«Անանունը»

«Անանունը» անշարժ մարդն է, նա անկարող է շարժվել, այս մարդը չի կարողանում խոսել, բայց և անկարող է լռել։ Մի մոխրագույն տարածքում նստած, շրջապատված գորշությամբ, նա գրեթե ոչինչ չի տեսնում, ոչինչ չի լսում, ոչինչ չի զգում։ Նա ապանձնավորված մարդն է, որից միայն գիտակցությունն է մնացել։ Այն գիտակցությունը, որ նա կենդանի է կամ ունի «ես» ասող գիտակցություն, որն իրեն է փնտրում, ու նաև փնտրում է, թե ինչ է կյանքը։

Այնուամենայնիվ, նա «պետք է խոսի», ուստի նա խոսում է իր իմացածի մասին, ավելի ճիշտ այն մասին, ինչ չգիտի, իր կասկածների մասին, այն մասին, թե ինչ են իրեն ասում իր ներքին ձայները («նրանք»), պատմում է պատմություններ տարբեր կերպարների մասին, որոնց հետ նա ժամանակ առ ժամանակ նույնանում է.․․․ Անանունը երբեմն կրում է ժամանակակից մարդկանցից որևէ մեկի կամ բոլորի անունը։

 

***

Հիմա՞ ուր։ Ո՞վ հիմա։ Ե՞րբ հիմա։ Ոչ մի հարց։ Ենթադրենք՝ ես՝ ես եմ։ Ոչինչ չենթադրել։ Հարցեր, վարկածներ․ այսպես կոչենք։ Միայն թե կանգ չառնել, առաջ շարժվել, անվանենք դա շարժում, անվանենք դա՝ շարժում առաջ։

Կարո՞ղ է լինել այնպես, որ մի օր... օրը շարունակվի, իսկ դու հապաղես, ինչ-որ տեղ գնալու փոխարեն հապաղես, իսկ ես այդպես միշտ էի անում՝ դրսում գիշերը վայելելու փոխարեն, հապաղում էի ու չէի գնում հեռու: Հավանաբար այսպես սկսվեց ամեն բան:

Թվում է՝ պարզապես հանգստանում ես, որ հետո ավելի լավ գործես կամ ուղղակի ես հանգստանում, մեկ էլ հանկարծ նկատում ես, որ ուժերդ լքել են քեզ, և դու այլևս չես կարող որևէ բան անել։ Էական չէ՝ ինչպես է դա տեղի ունեցել։ Չգիտես՝ ինչ է տեղի ունեցել։ Հավանաբար, ես նորից հնին եմ վերադարձել։ Բայց ոչինչ չեմ արել։ Կարծես  խոսում եմ, բայց չեմ խոսում, իմ մասին, ոչ իմ մասին։

Սկսենք մի քանի ընդհանուր մեկնաբանություններից։ Ի՞նչ անեմ, ի՞նչ պետք է անեմ, ի՞նչ է հարկավոր անել նման դեպքում։ Տարակուսանքի գի՞րկն ընկնեմ։

Թե՞ օգտագործեմ հաստատումներն ու հերքումները, որոնք, վաղ թե ուշ,  իմաստազրկվելու են, երբ արտահայտվելու պահը գա։ Ընդհանուր առմամբ։ Այլ միջոցներ էլ պետք է լինեն, այլապես ամեն բան անհույս կլինի։ Բայց ամեն ինչ արդեն անհույս է։ Մինչև կշարունակեմ, շարունակեմ՝ էական չէ՝ ուր, միայն թե գնամ։ Թույլ տվեք ասել, որ տարակուսանք եմ նշել՝ չիմանալով, թե դա ինչ է նշանակում։ Պե՞տք է ինքդ քեզ հաշիվ տաս՝ արդյունքի հասնելու համար։ Չգիտեմ։

Ամեն ինչ այլ է, երբ ասում ես՝ «այո» և՝ «ոչ», և այդ «այո»-ն և «ոչ»-ը  կվերադառնան ինձ, երբ ես գնամ, բայց հիմա ես՝ հանց մի թռչուն, կծվարեմ աշխարհի բոլոր «այո»-ների և «ոչ»-երի վրա: Առանց բացառության։

Ու ես ստիպված եմ խոսել։ Ես չեմ լռելու։ Երբեք։

Սկզբում մենակ չեմ լինի։ Ես, իհարկե, մենակ եմ։ Մենակ։ Ի սկզբանե էր ասված։ Բայց խոսելը վաղաժամ է։ Բայց որտեղի՞ց վստահությունն այս խավարի մեջ։ Հասարակություն կլինի։ Սկզբում։ Մի քանի տիկնիկ։ Հետո ես դրանց դեն կնետեմ, քամուն կտամ՝ թե ստացվի։ Ու իրեր։ Ինչպե՞ս ճիշտ վերաբերվել իրերին։ Եվ, առաջին հերթին, արդյո՞ք դրանք անհրաժեշտ են: Սա է հարցը։

Բայց այս հարցի շուրջ ես իմ պատրանքներն ունեմ․ իրերը պետք է լինեն, և ամենալավ տարբերակն այս հարցում նախապես ոչինչ չորոշելն է, եթե այս կամ այն ​​պատճառով ինչ-որ բան հայտնվում է, ուրեմն պետք է հաշվի առնել այն։ Որտեղ մարդիկ՝ այնտեղ իրեր։ Արդյո՞ք սա նշանակում է, որ առաջինի լինելն ընդունելիս, համաձայնում ես նաև երկրորդի եղելության հետ։ Ժամանակը ցույց կտա։ Ամենակարևորը, չգիտեմ՝ ինչու, համակարգ չունենալն է։

Մարդիկ՝ իրերով, մարդիկ՝ առանց իրերի, իրեր՝ առանց մարդկանց, ի՞նչ տարբերություն։ Ինքս ինձ շոյում եմ հույսով, որ երկար ժամանակ չի պահանջվի՝ որոշում կայացնեմ ու դեն նետեմ, քամուն տամ ամենը։ Չգիտեմ՝ ինչպես։ Ամենալավ տարբերակը՝ չսկսելն է։ Բայց պետք է սկսեմ։ Այլ կերպ ասած՝ պետք է շարունակեմ։ Հնարավոր է՝ ամեն բան ավարտվի այնպես, որ ամբոխի մեջ շնչահեղձ լինեմ։ Անվերջ գալ-գնալը, իրար կպչելը, վաճառքի եռուզեռը։ Չէ, սա չի սպառնում։ Սա չէ, որ սպառնում է։

Մելոնը։ Նա այնտեղ է։ Նրա մահամերձ կենսունակությունից շատ քիչ բան է մնացել։ Նա պարբերաբար հայտնվում է իմ առջև, կամ գուցե այդ ես եմ հայտնվում նրա առջև։ Ո՛չ, մեկ անգամ անշարժանալուց հետո ես այլևս չեմ շարժվում: Նա անշարժ անցնում է իմ դիմացով։ Բայց Մելոնի մասին շատ չեմ խոսի․ նա այլևս մեծ հույսեր չի ներշնչում։ Անձամբ ես հոգնել եմ նրանից։ Մի օր նրան հետևելիս մտածում էի՝ մենք ստվերներ ունե՞նք։ Անհնար է միանշանակ պատասխանել։ Նա անցնում է շատ մոտ, ընդամենը մի քանի քայլ է մեր հեռավորությունը, դանդաղ է քայլում, միշտ նույն ուղղությամբ։ Ես գրեթե համոզված եմ, որ միշտ նա է․ ինձ այս հարցում օգնում է նրա գլխարկը։ Նա անխոս անցնում է։ Հավանաբար ինձ չի տեսնում։ Մոտակա օրերին ես կկանչեմ նրան։ Մի բան կասեմ, դեռ չգիտեմ՝ ինչ, մի բան կմտածեմ ու կասեմ, երբ ժամանակը գա։ Այստեղ չկան օրեր։ Բայց ես այդ արտահայտությունն եմ օգտագործում։ Ես տեսնում եմ Մելոնին՝ գոտկատեղից վերև։ Գոտկատեղից ներքև նա ինձ համար դադարում է գոյություն ունենալ։ Մարմինն ուղղահայաց դիրքում է, բայց ես չգիտեմ՝ նա կանգնած է ոտքերի թե՞ ծնկների վրա: Գուցե նա նստած է։ Ես նրա պրոֆիլն եմ տեսնում։ Երբեմն ինձ թվում է՝ իմ դիմաց  Մոլլոյն է։ Գուցե Մոլլոյն է՝ Մելոնի գլխարկով։ Թեև ավելի խելամիտ է ենթադրել, որ իմ դիմաց Մելոնն է՝ իր գլխարկով։ Վայ, ինչ հետաքրքիր է, փաստորեն հարցը Մելոնի գլխարկն է։ Դե, ուրիշ հագուստ չեմ տեսնում։ Հնարավոր է, որ Մոլլոյն ընդհանրապես գոյություն չունի։ Իսկ ինչպե՞ս նա կգա առանց իմ իմացության։ Այստեղ, անկասկած, անասելի լայն տարածություն կա։ Աղոտ և ընդհատվող լույսը հեռավորության մասին է հուշում։ Անկեղծ ասած, ես հավատում եմ, որ բոլորն էլ այստեղ են, ես հավատում եմ, որ մենք բոլորս այստեղ ենք, բայց մինչև այժմ միայն Մելոնն է երևում աչքիս։ Մյուս վարկածն էլ այն է, որ նրանք այստեղ էին, բայց հիմա չկան։ Այս վարկածը ես կքննարկեմ ավելի ուշ՝ իմ ձևով։Այստեղ այլ անցքեր կա՞ն։ Ավելի խոր փոսեր։Խորություն փնտրելու հիմար մոլուցքն այս։ Կարծում եմ՝ ավարտել եմ նախապատրաստական ​​աշխատանքները։ Այո, այո, մենք բոլորս եղել ենք այստեղ և միշտ էլ կլինենք։ Ես գիտեմ սա։

Էլ ոչ մի հարց։ Այստեղ չէ՞, որ մարդը դադարում է անհետանալ։ Կգա՞ մի օր, երբ Մելոնն այլևս չի անցնի իմ առջևով։ Կգա՞ այն օրը, որ Մելոնն իմ եղած կետից անդին կանցնի։ Մի՞թե կգա այն օրը, երբ որևէ մեկը վերջապես կանցնի կողքովս,  կանցնի այն տեղով, որտեղ ես էի։ Գաղափար չունեմ։

Այն, որ ես ամբողջովին խուլ չեմ, հաստատում են ինձ հասնող ձայները։ Ու թեև լռությունն այստեղ գրեթե անխախտ է, ամեն դեպքում, այն լիարժեք չէ։ Ես չեմ մոռացել այստեղ լսածս առաջին ձայնը, այդ պահից ի վեր հաճախ եմ լսել նույն ձայնը։ Հստակության համար պետք է հաշվի առնել, որ այստեղ լինելս սկիզբ է ունեցել։ Նույնիսկ դժոխքը, լինելով հավերժական, իր սկիզբն է համարում  Լյուցիֆերի ապստամբությունը, և, հետևաբար, այս լույսի ներքո նայելով, կարելի է համարել, որ ես միշտ այստեղ եմ, բայց միշտ չէ, որ այստեղ եմ եղել: Իրերի այս դասավորությունն ու այդ ուղղությամբ մտածելն ինձ դուր է գալիս։

Ինչ վերաբերում է հիշողությանը, թեև ինձ իրավունք չեմ վերապահում դրան անդրադառնալ, բայց, հարկ եղած դեպքում, իր խոսքը կասի։ Այսպիսով, երկար ժամանակ բացարձակ լռությունից հետո մի թույլ ճիչ լսվեց. ես դա լսեցի։ Չգիտեմ՝ Մելոնը լսե՞ց։ Ասել, որ զարմացա, շատ մեղմ կլինի։ Երկար լռությունից հետո՝ թույլ լաց, որն անմիջապես էլ ընդհատվեց։ Ո՞վ արտաբերեց այն, և եթե որևէ մեկը լաց եղավ, արդյոք դեռ նույն տեղում է, արդյոք դեռ լացում է։ Համենայն դեպս, մարդ չէ, այստեղ մարդիկ չկան, իսկ եթե կան էլ, այլևս լաց չեն լինում։

 

Թարգմանությունը՝ Լյուսիլ Ջանինյանի