Անհայտ Անդրեյ Միրոնովը. «Նա տառապում էր ազատության բացակայությունից»

1987 թվականի օգոստոսի 16-ին Ռիգայում, ընդամենը 46 տարեկանում կյանքից հեռացավ ռուս մեծ դերասան Անդրեյ Միրոնովը: Նա հեռացավ մեծ վերելքի պահին, թիկունքում թողնելով թատրոնի և կինոդերասանական հզոր դերերի , երգերի շարք և ամենահմայիչ, թեթև, անհասանելի, երաժշտական աստղի կերպարը, որի լույսը մինչ օրս ճեղքում է ժամանակը։
Թեթև, առանձնահատուկ տրամադրության մեղեդին է ուղեկցում այդ լույսը։ Երաժիշտ Լևոն Օգանեզովը Անդրեյ Միրոնովի ընկերը և նրա նվագակցողն էր։ Հիմա նա Նյու Յորքում է, բայց հաճույքով հիշեց իր ընկերոջը։
-Լևոն Սուրենովիչ, քանի՞ տարի եք աշխատել Անդրեյ Միրոնովի հետ, և ինչպե՞ս դա սկսվեց:
-Անդրյուշայի հետ հինգ տարի ենք աշխատել, սակայն ծանոթ էինք շատ վաղուց, թեև ստեղծագործական առումով չէինք հանդիպել։ Փոխարենն աշխատել եմ նրա կնոջ՝ Լարիսա Գոլուբկինայի հետ՝ միասին հյուրախաղերի էինք մեկնում, նա ռոմանսների ծրագիր ուներ, և ես նվագակցում էի նրան։ Հենց նա էլ ինձ խորհուրդ տվեց Անդրյուշային։ Դա 1981 թվականին էր։
-Մինչև այդ դուք ընկերություն անո՞ւմ էիք։ Հավանաբար, ընդհանուր ընկերախումբ ունեիք։
-Մենք ընկերություն էինք անում Ալեքսանդր Անատոլիևիչ Շիրվինդտի հետ, որը Վոլոդյա Վինոկուրի համար բեմադրում էր Արկադի Արկանովի «Ես դուրս եմ գալիս մենակ» ներկայացումը։ Եվ ես նույնպես մասնակցում էի դրան։ Իսկ Շիրվինդտը վաղուց էր ընկերություն անում Անդրյուշայի հետ, և այդպես ամեն ինչ կապվեց։
-Անդրեյ Ալեքսանդրովիչը շատ երաժշտական մարդ էր։ Ի՞նչ երաժշտական գործիքի հետ կհամեմատեիք նրան։
-Համեմատության համար ես կընտրեի սինթեզատորը, որովհետև նա ամեն ինչ կարող էր․ անսպասելիորեն դառնալ քնարերգու, ողբերգակ, երգիչ, ջազային պարող… Նա կարող էր դառնալ ով ասես, միայն թե ուզեր։
-Դերասանի համար երգելը մասնագիտության մասն է։ Ձեր կարծիքով՝ ո՞րն էր նրա երաժշտականության եզակիությունն ու առանձնահատկությունը, և ինչո՞վ էր նա տարբերվում այլ դերասաններից, որոնք երգում էին կամ երգում են։
-Եզակիությունն այն էր, որ նույնիսկ հիմա, այսքան տարիներ անց, շատերը փորձում են նրան ընդօրինակել, իսկ նա ոչ ոքի չէր ընդօրինակում։ Նա իր և իր ունկնդիրների համար ստեղծեց դերասանական երգեցողության յուրահատուկ ոճ։ Նա կարող էր անցնել ռեչիտատիվի, բայց նրա կատարմամբ բոլոր երգերը դարձան շլյագերներ և մինչև օրս հիթեր են։
-Ի՞նչն էր ձեզ հատկապես զարմացնում նրա մեջ՝ որպես մարդ։
-Չնայած արտաքին վայելչությանը՝ նա անասելի ճշտապահ էր։ Նոր ներկայացումներում նա սակավաթիվներից էր որ ամբողջ դերն անգիր գիտեր։ Իսկ ինչ-որ մի հեռավոր, անծանոթ քաղաքում, գյուղական ակումբում ինքն էր տեղադրում լույսերը, երկար զրուցում էր լուսավորողի հետ։ Թեև այնտեղ ընդամենը երկու լամպ կար, բայց երկուսն էլ նրա ձեռքերում աշխատում էին։ Նա նշաններ էր անում բեմի վրա՝ բարձրախոսի, երաժշտական գործիքի, աթոռի համար, որից նա օգտվում էր ներկայացման մեջ։ Եվ լուսավորողը, շոյված լինելով նման նշանակալի մարդու ուշադրությունից, գուցե այդ երեկո, նույնիսկ չէր խմում ներկայացումից առաջ…
-Թվում է, թե նրա մահվանից անցած տարիների ընթացքում, Անդրեյ Միրոնովի մասին հայտնի է եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան։ Իսկ ինչպիսի՞նն եք նրան ճանաչել միայն դուք:
-Նա շատ էր տառապում ազատության բացակայությունից։ Նա փայլուն անգլերեն էր խոսում՝ գուցե շատ ամերիկացիներից լավ։ Նա կարող էր անգլերեն դատողություններ անել, ընկերություն էր անում և նամակագրական կապ ուներ Ռոբերտ Դե Նիրոյի հետ ու պատրաստ էր նկարահանվել ամերիկյան կինոյում։ Սիրում էր նորաձև հագնվել, լավ սիգարներ էր սիրում, իսկ այդ ամենը պետք էր ձեռք բերել՝ այն տարիներին նույնիսկ օղի գտնելը դժվար էր։ Եվ այդ սահմանափակումները նրան շատ էին վշտացնում, որովհետև տոներին նրա տանը հավաքվում էր ընկերական միջավայրը՝ Մարկ Զախարովը, Բելլա Ախմադուլինան, Սաշա Շիրվինդտը, Յան Ֆրենկելը, Լյուդմիլա Մակսակովան, Զինովի Վիսոկովսկին, Անատոլի Կրեմերը՝ Տատյանա Շմիգայի հետ, հրաշալի թատերական նկարիչ Օլեգ Շեյնցիսը։ Եվ, իհարկե, միշտ ներկա էր Անդրյուշայի մայրը՝ Մարիա Վլադիմիրովնան։ Լարիսան միշտ սեղան էր գցում, բոլորը ուտում-խմում էին ու զրուցում արվեստի մասին։ Եվ յուրաքանչյուր նման հյուրասիրությունից առաջ մի ամբողջ գործընթաց էր՝ պետք էր ինչ-որ տեղ գնալ, ինչ-որ բան հայթայթել, ինչ-որ մեկին խնդրել… Դա նրան շատ էր ճնշում։
-Վերադառնանք երաժշտությանը։ Ինչպե՞ս էր նա փորձեր անում։ Թեթև, ուրախությա՞մբ, թե՞, ինչպես հաճախ է պատահում՝ տանջալի։
-Ես կասեի՝ նա փորձեր էր անում ուշադիր։ Ո՛չ մի զվարճանք կամ տանջանք չկար։ Նա ամեն ինչ ականջին օղ էր անում։
-Նա երաժշտական կրթություն չուներ: Որպես կատարող դա նշանակություն ունե՞ր, թե՞ ոչ։
-Հավանաբար հենց դասական երաժշտական կրթության բացակայությունն էլ նրան թույլ տվեց ստեղծել երգեցողության իր անհատական ժանրը։ Որովհետև եթե նա սովորած լիներ այդ ամենը, նա կերգեր ինչպես բոլորը։
-Նա իսկապե՞ս լավ էր գլուխ հանում ջազից։ Ասում են, նա ձայնասկավառակների և ձայնագրությունների ֆանտաստիկ հավաքածու ուներ:
-Վինիլի և ջազի նկատմամբ այդ սերը նա ժառանգել էր հորից՝ Ալեքսանդր Սեմյոնովիչ Մենակերից։ Երբ մենք արդեն մտերմացել էինք, նա կարող էր անթերի մաքրությամբ, ռիթմիկ և լավ անգլերեն երգել ցանկացած ջազային ստանդարտ։
-Դուք համերգներով շատ եք հանդես եկել։ Ինչպե՞ս էին նրան ընդունում։ Ի՞նչ դեպքեր եք հատկապես հիշում։
-Հիշարժան առաջին դեպքը Պսկովի համերգի ժամանակ էր։ Համերգի վերջում միանում էր բուլղարացի կոմպոզիտորի ֆոնոգրաման՝ երգը հատուկ գրվել էր Անդրյուշայի համար, իսկ խոսքերը հորինել էր Շիրվինդտը։ Երգը կոչվում էր «Ձյուն է գալիս լողափին» - շատ գեղեցիկ ներածություն ուներ, և Անդրյուշան «սրտից սիրտ տանող ճանապարհ» բառերով դուրս էր գալիս հետնաբեմ։ Եվ մի համերգի ժամանակ ֆոնոգրաման պարզապես չմիացավ։ Ռադիստը ձեռքերով հուսահատ շարժումներ էր անում, և ես որոշեցի սկսել այն նվագել։ Բանն այն է, որ այդ երգը ես այնքան շատ էի լսել, որ հիշում էի անգիր։ Անդրյուշան զարմացավ և հարցրեց. «Ինչպե՞ս դու ամեն ինչ այդքան ճիշտ նվագեցիր։ Դու նոտաները ունեի՞ր»։ Ես պատասխանեցի. «Ես ականջներ ունեի»։
Եվս մեկ դեպք՝ զավեշտական։ Անդրյուշան «Ծղոտե գլխարկը» ֆիլմից «Ամուսնանում եմ» երգի ժամանակ ինչ-որ շատ տարվեց։ Եվ վերջում, երբ նա հաշվում է՝ մատները ծալելով՝ ասում է՝ «Իվետա, Պոլետա, Կոլետա…»: Հանկարծ ինձ համար անսպասելի ասում է․ «Կանգնի՛ր»։ Շրջվում է դեպի ինձ, մատը ցույց տալիս՝ «Իսկ սրա անունն ի՞նչ էր…»։ Եվ այդպես Անդրեյը մոտ տասը րոպե պահեց դահլիճը՝ իբր հիշելով վերջին տիկնոջ անունը։ Դահլիճը համակ ուշադրություն էր, և դա չափազանցություն չէ։
-Ո՞ր ամենաանսովոր վայրում և ամենաանսովոր լսարանի առջև եք հանդես եկել:
-Հիշում եմ, ինչպես հանդես եկանք թատերական փառատոնում՝ Պրահայում։ Շատ մարդ կար, և Անդրեյն ամբողջ ծրագիրը անցկացրեց ռուսերեն՝ առանց թարգմանության, բայց չգիտես ինչու նա հսկայական հաջողություն ունեցավ` չնայած, որ ես տեսնում էի, որ դահլիճում միայն չեխեր էին նստած, գուցե մի երկու սլովակ էլ կար։ Նա այնպես ապշեցրեց նրանց իր դերասանական խաղով, որ ելույթի վերջում կատաղի ծափահարություններ եղան: Ես այն ժամանակ զարմացա։
-Ի՞նչի հետ կարելի է համեմատել նրա ժողովրդականությունը։
-Համեմատելու բան չկա. իմ հիշողության մեջ ոչ մի դերասան նման ժողովրդականություն չի ունեցել, ինչպիսին Անդրյուշան ուներ։ Ավելի քան 30 տարի է անցել, իսկ նրան պարբերաբար՝ շաբաթը մի քանի անգամ, ցույց են տալիս․ ֆիլմեր, նրա մասնակցությամբ հաղորդումներ, դե իսկ երգերն էլ ռադիոյով են հնչում։ Նույնիսկ Միրոնովի երգերի լավագույն կատարման մրցույթ կա։ Նա հսկայական ստեղծագործական ժառանգություն է թողել։
-Պատկերացնո՞ւմ եք Անդրեյին 80 տարեկան հասակում։ Ինչպիսի՞ն կլիներ նա այսօր, եթե ողջ լիներ։ Եվ ինչպես նա կհարմարվեր նոր ժամանակներին։ Գուցե կարտագաղթե՞ր։
-80-ում ես նրան պատկերացնում եմ նույնքան ակտիվ, սրամիտ, չափավոր պրագմատիկ և շատ լավ արտիստ։ Նա երբեք չէր արտագաղթի՝ կարող էր մեկնել ինչ-որ տեղ, աշխատել ինչ-որ վայրում, բայց անպայման կվերադառնար Մոսկվա։ Եկեք ևս մեկ անգամ նրան անվանենք մեծ Արտիստ։ Հավերժ փառք նրան։
Թարգմանությունը ռուսերենից՝ Սեդա Հոգոցյանի