Աշոտ Մելքոնյան. Որմնանկարների մեջ ապրող հիշողություն

Հայ կերպարվեստի բազմադարյա պատմության մեջ մոնումենտալ գեղանկարչությունը՝ մասնավորապես որմնանկարչությունը, կարևոր տեղ է զբաղեցնում, որի արմատները գալիս են հեռավոր անցյալից:
Որպես ժողովրդական լայն զանգվածներին հասցեագրված արվեստ յուրաքանչյուր դարաշրջանում այն պատկերազարդման միջոցով արտահայտում էր ոչ միայն ժամանակի գեղարվեստական ու գեղագիտական ընկալումները, այլև հասարակական մտքի զարգացումը, սոցիալ-քաղաքական բնույթի փոփոխություններն ու փոխազդեցությունները: Որմնանկարչությունը ճարտարապետական շինության տարբեր մակերեսների վրա հատուկ տեխնիկայի միջոցով պատկերներ ու զարդանախշեր ստեղծելու արվեստն է: Գեղանկարչության այս տեսակը հայ արվեստի հնագույն և ինքնատիպ բնագավառներից է, որն ուղղակիորեն կապված է ճարտարապետության հետ, սակայն կերպարվեստի մյուս ժանրերի համեմատությամբ վատ է պահպանված և քիչ ուսումնասիրված։ Հիմնական պատճառներից մեկն այն է, որ նմանօրինակ ստեղծագործություններն առավել զգայուն են արտաքին ազդեցությունների՝ բնակլիմայական փոփոխությունների, ինչպես նաև մարդկային գործոնի նկատմամբ, որոնք էլ ժամանակի ընթացքում հիմնովին քայքայում ու երբեմն անդառնալիորեն ոչնչացնում են ստեղծագործությունները։
20-րդ դարի 2-րդ կեսին որմնանկարչական արվեստը Հայաստանում վերածնվում է՝ ստանալով նոր բովանդակություն և կերպարային արտահայտչականություն։ Այդ շրջանը կարևոր ժամանակահատված է հայ կերպարվեստի զարգացման մեջ, երբ ավանդական մշակութային ժառանգությունը միահյուսվում է ժամանակակից գաղափարների հետ։
Նմանօրինակ բարենպաստ ու ոգեշնչող պայմաններում էլ զարկ տրվեց ոչ միայն եկեղեցական, այլ նաև աշխարհիկ, գործառական տարբեր նշանակություն ունեցող շինությունների ներքին հարդարման և պատկերազարդման աշխատանքներին: Այս առումով աչքի էր ընկնում Շիրակի մարզը, որտեղ թեմատիկ որմնանկարներ ստեղծեցին ժամանակի հայ անվանի վարպետներ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Սեյրան Խաթլամաջյանը,Աշոտ Մելքոնյանը, Ռաֆայել Աթոյանը, Էդուարդ Եդիգարյանը, Ֆերդինանդ Մանուկյանը և այլոք:
1960-ականներին Գյումրին ապրում էր արդյունաբերական վերելքի և քաղաքաշինական ակտիվ զարգացման շրջան։ Նորաբաց գործարանները, մշակութային ու հանրային շինությունները միայն տեխնիկական կամ ֆունկցիոնալ կառույցներ չէին, այլև հարթակներ՝ նորարարական գեղարվեստական արտահայտման համար։ Այս ժամանակաշրջանում որմնանկարչությունը ձևավորվում էր ոչ միայն որպես ճարտարապետության լրացուցիչ տարր, այլ նաև որպես գաղափարական և գեղագիտական ընկալումների պատկերային ամբողջություն։
Գյումրիի հանրային ճաշարանների, արտադրական շենքերի ներսում արված որմնանկարները կրում էին ժամանակի ոճային առանձնահատկությունները՝ մոնումենտալ ձևեր, պարզեցված կոմպոզիցիաներ, խորհրդանշական պատկերային լեզու։ Նրանցում համադրվում էին սոցիալիստական ռեալիզմի տարրերն ու ազգային գեղանկարչության տիպական մոտեցումները։ Որմնանկարների միջոցով աշխատավոր մարդու կերպարը ներկայացվում էր իբրև հերոսական, ստեղծագործող ու ապագա կերտող անձ։
Այս տարիներին Գյումրիում ստեղծագործում էին մի շարք տաղանդավոր արվեստագետներ, որոնց թվում իր ուրույն դերակատարությունն ուներ նկարիչ Աշոտ Մելքոնյանը, որի որմնանկարներն առանձնանում էին մաքուր գծանկարչությամբ, նուրբ գունային ներդաշնակությամբ և հոգևոր խորությամբ։ Նա կարողանում էր համադրել հայ դասական գեղանկարչության ավանդույթները ժամանակակից մոնումենտալ արվեստի լեզվի հետ՝ ստեղծելով ինքնատիպ, խորհրդանշական ու ազգային ոգի փոխանցող պատկերաշարեր։ Մելքոնյանը 1970-ական թվականների սկզբին նկարազարդում է «Օմեգա» ռեզիստորների գործարանի ճաշարանի պատերը՝ միաձուլելով այդ պատկերները գործարանային առօրյա եռուզեռի, աշխատանքային դադարի ու ընդմիջման սեղանի շուրջ տարվող զրույցների ու ծիծաղի, սպասքի աղմուկի ընդհանուր համայնապատկերի հետ: «Սրնգահարը», «Անի» և «Արագած» պայմանական անվանումներով որմնանկարները դարձան գործարանային առօրյայի լուռ վկաները՝ լռություն, որի մեջ ապրում էին ժամանակը, հիշողությունն ու հույզերը:
Մելքոնյանն ի զորու էր անհաղորդ պատերը վերածել մարդկային մտքի ու հոգու արտահայտության։ Նա իր արվեստը չտարանջատեց գործարանային առօրյայից, այլ ներդրեց այն մարդկանց միջավայրում, որոնց առավոտները սկսվում էին արտադրամասում, իսկ կեսօրներն անցնում այդ նույն ճաշարանում։
Ցավոք 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո վնասվեցին, փլուզվեցին ու փոշիացան բազմաթիվ որմնանկարներ, այդ թվում նաև Աշոտ Մելքոնյանի հեղինակած որմնանկարները, սակայն երջանիկ պատահականությամբ «Օմեգա» ռեզիստորների գործարանի ճաշարանի երեք որմնանկարները պահպանվեցին: Բայց, արտաքին ազդեցությունները՝ բնակլիմայական փոփոխությունները, ինչպես նաև մարդկային գործոնի ազդեցությունն այնքան էլ բարեհաճ չգտնվեցին «Սրնգահարը» որմնանկարի հանդեպ: Պատկերի կենտրոնական հատվածը զգալիորեն վնասված է՝ պատը փլուզված է ու խունացած։ Այն աստիճանաբար քանդվում է ու այսօր անհապաղ վերականգնման ու ապահով տարածք տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել: Սակայն, անգամ այս վիճակում, որմնանկարն արժեքավոր մշակութային վկայություն է, որն արժանի է ուսումնասիրության, պահպանման և վերականգնման։ Չնայած վնասվածքներին՝ պատկերները շարունակում են շնչել։ Որմնանկարի կենտրոնական կերպարը երիտասարդ հովիվն է՝ սրնգահարը, որը իր դյութիչ կատարումով ամբողջացնում է մարդ-բնություն ներդաշնակ միասնությունը և շուրջն է համախմբում լայնարձակ դաշտում արածող կենդանիներին:
«Անի» և «Արագած» որմնանկարները, որոնք անհամեմատ լավ են պահպանվել, պատկերված են զուգահեռ պատերին և դրանք ոչ միայն գեղագիտական կոմպոզիցիաներ են, այլ՝ տարածքային հիշողության քարտեզներ։ Աշոտ Մելքոնյանն այստեղ ստեղծել է համայնապատկերներ, որոնք ներկայացնում են հայկական լեռնաշխարհը, ամբողջացնում պատմական հիշողություններն ու մշակութային հուշարձանների անցյալն ու ներկան։
Երբ կանգնում ես այդ որմնանկարների առջև, կարծես լսում ես ժամանակի միջով հասնող խոսքը, որը պատգամում է զգալ գեղեցիկը, ճանաչել արմատները և վերարժևորել մշակութային միջավայրը։ Այդ խոսքի հեղինակը Մելքոնյանն է՝ նկարիչ, որը պատը վերածում էր բառի, գաղափարը՝ պատկերի, իսկ անցյալը՝ ապրող ու շնչող ներկա իրողության:
Այս որմնանկարներն այսօր նաև իրենց ստեղծման ժամանակաշրջանի մշակութային քաղաքականության, քաղաքի հասարակական կյանքի ու գեղարվեստական պահանջների վկայություններ են։ Ցավոք, դրանցից շատերն այսօր պահպանված չեն, սակայն լուսանկարների, արխիվային նյութերի և ականատեսների հիշողությունների շնորհիվ հնարավոր է վերականգնել նրանց պատմությունը։
Հեղինակ՝ Մարիաննա Մանուչարյան
Պատկերներ՝
1.Արագած
2.Անի
3.Սրնգահարը
4.Ինքնանկար


