Ամպրոպը

Անկյունում, ծաղկած լորենու վրանի տակ, ես ողողվեցի փարթամ անուշաբուրությամբ։ Մշուշոտ մեծակույտերը բաձրանում էին գիշերային երկնքով, և երբ կլանվել էր վերջին աստղային լուսածերպը, կույր քամին, ձեռքերով դեմքը ծածկելով, ցածրամած անցավ դատարկված փողոցի երկայնությամբ։ Աղոտ մթության մեջ, վարսավիրանոցի երկաթյա փեղկի վրա, ճոճանակի պես շարժվում էր ցուցատախտակը, ոսկե սկավառակը։

Տուն դառնալով ես գտա քամին արդեն սենյակում՝ նա շրխկացրեց պատուհանի շրջանակով և ետ նահանջեց, երբ ես ետևիցս փակեցի դուռը։ Ներքևում, պատուհանի տակ, խոր բակն էր, ուր կեսօրին փայլում էին, եղրևանու թփերի արանքից, վերնաշապիկները, խաչված լուսավոր պարանների վրա, և ուրկից երբեմն վերսլանում էին, տրտում հաչոցով, ձայները՝ հնավաճառների, դատարկ շշեր գնողների, մեկ էլ տեսար՝ կհեծկլտա այլանդակված ջութակը, և մի անգամ եկավ գեր խարտյաշ մի կին, կանգնեց բակի մեջտեղում, և այնքան լավ երգեց, որ բոլոր պատուհաններից կախվեցին աղախինները, կռացան մերկ վզերը, և հետո միջանցքում հեծկլտում և խնչում էր փնթի այրին, որի մոտ ես սենյակ էի վարձում։

Եվ հիմա այնտեղ, ներքևում, ուռճանում էր հեղձուցիչ մեգը՝ բայց ահա կույր քամին, որ անօգ խորք էր սողացել, կրկին վեր ձգվեց, և հանկարծ՝ երևան եկավ, վերսլացավ, և դիմացի սև պատի սաթե խորափոսերում դեսուդեն ընկան ձեռքերի, մազերի ստվերները, որսում էին թռչող շրջանակները, զրնգուն և ամուր գոցում էին պատուհանները։ Եվ տեղնուտեղը մգամանուշակագույն երկնքում շարժվեց, գլորվեց խուլ կույտը, հեռավոր ամպրոպը։ Եվ լռություն տիրեց, ինչպես այնժամ երբ սսկվեց մուրացիկուհին, ձեռքերը սեղմելով լիքը կրծքին։

Այդ լռության մեջ ես ննջեցի, թալկանալով երջանկությունից, որի մասին գրել չգիտեմ՝ և երազն իմ քեզանով լի էր։

Արթնացա ես այն բանից, որ գիշերը փլվում էր։ Վայրի, դալուկ շողանքը թռչում էր երկնքով մեկ, ինչպես հսկայական ճաղերի սրընթաց ցոլք։ Որոտը որոտի ետքից ջարդում էր երկինքը։ Անկաշկանդ ու աղմկոտ անձրև էր տեղում։

Ինձ արբեցրին այդ կապտավուն սասանումները, թեթև ու սուր ցուրտը։ Ես կանգնեցի թաց լուամուտագոգի մոտ, շնչելով գերերկրային օդը, որից սիրտս ապակու պես զրնգում էր։ Ավելի մոտ, ավելի հիասքանչ էր թնդում ամպերի մեջ մարգարեի կառքը։ Խելահեղության, թափանցող տեսիլների լույսով էր լուսավորվել գիշերային աշխարհը, կտուրների երկաթյա թեքվածքները, եղրևանու վազող թփերը։ Շանթառաքը, ճերմակ աժդահակը, մրրկածուփ մորուքով, քամուց ուսի ետևը գցած, շլացուցիչ, սավառնող հանդերձանքով, կանգնած էր, ետ հակված, հրե կառքի վրա և լարված ձեռքերով զսպում էր իր վիթխարի նժույգներին՝ սևաթույր տեսակը, բաշերը՝ մանուշակագույն հրդեհ։ Նրանք սլացան, ցայտում էին ճարճատուն կայծացայտ փրփուրով, կառքը թեքվում էր, ապարդյուն երասաններ էր պոկոտում շվարած մարգարեն։ Նրա դեմքը քամուց և լարվածությունից աղճատվել էր, պտտահողմը, ծալքերը դեն նետելով, մերկացրել էր հուժկու ծունկը՝ իսկ ձիերը, հուրհրատող բաշերը թափահարելով, թռչում էին՝ ավելի ու ավելի մոլեգնած՝ վար ամպերով, վար։ Ահա որոտալից շշնջոցով սուրացին նրանք փայլփլուն կտուրի վրայով, կառքը շրխկաց, Եղիան երերաց՝ և ձիերը, խենթանալով երկրային մետաղի հպումից, կրկին աշխուժացան։ Մարգարեն վար նետվեց։ Մի անիվը դուրս էր թռել։ Ես տեսնում էի իմ պատուհանից, թե ինչպես կտուրով վար գլորվեց վիթխարի հրե անվագոտին և, երերալով ծայրին, թռավ աղջամուղջի մեջ։ Իսկ ձիերը, իրենց ետքից քարշ տալով շրջված, թռչկոտացող կառքը, արդեն թռչում էին երկնային ամպերի վրայով, թնդյունը դադարում էր, և ահա՝ ամպրոպաբեր կրակն անհետեց մանուշակագույն  խորխորատներում։

Շանթառաքը, կտուրի վրա ընկած, ծանրաշարժ ելավ, նրա մաշիկները սահեցին՝ նա ոտքով ձեղնանցք բացեց, ախ քաշեց, ձեռքի լայն շարժումով բռնվեց խողովակից։ Մթնդած դեմքը դանդաղ շրջելով, նա աչքերով ինչ-որ բան էր փնտրում՝ երևի, ոսկե սռնիից դուրս թռած անիվը։ Հետո վեր նայեց, մատներով կառչելով գզգզված մորուքից, բարկացկոտ գլուխը տարուբերեց՝ դա պատահում էր, հավանաբար, ոչ առաջին անգամ, և կաղալով, սկսեց զգույշ իջնել։

Պատուհանից պոկվելով, շտապելով և հուզվելով, ես խալաթս վրաս գցեցի և կտրուկ աստիճաններով ուղիղ բակ վազեցի։ Ամպրոպն անցել էր, բայց դեռևս զգացվում էր անձրևը։ Արևելքը դյութիչ դալկանում էր։ Բակը որ վերևից թվում էր հոծ ժանգառքով լցված, իրականում, նուրբ, հալչող մշուշով էր լի։ Մեջտեղում, խոնավությունից փայլատ սիզամարգի վրա, կեցած էր թացացած պարեգոտով կուզիկ, վտիտ մի ծերունի և, դեսուդեն նայելով, ինչ-որ բան էր փնթփնթում։ Նկատելով ինձ, նա զայրացկոտ կկոցվեց․

-Դու, Ելիսե՞յն ես։

Ես գլուխ տվեցի։ Մարգարեն լեզվով ծպպացրեց, ափով թուխ ճաղատը տրորելով․

-Անիվն եմ կորցրել։ Դե գտիր։

Անձրևը դադարեց։ Կտուրների վրա հուրհրատում էին վիթխարի ամպերը։ Շուրջբոլորը, կապտավուն, քնատ օդում, լողում էին թփերը, ցանկապատը, շողշողուն շան բունը։ Մենք երկար տնտղում էինք անկյուններում՝ ծերունին տնքտնքում էր, բարձրացնում էր ծանր քղանցքը, բութ սանդալները շրմփացնում էր ջրափոսերի վրա, և խոշոր ոսկրոտ քթածայրից կախվել էր շողշողուն կաթիլը։ Կողմ տանելով եղրևանու ցածրիկ ճյուղը, ես նկատեցի աղբակույտի վրա, ջարդված ապակիների մեջ, բարալիկ երկաթյա անիվը՝ հավանաբար, մանկասայլակից։ Ծերունին տաք շնչեց հենց ականջիս տակ և, փութկոտ, նույնիսկ կոպտորեն հրելով ինձ, ճանկեց ու բարձրացրեց ժանգոտ շրջանակը։ Բերկրալի ինձ աչքով արեց․

-Ահա թե ուր էր գլորվել․․․

Հետո, ճերմակ հոնքերը վրա բերելով, սեւեռվեց ինձ վրա, և, ասես ինչ-որ բան հիշելով, ազդու ասաց․

-Շրջվիր, Ելիսեյ։

Ես լսեցի։ Նույնիսկ կկոցվեցի։ Մի րոպեի չափ կանգնեցի, և այլեւս չդիմացա․․․

Դատարկ բակը։ Միայն, ճերմակած մռութով, ծեր փրչոտ շունը ձգվել էր բնից և, մարդու պես, վախլուկ շագանակագույն աչքերով վեր էր նայում։ Ես գլուխս բարձրացրի։ Եղիան կտուրով վեր էր մագլցում, և երկաթյա շրջանը փայլկտում էր նրա մեջքի ետեւում։ Սև խողվակների վրա նարնջագույն գանգրահեր լեռան պես կեցած էր արշալույսի ամպը, իսկ դրա ետեւում երկրորդը, երրորդը։ Մենք նայում էինք սսկված շան հետ, ինչպես մարգարեն, բարձրանալով կտուրի կատարը, հանգիստ և անշտապ անցավ ամպի վրա և սկսեց վեր մագլցել, ծանր քայլելով փխրուն կրակի վրայով։ Արևը զարկեց նրա անիվին, և այն մեկեն դարձավ ոսկյա, վիթխարի, դե և ինքը Եղիան էլ թվում էր հիմա հրով հանդերձավորված, ձուլվելով այն դրախտային ամպին, որով քայլում էր ավելի վեր․ ավելի վեր, մինչեւ որ անհետացավ հուրհրատող օդեղեն կիրճում։

Լոկ այդժամ խռպոտ առավոտյան հաչոցով բռնվեց զառամ շունը, և հորդեց ծփանքը անձրևափոսի վառ մակերեսի վրայով․ թեթև քամուց տարուբերվեց պատշգամբներում վառ կարմիր խորդենին, մի երկու-երեք պատուհան արթնացան, և թացացած վանդակավոր կոշիկներով, խունացած խալաթով ես փողոց վազեցի և, վրա հասնելով առաջին, քնատ տրամվային, փեշերս հընթացս վրա բերելով, շարունակ քմծիծաղում էի, պատկերացնելով, թե ինչպես հիմա կգամ քեզ մոտ և կպատմեմ գիշերային օդային փլուզման մասին, իմ բակ ընկած, ծեր, բարկացած մարգարեի մասին։

 

Ռուսերենից թարգմանեց Վաարդան Ֆերեշեթյանը