Ամենասիրուն ջրահեղձը
Գաբրիել Գարսիա Մարկեսի մոգական ռեալիզմն ամենաբեմական նյութը չէ, այս հեղինակի պատմվածքները բեմականացնելն ու բեմադրելը մարտահրավեր է, որը խիզախություն է պահանջում:
Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի խաղացանկում երկար տարիներ ապրում էր Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացումը Արսեն Միքայելյանի բեմականացմամբ և Ռաֆայել Ասատրյանի բեմադրությամբ: 160-րդ հոբելյանական թատերաշրջանի առաջնախաղերի շարքում կրկին Մարկեսի աննյութեղեն աշխարհն է, այս անգամ բեմում «Ամենասիրուն ջրահեղձը» պատմվածքն է միս ու արյուն ստացել հրավիրյալ ռեժիսոր Արինա Արարատյանի և աճեմյանցիների ուժերով: Հրավիրյալ ռեժիսորների հետ համագործակցությունն այս թատրոնի ստեղծագործական քաղաքականության առանցքում է: Հաջողված համագործակցության օրինակներից մեկն էլ երիտասարդ ռեժիսոր Մերի Մարգարյանի «Կոստյումով տղամարդիկ» կատակերգություն է, որի համար օրեր առաջ տեղի ունեցած ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխության ընթացքում Մերի Մարգարյանը հաղթող ճանաչվեց «լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում: Արինա Արարատյանը ևս առաջին անգամ չէ, որ ստեղծագործում է գյումրեցի հանդիսատեսի համար: Այս թատրոնում է բեմադրվել նրա «Ալիսան հրաշքնորի աշխարհում» մանկական ներկայացումը, նա նաև Լյուդվիգ Հարությունյանի «Խավարի առաքյալները» բեմադրության պարային հատվածների հեղինակն է: Արարատյանի ներդաշնակ պլաստիկական լուծումները գրավեցին նախորդ տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխության ժուրիի անդամների ուշադրությունը, և նա արժանացավ հատուկ մրցանակի:
Ինչպե՞ս է սկսվում թատերական ներկայացումը՝ խոսքով թե՞ գործողությամբ: Այս հարցը տարիներ շարունակ թատրոնի տեսաբանների քննության առարկան է եղել: Եթե դիտարկման ելակետը բխի թատերայնության ակունքներից, ապա գործողությունը նախորդել է խոսքին, երբ դեռ արվեստը սինկրետիկ բնույթ ուներ և գրականությունը ներկայացման հիմքը չէր:
Մեզ ծանոթ ու ընդունված դասական ներկայացումների ստեղծման գործընթացը սկսվում է պիեսի, կամ պարզապես գրական հիմքի ընտրությամբ և սեղանի շուրջ փորձաշրջանով, երբ խոսքային մակարդակում պարզաբանվում են միջկերպարային փոխհարաբերությունները, ֆաբուլայում արմատավորված բնավորություններն ու կյանքային նպատակները: Այս փուլի հաղթահարումից հետո միայն իրադրությունը տեղափոխվում է բեմ և մշակվում են տեսարաններն ու բեմավիճակները:
Ժամանակակից թատրոնի տենդենցներում նկատվում է վերադարձը թատերայնության ակունքներին՝ գործողություն ապա խոսք: Այսպես էր կառուցված նաև Արինա Արարատյանի «Ամենասիրուն ջրահեղձը» ներկայացման ողնաշարը:
Ներկայացումը սկսվում է բոլոր գործող անձանց մուտքով՝ նրանք քայլում են համաչափ, միանման, անցնում են ամբողջ բեմական տարածությամբ: Նրանց անձայն, հոգնատանջ քայլքն ուղեկցվում է ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանի պատմողական բնույթի հեղինակային տեքստով: «Այս տրոպիկական անտառի խորքերում, որտեղ արևի լույսը հազիվ է թափանցում խիտ տերևների միջով, թաքնված է հին գյուղը՝ մաշված ու ժամանակի կողմից մոռացված… Այս գյուղի բնակիչները ոչ մի առանձնահատկությամբ աչքի չեն ընկնում, ապրում են իրենց գոյության ստվերում, նրանց հոգնած ու լռակյաց դեմքերը կարծես մոռացված գրքի էջեր լինեն, որ ոչ ոք չի ցանկանում կարդալ…» Անկախ այն փաստից, որ կերպարները հավաքական են, և երկխոսություններ գրեթե չկան, ցայտուն արտաքին տեսքի, դիմախաղի, էտյուդային լուծումների, ինչպես նաև մարկեսյան հեղինակային տեքստի շնորհիվ ոչ մի անհասկանալի լուսանցք չի մնում: Վարագույրի բացվելուց ընդամենը մի քանի րոպե անց հանդիսատեսը հստակ հասկանում է բեմում ովքեր են, որտեղ են ապրում և ինչ իրադրությունում: Միջավայրի ընկալումը դյուրին է նաև Նելլի Բարսեղյանի ռեալիստական բեմանկարչության շնորհիվ՝ ցանցեր, շրջված նավակ, տախտակներ, ասել է թե աղքատ ծովափնյա գյուղի ափամերձ տեսարան:
Հագուստների ձևավորումը բառացիորեն խորհրդանշում է կերպարների ներաշխարը. Բեմադրության առաջին հատվածում դարչնագույնի, մոխրագույնի, մուգ կապույտի գերակշռություն է՝ կեղտոտ ու փնթի տպավորություն: Երկրորդում՝ կանանց կերպարներն արդեն գունեղ են, ծաղկային կոմպոզիցիաների կիրառմամբ, աքսեսուարների համադրությամբ: (Զգեստների ձևավորման հեղինակ՝ Լուսինե Խաչատրյան):
Առաջին տեսարանից հետո հեղինակային խոսքը փոխանցվում է գործող անձանց: Առաջնաբեմում դրված է մատյան հիշեցնող մի ալբոմ, որը հերթով լրացնում են կերպարները: Խոսք-գործողություն անցումները զուգակցված են յուրաքանչյուր դերասանի կերպար-հեղինակ անցումով: Բայց հետաքրքիրն այն է, որ ամենքն էլ հեղինակի դիրքում պահում է կերպարային առանձնահատկությունը:
«Մենք ենք գրում մեր ճակատագիրը» ազդակն է թաքնված այս բանաձևում: Եթե ուշադիր հետևենք հերոսներին՝ նրանք չեն պատմում կատարվածը, այլ արդեն տեղի ունեցած փաստի հոգեբանական տեխնիկայով դրոշմում են ենթադրելի, կամ երազելի իրողություններ, որոնք հետո են կատարվում, երբեմն հստակ ճշգրտությամբ, երբեմն նրբերանգային շեղումներով: Սա կարծես մի ամբողջ գյուղի օրագիրը լինի:
Բեմում ութ դերասան են, բոլորը գյուղաբնակների հավաքական կերպարներ, որոնք փոխկապակցված են, ինչպես սովորաբար լինում է փոքրաթիվ բնակչությամբ և մեծ քաղաքներից կտրված բնակավայրերում: Այստեղ ապրում են հասուն ամուսիններն ու նրանց փոքր-ինչ խելապակաս երիտասարդ որդին (Հասմիկ Սուվարյան, Վարագ Գևորգյան, Սարգիս Հարությունյան), այս տղայի հարսնացուն (Ջեմմա Ադամյան), երիտասարդ զույգը, որոնք ապրում են անկայծ ու կիրք փոխհարաբերություններում (Մանուկյան Գայանե, Ղարիբյան Սարգիս), մի անխոս տղա (Ազատ Ղևոնդյան) և մի գեղեցկադեմ, բայց գզգզված մազերով ու փնթի աղջնակ (Արփինե Մխիթարյան): Նրանց կյանքի միօրինակ ընթացքում բեկում է մտնում, երբ ծովից գտնում են արտասովոր գեղեցկությամբ ջրահեղձ տղամարդու դի: Մահ, որ պիտի լուսավորեր ու գունավորեր այս մարդկայց գորշ գոյությունը: Այս լույսն ու գույնը հանդիսատեսի աչքի առաջ է պարուրում նրանց: Ջրահեղձի հայտնվելը, նրան օծելու և մահվան գրկում պատշաճ տեսքով արժանի հրաժեշտ կազմակերպելու վճիռը փոխում է նրանց ցիկլիկ միօրինակ առօրյան: «Այդ գիշեր գյուղում ոչ ոք չքնեց…»
Կանայք պատրաստվում էին Էստեբանի (այդպես նրանք անվանեցին ջրահեղձին) վերջին հրաժեշտին այնպիսի ոգևորվածությամբ, ինչպիսին չէին եղել անգամ սեփական հարսանիքի նախօրեին: Տղամարդկանց պարտավորեցնում է նրանց շքեղ ու գունեղ տեսքը, չէ որ գեղեցիկ կնոջն արժանի լինել է պետք: Արդյունքում նորոգվում են փրկության հույսը սպառած փոխհարաբերությունները, կիրք ու կայծ է հայտնվում, անգամ անխոս տղան է սեր խոստովանելու բանալի գտնում: Միջանձնային շերտում ներդաշնակության ու սիրո մթնոլորտը տարածվում է ամբողջ գյուղի տարածքում: «Երբ ծովը պարգևեց Էստեբանին, նրանք հասկացան, որ գեցեցկությունն ամենուր է: Էստեբանը ոչ թե հրաշք էր հեռուներից եկած, այլ հայելի էր նրանց համար, որտեղ յուրաքանչյուրը տեսավ և հասկացավ իր ներուժը…»
Արինա Արարատյանը, լիելով պարարվեստի մասնագետ, ներկայացումը հարստացրել է խորեոգրաֆիկ լուծումներով: Կային տեսարաններ, որոնք ոչ թե գործողություն, այլ հոգեվիճակ էին արտահայտում, լուծումներում ներառելով չեխովյան հոգեբանական ժեստից մինչև պերֆորմանսին հատուկ տեխնիկա: Առանձնահատուկ պետք է նշել Ջեմմա Ադամյանի էտյուդային տեսարանը, որում լիբիդոյի արտահայտման, պարփակված կանացի էներգիայի պոռթկման ու սանձման ամբողջությունն էր ներկայացված պլաստիկ պարային լուծումներով:
Ռեժիսորը համաչափության սկզբունքով էր հասել անսամբլայնության: Չկան ոչ գլխավոր, ոչ երկրորդ պլանի դերեր, տպավորություն է, որ տեքստն ու տեսարանները բաշխված են մաթեմատիկական ճշգրտությամբ: Գրեթե անընդմեջ բոլոր ութ դերասանները բեմում են, և ոչ ոք չի ստվերում մյուսին: Ներկայացումն ուներ նաև ինտերակտիվ հատված: Ջրահեղձի խորհրդանշական դագաղը փոխանցվում է հանդիսատեին, նրանք էլ իրար են փոխանցում՝ ստեղծելով ծովի ալիքների հոսանքով շարժվելու էֆեկտ:
Համադրված հակադրությունների ներդաշակության օրինակ է այս բեմադրությունը: Հիմքում դրամատիզմի պակաս կրող նյութը ռեժիսորական ձեռագրի շնորհիվ վերածվել էր ռիթմիկ կատակերգական դրվագներով հարուստ, հոգեբանական խորությամբ բեմադրության:
Վանուհի Սեթոյան