«Արարատյան մարդը»
Զարյանի ժամանակը
Արդեն 2-րդ տարին է, որ «Կողբ» հիմնադրամը Կոստան Զարյանի տարեդարձը վերածում է մեծ գեղագետի և գրողի ժառանգության քարոզչական արշավի՝ տարաբնույթ միջոցառումներով վերստին անդրադառնալով Զարյանի ֆենոմենին. Այս տարի գրողի 141-ամյակի առիթով հիմնադրամը մեկ շաբաթ շարունակ ցուցադրական և գրական նախագծերի իրականացումով նշանավորեց զարյանական շաբաթը, որի մեկնարկը տրվեց Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում՝ «Արարատյան մարդը» ցուցադրական նախագծի բացումով: «Արարատյան մարդը» խորագրով ցուցահանդեսն ամբողջացնում է գրողի վայրիվերումներով լեցուն կյանքի, նրա անցած ուղու ու ստեղծագործական փնտրտուքների համապատկերը: Բայց գլխավոր անակնկալն, իհարկե, մատուցել է Զարյան ընտանիքը. առաջին անգամ ցուցադրվում են Զարյանի հեղինակած մեկ տասնյակից ավելի գծանկարների լուսապատճենները, որոնք նա նկարել է Մյունխենի բանտում անցկացրած 1․5 տարվա ընթացքում: Եվ 2-րդ անակնկալը Զարյանի քաղաքային քանդակն է, որը հեղինակել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը: Քանդակը ժամանակավորպես տեղադրվել է Աբովյան փողոցում՝ Գեղագիտության կենտրոնի մուտքի դիմաց՝ քանի դեռ չի ճշտվել քանդակի տեղադրման վերջնական հասցեն: Զարյանական հայտնությունների, նրա վերաարժևորման ընթացքի և Հայրենիք՝ խորհրդանշական վերադարձի մասին զրուցել ենք գրողի թոռան՝ Արա Զարյանի հետ:
Նունե Ալեքսանյան -Պարոն Զարյան, արդեն 2-րդ տարին է, որ «Կողբ» հիմնադրամը բազմաբնույթ միջոցառումներով է հիշատակում Զարյանի տարեդարձը: Բայց վերջին տարիներին նաև ակնհայտ է հանրային հետաքրքրության աճը Կոստան Զարյանի անձի և ստեղծագործության հանդեպ: Ինչպե՞ս եք գնահատում այն իրողությունը, որ համաեվրոպական մեծության մի գեղագետ բացարձակապես անտեսված և մերժված էր իր հայրենիքում, և միայն այժմ նրան արժանին է մատուցվում Հայաստանում:
Արա Զարյան -Նախ պիտի ասեմ, որ շատ ուրախ եմ և շնորհակալ եմ Տիրոջից, որ հնարավորություն ունեմ մասնակցելու ու տեսնելու, այսպես ասած, Կոստան Զարյանի վերադարձը Հայաստան կամ նրա վերածնունդը կամ գնահատումը։ Շատ երկար տարիներ անցան և բավականին հետաքրքիր դրվագներ, հիշողություններ և ժամանակաշրջան կա: Բայց կարևորն այն է, որ եկավ էն ժամանակը, որ Կոստան Զարյանի մասին սկսեցին հիշել և գնահատել նրան։ Ես հիշում եմ, որ հայրիկս միշտ ինձ ասում էր, որ Կոստան Զարյանի ժամանակը դեռ պիտի գա: Երբ 1962-ին Զարյանը վերադարձավ Հայաստան, որտեղ ինքը երկու անգամ արդեն եղել էր, ինքը գիտեր, որ պիտի գար և հանգչեր այստեղ, իր ցանկությունն էր թաղվել, հանգչել մայրենի հողում: Եվ նա իր հետ բերում է իր բոլոր ձեռագրերը և բոլոր գրքերը, արժեքավոր նյութերը, որովհետև գիտեր, որ այլևս հետ չէր կարող վերադառնալ: Իսկ գալու շարժառիթը որն էր: Իհարկե, ասացի, որ ուզում էր հանգչել իր հայրենի հողում, և այդպես էլ եղավ։ Բայց վերադարձի շարժառիթը Վազգեն Վեհափառի հետ հանդիպումն էր Միացյալ Նահանգներում, որի ժամանակ Վեհափառը մեծ գնահատանք է տալիս նրա գրականությանը և գործունեությանը: Եվ իր անունից խոստանում է Հայաստան վերադառնալու դեպքում հրատարակել Զարյանի բոլոր գրքերը: Եվ Զարյանը գալիս է ու բերում է իր ամբողջ գրականությունը, գրական արժեքները: Բայց հասկանալի է, որ Վեհափառը չի կարողանում իր խոսքի տերը լինել, որովհետև այն ժամանակ պիտի համաձայնեցնեին պետական մարմինների հետ, իսկ նրանք պարզապես արգելում էին դա անել, և այդ պատճառով նախագիծը չիրականացավ: «Նավը լեռան վրա»-ն վերահրատարակվեց 1963 թվականին և գիտենք, թե ինչպես էր գիրքը, մանավանդ վերջին մասը ձևափոխվել ըստ խորհրդային մտածողության: Հայրիկս պատմում էր, որ որքան էր Զարյանը վրդովված այդ ձևախեղումներից:
Ն.Ա. -Անկեղծ ասած ինձ համար մեծ անակնկալ էր այս ցուցահանդեսում բացահայտել, որ Զարյանը նաև շատ լավ նկարում էր. ինչի վկայությունը նրա գծանկարների ցուցադրությունն է: Ե՞րբ և ինչպե՞ս է Զարյանը սկսել նկարել և քանի՞ գծանկար ունի:
Ա.Զ. -Դե հասկանալի է, որ ցուցադրված գործերը բնօրինակները չեն, բնօրինակները Մատենադարանում են։ Բոլոր ցուցադրված գործերը լուսապատճեններն են: Ամբողջը չի, ամբողջը Մատենադարանում է: Եվ քույրս՝ Սիրվարդը, որը հիմա ուսումնասիրում է Մյունխենի օրագիրը, նաև դրանցով է զբաղվում, և ուրեմն դա առանձին կհրատարակվի որպես Մյունխենի բանտային օրագիր։ Իհարկե, սա Զարյանի ստեղծագործության անսպասելի շերտ է և ուսումնասիրության շատ հետաքրքիր նյութ է: Կարծում եմ, քչերը գիտեին կամ գուցե և ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Կոստան Զարյանն իր բանաստեղծությունների, պոեմների, էսսեների շարքում փորձել է նաև նկարել։ Գիտեք, շատ հետաքրքիր նկարներ են: Միայն մատիտանկարներ են, այսինքն՝ գունավոր նկարներ ես չեմ հանդիպել: Ինչո՞ւ է Զարյանը նկարել: Նկարելու անհրաժեշտությունն առաջացել է 1908-1909 թվականներին, երբ հեղափոխության հետ կապված ինքը գումարներ էր փոխադրում մի երկրից դեպի մյուս երկիր, գումարներ, որոնք պիտի նպաստեին հեղափոխության հաղթանակին, Լենինի ծրագրերի իրականացմանը: Այնպես է ստացվում, որ ինքն իր ընկերների հետ, որոնք այդ գործողությամբ պիտի զբաղվեին, ձերբակալվում են, և Զարյանը 1․5 տարի մնում է Մյունխենի բանտում։ Ինքն ուներ մի տետր, որում բանաստեղծություններ էր գրում և սկսում է այդ տետրում նկարել։ Այսինքն՝ չուներ գրադարան, չուներ գրքեր, չուներ այլ հնարավորություն և գրելուց բացի էնտեղ սկսել է նկարել: Իսկ հետո չի թողել նկարելը, զարգացրել է դա: Հիմա մի շատ հետաքրքիր հարց է առաջ գալիս՝ արդյոք այս նկարները, որոնք մենք ցուցադրել ենք, անկախ են իր գրական հայացքներից, թե, այնուամենայնիվ, ինչ-որ ձևով կարող են կապվել Զարյանի գրականության և այս կամ այն ստեղծագործության հետ, այսինքն՝ ինքն ամբողջացրել է գրական թեման նկարի միջոցով, թե՞ սրանք առանձին, անկախ գործեր են։ Սա, իհարկե, ուսումնասիրության առարկա է: Այն արվեստագետները, որոնք բավական լավ ճանաչում են իր գրականությունը, իրենք կարող են դա անել և փորձել կապել այս կամ այն նկարը գրական այս կամ այն գործի հետ։ Սա պետք է որ շատ հետաքրքիր լինի:
Ն.Ա. -Եվ քանի որ խոսեցինք Մատենադարանի արխիվից, ուզում եմ հարցնել՝ ինչպե՞ս տնօրինվեց այն: 7 տարի առաջ՝ 2019 թվականին Զարյանի ժառանգները Մատենադարանին նվիրեցին գրողի հարուստ արխիվը, որն առանձնահատուկ խնամքով պահպանել էին խորհրդային տարիներին: Սա մի բացառիկ արժեքավոր հավաքածու է՝ 365 նամակ 7 լեզուներով, որոնցում արձանագրվել են Զարյանի ջերմ շփումները Եվրոպայի ամենամեծ մտածողների՝ Վերհառնի, էլուարի, Լորկայի ու Մոդիլյանիի հետ, նաև գծանկարներն ու այլ արխիվային նյութեր: Ի՞նչ հնարավորություններ է այն ընձեռում ուսումնասիրողներին:
Ա.Զ. -Այո, մենք՝ ժառանգներս, հանձնեցինք ամբողջը Մատենադարանին, որովհետև այդ նյութը մեր անձնականը չի, այլ պատկանում է հայ ժողովրդին, ուստի ճիշտ է, որ գտնվի այդպիսի մի կենտրոնում: Հիմա իրենք թվայնացնում են այդ նյութերը, և Կոստան Զարյանի գրական ժառանգության ուսումնասիրությունը ընթացքի մեջ է: Ինչո՞ւ որոշեցինք Մատենադարանին հանձնել, որովհետև իրենք ունեն արդիական բոլոր սարքավորումներով անհրաժեշտ միջավայր պահպանության համար՝ անհրաժեշտ խոնավություն, ջերմաստիճան և գիտական ներուժ: Մեր նպատակը ոչ միայն պահպանությունն էր, այլ այդ ամբողջը թվայնացնելը, համակարգելը, որն ուսումնասիրության հնարավորություն կտա ցանկացած մարդու, նա կարող է մուտք ունենալ այդ թվայնացած ամբողջ դիվանը, տեսնել ի՞նչն է իրեն հետաքրքրում, պատվիրել և շարունակել ուսումնասիրությունները: Այսինքն գրքերը, որ հրատարակվել են, դրանք նրա հիմնական գործերն են, բայց օրինակ՝ նամականին առանձին ուսումնասիրության նյութ է և այն ուսումնասիրելու համար պետք են մասնագետներ, որոնք օտար լեզուների են տիրապետում, քանի որ էնտեղ կան ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, հայերեն, ռուսերեն, իսպաներեն նամակներ։ Այսինքն մասնագետների խումբ պիտի լինի, որը պիտի թարգմանի և բաղադրի այդ ամբողջը: Մենք, իհարկե, շատ ուրախ պիտի լինենք, եթե կարողանանք տեսնել նամականին հրատարակված, այսինքն՝ ամբողջը, որպեսզի հասկանանք Կոստան Զարյանը ում հետ է շփվել, ինչի՞ մասին են իրեն գրել, ի՞նչ ծրագրեր ունի, ի՞նչ մտքեր ունի, որն անշուշտ կհարստացնի տաղանդավոր գրողի մասին նյութը, և մենք կկարողանանք ավելի լավ ճանաչել իրեն։
Ն.Ա -Եվ գուցե այդ ժամանակ լիարժեքորեն իրավունք կունենանք ասել, որ եկել է Զարյանի ժամանակը:
Ա.Զ. -Տեսեք, հիմա այդ ցուցափեղկը, որ կա փողոցի կողմից, բոլոր հրատարակված գրքերը շարված են այնտեղ: Ինքը կտակի նման ցանկություն-մաղթանք է թողել, և ես այդ ձեռագրի լուսանկարը ունեմ, որտեղ Զարյանը գրում է, թե ինչպես կուզենար իր գրականությունը հրատարակված տեսնել, այսինքն՝ 16 հատորը, և այդ բոլոր հատորների անունները կան։ Ճիշտ է, անունները բոլորը չեն պահպանվել, բայց որպես թոռ կարող եմ ասել, որ իր այդ գաղափարն այսօր իրականություն է դարձել: Եվ սա թոռան ամենամեծ երջանկությունն է, որ այն ծրագիրը, որ պապիկը ուներ, և որը ինքը չտեսավ, բայց իր թոռները դա իրականացված տեսան։ Այնպես որ, ես շատ շնորհակալ եմ բոլորին, ովքեր ներդրում են ունեցել այս գործում և հրատարակել են այդ գրքերը:
Ն.Ա. -Բայց մենք չենք խոսում չէ՞ երկերի լիակատար ժողովածուի մասին, որը երազանքի պես է հնչում, այսինքն մի ժողովածու, որը կներառի Զարյանի ամբողջ ժառանգությունը՝ այդ թվում նաև Մատենադարանին հանձնված անգին գանձարանը:
Ա.Զ. -Այո, բայց սա շատ լավ սկիզբ է: Եվ ես շնորհակալ եմ «Կողբ» հիմնադրամին, որ այս մեկ տարվա ընթացքում բավականին ներդրում արեց և հրաշալի միջոցառումներ արեցին, ֆիլմաշար ստեղծեցին, գիրք հրատարակեցին, հիմա այս ցուցահանդեսն է, համերգներ են անում։ Այսինքն մի մեծ, հսկայական ծրագիր է, և իսկապես իրենց նախաձեռնության նպատակն է հանրայնացնել Կոստան Զարյանի գրականությունը և ժառանգությունը: Խորհրդային շրջանում հիշում եմ հայրիկս որոշ բաներ վերցրել է՝ բանաստեղծություններ, հոդվածներ, սկսել է էստեղ «Սովետական արվեստ» ամսագրում, «Հայրենիքի ձայն»-ում փոքր որոշ բաներ հրատարակել, բայց նաև տեսել է, որ հիմնականում ինքը հանձնում է և չեն հրատարակում։ Մտածել է, որ այլևս չզբաղվի դրանով: Եվ այդ ամբողջ գրական նյութը մեր տանը մենք պահել ենք այն հույսով, որ մի օր կհրատարակվի: Եվ այդ օրը եկել է:
Ն.Ա. -Եվ պիտի խնդրեմ որ խոսեք քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հեղինակած Զարյանի քաղաքային քանդակի մասին: Մկրտիչ Մազմանյանը Զարյանի հետ շփվելու բարեբախտությունն է ունեցել, որը ուսանում էր Արտո Չաքմաքչյանի մոտ: Մինչև քանդակի ավարտը 100-ավոր էսքիզներ է ստեղծել: Եվ, ի վերջո, Զարյանին կերպավորել է բզկտված ձեռքերի և հողից սնվող գրքերի ներդաշնակ միասնությամբ: Ձեզ դուր եկա՞վ այս լուծումը:
Ա.Զ. -Մկրտիչ Մազմանյանը տաղանդավոր քանդակագործ է, շատ էներգիա և շատ հետաքրքիր մտքեր ունի: Ես լսել եմ իր մեկնաբանությունը: Ինքն ասում է՝ սա Կոստան Զարյանի քանդակը չէ, սա Կոստան Զարյանի կերպարն է, այսինքն ինքը ներկայացրել է քանդակը ինչպես որ ինքն է զգում։ Աշխատանքի ընթացքում հանդիպել ենք, իր կարծիքն է հայտնել, ես նյութեր եմ տվել, բանավիճել ենք, խոսել ենք։ Գիտե՞ք, ամեն արվեստի գործն ինքնուրույն մտածողության և ինքնուրույն զգացողության արդյունք է։ Մի բան շատ հետաքրքիր է, որ նման չէ ուրիշ բոլոր քանդակներին, որոնք մենք սովոր ենք տեսնել թե՛ խորհրդային շրջանից, թե՛ հետխորհրդային շրջանից, թե՛ հիմա արված քանդակների շարքում: Պիտի ժամանակ անցնի, և քանդակը պիտի քաղաքի մաս դառնա, դեռ քաղաքի մաս չի, դեռ թարմ է։ Իսկ ինչ վերաբերվում է գաղափարին՝ կոմպոզիցիան հետաքրքիր է։ Ես հիմա չեմ կարող ասել՝ սա հաջողություն կունենա՞, սա կդառնա՞ հայտնի արձան, թե ոչ, որովհետև շատ դժվար է դա կանխատեսել: Պիտի նախ իր ճիշտ տեղում տեղադրվի, որովհետև սա ժամանակավոր տեղ է: Շատ լավ տեղ է Աբովյան և Սայաթ -Նովա խաչմերուկը, Կաթողիկե եկեղեցու հարևանությամբ: Այսինքն դա այն ճանապարհն է, որով ինքն ամեն օր գնում էր և հանդիպում ընկերների հետ, զբոսնում էր Աբովյանով վերև ու ներքև, էնպես որ ես մաղթում եմ, որ քանդակը ընդունվի երևանցիների կողմից և դառնա քաղաքի մաս։
Հարցազրույցը՝ Նունե Ալեքսանյանի