Ծիծաղը
-Ուզում եք, որ ծիծաղե՞մ:
Այնքան մենավոր ու խոնջացած զգաց նա ինքն իրեն դատարկ դասարանի մեջ, մինչ բոլոր տղաները գնում էին տուն` Դեն Սիթը, Ջեյմս Միսիփոն, Դիք Քորքորընը, Նրանք այժմ հավանաբար քայլում էին Սաութըրն Փասիֆիք երկաթգծի երկայնքով, խաղալով ու ծիծաղելով: Իսկ օրիորդ Ուիսիգի իրեն դասարանում պահելու այս ապուշ գաղափարը նրան տկարացնում էր:
-Այո՛:
Օրիորդի խստապիրկ շուրթերը, ահուդողը, աչքերից ծորող սրտառուչ մելամաղձը:
-Բայց ես չե՛մ ուզում ծիծաղել:
Ամեն բան տարօրինակ էր, ամբողջ աշխարհը, պատահող բաները, դրանց պատահելու կերպը:
-Ծիծաղի՛ր:
Օրիորդի հարաճուն էլեկտրական պրկվածությունը, շեշտված համառությունը, մարմնի և թևերի ջղային շարժումները, նրա սփռած պաղ մթնոլորտն ու մանավանդ՝ զզվանքը, որ նա զգում էր իր արյան մեջ:
-Բայց ինչո՞ւ:
Ինչո՞ւ: Ամեն ինչ խճճված, ամեն ինչ անհրապույր ու տգեղ, կաշկանդված միտք` ասես անիմաստորեն որոգայթն ընկած:
-Պիտի ծիծաղես իբրև պատիժ: Դասարանում ծիծաղեցիր, հիմա էլ իբրև պատիժ պիտի ինքդ քեզ մեկ ժամ, մեն մենակ`առանձին ծիծաղես: Շտապի՛ր, դու չորս րոպե կորցրել ես արդեն։
Զզվելի էր: Ամենևին հաճելի չէր դասարանում մենակ մնալը: Այդ գաղափարի մեջ իմաստ չկար: Ինչի՞ վրա պիտի ծիծաղեր: Մարդ չի կարող հենց էնպես ծիծաղել: Պետք է զվարճալի, զավեշտական կամ սնափառ մի բան լիներ, ծիծաղաշարժ մի բան: Այս ամենն այնքան տարօրինակ էր, օրիորդի շարժուձևը, նայելու կերպը, ուշիմությունը, նրբությունը, հայացքի սրությունն իրենց մեջ տարօրինակ և սահմռկեցնող բան ունեին: Իրենից ի՞նչ էր ուզում: Եվ ի հավելումն այդ ամենի` դպրոցի հոտը, հատակի յուղը, կավճափոշին, այդ գաղափարի հոտը, տղաների մեկնումը` առանձնություն և տխրություն:
-Ցավում եմ, որ ծիծաղեցի:
Ծաղիկն ամոթխածորեն հակվել էր: Տղան իսկապես ցավում էր պատահածի համար, ցավում էր, ոչ թե իր, այլ օրիորդի համար: Նա դեռատի աղջիկ էր, փոխանորդ ուսուցչուհի, և նրա մեջ կար այդ տխրությունը, այնքան հեռալուր ու անըմբռնելի: Այն տխրությունն ամեն առավոտ իր հետ դպրոց էր գալիս, և տղան դրա վրա էր ծիծաղել, ծիծաղաշարժ էր օրիորդի որևէ բան բացատրելու կերպը, ասելու ձևը, յուրաքանչյուրին նայելու նրա եղանակը: Նա բնավ չէր կամեցել ծիծաղել, բայց հանկարծ ծիծաղել էր, և օրիորդը նայել էր նրան, և ինքն էլ նայել էր նրա դեմքին, և այդ հաղորդակցությունը մի պահ էր տևել, ապա զայրույթն ու ատելությունը նրա աչքերի մեջ. «Դասերից հետո այստեղ պիտի մնաս»: Չէր ուզեցել ծիծաղել, պարզապես այդպես էր պատահել, և նա ցավ էր զգում պատահածի համար. հարկ էր, որ օրիորդն այս ամենը հասկանար: Աստված իմ, ինչպե՞ս հասկացներ:
Ժամանակ ես կորցնում։ Սկսի՛ր ծիծաղել:
Օրիորդը թիկունքը շրջած գրատախտակի վրայի բառերն ու թվանշաններն էր սրբում` Աֆրիկա, Կահիրե, բուրգեր, Սֆինքս, Նեղոս, 1865, 1914. բայց լարվածությունը, նույնիսկ մեջքը շրջած, այդ պրկումը դեռևս դասարանի մեջ, պարապության պատճառով ընդգծված, չափազանցված ու ճշգրիտ դարձած. իր միտքն ու նրա միտքը, իրենց վիշտը, կողք կողքի, պայքարի մեջ, ինչո՞ւ: Ինքն ուզում էր բարեկամ լինել, այն առավոտ, երբ նա դասարան էր մտել, նա կամեցել էր բարեկամ լինել: Տղան անմիջապես զգացել էր նրա տարօրինակությունը, հեռավորությունը, ուրեմն ինչո՞ւ էր ծիծաղել: Ինչո՞ւ ամեն բան սխալ ձևով էր պատահում: Ինչո՞ւ ինքը պիտի լիներ նրան վիրավորող անձը, մինչ ի սկզբանե կամենում էր նրա բարեկամը լինել:
-Չե՛մ ուզում ծիծաղել:
Ձայնի մեջ մարտահրավեր եւ միաժամանակ` հեծկլտոց, ամոթալի հեծկլտոց: Ինչ իրավունքով էին ուզում ստիպել իրեն, որ իր մեջ քանդեր մի անմեղ բան: Չէր կամեցել անգութ լինել: Ինչո՞ւ օրիորդն անկարող էր ըմբռնել այդ: Սկսեց ատելություն ապրել նրա հիմարության, բթամտության և կամակորության համար: Պիտի չծիծաղեմ, թող միսթր Քեյզուելին կանչի եւ ինձ մտրակել տա, միևնույն է, չե՛մ ծիծաղի: Սխալվել եմ: Ուզում էի արտասվել կամ այլ մի բան, բայց ոչ ծիծաղել, ի վերջո: Մտրակին կարող եմ դիմանալ: Տեր Աստված, ցավեցնում է, բայց ոչ այսքան, մտրակը զգացել եմ հետույքիս վրա, տարբերությունը գիտեմ:
Լավ, թո՛ղ մտրակեն, հոգ չէր, խայթվելու նման մի բան, որի պատճառած սուր ցավը օրեր է տևում, թող գլուխը ծռեն ու մտրակեն, պիտի չծիծաղի:
Սեղանի առջև նստած օրիորդի իրեն նայելը նկատեց, բարձրաձայն գոռալու պատճառով հուզված և հոգնած էր երևում և սրսփում էր, և նրա հանդեպ գթասրտության զգացումով համակվեց, տանջալից գորովանքի զգացում ապրեց, ինչո՞ւ էր ինքը խեղճ փոխանորդ ուսուցչուհուն այդքան վիշտ պատճառում, ում իրապես սիրում էր, ծեր և տգեղ ուսուցչուհի չէր նա, այլ գեղեցիկ փոքրիկ աղջիկ էր, որ առաջին իսկ օրից ահուդողով դասարան էր մտել:
Ծիծաղի՛ր, խնդրում եմ:
Եվ ինչ նվաստացում, չէր հրամայում, այժմ պաղատում էր, աղաչում էր, որ ծիծաղի, մինչ ինքը ծիծաղել չի՛ ուզում: Մարդ ի՞նչ պետք է անի, Աստված իմ, մարդ ի՞նչ պետք է անի, որ կամովին շիտակ լինի, այլ ոչ թե պատահաբար սխալ գործի: Իսկ ի՞նչ էր ուզում լսել օրիորդը: Իր խնդուքը լսելով ի՞նչ հաճույք կարող էր ապրել: Ինչ տխմար աշխարհ, մարդկանց տարօրինակ զգացումները, ծածկամտությունը, յուրաքանչյուր անձ իր պատյանում կծկված, ինքն իր մեջ թաքչած: Մարդիկ մի բան ուզում և այլ բան ստանում են, ինչ-որ բան են ուզում տալ և ուրիշ բան են տալիս: Լավ, հիմա պիտի ծիծաղեր ոչ թե իր, այլ օրիորդի համար: Հիմա պիտի ծիծաղեր, եթե դա նույնիսկ իրեն նողկանք պատճառեր: Ուզում էր իմանալ ճշմարտությունը, ինչպես որ էր: Այժմ օրիորդը չէր ստիպում, որ ծիծաղեր, այլ խնդրում, աղաչում էր, որ ծիծաղեր: Չգիտեր, թե այս ամենի տակ ինչ է թաքնված, բայց ուզում էր իմանալ: Խորհեց. «Գուցե կարողանամ ինչ-որ զվարճալի պատմություն մտաբերել», և ջանաց վերհիշել իր լսած բոլոր զավեշտական պատմությունները, տարօրինակ է, բայց ոչինչ չկարողացավ մտաբերել: Ծիծաղ պատճառող այլ բաների մասին ևս մտածեց, օրինակ՝ Էն Գրենի քայլվածքը, սակայն այն այլևս ծիծաղելի չէր: Դասարանում Հենրի Մայոն` Լոնգֆելոյի «Հայավաթի երգը» պոեմի տողերը սխալ արտասանությունը հեգնելը, որ տղաներին արտասվելու չափ ծիծաղեցնում էր, այլևս ծիծաղելի չէր. «Ահեղ ծովի ջրերի մոտ, ահեղ ծովի ջրերի մոտ, եկավ ամենազորը»… և այլն: Բայց, արի ու տես, որ այլևս զվարճալի չէր, մեռյալ և անիմաստ բանի էր վերածված, այլևս չէր կարողանում դրա վրա ծիծաղել: Աստված իմ, է՛հ պարզապես պիտի ծիծաղեր, դերասանություն պիտի աներ, հա՛, հա՛, հա՛, աշխարհում իր համար ամենադյուրին բանը այժմ այնքան դժվար էր, որ իրենից փոքրիկ հի՛, հի՛ անգամ չէր կարող փրցնել:
Ամոթի ու գարշանքի զգացումով համակված՝ սկսեց ծիծաղել: Վախենում էր օրիորդի աչքերի մեջ նայել, ուստի ժամացույցին նայեց և ջանաց շարունակել ծիծաղը: Եվ սարսափելի բան էր տղայից մեկ ժամ ոչ մի բանի վրա ծիծաղել խնդրելը, ստիպելը, և ապա պաղատելը, որ առանց պատճառի ծիծաղի: Սակայն պիտի ծիծաղեր, թեպետ ոչ մի ժամ, բայց պիտի փորձեր, ամեն դեպքում ինչ-որ բան պետք է աներ: Ամենից տարօրինակը իր ձայնն էր, իր ծիծաղի կեղծությունը, որ հետզհետե սկսեց ծիծաղաշարժ դառնալ, և իսկապես երջանկացրեց նրան, քանի որ իրապես ծիծաղելու պատճառը դարձավ, և հիմա իսկապես ծիծաղում էր, ամբողջ շնչով ու արյունով, ըստ էության, իր ծիծաղի կեղծության վրա, և ամոթն անհետում էր, որովհետև այս ծիծաղը կեղծիք չէր, և ամբողջ դասարանը ծիծաղով լի էր, և ամեն բան կարգին էր թվում, և ընդամենը երկու րոպե էր անցել:
Եվ սկսեց մտածել ամենուրեք տեղի ունեցող ծիծաղելի բաների մասին, մտաբերեց ամբողջ քաղաքը և այնտեղ քայլող մարդկանց, որ փորձում էին տպավորիչ և պատկառազդու լինել, սակայն ինքը գիտեր, նրանք չէին կարող իրեն խաբել, գիտեր, թե որքան ազդեցիկ էին նրանք և նրանց խառնվածքը: Նրանց մեծ բաների մասին խոսելու կերպը կեղծ էր ու սնափառ, և դա ծիծաղեցնում էր նրան, և մտաբերեց երիցական եկեղեցու քարոզչին, նրա աղոթելու կեղծավոր կերպը. «Տեր Աստված, եղիցի կամքը քո», և ոչ ոք աղոթքներին չէր հավատում, եւ մեծ ավտոմեքենաներով կարևոր մարդիկ, Կադիլակներ եւ Փաքարդներ, որ սուրում էին ճանապարհներով, իբրև ինչ-որ տեղ ունեին հասնելու, և հանրային նվագախմբի հանդեսները, այս բոլոր կեղծապատիր բաները իսկապես ծիծաղեցնում էին նրան, և մեծ տղաները, որ վազում էին մեծ աղջիկների ետքից`շոգից հևասպառ, և ընդամենը երկու հոգով անցնող տաքսիները, մեկում`բեղավոր մի մարդ, մյուսում`պառավ մի կին: Զվարճալի էր: Եվ ծիծաղեց, մինչև որ շունչը կտրվեց ու դեմքը կարմրեց, և ահա ամոթն անհետել էր, և ինքը ծիծաղում և նայում էր միսս Ուիսիգին, և ահա, Տեր իմ Աստված, օրիորդի աչքերն արցունքոտ էին: Աստված վկա, ինքը միսս Ուիսիգի վրա չէր ծիծաղում, այլ ծիծաղում էր այն բոլոր տխմարների և օրեցօր նրանց արած ապուշությունների վրա, այդ կեղծիքի վրա: Եվ այդ ամենը զզվելի էր, միշտ ուզում էր ճիշտ բան անել, և միշտ հակառակն էր ստացվում: Ուզում էր պատճառը հասկանալ, այս աղջկա ներսում կատարվածը, թաքուն մասը, չէ՞ որ ինքը նրա համար էր ծիծաղել, և ոչ թե իր հաճույքի համար, և ահա նա դողում էր, ու խոնավ աչքերից արցունքներ էին հոսում, և դեմքը տագնապալի էր, իսկ ինքը շարունակում էր ծիծաղել իր հոգու մեջ փոթորկվող զայրույթից, անձկությունից ու հիասթափությունից: Ծիծաղում էր աշխարհի երեսին եղած բոլոր զգայացունց բաների վրա, բաներ, որոնց համար մարդիկ աղիողորմ լալիս են`փողոցներում մոլորված ու լքված շները, խոնջացած ձիերը, որ մտրակվում ու տապալվում են, երկչոտ ու վախլուկ մարդիկ, որոնք ներքնապես փշրվում են գեր եւ անգութ, ներքնապես գեր ու սնափառ մարդկանց ճնշման տակ, և մայթի վրա մեռած փոքրիկ թռչունները, և ամենուր թյուրիմացությունները, հավերժական պայքարն ու անգթությունը, բաներ, որոնք մարդուն չարասիրտ են դարձնում, և զայրույթն իր ծիծաղը արցունքի էր վերածում: Երկուսը`դատարկ դասարանում, իրենց մենության և շվարածության մեջ մերկ, քույր և եղբայր, և երկուսն էլ տենչում էին կյանքում նույն մաքրությունն ու պարկեշտությունը, երկուսն էլ կամենում էին մասնակից լինել միմյանց ճշմարտությանը, և սակայն ինչ-որ կերպ երկուսն էլ՝ օտարական, միմյանց անհաղորդ և միայնակ:
Լսեց օրիորդի խեղդվող հեծկլտոցը, ամեն բան տակնուվրա եղավ, և տղան սկսեց լալ, իսկապես լալիս էր, մանկան նման, կարծես իսկապես ինչ-որ բան էր պատահել, նա երեսը ձեռքերով ծածկել էր և կուրծքը հևում էր, և եթե սա էր կյանքի ընթացքը, ապա չէր ուզում ապրել:
Չիմացավ, թե ինչքան արտասվեց, սակայն հանկարծ զգաց, որ այլևս ոչ լալիս է, և ոչ էլ ծիծաղում, և որ սենյակը անդորրավետ էր: Ինչ ամոթալի բան: Վախենում էր գլուխը բարձրացնել և ուսուցչուհուն նայել: Զզվելի բան էր:
-Բե՛ն:
Ձայնը խաղաղ, հանդարտ և հանդիսավոր էր: Այլևս ինչպե՞ս կարող էր նայել նրա դեմքին:
-Բե՛ն:
Գլուխը բարձրացրեց: Օրիորդի աչքերը չոր էին, և նրա դեմքը, առավել քան երբևէ, գեղեցիկ էր ու պայծառ:
-Խնդրում եմ արցունքներդ սրբիր, թաշկինակ ունե՞ս:
-Այո՛:
Տղան սրբեց իր արցունքոտ աչքերն ու մաքրեց քիթը: Այս ինչ տրտմալի էր աշխարհը: Որքան մռայլ էր ամեն ինչ:
-Բե՛ն, քանի՞ տարեկան ես:
-Տասը:
-Ի՞նչ ես մտադիր անել: Ուզում եմ ասել…
-Չգիտեմ:
-Հայրդ ի՞նչ է անում:
-Դերձակ է:
-Այս դպրոցը սիրո՞ւմ ես:
-Կարծում եմ, այո:
-Եղբայրներ, քույրեր ունե՞ս:
-Երեք եղբայր, երկու քույր:
-Ճամփորդելու մտադրություն ունե՞ս, ուրիշ քաղաքներ չե՞ս ուզում տեսնել:
Տարօրինակ էր, իր հետ խոսում էին, ինչպես մեծահասակ մեկի հետ, և ուզում էին իր գաղտնիքներն իմանալ:
-Այո:
-Ո՞ւր:
-Չգիտեմ: Նյու Յորք, երևի, և հին հայրենիքս:
-Հին հայրենի՞քդ:
-Միլան, Իտալիա, հորս քաղաքը:
-Օ՜հ:
Ինքն էլ էր ուզում օրիորդին հարցնել նրա մասին, որտեղից էր եկել, ուր պիտի գնար: Կամենում էր չափահաս մեկը լինել, բայց վախենում էր: Օրիորդը հանդերձարան գնաց, վերարկուն, գլխարկն ու պայուսակը բերեց և սկսեց վերարկուն հագնել:
-Վաղն արդեն այստեղ չեմ լինի: Օրիորդ Շարփն ապաքինվել է, և ես պետք է մեկնեմ:
Շատ տխրեց, բայց ասելու բան չգտավ: Օրիորդը ձգեց վերարկուի գոտին և ժպտալով գլխարկը դրեց գլխին: Աստված իմ, այս ինչ աշխարհ է, նախ ստիպել էր իրեն ծիծաղել, ապա` լացացրել էր, իսկ հիմա այս ամենը: Այժմ առանց նրա իրեն մենակ էր զգում: Ո՞ւր էր գնում, այլեւս նրան չէ՞ր տեսնելու:
-Բե՛ն, հիմա կարող ես գնալ:
Բենը տեղում գամված նայում էր նրան ու չէր ուզում գնալ, ուզում էր նստել և նրան նայել: Հիվանդագին մենավոր զգալով՝ դանդաղորեն մոտեցավ դռանը և գնաց հանդերձարան՝ գլխարկը վերցնելու, և շրջվեց վերջին անգամ օրիորդին նայելու համար:
-Մնաք բարով, օրիորդ Ուիսիգ:
-Գնաս բարով, Բեն:
Այժմ նա վազում էր դպրոցի խաղաբակի միջով, մինչ փոխանորդ ուսուցչուհին պատշգամբում կանգնած աչքի պոչով հետևում էր նրա շարժումներին: Բենը չգիտեր, թե ինչ մտածեր, բայց գիտեր, որ շատ տխուր էր, և վախենում էր ետ դառնալով ստուգել, թե արդյո՞ք օրիորդն էլ իրեն էր նայում: Նա մտածում էր`«Եթե շտապեմ, կարող է պատահի, որ Դեն Սիթիին, Դիք Քորքորընին եւ մյուս տղաներին հասնեմ, ու թերևս բեռնատար շոգեքարշի մեկնելու պահին հասնեմ»: Է՜հ, ոչ ոք պիտի պատահածին տեղյակ չլիներ, թե ինչպես էր ինքը ծիծաղել ու լացել:
Ամբողջ թափով վազեց դեպի Սաութըրն Փասիֆիք երկաթուղին: Բոլոր տղաներն արդեն գնացել էին, և շոգեքարշն էլ էր մեկնել, և նա նստեց նվենիների շուքի տակ: Ամբողջ աշխարհը խառնաշփոթության մեջ էր:
Հետո դարձյալ սկսեց լալ:
Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը