Արտավազդ Փելեշյան. Ժան Լյուկ Գոդար

Փետրվարի 22-ը ազգային կինոյի լեգենդի՝ Արտավազդ Փելեշյանի ծննդյան օրն է: Մեծ ռեժիսորի տարեդարձի առիթով մեր ընթերցողներին ենք ներկայացնում մի հատված Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» հուշագրությունից: Այս գրքում ռեժիսորի հանդիպումների լայն աշխարհագրությունն է ու համաշխարհային արվեստի մեծերի հետ հանդիպումների դրվագները, որոնցից մեկը վերաբերվում է կինոյի պատմության մյուս հսկայի՝ Ժան Լյուկ Գոդարի հետ հանդիպումներին:

 

***

Սան Ֆրանցիսկոյից ես վերադարձա Մոսկվա և շուտով մեկնեցի Փարիզ: Այս անգամ այնտեղ ես հանդիպեցի Ժան Լյուկ Գոդարին:

Գոդարն իմ ֆիլմերը վաղուց էր դիտել՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում: Նա շատ էր ուզում, որ մենք հանդիպենք: Նրան դուր էին եկել իմ ֆիլմերը: Մի քանի անգամ հեռախոսով ինձ հրավիրել էր Շվեյցարիա, բայց ես չէի կարողանում գնալ այնտեղ։ Վերջապես նա եկավ Փարիզ և մենք հանդիպեցինք:

Նա իր պրոդյուսերին՝ Ռութ Վալդբուրգերին տրամադրել էր մեզ, որպեսզի նա կազմակերպի «Homo sapiens» ֆիլմի նկարահանումները:

Մենք երկար աշխատեցինք նրա հետ, թարգմանեցինք սցենարը, պայմանագիր կազմեցինք։ Ես երկու պահանջ ունեի: Մեկն այն էր, որ Հայաստանն անպայման մասնակցի ֆիլմի նկարահանումներին, մյուս պահանջն էր՝ ճշտել ֆիլմի բյուջեի չափը:

Ռուդ Վալդբուրգերն իմ այդ երկու ցանկություններին կասկածանքով էր նայում։ Նա ուզում էր, որ ես անպայման նախօրոք ստորագրեմ պայմանագիրը։

Հաշվեցին «Homo sapiens»-ի բյուջեն: 41 մլն. ֆրանկ կազմեց։

Մի անգամ Գոդարն ինձ խնդրեց ռուսերենով կարդալ իր «Գերմանիա 9-0» Ֆիլմի տեքստը: Նա պատրաստվում էր այդ ֆիլմը ցուցադրել Մոսկվայում: Ես ասացի, որ ռուսերեն ակցենտով եմ խոսում: Նա ասաց, որ իրեն հենց դա էլ պետք է: Ես կարդացի:

Հաջորդ անգամ Ռութ Վարդբուրգերի միջնորդությամբ, բժիշկների հետ հանդիպելու համար, փոքր աղջկաս հետ նորից Փարիզ եկա: Ֆրանսիացի բժիշկները շատ բարդ վիրահատություն էին առաջարկում, իսկ Մոսկվայի բժիշկները դեմ էին դրան:

Այդ ժամանակ էր, որ Գոդարն ինձ համար 100. 000 ֆրանկի չեկ դուրս գրեց՝ աղջկաս վիրահատության և «Homo sapiens» ֆիլմի՝ իր մասնակցության համար: Փարիզում ո՛չ աղջկաս վիրահատությունը եղավ, ո՛չ էլ «Homo sapiens»-ի բեմադրությունը:

Ես ստիպված էի Գոդարին հետ ուղարկել 100. 000 ֆրանկի չեկը՝ շնորհակալություն հայտնելով բարոյական կամ մորալ օգնության համար: Չգիտեմ, թե նա ինչպես ընդունեց դա: Մենք այդ մասին չենք խոսել:

Փարիզում իմ ֆիլմերը մեծ բում էին հանել: «Jeu de Paume» թանգարանը դրանց ռետրոսպեկտիվ ցուցադրությունն էր կազմակերպել:

Գոդարն ինձ խնդրել էր «Le Monde» թերթի համար իր հետ միասին հարցազրույց տամ: Ես սկզբում մերժեցի: Հետո Գոդարը մի քանի անգամ նորից դիմեց այդ հարցով, և ես, ի վերջո, համաձայնվեցի: Լրագրողը՝ Ժան Միշել Ֆրադոն էր:

Ջրույցի ժամանակ ես ասացի, որ իմ կինոն խոսում է Բաբելոնի աշտարակի քանդվելուց առաջ եղած լեզվով: Ելնելով իմ ասածից, նա հոդվածի վերնագիրը դրեց «Նախաբաբելոնյան լեզու»: Բերեմ մի քանի տող այդ մեծ հոդվածից.

 

«Փարիզը բացահայտում է մեծագույն ռեժիսորին»

«Նա մեկն է մեծագույն այժմ կենդանի ռեժիսորներից, որի անունն է Արտավազդ (Արթուր) Փելեշյան»:

«Եթե նրա կինոաշխատանքներից հավասար բարձրության էկվիվալենտ փնտրենք, ապա պետք է հիշենք Վերգիլիոսի կոսմիկական չափերի հասնող «Գեորգիկներ» պոեմը՝ նվիրված աշխարհի ընկալմանն ու մարդկային աշխատանքներին»:

Ժան Լյուկ Գոդարը, խոսելով Փելեշյանի կինոյի սպեցիֆիկայի մասին, ասում է. «Երբ դու նայում ես նրա ֆիլմերը, տպավորություն է ստեղծվում, թե վերականգնվում են մոռացված որոնումները»:

Սերժ Դանեյը՝ առաջինը արևմտյան քննադատներից, հայտնաբերելով Փելեշյանին, նրա մասին գրում է որպես իսկական կինոյի շղթայի պատմության մեջ չբավականացնող օղակի:

Հարցազրույց տալով «Bref» ամսագրին, Փելեշյանը բացատրում է իր մեթոդը, որ կոչվում է «Դիստանցիոն մոնտաժ». «Երբ ես ինձ մոտ ունեմ երկու հենակետային կադրեր, չարչարվում եմ նրանց չմոտեցնել, չբախել իրար, այլ նրանց միջև դիստանցիա ստեղծել»:

«Փելեշյանը փորձում է հեռանալ մեծագույն սովետական ռեժիսորներից, որոնց հետ համեմատում են իրեն»:

Ժան Լյուկ Գոդարն ասում է. «Ես նրա ֆիլմերն ինձ համար բացահայտել եմ, երբ դրանք մասնակցում էին Նիոնի դոկումենտալ ֆիլմերի փառատոնում` ոչ հեռու իմ տանից։ Լուզանցկոյի «Սինեմատեկ»-ի դիրեկտորը նրա ֆիլմերի հանդեպ սովետական մեթոդ կիրառեց: Մի գիշերվա մեջ կոպիաներ էր տպել, կոնտրոտիպ էր արել և ցույց տվել ինձ: Այդ ֆիլմերն ինձ վրա մեծ տպավորություն էին թողել: Ի դեպ, նրանք նման չէին Փարաջանովի ֆիլմերին, որոնք, իմ կարծիքով, ավելի մոտ են պարսկական խալիների ավանդույթներին ու գրականությանը: Նրա ֆիլմերը գալիս են միայն կինոյից»:

«Կինոն հենվում է երեք ֆակտորի վրա՝ տարածություն, ժամանակ և ռեալ շարժումներ,- ասում է Փելեշյանը,- այդ երեք էլեմենտները գոյություն ունեն բնության մեջ, բայց բոլոր արվեստներից միայն կինոն է, որ օգտագործում է դրանք: Շնորհիվ դրանց, կարելի է բացահայտել նյութի շարժման գաղտնիքը»:

«Երբ հայտնաբերվեց ձայնը, այնպիսի մեծ ռեժիսորներ, ինչպիսիք էին Գրիֆիտը, Չապլինը, Էյզենշտեյնը, վախեցան: Նրանք ենթադրեցին, որ ձայնը մի քայլ հետ է տանում կինոն: Բայց նրանք սխալվեցին: Ձայնը եկավ ոչ թե նեղելու մոնտաժը, այլ փոխարինելու պատկերին:

«Ես մտածում եմ՝ ի՞նչ է մեզ տվել հեռուստատեսությունը: Նա կարող է ոչնչացնել հեռավորությունը, բայց միայն կինոն է, որ կարող է պայքարել ժամանակի դեմ` շնորհիվ մոնտաժի»:

Այնպես ստացվեց, որ Փարիզից հետո ԽՍՀՄ Պետկինոն «Homօ Sapiens» ֆիլմն արտադրության իջեցրեց որպես պետպատվեր, բայց մեկ տարի հետո երկիրը փլուզվեց ու իմ «Homo sapiens»-ը մնաց փլատակների տակ: