Արտամուսնական որդին
Մեր ընթերցողների գնահատմանն ենք ներկայացնում Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Յասունարի Կավաբատայի «Արտամուսնական որդին» պատմվածքը՝ Վարդան Ֆերեշեթյանի թարգմանությամբ: Այս գործը Կավաբատայի «Ափաչափ պատմվածքներ» ժողովածուից է:
***
Երկուսն էլ գրողներ էին: Եվ արդեն միայն դա կարող էր բավարար պատճառ լինել ամուսնության համար: Ճիշտ նույնպես` դրա լուծարման համար: Նրանց ամուսնությունը հիասքանչ էր: Քանզի կինը բավականաչափ ուժ ուներ բաժանվելու համար: Նրանց բաժանումն էլ էր հիասքանչ: Քանզի կինը բավականաչափ ուժ ուներ, որպեսզի իրենք ընկերներ մնան: Իսկ դրանից բացի, նրանցից ծնված երեխան նույնպես հիասքանչ էր: Եվ վեճ այն մասին, թե նա ում կհասնի, նույնպես չծագեց:
***
Երկուսի վիպակներն էլ հայտնվեցին միեւնույն ամսին: Բայց տարբեր ամսագրերում: Նա գրում էր իր սիրո մասին առ նա: Կինն էլ գրում էր դեպի նա տածած իր սիրո մասին: Ճիշտ այն, ինչն էլ պահանջվում է այս անպարագրելի երկնքի ներքո:
Կինն իրար hետեւից կարդաց երկու վիպակները: Ուսերը թոթվեց, ժպիտը զսպեց: Նա պտտվում էր սենյակով մեկ ու երգում: Տղայի ձեռքը բռնելով, տնից ելավ: Նրա սեղանին էլ դրված էին նույն երկու ամսագրերը:
-Դե ինչ, արի տոնենք այս իրադարձությունը: Հիանալի է, այնպես չէ՞:
Խուսափելով հետաքրքրասեր աչքերից՝ նրանք ուղղվեցին դեպի նեղլիկ նրբանցքը` ճիշտ եւ ճիշտ ինչպես տարիներ առաջ:
-Այն բանից հետո, երբ մենք կբաժանվենք, չէ՞ որ դու կուղեւորվես հենց այն բնակարանը, ուր ապրում էիր մինչև ինձ հանդիպելը: Դու կտխրես։ Գուցե ուզում ես, որ ես ինչ-որ հեռավոր տեղ փոխադրվեմ:
-Դե այո, բաժանվելը` բաժանվել ենք, բայց դու այնքան մոտիկ ես` բավ է ձեռքս երկարեմ:
-Արի այնպես դասավորվենք, որպեսզի հանդիպման մասին միտք էլ չծագի:
-Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ: Չէ՞ որ մենք միմյանց մասին ենք գրում: Եվ վատ չենք գրում:
Նրանք ռեստորանում լավ ժամանակ անցկացրին: Հետդարձի ճամփին տղան տաքսու մեջ ննջել էր:
Մեղք է, դե արի հասցնենք քեզ մոտ, թող այնտեղ էլ մնա:
***
Մնալով որդու հետ, հայրը հաջորդ առավոտյան տառապում էր այն բանից, որ չգիտեր, թե ինչով նրան կերակրի: Նույնիսկ կայարանամերձ փողոցում ոչ մի հարմար բան չէր գտնում: Նա որդուն էր հարցնում, սակայն ոչ մի պարզորոշ պատասխան չէր ստանում: Այդ պատճառով որոշեց վեցամյա տղային սրճարան տանել` նա միշտ այդպես էր վարվում, երբ իր մոտ էին գալիս երիտասարդ ընկերները:
Այդպես նա առաջին անգամ ձեռք բերեց տղային: Ծնված լինելով գրողներ` որդուն միշտ թողնում էին դայակի խնամքին: Այժմ հայրն առաջին անգամ զգաց, որ սիրում է նրան: Բայց ահա թե ինչն է տարօրինակ` հայրը չէր կարողանում բարկանալ նույնիսկ նրա չարաճճիությունների վրա: Տղան անընդհատ բացում էր միջանցքի դուռը եւ դիտում էր, թե ինչ է այնտեղ կատարվում: Տեսնելով որեւէ մեկին, նա շրխկացնում էր դուռն ու թաքնվում: Հետո նորից բացում էր: Մի քսան րոպե նրան նայելուց հետո, հայրն ասաց «Լսիր, Կեն, դու վատ չես դասավորվել: Չէ՞ որ դու երկու տուն ունես»:
-Իսկ դու միշտ ե՞ս այստեղ ապրում:
-Այո, եւ դու էլ մի քանի օր ինձ հետ կմնաս:
-Մի քանիսը` քանի՞սն է:
Կենը բարձրացավ հոր ծնկների վրա ու գլուխը հակեց:
Երրորդ օրը նրանք իջան մոր տան մոտի կանգառում: Կենը բռնեց հոր ձեռքն ու քաշեց իր ետեւից: Նոր գալարավարագույրների վրա վիթխարի ստվեր էր ընկած, որը ծաղկեփնջից էր: Ոնց որ թե նա մտաբերել էր, թե ինչպես էր զարդարում տունն իրենց մեղրամսին:
-Նորից արի, լա՞վ:
Նա բաց թողեց որդու ձեռքը, եւ նա առանց ետ նայելու վազեց: Նույնիսկ հորը հրաժեշտ չտված:
***
«Ես հարցուփորձ արեցի Կենին այն մասին, թե ինչպես ես դու ապրում: Բայց դու նրան իմ մասին հարցուփորձ մի արա: Եվ մի մտածիր, խնդրում եմ, թե ես իրոք ուզում եմ, որ դու երեխային իմ մասին հարցուփորձ անես»:
Ահա այսպիսի նամակով էլ Կենը հերթական անգամ ուղեւորվեց հոր մոտ: Նա չափազանց հպարտ էր, որ մենակ ճամփորդում է գնացքով: Եվ մայրն էլ, ոնց որ թե, մինչեւ կայարան նրան չէր ուղեկցում: «Ես գնում եմ հորս մոտ»,- ասում էր Կենը երկու շաբաթը մեկ: Եվ մայրը այդ ուղեւորությունները չէր օգտագործում այն բանի համար, որպեսզի տեսակցի իր նախկին ամուսնուն:
Կենը սկսեց մի քանի օր մնալ հոր մոտ: Նա սիրեց միաժամանակ երկու տանն ապրել:
Մի անգամ իր ընկերոջ հետ զրուցելուց հետո նա որոշեց այցելել մորը:
-Մենք մեր ընտանիքը կորցրինք, բայց Կենն այն ունի:
-Դու սխալվում ես: Վաղ թե ուշ նա կնմանվի բոլոր այն փողոցային դեռահասներին, ովքեր անհայր են մեծանում:
-Մի խոսքով, անտերունչ:
-Պարզապես մենք իրականացնում ենք ընտանեկան կյանքի մեր իդեալը: Մեր տունը` գլխավերեւի երկինքն է:
***
Նա վերադարձավ թատրոնից: Որդին քնած էր: Հայրը մտավ նրա վերմակի տակ: Կենը չշարժվեց: Նա առավոտյան տասին էլ չզարթնեց: Երեւի բակում շատ էր խաղացել, ուշ էր եկել:
-Մայրիկը գնաց ճամփորդելու ուրիշ հայրիկի հետ։
Նա սեւեռուն նայում էր որդուն, որն ագահորեն նախաճաշում էր, եւ անբացատրելի տրտմություն զգաց:
-Ճամփորդելո՞ւ:
-Ըհը: Եվ տունն էլ կողպեց:
-Գուցե մե՞նք էլ պատրաստվենք ճամփորդության:
-Իսկ ինձ կարե՞լի է մայրիկի մոտ վերադառնալ:
Տղայի մտահոգ դեմքը զվարճացրեց նրան:
***
Երբ քո արձակում դու հաղթահարես իմ ազդեցությունը, այդժամ, գուցե թե մենք կկարողանանք միասին ապրել:
-Այդպիսի հարցադրումն ինձ դուր չի գալիս: Ես քո սիրուհին կդառնամ, երբ դու կամենաս:
Եվ այդպես առանձին ապրում էին: Սակայն նա նկատեց, որ նրանց գրելաոճերի եւ աշխարհընկալման տարակերպություններն ազդում են իրենց տղայի վրա: Իհարկե, ինքը՝ տղան, գլխի էլ չէր ընկնում, բայց նրա տարուբերումները ծնողների միջեւ միտված էին այն բանին, որ նեղացնեն նրանց բաժանող վիհը: Երեւում էր, թե որքան էր նա մեծացել: Նա մարտնչում էր որպեսզի հայր ու մայր ունենա: Եվ ծնողներին դա դուր էր գալիս: Սակայն ժամանակ առ ժամանակ հայրը դադարում էր Կենին իր որդին զգալ:
Կինը մարտնչում էր հոր դեմ, որ նշմարվում էր որդու մեջ, ջանալով հնարավորինս շատ բան սերմանել իրենից:
Երբ նրանք կրկին հանդիպեցին, մայրն արցունքոտ աչքերով ասաց․
-Ախր մեր Կենը որբ է:
-Այո, որբ է: Բայց ոչ հասարակ: Նա` գազանիկ է: Իսկ գուցե նա աստվածորդի է:
***
Նա նորից թակարդն ընկավ, այսինքն՝ ամուսնացավ:
Նրանց ամուսնությունը հազիվ թե կարելի էր հիասքանչ համարել: Քանզի նրա նոր կինը բաժանվելու ուժ չուներ: Եվ այդ պատճառով այդ թուլակամ կինը նրա ընկերը դառնալու հավանականություն չուներ:
Երբ տղան հայտնվեց նոր կնոջ տանը, նա իրեն միանգամայն բնական պահեց եւ նրան էլ մայրիկ կանչեց: Նրանք մեկեն ընկերացան: Իսկ հայրը դարձյալ ինչ-որ անբացատրելի տրտմություն զգաց: Մի շաբաթի չափ մնալուց հետո, նա վերադառնում էր մոր մոտ:
Ամեն անգամ, երբ նա թռչնի պես հայտնվում էր մոր տանը, մայրը տարակուսում էր` «Սրան էս ի՞նչ է պատահել: Ինչ-որ բան էնպես չե՞մ արել»:
Նոր կինը հորը յոթ տարեկան որդուց ավելի հիմար էր թվում:
-Ես ուզում եմ դաստիարակել փոքրիկին եւ նրա հետ ապրել:
-Հասկանում եմ:
-Իսկ նրա մայրը գրող է: Եվ ես նրանից վախենում եմ: Ես ուզում եմ ինքս նրան դաստիարակել: Ուրեմն այնպես արա, որ նա այլեւս նրա մոտ չգնա:
-Ապուշ:
Նա խփեց նրան: Եվ նա ընկավ ու սկսեց ձայնը գլուխը գցած լալ:
Այդ տղային կինը ծնել էր այն անկողնում, ուր նա քնում էր իր սիրեկանի հետ: Եվ այդ պատճառով էլ նա անկառավար թռչկոտում է: Եվ այդ պատճառով էլ նա չի ենթարկվում ամուսնության ձեր ավազակային կանոններին:
Նա տանից դուրս թռավ: Նրա գլխավերեւում անծիր երկինքն էր:
Թարգմանությունը ռուսերենից՝ Վարդան Ֆերեշեթյանի