Անլուրջ բաներ

Անլուրջ բաներ

 

Լուրջ չէ՝

վրձինը դնել սիրահարի ձեռքին

և ասել՝

նկարիր կատարելություն։

Կտավում կփայլի

նրա սիրած էակը։

 

Լուրջ չէ՝

մանկան մտքի աղբյուրում

ավազ փնտրել․

երազի ծովից բխող ակունքը

կյանքի մեկ այլ փուլում

այդքան ինքնաբուխ

չի հունավորվում։

 

Լուրջ չէ՝

որդու գերեզմանի առաջ

ծնկած հորն ասել՝

հեռացիր ու մոռացիր

որդուդ շիրիմը։

Հայրը կփորի հողը

և իր հետ կտանի

որդու մարմինը։

 

Լուրջ չէ՝

հրաժարվել արևից

և գնալ ձյան մեջ քնելու։

Ձյունը կթափանցի ներս,

և սառույցից

կծանրանա աշխարհը։

 

*** 

ՔԵԶ

 

Դանայան տակառի նման
հիշողությունս չի հագենում։

Երբ խոսքը վերաբերվում է քեզ,
բառը ճկվում է,
ասեղի անցքով էլ պատրաստ է մտնել,
պատրաստ է արծվային թռիչք կատարել։

Բառը պատրաստ է,
սարերի նման ձիգ ու անսասան 

կանգնել ու սպասել՝
մինչև աշխարհը փոխվի,
ժայռից քար պոկվի,
Մհերը դուրս գա,
և լինի լույս, լույս հավատավորի,

երբ խոսքը վերաբերվում է քեզ։

 

*** 

ՇԱՐԺԱՆԿԱՐ

Կինը մտավ ննջասենյակ,
բացեց պահարանի դուռը,
շոշափեց գունազարդ զգեստներն
ու արագ սրբեց արցունքները:
Զգաստացավ,
ննջարանի դուռը փակեց՝
հրաժեշտ տալով լուսավառ գույներին։

Երբ շարժվեց
խոհանոցի ուղղությամբ,
նայեց փայլեցրած հատակին,
սպասքին՝ համաչափ դասավորված,
և քարշ տվեց ոտքերը՝
հայացքը թողնելով
խոհանոցի պահարաններին։

Երեխան հավաքեց խաղալիքները,
գրկեց ամենասիրելի արջուկին,
հոգատարությամբ
տեղավորեց իր անկողնում,
համբուրեց այտը
և աշխարհից խռով
հրաժեշտ տվեց մանկությանը։

Տղամարդը
կողպեց տան դուռը՝
ջանքն ու եռանդը թողնելով ներսում։
Բանալին զգուշորեն տեղավորեց
ծոցագրպանում
և ճանապարհվեց՝
ինքն էլ չգիտեր, թե ուր։

Քաղաքը
անջատեց բոլոր լույսերը,
կողպեց դուռ ու պատուհան,
ծածկեց վարագույրները
և մեկուսացավ՝
սպասելով որդիների վերադարձին։

Իսկ տաք ճաշից
բարձրացող անմահական բույրը
տարածվել էր՝
չհամտեսած, չվայելած...
տխուր...

 

*** 

ՀՐԱԺԵՇՏ

Փոքր ես չափերով,
բայց ո’չ այնքան,
Որ ինձ հետ տանեմ։
Վախենում եմ՝
ճանապարհին քեզ ինձնից խլեն։
Ինչպե՞ս կապրես օտարության մեջ։

Համբերությունս
դնում եմ սեղանին,
նստում նրա դիմաց։
Սպիտակ թղթով
փաթեթավորում
սիրտս՝
զգուշությամբ,
որ հանկարծ չնեղվի։
Եվ գնալուց առաջ
անձայն նվիրում եմ քեզ,
այնպես, որ չիմանաս
ներսի պարունակությունը։

Ոչ մի տեղ չտանող ճանապարհին
բացում եմ ճամպրուկս
և գտնում քեզ՝
ծրարված
կարմիր թղթի մեջ։
Չափերով այնքան փոքր,
որ սրտիս մեջ տեղավորվում ես։

Ճանապարհը
մեզ նորից տուն կտանի։

 

*** 

ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ

 

Ես ինձ հանդիպեցի յոթ տարեկանում,

մեր ձեռքերը միաձուլվեցին

փոշոտ ճանապարհի վրա։

Քո աչքերում անամպ երկինք էր,

ես՝ հողմերից ճաքած հող։

Արտերից

ցորենի հասկ հավաքեցինք,

աղացինք սրճաղացով,

խմոր հունցեցինք։

Մինչ խմորը կբարձրանար՝

ժամանակը փշրվեց

մեր ափերում,

ինչպես կավե ծաղկաման։

Հացը փրկություն չէր։

Ես ու ես մնացինք անջուր

մանկությանս մոռացված ջրհորում։

 

***

Այնպես կարոտեցի քեզ,

Որ լուսինն իջավ երկնքից

Եվ տեղավորվեց պատուհանիս տակ։

 

***

Սերը բարձրացրեց ձեռքերը։
- Հանձնվում եմ,- ժպտացին աչքերը։

Պտտահողմը կրակի փոխվեց,
երկնքից թափվող կայծերը
զարկվեցին իրար։

Առաջացավ աշխարհի
ամենահզոր լավան։

Երկրագունդը շարունակեց պտտվել
նրանց շուրջը միայն։

 

***

Երբ սերն այլևս ասելու բան չունենա,
ես դուրս կգամ տնից
և կթափառեմ փողոցներում։

Այլևս ոչ-ոք մեղավոր չի լինի:
Այլևս ոչ-ոք անմեղ չի լինի:

Եվ սերը հասցե չի ունենա։

 

Ալիսա Բաղդասարյան