Ամանորի հրաշքը թվայնացվող իրականությունում
Ամանորն ամենամանկական և ամենահեքիաթային տոնն է: Լույսեր, գույներ, հրավառություն, տեխնոլոգիապես հագեցած շոու ծրագրեր, տարբեր մարքեթինգային հնարքների հոսք, արհեստական բանականության ստեղծած տեսաբացիկներ Ձմեռ Պապից, և այս տեղատարափի մեջ թատրոնները ներկայացնում են Ամանորի ամենամյա հեքիաթ-բեմադրությունները, կամ ինչպես կուլիսներում են ասում՝ տոնածառայինը: Եթե տարիներ առաջ տարեմուտի ամբողջ հրաշքը կենտրոնացած էր հենց թատրոններում և քաղաքային տոնածառի շրջակայքում, ապա այսօրվա փոքրիկների տեսադաշտում չափազանց շատ են Նոր տարվա հրաշքի նյութականացված, կամ որ ավելի վատ է՝ թվայնացված ու էկրանային դրսևորումները: Այս իրավիճակում թատրոնների խնդիրը բազմապատիկ բարդացել է: Նոր իրականության պայմաններում գեղագիտական չափանիշները հստակեցման կարիք ունեն: Դիտելով Երևանի և Գյումրիի մի քանի թատրոնների տոնական, մանկական բեմադրությունները, փորձել ենք հասկանալ, թե ինչպիսի մշակութային քաղաքականությամբ և ինչ գործիքների կիրառմամբ, ինչ սկզբունքներով և որ արժեքների շեշտադրմամբ են թատրոնը փորձում 21-րդ դարի երկրորդ տասնամյակի սերունդի սրտին մոտ պահել:
Սոցիոլոգիական-քանակական վերլուծությամբ փորձենք հստակեցնել թեմաների ընտրության շրջանակը: Ամանորին, իհարկե, ավելի շահեկան է բեմում Ձմեռ պապի, կամ վերջին տարիներին ավելի լայն տարածում գտած՝ Սանտա Կլաուսի, ներկայությունը: Անզեն աչքով էլ պարզ է «Հյուսիսային բևեռի» դեպքերի և իրադարձությունների գերակայությունը՝ բարի ու աշխատասեր Էլֆերի և չարաճճի ու ալարկոտ Գրինչի նախատոնական գործողությունների հակադրությամբ: Նույն թեմայի տիրույթում մտքերի տարբեր երանգավորումներ՝ տարբեր համատեքստերում. Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի և՛ մեծ և՛ փոքր դահլիճներում՝ «Սա քեզ Սանտա» և «Էլֆերի Նոր Տարին», Երգի պետական թատրոնում՝ «Ամանորն առանց Wi-Fi», Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ «Բևեռային ճեպընթացը», Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ «Նոր Սանտա Կլաուսը», Թատրոն «Կայարան»-ում՝ «Գրինչը», «Հեքիաթերեն» ինտերակտիվ տիկնիկային թատրոնում՝ «Ամանորի անսպասելի հրաշքը», Գյումրու տիկնիկային թատրոնում՝ «Գրինչը»:
Անկախ այս իրողությունից, հաճելիորեն զարմացնում են խորը ենթատեքստով և ուսուցողական բնույթով, դասական հեքիաթների բեմադրությունները, որոնք թե՛ քանակական առումով, թե՛ որակապես բավականին տպավորիչ են: Այստեղ տեսնում ենք գրականությունում հաստատված արժեքներ, որ բեմական նոր գույներով ու ակնարկներով են արտահայտվում. ինչպես օրինակ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ Ջաննի Ռոդարիի «Երկնագույն նետ»-ի բեմադրության և կամ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում՝ Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ի դեպքում: Խամաճիկների թատրոնում՝ Էրնստ Հոֆմանի «Մարդուկ-ջարդուկն» է, Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Սամուիլ Մարշակի «Կատվի տունը», Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում՝ Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպպին» և ԵԹԿՊԻ երիտասարդական էքսպերեմենտալ թատրոնում՝ Մորիս Մետերլինկի «Կապույտ թռչունը»:
Այսպիսով եզրակացնում ենք, որ հանրապետության առաջին երկու քաղաքների թատրոններում ընդհանուր առմամբ հավասարակշռություն է՝ նժարը փոքր-ինչ թեքված է դեպի առաջարկ-պահանջարկ սկզբունքը, բայց և կրթական դաստիարակչական գործառույթն անտեսված չէ:
Վերը նշված բոլոր ներկայացումները մեկ վերլուծական նյութի շրջանակներում ներառելն իրատեսկան չէ, հետևաբար կանդրադառնանք դրանցից մի քանիսին: Եվ քանի որ մանկական ներկայացումներն առավելապես տիկնիկային և պատանի հանդիսատեսի թատրոնի տարիքային թիրախավորման շրջանակում են, հենց այս թատրոնների ներկայացումները կհատվեն վերլուծական խոշորացույցի տակ:
Մեր իրականությունում լավ ներկայացումը ենթադրում է մշակված դերասանական խաղ, կերպարի լիարժեք ընկալում, բացահայտում և ճշգրիտ մատուցում: Ինչպես նաև լուսաձայնային էֆեկտներ, գույներ, տեխնոլոգիական հնարքներ: Չափազանց կարևոր է էֆեկտներով չծածկել ու չխանգարել դերասանի ստեղծագործական ընթացքը, բայց և չանտեսել տեխնիկական մասի կարևորությունը: Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի մեծ բեմում ներկայացվող «Սա քեզ Սանտա» բեմադրությունն ավելի դիպուկ կլինի, եթե անվանենք լուսաձայնային և պրոյեկցիոն էֆեկտներով շոու: Ներկայացման կազմակերպիչները հպարտությամբ են շեշտում, որ բեմադրությունը տեխնիկապես գերհագեցած է, սակայն սա անհանգստանալու առիթ է: Հանրապետության առաջատար տիկնիկային թատրոնում առավելագույն հաճախելիություն ունեցող ամանորի ներկայացման ընթացքում տիկնիկների գործածությունը խորհրդանշական բնույթ է կրում: Այո, փոքրիկները ներկայացումը հետաքրքրությամբ և խանդավառ ժպիտներով են դիտում, բայց տեխնոլոգիան ստվերում էր և՛ դերասանական խաղը, և՛ մի քանի տեսարաններում բեմում հայտնվող տիկնիկներին: Արդարության համար պիտի նշենք, որ ընդամենը երկու տիկնիկ էին բեմում, բայց տիկնիկային պլաստիկան պրոֆեսիոնալ մակարդակի էր, դիտարժան և կրկին ու կրկին նրանց ներկայությունը վայելելու սպասում էր ծնում: Ինչը, ցավոք, չենք կարող ասել դերասանական խաղի, նրանց կատարմամբ երգերի ու պարերի մասին: Շրջապատված լինելով շքեղ գունա-լուսային մթնոլորտով, ամանորի տրամադրությունն ապահովող դեկորով, նրանք մինչև անգամ աննկատ էին մնում: Երգերը չափից շատ էին, բնականաբար ոչ կենդանի կատարմամբ, պարերը՝ ոչ ավելին էին, քան միասին սինխրոն շարժվելու փորձ: Գործողությունների շղթան՝ Սանտային նվեր պատրաստելու էլֆերի որոշումը և նվերը հոգատարությամբ դրսևորելու վճիռը /մաքրել գրադարանը, սահադաշտ պատրաստել/ ուսուցանող կարևոր ազդակ է, դրականի ու բացասականի պայքարը՝ երեխաներին նրբորեն պատրաստում են կյանքի խոչընդոտներին: Դինամիկ ընթացքը չգտավ իր արժանի հանգուցալուծումը. Սանտայի նվերն, ի վերջո, դարձավ պրոյեկցիոն մեխանիզմով երևակվող կախարդական փաթիլը, որի գաղափարական բաղադրությունը հասկանալը երեխայի ընկալունակությունից վեր է, այն դեպքում, երբ ներկայացումը 2+ տարիքային թիրախավորմամբ էր:
Իսկ Գյումրու տիկնիկային թատրոնում ամանորի ներկայացման հերոսը հանրահայտ Գրինչն էր: Այս թատրոնը չունի ժամանակակից տեխնիկական հագեցվածություն, դերասանները բարձրախոսներով չեն, պղպջակներ, պրոյեկցիոն շոու, կամ դերասանական աշխատանքը դյուրին դարձնող, բայց միաժամանակ արժեզրկող ոչինչ չկա: Ամբողջ ներկայացումը հյուսված է գլխավոր հերոսի՝ Գրինչի, (դերակատար Արթուր Բեգջանյան) շուրջ: Կերպարը գտնված է՝ յուրահատուկ ժեստերը, ցայտուն կերպով արտահայտված դիմախաղը, հագուստն ու գրիմավորումը լիարժեք ստացված էին, միայն ականջ էր ծակում դերասանական կեղծ, ֆալցետային տոնը, ինչը երբեմն անգամ երեխաների լացի պատճառ էր դառնում: Սակայն այստեղ էլ տիկնիկներ տեսանք, միայն ներկայացման ներածական մասում՝ Ձմեռ պապի ողջույնի ընթացքում:
Ինչո՞ւ են տիկնիկային թատրոնները խուսափել դասական տիկնիկային բեմադրություններից, դժվար է հասկանալ: Չէ՞ որ թատերարվեստի հենց այս ձևաչափով են նրանք առանձնանում մյուս թատրոններից:
Հեռավոր 1958թ-ին էկրան բարձրացած Սամուիլ Մարշակի «Կատվի տունը» հեքիաթը մի քանի սերնդի սիրելի մուլտֆիլմերի թվում էր: Պատահական չէ, որ այսօր էլ այն ռեստավրացված է և հասանելի համացանցային տիրույթում: Պատանի հանդիսատեսի թատրոնում հենց այս հեքիաթն է ընտրված որպես ամանորի ներկայացման գրական հիմք: Ներկայացումը հավատարիմ է հեքիաթի սյուժեի բուն ընթացքին, և ստեղծագործական անձնակազմն օգտվել է նաև մուլտֆիլմից: Դերասանական հայտնություններ դժվար է տեսնել, բայց նկատելի է անսամբլային ներդաշնակ ու նպատակային աշխատանք: Ներկայացման ռեժիսոր Հասմիկ Սուվարյանն ավելի փորձառու լինելով դերասանական արվեստում, քան ռեժիսուրայում, փորձել էր դերասանակենտրոն ներկայացում հավաքել, ինչը ծանր բեռ էր դարձել դերասանակազմի համար: Խնդիրն ինքնին բարդ է. չափածո կառուցվածքով տեքստ, կենդանիների բնահատուկ տեմբրային ձայն, բնավորության ու տեսակի ըմբռնում և հնարավորինս ճշգրիտ մատուցում: Կենդանիներին մարմնավորող հիմնական կազմի գործը կիսվել էր հեղինակ-ծերուկի շնորհիվ, որը պարբերաբար ձայնապնակի ասեղը թիթեղի ճիշտ ասեղին էր վերադարձնում ու թույլ չէր տալիս, որ ներկայացումը շեղվի հիմնական տոնայնությունից: Այս օտարված անհատը եզրափակիչ տեսարանում խորհրդանշական վերակերպավորմամբ դարձավ Ամանորի ձմեռ պապիկը:
Ամանորի ներկայացումները հաճախ երեխայի և թատերարվեստի առաջին հանդիպումն ու ծանոթությունն են: Իրականության այս հեքիաթային, բայց կենդանի խորհրդակերպումը պիտի զորեղ լինի ցանկացած էկրանային դրսևորումից: Անկախ այն հանգամանքից, թե դերասանը որերորդ անգամ է բեմ բարձրանում, պետք է հիշի, որ իր ձեռքում է կախարդական բանալին. դահլիճում նստած յուրաքանչյուր փոքրիկ վաղը, կամ իր հավատարիմ հանդիսատեսն է դառնալու կամ ընդմիշտ օտարվելու է թատրոնից:
Վանուհի Սեթոյան