Անհայտի և տարածության վախով, երկի՛ր
Նախ ասել են` մարդ եք, հետո ամեն ինչ արել են, որ մոռանանք այդ:
***
Մեզ միշտ,
միշտ այսպես են խաբել.
նախ ասել են` մարդ եք,
հետո ամեն ինչ արել են,
որ մոռանանք այդ:
Հետո ասել են` երկինք է սա,
և ոչինչ չեն խնայել,
որ վախով նայենք վերև,
և հող են ասել,
որ մենք չմոռանանք
իսկական արվեստը
գերեզմանափորի:
***
Մենք ասում ենք՝ հարկավոր է երգել
և… լռում ենք,
Մենք ասում ենք՝ հարկավոր է սիրել
և… հեռանում ենք։
Մենք ասում ենք՝
վիրահատել է հարկավոր կյանքում
անտես քաղցկեղը մութ կասկածների.
պետք է գոնե բլուր լինել՝
լեռների ցավով տառապելու համար.
ասում և հանգիստ նստում ենք տանը։
Մենք ասում ենք՝ հարկավոր է զգալ դարը,
ինչպես սեփական տաք զարկերակի
համատրոփը,
հարկավոր է որսալ պահը,
ակնթարթն ադամանդյա…
և նայում ենք ժամացույցի
հապճեպ-կամակոր
վայրկենավազքին։
Մենք ասում ենք՝ պետք է ապրել,
և՛ ստեղծել, և՛ սկսել…
… և մեր դագաղին
լուռ հետևող մարդիկ,
մեր հիշատակը հարգելու համար
չեն խոստովանում,
որ մենք ոչինչ էլ
չարինք այս կյանքում։
***
Անհայտի և տարածության վախով, երկի՛ր,
անհայտի և տարածության,
իմ մեջ բորբոսնում է ամպրոպը
ընկնավոր ճամփաների,
և դեպի քեզ է վազում
մտահանված մի շող
վասն արքայության և վասն ցավի։
Տես, գալիս է, գալիս է, գալիս է մեկը
ինքն իր նման
և նման
չփշրվող կավի։
Եվ ես ասում եմ՝ աղջիկ,
որ ճոճք ունենա փողոցը թեթևակի,
և ես կին եմ ասում,
որ երեխաներ ծնվեն փաթիլներից,
և ես ասում եմ՝ պառավ,
որ կրկնվի ճոճքը
փողոցի և կնոջ միջև։
Տագնապի և հավերժության միջով, երկի՛ր,
տագնապի և հավերժության,
նորից ելնում-բարձրանում է փղձուկը
ապառաժ քարերի,
և դատարկ քարանձավներ են թվում
իմ աչքերը՝
դրված իմ դեմ,
և իմ ձեռքերը
ուսերս շոյում են
թիկունքից՝
վասն ակնկալի և վասն հուշի։
Տե՛ս, կանգնել , կանգնել է, կանգնել է մեկը
և չի կարող գալ
և չի ուզում մնալ
կանգնած։
Եվ ես ասում եմ՝ տերև,
որպեսզի ձև ունենա անկումն այսօր,
և ես ծառ եմ ասում,
որ գալարներով հաշվես կենսագրությունը
ճանապարհի,
և ես ասում եմ՝ քամի,
որպեսզի հաստատ լինի կապը
տերևի և ծառի միջև։
Հատնումի և հայտնության տենդով, երկի՛ր,
հատնումի և հայտնության,
իմ մեջ խլանում է մառախուղը առասպելի
և նորից լավուվատի ես բաժանում օրերը,
և ոչ ոք չի հարցնում,
թե ինչու է սարդոստայնը ճերմակ,
երբ կապույտ է արյունը սարդի,
և նորից լավուվատի են բաժանվում օրերը
վասն տարածության և վասն դողի։
Տե՛ս, ընկնում է, ընկնում է, ընկնում է մեկը,
և հեռու է անկումը մինչև հող,
քանի որ ոտքերը չեն բաժանվում հողից,
և աչքերը չեն բաժանվում երկնքից…
Եվ ես ասում եմ՝…
Տե՛ս, ծնվում է, ծնվում է, ծնվում է մեկը։
***
Եվ այսպես բառերը բոլոր,
բառերը,
բառերը բոլոր…
Եվ աշնան երկրորդ ամսվա մեջ ծնված մի տղա
չի ուզի երկրորդը լինել
ոչ մի տեղ…
Եվ այսպես`
ծիծաղ
և ծիծաղի մեջ էլի
բառերը բոլոր…
Եվ առաքյալներից 15-րդը օր էր լինելու
հոկտեմբերի մեջ,
և տղան ինքն էր բռնելու
նրա ձեռքը
և ասելու` գնանք,
և ամեն տարի մի անգամ
նրանք վերադառնալու են նույն տեղը,
և տղան փոխված է լինելու
ամեն անգամ
մի քիչ,
իսկ առաքյալը` նույնը…
Եվ այսպես
ընդմիջում է հայտարարվում
տղայի, բառերի
և բոլորի համար:
***
Չէ, ինչո՞ւ հարբած,
պարզապես գինի էր և շատ էր,
և ամեն անգամ քո կենացն էր լսվում,
և ամեն անգամ դու չէիր լսում:
Պարզապես տարածություն էր,
որ հարկավոր էր… խմել:
Որ հարկավոր էր խմել
և հասնել քեզ:
Ե´վ հասնել… և´ լռել:
Չէ´, ի՞նչ կարոտ,
պարզապես դու չես հերիքում,
անընդհատ չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում,
էլ երբեք չես հերիքում
իբրև ներկայություն
և մոտեցող ձեռք:
Չէ´, ի՞նչ սեր,
պարզապես դու փակում ես աչքերդ,
որ ես երազ տեսնեմ,
քայլում ես, որ ես հոգնեմ.
ծնվում ես, որ շարունակվեմ.
հիվանդանում ես, որ ինձ համար
բժիշկ կանչեն,
ասում ես` գարուն է,
որ ճերմակ ծաղկաբուրմունք հնչի իմ աչքերում,
ժպտում ես, որովհետև ինձ սազում է,
ծիծաղում ես, որ մարդիկ իմ մասին ասեն`
ուրախ մարդ է,
հագնվում ես, որ ես չմրսեմ,
արձակում ես կոճակներդ,
որովհետև ես եմ շոգում…
…Ապրի´ր,
թե չէ մարդիկ դժվարությամբ կտանեն
իմ աճյունը ծառերի միջով:
ԽՏԱՑՈՒՄՆԵՐ
Հոգնել ես:
Հասկանում եմ:
Ամենքն են հոգնել:
Եվ քանի դեռ
քնած են բառերը,
վե´ր կաց
ու մի երգ գրի´ր
առանց
այդ
բառերի…
***
-Ամենադժվարը բաժանման առաջին օրերն են,–
հանգստացնում է տղան`
աղջկա մազերը շոյելով:
-Չէ, միշտ էլ դժվար կլինի
մինչև քո վերադարձը,–
լացակումած բողոքում է աղջիկը:
…-Ծառ,
հիշեցրու նրանց,
որ ամենադժվարը
այդ խոսքերը
հետո հիշելն է: