Սարուխանի էշն ու էշի քուռակը

Ռեպորտաժ էր հեռարձակվում. Լոռի, գյուղամիջյան ճանապարհ, հայտնի լրագրողը մոտեցավ էշով ցախ տանող գյուղացուն ու հարցրեց.

-Պապի, էս ի՞նչ ես տանում, -ընդ որում, էդ պահին կադրում խոշոր պլանով հենց ցախն էր։

-Ցախ եմ տանում,- պատասխանեց գյուղացին։

-Բա տանում ես ի՞նչ անես,- հնչեց հայտնի լրագրողի հերթական հարցը։

«Ես լինեի՝ կասեի տանում եմ ուտեմ»,- մտածեց Մեսրոպը։

Գյուղացին չհասցրեց պատասխանել, հայտնի հեռուստալրագողն ասաց.

-Եկեք ձեր էշին հարցնենք…

Էշն ի պատասխան սկսեց զռալ։

Մեսրոպը ծիծաղից գալարվեց։  

Էշի զռոցը հիշեցրեց մանկության դրվագներից մեկը։

 

***

 

… Վանք և Կալեր գյուղերի ամբողջ բնակչությունը 40-50-ական թվականներին տեղափոխվել էր Մեղրի, իսկ գյուղերը դարձել էին ամառանոց։ Վանքեցի ու կալերեցի տղամարդիկ գյուղ գնում էին գարնանը՝ շաբաթ-կիրակի օրերին՝ իրենց հողերում կարտոֆիլ կամ լոբի ցանելու, ամռանը՝ էլի նույն օրերին խոտհնձի և աշնանը՝ կարտոֆիլը քանդելու։ Ձմռանը գյուղերում մարդ չէր լինում։

Պապական տները պահպանված էին, և ամռանն ընտանիքները՝ կանայք ու երեխաները տեղափոխվում էին համեմատաբար զով այդ գյուղերը, իսկ տղամարդիկ մնում էին Մեղրիում իրենց գործերին։ Ամեն ուրբաթ երեկոյան գալիս էին ընտանիքների մոտ, հաջորդ երկու օրը գյուղի իրենց հողերում աշխատում, կիրակի երեկոյան կամ երկուշաբթի առավոտյան (եթե ավտո էր լինում) նորից իջնում էին Մեղրի։

Քանի դեռ Մեղրի-Քաջարան մայրուղին չէին կառուցել ու ձեռի հետ էլ՝ Վանք-Կալերի ճանապարհը ասֆալտապատել, այսինքն՝ մինչև 1980-ականները, գյուղ գնալու համար տղամարդիկ Լիճքի ավտոբուսով կամ Լիճք-Տաշտուն գնացող որևէ մեքենայով հասնում էին մինչև «Յոխշի տակ», էդտեղ սպասում, որ կարող է դեպի Վանք կամ Կալեր գնացող մի բեռնատար գար՝ թռնեին թափքն ու գնային։ Անհամբերները ձորով ոտքով բարձրանում էին։

Մեսրոպի Նինա հաքուրն[1] ամուսնացած էր վանքեցի Գուրգենի հետ, և բոլոր վանքեցիների նման նրանց ընտանիքն էլ ամառը գյուղում էր։ Ամեն տարի մայիսի վերջերից Գուրգենի և իր աներոջ՝ Մեսրոպի պապ Հաթամի փեթակները տեղափոխում էին Վանք, Գուրգենի տան այգում տեղավորում մինչև մեղրաքամը։

Երևի 1971 թվականը կլիներ։ Հաթամաց Վալոդը Մեսրոպ տղային ասաց՝

-Ուրբաթ օրը Գուրգեն Փեսայի հետ գնա Վանք, մի շաբաթ Ջիվանաց հետ կմնաս, կհանգստանաս, մյուս շաբաթ ես ու քո Մարտիկ հեբին[2] էլ կգանք, Գուրգենի հետ մեղրը կքամենք, միասին կվերադառնանք։

Ուրբաթ օրը երեկոյան կողմ Գուրգեն Փեսան ու Մեսրոպը Լիճքի ավտոբուսով հասան «Յոխշի տակ» ու կամուրջն անցնելով՝ նստեցին Վանքի ճանապարհի եզրին։

Կես ժամ անցավ՝ մեքենա չկար։ Գուրգենը հանգիստ նստել էր մի քարի՝ դեռ հույսը չէր կորցրել, իսկ երեխան մերթ իջնում էր գետափ, մերթ մագլցում փոքրիկ բլրակը, քար տշում… Ի վերջո, Գուրգենը, հասկանալով, որ էդ օրը մեքենայի հույս չկա, Մեսրոպին հարցրեց.

-Հինչքան կարա՞ս քայլես։

-Հինչքան պետք լինի։

Բեռները ծանր չէին, ճանապարհ ընկան ու մի երկու ժամ քայլելուց հետո հասան գյուղ։

Նինա հաքուրը շատ ուրախացավ, տղան՝ Ջիվանը, որ Մեսրոպից երկու տարի մեծ էր՝ առավել ևս, որովհետև խաղերի մի ընկեր էլ ավելացավ։

Գյուղում կյանքը հետաքրքիր էր Մեսրոպի համար։ Օրերը հիմնականում անցնում էին անտառում, անտառի փեշին կամ գյուղամիջում խաղալով։ Լավ արևոտ օրերին մի երկու անգամ էլ գնացին փոքրիկ գետակում լողանալու։ Լողանալը պայմանական է. ջուրն էնքան սակավ էր, որ հազիվ թրջվում էին։ Դե, մեկ-մեկ էլ հարկ էր լինում մանր-մունր գործեր անել։

Մեսրոպի՝ գյուղում լինելու հենց առաջին օրն էր. ինքը, Ջիվանն ու Չարիկաց Վարդանը անտառափեշին խաղում էին։ Անտառից դուրս եկավ Սարուխանը՝ էշն ու էշի քուռակը առաջն արած։ Էշը բարձած էր մի կապ ցախով։

Մեսրոպը դարձավ Ջիվանին, թե՝

-էս էն էշն ա՞։

-Հա, -պատասխանեց Ջիվանը, ու բոլորը ծիծաղեցին։

...Ուրեմն, նախորդ տարի Նինա հաքուրի՝ Երևանում ապրող քրոջ տղան էր հյուրընկալվել Վանքում։ Գյուղում ապրելու մի քանի օրում էդ երեխան նաև սկսել էր ընդօրինակել տեղացիների բարբառը, որպեսզի երևանյան իր խոսվածքով շատ չտարբերվի։

Ու երբ փողոցում տեսել էր հարևանին՝ էշն ու քուռակն առաջն արած անտառից գալիս, համարձակ հարցրել էր.

-Սարուխան ամի, էս էշը հյուրն ա՞։

-Տերնանն[3] ա։

-Պա քո՞ւռուկը հյուրն ա։

-Քուռուկն էլ էշանն ա։

Այ, էս պատմությունն էին հիշել ու ծիծաղում էին։

Հենց էդ պահին էշը երկա՜ր զռաց, և Սարուխանն ասաց.

-ժամը մեկն ա, «պերերիվի» ժամ ա, քեցեք տուն, հիմա Նինան ձեզ համար արդեն հաց դրած կլինի։

Վազեցին տուն։ Իսկապես էլ, Նինա հաքուրը հացը դրել էր ու սպասում էր տնեցիներին։

Էդ օրվանից Մեսրոպն ամեն օր հենց լսում էր Սարուխանի էշի զռոցը, հասկանում էր, որ ժամը մեկն է՝ «պերերիվի» ժամ։

Էդպես աննկատ անցավ վեց օր։ Հաջորդ շաբաթ օրվա առավոտյան Գուրգեն Փեսան արդեն պատրաստում էր մեղրաքամի ցենտրաֆուգը, որ երբ հաներձագերը՝ Վալոդն ու Մարտիկը, գան, սկսեն մեղրը քամել։ Մեկ էլ թիքնափաս[4]  ներս ընկավ վանքեցի Խուրշուդի գանգրահեր տղաներից մեկը, թե.

-Գուրգեն ձաձա, Գուրգեն ձաձա, Սարուխան ամին ասում ա վռազ հրացանդ վեր կալ, արի։ Անտառում գայլը հարձակվել ա էշի վրա, սպանել, քուռուկն էլ հազիվ ա փախել։

Գուրգենը հրացանը վերցրեց ու թափով դուրս եկավ։ Էշի զոհվելու լուրը լսելով՝ Մեսրոպը նստեց ու սկսեց լաց լինել.

-Պա ես հիմա ո՞նց եմ իմանալու «պերերիվի» ժամը՜…

Մի ժամ հետո Գուրգենը վերադարձավ։ Գայլին չէին կարողացել հասնել։ Գուրգենը տնեցիներին պատմեց էն, ինչ իմացել էր Սարուխանից. գայլը մոտեցել էր՝ որ հարձակվի քուռակի վրա։ Էշն ինքն էր նախահարձակ եղել, բայց չէր հասցրել լավ սմբակահարել, գայլը թռել էր մեջքին ու կոկորդը կրծել։ էշն իր կյանքի գնով փրկել էր ձագին։

Էս լսելով՝ Մեսրոպն էլ ավելի բարձրաձայն հեկեկաց։

Երեկոյան կողմ Մեսրոպի հայրն ու Մարտիկ հեբին եկան, իսկ հաջորդ առավոտյան սկսվեց մեղրաքամը։ Մեկ էլ կեսօրվա մոտ մի ցածրաձայն զռոց լսվեց։ Մեսրոպը նախ զարմանքից քարացավ, հետո արագ դուրս թռավ՝ մտածելով, թե Սարուխանի էշը կենդանացել է...

Սարուխան ամին գնում էր՝ քուռակն առաջն արած…

Մեսրոպի ականջին հասավ Նինա հաքուրի ձայնը.

-Գուրգեն, Վալոդ, Մարտիկ, «պերերիվի» ժամ ա, էդ գործը թող արեք, եկեք հաց ուտենք։

«Պերերիվի» ժամն ազդարարողը գայլից փրկված քուռակն էր. մորից էր սովորել։

    

   [1] Հաքուր - Հորքուր

[2] Հեբի - Հորեղբայր

[3] Տերնանն ա - Տիրոջն է

[4] Թիքնափաս – շնչահատ

 

Մեսրոպ Հարությունյան