ Իրական և մտացածին այս մեկամսյա հյուրախաղի սկիզբն անցնում է թատերական, վերջաբանը՝ կյանքի օրենքներով։ Նրանք միմյանց մեջ բացահայտում են քաջություն, անձնվիրություն և ուրացում: Վեպը, ընդհանուր ձևակերպումով, էքստրեմալ իրադրության մեջ վարքային փոփոխությունների, մեծ հեղաբեկումների ընթացքում մարդկանց ճակատագրերի, անձնական կյանքի փոխակերպումների մասին է։
Հումորային ու կարիկատուրային գույներով պատկերված առաջին ներկայացումից հետո (ծիծաղաշարժ պրոֆեսոր, տոմսի մեկ ռուբլի գումարի փոխարեն տնական ձու բերող հանդիսատես տատիկ) Բերդի կուսակցական ղեկավարի հյուրընկալության գիշերը խմբի ռեժիսոր Մնակյանը ցուցադրում է իր բոհեմական բոլոր շնորհները՝ խմելու, կանխագուշակության․ «Նիկոլայ Երկրորդն էլ սուխոյ զակոն հայտարարեց, ռուսները կատաղեցին, միացան Լենինին ու փլուզեցին կայսրությունը։ Նույնը հիմա կլինի»։
«Ռայկոմի հայ քարտուղարը» ամբողջ էությամբ ընդվզում է այդ չարագուշակության դեմ, որը սպառնում էր փլուզել իր պատկերացումները․ «Չի՛ լինի նման բան, ո՞նց կքանդվի աշխարհի ամենամեծ պետությունը»։ Ու իրեն ապահովագրում է, երևույթը պայմանավորելով «թատերախմբի քաղաքական անբարեհույս ու բարոյական անկայուն նկարագրով»։
Թատերախմբի հաջորդ կանգառը Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետոթյան Կալինինիո-Տաշիր քաղաքն էր, և ամենակարճ ճանապարհն անցնում էր Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության Ղազախի շրջանով։ Սովետական երկու պետությունների տեղեկացնող-չնշմարվող սահմանագծին կանգնած միլիցիոները, փոխադարձ հայհոյանքի համար վրեժ լուծելով, «մոռանում է» զգուշացնել, որ ընդհարումներ են սկսվել, և հրաման ունեն Հայաստանի համարանիշներով մեքենա թույլ չտալ սահմանն անցնել։
Ու գիշերային մթության մեջ հայկական համարներով ավտոբուսը «երբեմն դանդաղ ընթացքով, երբեմն էլ սուրալով, քառասուն կիլոմետր խորացավ թշնամի դարձած հանրապետության տարածքի մեջ»։
Այնուհետև դեպքերը ծավալվում են փոքր պատուհանով նեղ ու երկար մարագում, ապա՝ հայի լքված տանը։ Գերությունն էլ իր նյուանսներն ուներ։ Գերեվարողներից մեկը գլխավոր հերոսի՝ կովկասյան պետություններին միավորող սովետական բանակի ընկերն էր, որը փորձում է թեթևացնել նրանց կենցաղը, կազմակերպել ընկերոջ փախուստը։ Առաջինը փրկվում է կովկասյան երրորդ հանրապետության՝ «չեզոք» ազգության դերասանը։ Իսկ գերեվարված թատերախմբի անդամներն «արդեն չէին հիշում, թե շաբաթվա ինչ օր է, քանի օր է այդտեղ են, և որ ժամին է մթնում»։ Թվում էր, թե ամբողջ հավերժություն է անցել այն օրից, ինչ լուսումութին ավտոբուս նստեցին ու Երևանից ճանապարհ ընկան, և «ուրեմն, ժամանակը կշիռ ունի, և կշեռքի կռիկը կախված է ոչ այնքան տեսածի ու լսածի, որքան զգացածի, հոգով ու նյարդերով ապրածի ծանրությունից»։
Հայաստանի ժողթատրոնի ներկայացումը Ադրբեջանում
Դեռևս սովետական հանրապետության կուսակցական ղեկավարները ռեժիսոր Մնակյանին համոզում են կուլտուրայի տանը ներկայացում խաղալ, որպեսզի համոզված լինեն, որ իսկապես դերասաններ են, ոչ թե ծպտյալ տեռորիստ։ Սովետական օրենքներով, ներկա են նաև «Պրավդա» թերթի թղթակիցն ու լուսանկարիչը, ցույց տալու համար, թե ինչքան լավ անցավ Հայաստանի ժողովրդական թատրոնի ներկայացումը եղբայրական Ադրբեջանում։
Բռնի և փրկչական ներկայացման հանդիսականը ապահովության համար ընտրովի էր՝ քաղաքի կուսակցական ու կոմերիտական կորիզը։ Մշակույթի պալատի տնօրենը, ինչպես և հայ ռեժիսորը, Ռուսաստանում էր բարձրագույն կրթություն ստացել, ուստի նրանք դեռևս կարող էին շշնջալ միմյանց ականջի․ «Մեծ խաղ է սկսվել, որը ոչ մեկիս համար լավ չի վերջանա»։
Դերասանախումբը բեմ էր մտնում ուժի պարտադրանքով և «առաջին անգամ ստիպված էին ներկայացում խաղալ հանուն իրենց ազատության»։ Ավելին, իմպրովիզներ են անում դժբախտ իրադրության բերումով, լեզուն չհասկացող հանդիսատեսի առաջ։
«Վաղը, կամ երկու օրից, երբ այստեղ չենք լինի, ես հաստատ ինձ շատ ավելի լավ կզգամ»,- ասում է «Արևը ձեզ հետ» ներկայացման տարեց հիվանդը։
Ողբերգական կատակերգությունն ընդհատվում է խառը ժամանակներին հատուկ էքստրեմալ ձևով՝ հրացանավորների մուտք դահլիճ, ժամերի ընթացքում իշխանության փոփոխություն, կոմունիստների փախուստ։
Ճակատագրեր
Խաղալով կյանքի ու մահվան եզրագծին, պայքարելով հանուն կյանքի, նրանցից յուրաքանչյուրը ժամանակ է գտնում քննելու իր ապրած տարիները: Թեև տասից ինը վերադառնում են երկիր, տառապանքներից ու զոհ տալուց հետո փրկվում են դեռևս կանգուն սովետի շնորհիվ, սակայն կարճատև հյուրախաղը փոխում է բոլորի կյանքը։
Հեղինակի վերջաբանն ասես մի առանձին պատում է, ներառելով նաև ադրբեջանցիների հետագա ճակատագրերը՝ ցմահ բանտարկություն, արտագաղթ հարևան Իրան, Մոսկվա, Թել-Ավիվ, նրանից ոմանք էլ երբեք չեկան հայրենիք։
Փրկված հայ դերասանները թատրոն հիմնեցին, դարձան քառամյա պատերազմի մարտիկներ, ականի պայթյունից զոհվեցին։ Նրանցից մեկն անհետ կորավ կամավորական ջոկատի խմբի հետ, տասնամյակներ անց էլ՝ ոչ մի լուր։ Դերասանուհիներից մեկը թատրոնում աշխատելուց հետո ամուսնացավ արտասահմանցու հետ և տեղափոխվեց Կանադա, մյուսը մարզում ուսուցչուհի դարձավ։
Ռեժիսորի՝ խմիչքի նկատմամբ թուլությունն առանց մշտական աշխատանքի ճակատագրական դարձավ, և նրա թաղման թափորի մեջ «թատերախմբից ոչ ոք չկար. կամ երկրից էին հեռացել, կամ կյանքից և կամ՝ ժամանակ չգտան»։
Գայանե Մկրտչյան