Անտեսանելի շերտեր. Աշոտ Մելքոնյանի անհայտ ստեղծագործությունները

Խորհրդային Միությունում արվեստը ոչ միայն գեղագիտական երևույթ ու դրսևորում էր, այլ նաև մշակութային քաղաքականության կարևոր գործիք։ XX դարի կեսերից ձևավորվել էր յուրօրինակ մի համակարգ, որի միջոցով պետությունը պաշտոնապես գնում էր արվեստագետների ստեղծագործությունները և դրանք փոխանցում միության հանրապետությունների թանգարաններին, պատկերասրահներին ու ցուցասրահներին։ Այս գործընթացը հայտնի էր որպես պետական գնումներ անունով և երկար տարիներ շարունակում էր մնալ խորհրդային մշակութային քաղաքականության առանցքային հենասյուներից մեկը`հանդիսանալով ստեղծագործող արվեստագետի սոցիալական պաշտպանությունն ապահովող պետական միջոց։ Արվեստագետների աշխատանքները արժևորվում էին ոչ միայն իրենց գեղարվեստական որակներով, այլև՝ գաղափարական համապատասխանությամբ։ Պետությունը գնում էր նրանց աշխատանքները հատուկ ձևավորված հանձնաժողովների միջոցով, որոնք բաղկացած էին արվեստագետներից, քննադատներից և պաշտոնյաներից։ Հանձնաժողովները որոշում էին, թե որ գործերն են ներկայացնում ժամանակի գեղագիտական ուղղություններն ու «ճիշտ» գաղափարական մոտեցումները։
Մշակութային քաղաքականությունը միաժամանակ իր մեջ կրում էր երկու նպատակ․ ստեղծագործողներին ապահովել կայուն եկամտով և ստեղծագործելու պայմաններով, իսկ թանգարանային ֆոնդերըը համալրել բարձրորակ, միաժամանակ միության մշակութային քաղաքականությանը «համահունչ» գաղափարներ արտահայտող ստեղծագործություններով։ Այս քաղաքականության շնորհիվ բազմաթիվ հայ արվեստագետների գործեր ևս դուրս եկան Հայաստանի սահմաններից և ներկայացվեցին համամիութենական մշակութային տարածքում՝ հայտնվելով Խորհրդային Միության պետությունների մայրաքաղաքների ու մեծ մշակութային քաղաքների նշանավոր թանգարաններում։

Արվեստի ստեղծագործությունների ձեռքբերման պետական գնումների համակարգն ուներ նաև խորքային քաղաքական նշանակություն։ Այն նպատակ էր հետապնդում ձևավորելու «մեծ երկրի միասնական մշակութային տարածք»՝ որտեղ տարբեր ժողովուրդների մշակութային բազմազանությունը կդիտարկվի որպես ընդհանուր ժառանգության մաս։

Հայ ազգային արվեստի տեսանկյունից այս համակարգն ունեցել է որոշիչ ազդեցություն մի ամբողջ սերնդի ճանաչելիության գործում։ Նրանց թվում էր նաև նկարիչ Աշոտ Մելքոնյանը, որի արվեստն առանձնանում էր լիրիկական ռոմանտիզմով, համակված նուրբ գունային լուծումներով և ազգային աշխարհընկալման նրբերանգներով։
Պետական գնումների քաղաքականության շնորհիվ Մելքոնյանի մի շարք ստեղծագործություններ ներկայացվեցին համամիութենական ցուցահանդեսների շրջանակներում, ապա փոխանցվեցին տարբեր հանրապետությունների թանգարանների ֆոնդերին։
Այսպիսով, Մելքոնյանի արվեստը դուրս եկավ ներհայաստանյան շրջանակներից և դարձավ ամբողջ միութենական մշակութային ժառանգության կարևոր մաս։ Նրա կտավները ներկայացնում էին ոչ միայն հայ արվեստագիտական աշխարհն, այլև հայկական ինքնությունը, որը հետաքրքրություն էր առաջացնում ԽՍՀՄ տարբեր երկրների արվեստասերների շրջանում։

Աշոտ Մելքոնյանն իր արվեստում միավորում էր մարդկային ջերմությունը, հոգևոր լռությունը և առօրյայի խորքային փիլիսոփայությունը։ Նրա կերպարները հաճախ զուսպ են, ներհայաց, լցված ներքին լարումով, իսկ գունային լուծումները՝ խորը, մտածված ու արտահայտիչ։ Այս գեղարվեստական լեզուն համահունչ էր 1960-70-ական թվականների այն որոնումներին, որոնք խորհրդային արվեստում ձգտում էին դուրս գալ մերկ գաղափարախոսական պարտադրանքից և կենտրոնանալ մարդու ներաշխարհի վրա։

Խորհրդային Միության փլուզումից հետո, սոցիալ-տնտեսական, քաղաքական համընդհանուր քաոսի ու անկայունության բարդ շրջափուլում, արվեստն ու մշակույթը մղվեցին երկրորդ պլան, իսկ արվեստագետների նկատմամբ ցուցաբերվող պետական «հոգածությունն ու հովանավորությունն» ինքնաբերաբար դադարեցին գործել։ Թանգարանների ու պատկերասրահների երբեմնի ակտիվ կյանքը մեծ դադար առավ ու վերածվեց գոյապայքարի։ Անհրաժեշտ էր հնարավորինս անվնաս ու ամբողջական պահպանել տարիներ շարունակ ձեռք բերված հարուստ ժառանգությունը։ Շատ թանգարաններ միավորվեցին ու վերակազմավորվեցին, ինչի արդյունքում արվեստագետների ստեղծագործությունների գտնվելու վայրը դարձավ անհայտ։ Աշոտ Մելքոնյանի մի շարք կտավներ ևս տարիներ շարունակ «անհայտության» մեջ էին մինչև այն պահը, երբ Ռուսաստանի Դաշնության Госкаталог համակարգը, որն ընդգրկում է Ռուսաստանի թանգարաններում պահվող թանգարանային առարկաների մասին ամբողջ տեղեկատվությունը, դարձավ հանրային ու բոլորին հասանելի։ Շնորհիվ այս համակարգի հնարավոր եղավ փնտրել ու գտնել նկարչի 7 կտավները, որոնց գտնվելու մասին տեղեկությունները կցկտուր էին և ոչ հավաստի:

Այսօր Աշոտ Մելքոնյանի ստեղծագործությունները զարդարում են ռուսական մի շարք նշանավոր թանգարանների` Տրետյակովյան պատկերասրահի («Հանգիստ», 1971), Նովոսիբիրսկի պետական արվեստի թանգարանի («Գրքով տղան», 1970), Իրկուտսկի արվեստի թանգարանի («Երիտասարդ սուսերամարտիկը», 1979), Կարելիայի հանրապետության արվեստի թանգարանի («Սպասում», 1975), Արևելքի պետական թանգարանի («Արմեն», 1972), Խանտի-Մանսիական ինքնավար շրջանի արվեստի թանգարանի («Ծաղկած մասրենի»,1984), Տուլայի պետական գեղարվեստի թանգարանի  («Անահիտ») հավաքածուները, և նկարչի արվեստը շարունակում է ոգեշնչել, փոխանցելով սերունդներին ոչ միայն գեղարվեստական վարպետություն, այլև այն խորը մշակութային արժեքները, որոնք ժամանակին միավորում էին Խորհրդային Միության տարբեր ժողովուրդների ստեղծագործական ներուժն ու հայացքները: Պետական գնումների միջոցով ստեղծված արվեստի այս ցանցը ցույց է տալիս, թե ինչպես արվեստը կարող է լինել միասնության, ճանաչելիության և մշակութային փոխանակման հզոր գործիք՝ անջնջելի հետք թողնելով պատմության և մշակույթի ոլորտում։

 

Պատկերներ՝

 «Ծաղկած մասրենի», 1984 «Գրքով տղան», 1970 «Երիտասարդ սուսերամարտիկը», 1979 «Հանգիստ», 1971

 

Մարիաննա Մանուչարյան

 

... ... ...