Ասպիրինը՝ վերածննդի ազգային վարչության անդամ
Հիշիր, ամենայն ինչից վեր արյունն է, հիշիր, որ մարդը մարմին ունի, այդ մարմինը տառապում է ցավից, և որ բանականությունը հայտնվելով մարմնում, տառապում է դրա հետ։ Հիշիր, որ ոգին մարմնի ձև է, իսկ հոգին՝ դրա ստվերը։ Ամենից գերիվեր հումորն ու ինտելեկտն են, իսկ ճշմարտությունը՝ միակ սկիզբը՝ ոչ այն, ինչ ասված կամ արված է, ոչ ակնհայտությունը՝ լռության ճշմարտությունը, մնջանքի, անգործության ինտելեկտը։ Բարեպաշտությունը։ Դեմքերը։ Հիշողությունը, մեր հիշողությունը երկրի մասին, այս և կամ թե այլ, այն, ինչ որ սա է, և այն, ինչ այն ժամանակ այն էր, ինչ մենք տեսնում էինք։ Եվ արևը։ Այն՝ մեր կյանքն է, և մենք այլ մեկը չունենք։ Հիշիր Աստծուն, բյուրակերպ Աստծուն։
Հիշիր ծիծաղը։
Նյու Յորքում լինում էին գիշերներ, երբ մազերս գլխիս վրա սառցակալում էին, և քնից զրկվելով, արթնանում ու հիշում էի: Ես հիշում էի տպագիր տեսքով իմ պրպտումները, համեստ պերճախոս մոռացված անուն, համեստ մի մարդու, որ իր հետքն է թողել թղթի վրա՝ այո և այո և այո։ Ինչ-որ բան անբարբառ, բայց հստակ, իմ սառցակալած մազերն ու փոքրիկ ձեղնահարկը Մանհեթընի սրտում, «Փարամաունթի» շենքի դիմաց, և ես դրանում, խավարի մեջ, միայնակ, սպասում եմ լուսաբացին։ Երբեմն ես ելնում էի անկողնուց և մթության մեջ ծխախոտ էի ծխում։ Ես լույսը չէի սիրում, այդու նստում մթության մեջ ու հիշում էի։ Մայր ցամաքն ակոսելիս, ես մեկ-երկու դեմք տեսա՝ տղան իր ջերմամիզությամբ, որ ավտոբուսով գնում էր տուն՝ մոր մոտ, և տանում էր իր ջերմամիզությունը Հարավային Ամերիկայից։ Նա պատմում էր աղջկա մասին, շատ ջահել ու շատ գեղեցիկ աղջկա մասին․ և Աստված, ինչ տանջանք, ամեն վայրկյան եւ դրա հետ ոչինչ չես կարող անել։ Նա տասնութ թե տասնինը տարեկան էր, ու գնացել էր Հարավային Ամերիկա աղջկա հետ քնելու, և այժմ ահա, ամենացավոտ տեղին էր խփել, և նա վիսկի էր խմում ու ասպիրին էր կլլում․ որպեսզի դիմանար ու ցավը բթացներ: Յորքը, Փենսիլվանիայի նահանգը, լավ քաղաք է, այնտեղ նրա բարեկամությունն է։ Հենց ես տուն հասնեմ, ամեն ինչ լավ կլինի, ասում էր նա։ Իսկ հիվանդ աղջիկը, Չիկագո վերադառնալիս, խոսում էր քնի մեջ: Վախի լեզվով, մահվան առոգանությամբ։ Ոչ մի քերականություն, բացականչություններ, մեկը մեկի ետքից․ կեսգիշերային դառնությունը, հասունացած աղջկա մոտ երեխաներ են հայտնվում ու խոսում են։
Եվ մարդկանց դեմքերը փողոցներում, մեծ քաղաքներում, փոքր քաղաքներում։ Միակերպությունը։
Ես արթնանում էի կեսգիշերին ու հիշում էի։ Քնել փորձելն անօգուտ էր, որովհետեւ ես գտնվում էի տարածության մեջ, որն ինձ չի ճանաչում, և ես, երբ էլ փորձեի քնել, իմ սենյակն ազդարարում էր ինձ իր թշնամանքի մասին, և ես նստում էի անկողնում և նայում էի խավարին։
Երբեմն սենյակը լսում էր իմ հուշիկ ծիծաղը։ Ես չէի կարող ճչալ, քանզի իմ ուզածն էի անում, և այդ պատճառով ես չէի կարողանում ծիծաղս զսպել։ Եվ ես միշտ զգում էի, որ սենյակն ինձ ունկ է դնում։ Ես լսում էի, ինչպես է այն փնթփնթում․
-Տարօրինակ տղա է՝ այս ջահելը, այս չարչարալից վիճակում ելնում է կեսգիշերին, իր սառցակալած մազերով, ու ծիծաղում է։
Ամենուր բավականաչափ տառապանք կար, ամեն մեկի մեջ, որ ապրում էր: Եթե դու ջանում էիր բարեպաշտ կյանք վարել, ապա միեւնույն է մարմնով մեկ տարածվում էր բութ ցավը, եւ հոգին տապակվում էր մարմանդ կրակի վրա, որ դանդաղ խժռում էր նրա էությունը: Ես խոհածում էի ցավի մասին, և ի վերջո, միակ բանը, որ ինձ մնում էր՝ ծիծաղն էր։ Եթե պատերազմ սկսվեր, առավել հեշտ ու տրամաբանական կլիներ։ Տառապանքն արդարացված կլիներ։ Մենք պայքարում ենք բարձր իդեալների համար, մենք պաշտպանում ենք մեր տները, մենք փրկում ենք քաղաքակրթությունը, և ամենայն ինչ: Շոշափելի թշնամի, տանելի ընդդիմություն, և սրընթաց ցավը, երբ ուշքի գալու ժամանակ էլ չես ունենա՝ կամ մահը, որ հափռել քեզ ու տարել է այնտեղ, ուր անգոյությունն ու անդորրն է, կամ այն քեզ հանգիստ է թողնում։ Նորիցնոր կա ատելության շոշափելի առարկան, անսխալական ախոյանը։ Սակայն առանց պատերազմի ամեն ինչ այլ է։ Կարելի է փորձել ատել Աստծուն, բայց վերջին հաշվով ոչինչ չի ստացվի։ Արդյունքում դու կամ հուշիկ ծիծաղում ես, կամ աղոթում, գործածելով բարեպաշտ խոսքեր ու աստվածանարգ արտահայտություններ։
Ես նստել էի մթին սենյակում ու սպասում էի լուսաբացին ու գետնուղու ուղևորների ընկերակցությանը։ Սենյակը մեծ ուժով էր օժտված, այն այդ տեղի անկապտելի մասն էր։ Իմ նման տղաները գալիս ու գնում էին, մահանում ու կրկին ծնվում էին, բայց սենյակը միշտ կենում էր իր տեղում, մշտակայուն ու հարակա։ Ես զգում էի նրա անտարբերությունն իմ հանդեպ, բայց նրա նկատմամբ թշնամանք չէի տածում։ Այդպիսին էր համակարգում դրա տեղը՝ սենյակը ձեղնահարկում՝ Մանհեթընի սրտում, առանց պատուհանների, շաբաթական չորս դոլար, և միևնույն է, թե ով է այնտեղ ապրում, ես, ինչ-որ մեկն ինձնից հետո, ով կուզի լինի։ Բայց, երբ ես ծիծաղում էի, սենյակը շվարում էր, դա փոքր ինչ զայրացնում էր: Այն ուզում էր հասկանալ, թե ես ինչի վրա էի ծիծաղում, իմ սառցակալած մազերով, և իմ, հանգստություն չճանաչող ոգով։
Երբեմն կեսօրին, սափրվելիս, ես նայում էի փոքրիկ հայելուն և իմ մեջքի ետևում տեսնում էի սենյակը, որ փորձում էր հասկանալ ինձ։ Ես ծիծաղում էի, նայելով հայելում դրա արտացոլանքին, և այն զայրանում էր, չկարողանալով ըմբռնել, թե ես ինչի վրա էի ծիծաղում, ի՞նչ կարող էի ես կյանքում տեսած լինել, որ այդքան զվարճացրել էր ինձ։
Իմ անիմանալիությունը զվարճացնում էր ինձ, այն, որ ես, մեկը վեց միլիոն քաղաքացիներից, ապրում եմ այստեղ մահվան սպասման մեջ։ Ես կարող էի մահանալ այս սենյակում, պնդում էի ես ինքս ինձ, և ոչ մեկը չէր հասկանա, թե ինչ է ինձ պատահել, ոչ մեկը չէր հարցնի՝ դու ճանաչո՞ւմ ես այդ տղային Կալիֆոռնիայից, ով զբաղված է գետնուղու հետազոտմամբ։ Դե ուրեմն, նա մահացել է անցած շաբաթ, քառասունչորսերորդ փոքրիկ սենյակում, միայնակ։ Նրան գտան առանց կենդանության նշանների։ Ոչ մեկը չէր կարող ասել, թե ով եմ ես, եթե ես մահանայի։ Ոչ մեկը չգիտեր, որ ես Կալիֆոռնիայից էի, ուսումնասիրում եմ գետնուղին, մետրոյի ուղևորների մասին գրառումներ եմ անում։ Մանհեթընում իմ ներկայության մասին ոչ մեկին հայտնի չէր, այդու եթե ես անհետանայի, ապա իմ անհետացման մասին ոչ մեկը չէր իմանա։ Դա գաղտնիք էր և շատ էր ինձ զվարճացնում։ Ես արթնանում ու հուշիկ ծիծաղում էի այդ առթիվ, ինչով տագնապեցնում էի սենյակը։
Ես շատ էի զայրացնում սենյակն իմ ծիծաղով, և մի գիշեր այն ինձ ասաց․
-Դու շտապում ես, իսկ ես ոչ։ Ես դեռ կտեսնեմ քո կործանումը։ Իսկ երբ դու շարքից դուրս գաս, ես լուռ կանգնած կլինեմ։ Դու կտեսնես։
Ես ծիծաղեցի։ ես գիտեի, որ դա ճիշտ է, բայց դա ինձ զվարճացրեց։ Ես չէի կարողանում ծիծաղս զսպել՝ սենյակն իմ կործանումն է ուզում։
Բայց մենք հաշտություն կնքեցինք։ Եվ ահա ինչ պատահեց՝ ես տեղափոխվեցի։ Ես այլ սենյակ վարձեցի։ Դա պատերազմ էր առանց հաղթողի։ Ես հավաքեցի իրերս ու տեղափոխվեցի «Միլզ» հոթել։
Բայց պատերազմից այդքան հեշտ չես փախչի։ Պատերազմը մարդաորսի տարատեսակություն է։ Հոթելում իմ համարն իրեն ավելի քինոտ էր պահում, քան այն սենյակը։ Այն ավելի փոքր էր և ուստի ավելի պերճախոս ու զգալիորեն ավելի սարսռազդու էր։ Պատերը կույր ցասման մեջ ընկնում էին վրաս, սպիտակ տենդի մեջ, բայց ես ծիծաղում էի։ Գիշերները ես լսում էի հարևաններին, ծեր ու ջահել։ Քնի մեջ նրանք արտահայտում էին իրենց անբավականությունը կյանքից։ Ես հաճախ հեծկլտոցներ էի լսում։ Այդ տարի շատ տղամարդիկ քնի մեջ լալիս էին։ Ես ծիծաղում էի դրա վրա։ Դա այնքան սոսկալի էր, որ ես ծիծաղում էի։ Վատթարագույնը, որ կարող էր մեզ հետ պատահել՝ մահն էր, ծիծաղում էի ես։ Դա չնչին բան է։ ինչո՞ւ եք դուք լալիս մարդիկ։
Ենթադրում եմ, որ հիշողություններից։ Մահը միշտ նստած է մարդու մեջ, սակայն կյանքը երբեմն այնքան ամուր է նստած մարդու մեջ, որ տրտմալի հիշողություններն երևան են գալիս հեծկլտոցների տեսքով։
Եվ մեկ էլ ցավից։ Ամեն ոք ցավ ունի։ Ես ուսումնասիրում էի գետնուղին և բոլոր մարդկանց դեմքերին տեսնում էի ցավը։ Ես ամենուր փնտրում էի գեթ մի դեմք, որի վրա չլիներ տառապալի կյանքի դիմակը, բայց չէի գտնում։ Դրանից գետնուղու իմ հետազոտումը հրապուրիչ էր դառնում։ Հետազոտումից ամիսներ անց, ես Մանհեթընում ապրող բոլոր մարդկանց մասին հետևյալ եզրակացությանը հանգեցի՝ գետնուղին մահ է, մենք բոլորս գնում ենք առ մահը։ Ոչ մի արհավիրք, ոչ մի դժբախտ պատահար՝ միայն դանդաղ մահը որպես կյանքի հետևանք։ Այդ փաստն այնքան ցնցեց ինձ, որ ես ծիծաղեցի դրա վրա։
Ես ապրեցի բազում սենյակներում, քաղաքի տարբեր մասերում, Իսթ Սայդում, Վեսթ Սայդում, կենտրոնում, գործարար մասում, վերնամասում, Հարլեմում, Բրոնքսում, Բրուքլինում, ամենուր։ Ամեն տեղ միենույն բանն է։ Գիշերները մազերս սառցակալում էին, օտար պատերն իմ շուրջ, և մահվան ժպիտն իմ աչքերում։
Բայց ես դեմ չէի. ես զբաղվում էի, ինչով որ ուզում էի։ Ես գրագիր էի ծառայում մեծ համազգային ձեռնարկության հազարավոր գրասենյակներից մեկում, իմ լուման էի ներդնում Ամերիկան աշխարհի երեսին ամենաբարգավաճող երկիրը վերածելու գործում։ Ավելի շատ միլիոնատեր ես տալիս մի քառակուսի մատնաչափի վրա, քան բոլոր երկրներում միասին վերցրած, և այլն: Ես կանխիկ վճարում էի անքնությանս և գետնուղում երթևեկելու արտոնության համար։ Ես սնվում էի ավտոմատներում, ողջ քաղաքով մեկ դատարկ սենյակներ էի վարձում, գնում էի հագուստ, թերթ, ասպիրին։
Ես մտադիր չեմ ասպիրինն այս փաստաթղթից դուրս թողնել։ Ասպիրինը չափազանց կարևոր է, որպեսզի այն քամահրեմ։ Ասպիրինը՝ մեր պատմության գլխավոր հերոսն է, Նյու Յորքում այն ամեն օր կուլ տվող վեց միլիոնից յուրաքանչյուրի։ Ամենայն տառապյալները դրա կարիքն ունեն։ Ասպիրինը՝ խուսափանք է: Բայց այդպիսին է կյանքը, մեր կենսակերպը: Մենք ասպիրին ենք ընդունում, որպեսզի շարունակենք գոյել։ Այն բթացնում է ցավը, օգնում է քնել և գետնուղում դուրս չընկնել։ Այն՝ արևի և առողջ արյան փոխարինողն է։ Այն խեղդում է հիշողությունները, խլացնում է հառաչները։
Այն սրտին վնաս չէ: Այդպես արտադրողներն են ասում։ Ասում են այն բացարձակապես անվնաս է։ Հնարավոր է։ Մահն էլ սրտին չի վնասում և նույնքան անվնաս է, ինչպես ասպիրինը։ Պատկերացնում եմ, թե ինչպես ապագայում դագաղագործները հանդես կգան ահա այսպիսի հայտարարությամբ։ Մահվան մասին գովազդային հայտարարություն «Սաթըրդեյ իվնինգ փոսթի» մի ողջ սյունակում․ «Մի խաբվեք․․․ մահացեք եւ կտեսնեք, ինչպես կիրականանան ձեր երազանքները․․․ մահը սրտին չի վնասում․․․ այն բացարձակապես անվնաս է․․․ բոլոր բժիշկներն այն առաջարկում են․․․»։ Դե, և այդպես շարունակ։
Դուք շատ տխուր խոսակցություններ եք լսել Մեծ պատերազմում մահացած բյուրավոր երիտասարդների մասին։ Իսկ ի՞նչ ասես այժմյան պատերազմի մասին։ Մի՞թե այն նվազ իրական է լոկ այն պատճառով, որ ավելի քիչ կոպտությամբ է սպանում, նվազ սարսափելի հարվածով և ավելի շարունակական տառապանքներո՞վ։
Մանհեթընում ձյունը գեղեցիկ է տեղում: Բարեպաշտ ճերմակությունը մեղմացնում է ամենայն այլանդակությունը։ Բայց ձյան հետ գալիս է նաեւ մահացու ցուրտը։ Ձյան հետ մահը մեզանից յուրաքանչյուրին ավելի ու ավելի է մոտենում։ Եթե դուք բավականաչափ հարուստ եք, դուք անհանգստանալու բան չունեք։ Հարկ չկա արթնանալ սառած սենյակում ու վազել ավտոմատի մոտ մի բաժակ սուրճի ետքից ու սուզվել գետնուղի։ Եթե դուք հարուստ եք, ապա ձյունը ձեզ համար լոկ գեղեցիկ է։ Ելնում ես, երբ կամենաս, և քեզ ոչինչ չի մնում անելու, քան նստել ջեռուցված սենյակում ու զրուցել այլ հարուստ մարդկանց հետ։ Բայց եթե դու հարուստ չես, և դու աշխատում ես հանուն Ամերիկայի բարգավաճող միլոնատերերի երկիր դառնալու, այդժամ ձյունը և գեղեցիկ է և գարշելի։ Եվ երբ ձյան ցուրտը մտնում է ոսկորներիդ մեջ, ապա ինչ որ դադարում ես նկատել դրա գեղեցկությունը և սկսում ես ուշք դարձնել դրա գարշելիությանը։
Մի քանի երեկո առաջ ես այստեղ, Սան Ֆանցիսկոյում, ռադիո էի լսում։ Ասպիրինի օրերն ինձ համար անցյալում էին։ Ես շատ լավ հաղորդում էի լսում, որը հովանավորում էր Ամերիկայում ասպիրինի բարգավաճող արտադրողներից մեկը։ Ինքներդ գիտեք ով։ Ես չեմ պատրաստվում գովազդել նրանց ֆիրման։ Նրանք առանց այդ էլ անվերջորեն գովազդում են իրենց։ Հաղորդավարն ասաց, որ եկել է մրսածության ու անգինայի ժամանակը, և, իհարկե, այդպես էլ կա։ Պատկերացնում եմ ձյունատեղումը Մանհեթընում, ինչի շնորհիվ ողջ քաղաքով մեկ շատացել էր ասպիրինի վաճառքը։ Հաղորդավարն ասաց․
-Ասպիրինը վերածննդի ազգային վարչության անդամ է։
Այդ խոսքերը հարուցեցին իմ ծիծաղը։ Բայց դա ճիշտ է։ Ասպիրինն իսկապես վերածննդի ազգային վարչության անդամ է։ Այն բոլորին օգնում է խուսափել սկզբունքներից, օգնում է գործավորներին գնալ աշխատանքի։ Ասպիրինն օգնում է բարգավաճման դարձին։ Այն իր լուման է ներդնում։ Միլիոնավոր մարդկանց կիսաուշաթափ վիճակում ուղարկում է աշխատավայրեր։ Այն շատ բան է անում մեր ազգի ոգուն նեցուկ կանգնելու համար, մեր երկրի ոգին պահելու համար։ Այն ամենուր բթացնում է ցավը։ Այն ոչինչ չի կանխում, բայց ցավը բթացնում է։
Ուրեմն ի՞նչ է վերածննդի ազգային վարչությունը։ Ինքներդ գլուխ հանեք։ Գուցե, վերածննդի ազգային վարչությունը ասպիրինի բաղկացուցիչ մա՞սն է։ Այսպես թե այնպես, դրանք միասին բավական լպրծուն թիմ են կազմում։ Դրանք բթացնում են ցավը, բայց չեն խոչընդոտում դրա առաջացմանը։ Ամենուր միևնույն բանն է։
Ես մի բան գիտեմ՝ եթե չափազանց երկար ասպիրին ընդունես, այն կդադարի ցավը բթացնել։
Ահա հենց այստեղ էլ սկսվում է ամենազվարճալին։ Ահա հենց այստեղ էլ սկսում ես նկատել, որ ձյունն ամենևին էլ գեղեցիկ չի։ Ահա հենց այդտեղ էլ մազերդ սառցակալում են, և դու արթնանում ես գիշերով հուշիկ ծիծաղով, ավելի վատ բանի սպասման մեջ, հիշելով բոլոր տառապանքներն ու այլեւս չկամենալով դրանցից խուսավարել, այլևս չկամենալով քարշ գալ կիսաուշաթափ վիճակում, և կամենալով ապրել լրիվ մահով կամ լրիվ կյանքով։ Եվ հենց այդտեղ էլ սկսում ես խենթանալ այն բանից, թե ինչ է կատարվում երկրում, կյանքում, մարդու ներսում։ Եվ հենց այդտեղ էլ, որքան էլ անօգ լինես դու, քո տկարությունից գլուխ է բարձրացնում վայրենի հանդգնությունն ու սկսում աջ ու ձախ, ինչ կա-չկա ջարդուփշուր անել, քեզ ուղի հարթելով առ արևը, կործանելով քաղաքներն ու ջնջելով գետնուղիները, հրելով առ արևը, ինքնախաբեությունից ավելի հեռու, վզակոթիցդ քեզ քարշ տալով կյանքին հանդիման։
Ես ծիծաղեցի, ինչպես ծիծաղում էի Նյու Յորքում, երբ լսեցի, որ ասպիրինը վերածննդի ազգային վարչության անդամ է, և դա ինձ ստիպեց հիշել ու պատմել այն ամենը, ինչ ինձ հայտնի է դրա մասին։
Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը