Աստղային անապատում

Անդորր է անապատի տակ աստղային

Պանդխտի ընտրած ուղին,

Առ հեռուն, մինչև վերջ անմեկին․

Ճերմակ թևերն են մղում։

 

Օրուգիշեր և ամբողջ հավերժություն լողում և լողում են երկրի վրա ամպերը։ Տանը, արհեստանոցի կտուրի տակ, ամեն տեղ, ուր երկինքը չի երևում, մենք գիտենք, որ ամպեր կան։

Եթե երկինքն ընդարձակ, անապատային է, և արևը տապից կանգնած է, մեր սրտում շարժվում են ամպերը։ Նրանց շրշյունը, ինչպես հավերժական երաժշտությունը, որ քշում է հույսը։ Եվ չգիտես՝ ինչն է ավելի լավ՝ այդ անձկալի շրշյունը, թե անապատային բերկրանքը, երբ այլևս ցանկանալու ոչինչ չկա։ Ամպերի ուղին մեղմ է, ինչպես շնչառությունը, ինչպես չերգված, անմշակ երգը, որի բառերը թաքուն գիտես։

Ամպերը, աստղերը, արևը շարժվում են նույն կողմ։ Այդ խենթ և հեզաբարո անխոնջության մեջ, այդ վազքի մեջ առ անսահմանություն կա անձկություն, կա անհնարինություն, և դրանից պատառոտվում է հոգին։

Կա միտք՝ Երկիրը երկնային աստղ է։ Դրանում ավելի շատ է հիացմունքն ու ազատությունը, քան ամբողջ կյանքում։

Հենց միտքն արդեն ոչ թե կյանք է, այլ կյանքից ավելին է։ Դրա գալուստից բռնկվում են հեռավոր աշխարհները։

Միտքը տառապանք և բերկրանք չի ճանաչում, այն գիտի մի բան, որ կա անհայտը։ Այն կարող է ընդվզել և ճշմարտության դեմ, եթե այդ ճշմարտությունը պետք չէ մարդուն։

Ուշ երեկո և աստղեր էին։ Աստղերից երկիրը կապույտ էր թվում։ Աստղերն անշարժ էին։ Իգնատ Չագովը միայնակ գնում էր դաշտում։

Հեռվում շնչում էր քաղաքը, որ Չագովը սիրում էր իր հզոր մեքենաների, գեղեցիկ, խենթ ընկերների, երաժշտության համար, որը երեկոյան լսելի է դաշտերում, ամբողջ ցավի և տիեզերքի դեմ ապստամբության համար, որ մոտակա տարիներին կբռնկվի ամբողջ երկրով մեկ։

Նա չէր կարող անտարբեր նայել ամբողջ այդ անտանելի հեծկլտացող գեղեցկությանը։ Այն պետք է կամ ոչնչացնել, կամ միահյուսվել դրան։ Մեկուսի մնալ չի կարելի։ Լոկ գլուխդ բարձրացրու, և բերկրալի տառապանքը կմտնի քո մեջ։ Աստղերը լողում և լողում են, իսկ մենք նրանց հետ չենք, և նրանք մեզ չեն ճանաչում։ 

Եվ աշխատանքի ու տառապանքների անասելի ծարավը բորբոքվում էր ամբողջ մարմնում։ Մկաններն ուռչում էին խութերով, միտքը խփվում էր, ինչպես լեռնային թռչունը մանկական վանդակում։ Եվ երկինքը ցածր էր, ծանր քարերը նստում էին հատակին, և աշխարհը կեցած էր, ինչպես կապույտ և աննշան ուրվական, այն մեկնված էր։ Աստղերն անշարժացան։ Բայց Չագովը գիտեր, որ դա սուտ է, նրա անհամար ուժերի ներքին խաղը, և ճշմարտությունից բոլորն են հեռու։ Բայց մարդուն ոչ թե ճշմարտությունն է պետք, այլ դրանից առավել ինչ-որ բան։ Չագովն աղոտ զգում էր՝ ինչ, բայց չէր կարող ասել, լոկ կույր բերկրանքն ուռչում էր նրա մեջ աղոտ գիտակցումից, որ անհնարին բան չկա, որ անհնարինը կարելի է անել, ինչպես անում են բնության օրենքներին հաղթող և գերազանցող մեքենաները։

Այսօր ցերեկն անձրևեց, և դրանից հետո երկիրն ասես ապակու տակ էր։

Այժմ, գիշերը, անտառները խոր արմատներ են գցել դրա մեջ, անշարժորեն լռում են կատարներով։ Գետերն ավելի մեղմ են հոսում, քան ցերեկը, հեռվում, դաշտի ծայրին առկայծում և չի առկայծում հյուղակում գիշերող մարդու խարույկը։

Եվ ամբողջ տիեզերքով մեկ հոսում էր կյանքի և հաճույքների քաղցր խոնավությունը, հյուծիչ անտանելի ցավը։

Ամեն ինչ քարացել էր հանգստության և բարիքի մեջ։

Բոլորը գոհ էին եղածից։

Ձորակի զառիթափերը սուր նայում էին երկնքին, ինչպես քարե անհաղթահարելի դատարկությանը։ Սև հստակ կավե մեծաբեկորները ընկած էին անկենդան և անհույս։ Նրանք պետք է հարություն առնեն կամ պայթեն։ 

Տիեզերքի ծիծաղելը մոռացած բերկրանք է։ Այն չպայթած լեռ է մեր ճանապարհին։ Եվ մտքի փայլատակումները ծվատում են հանգիստն ու բերկրանքը և սպառնում են ամբողջ աշխարհին հրով և մինչև վերջ, մինչև վերջին մեղվաթրթուրի կործանմամբ։

Մենք ոչ ոքի չենք մոռանա։

Այժմ, այս պահին, քաղաքը շրջապատող բոլոր վրաններում, գետնին, ներքնակների վրա, քարերի վրա քնած են կեղտոտ, հյուծված, քաղցած մարդիկ։ Դա արհեստավորների սև զանգվածն է՝ թուջե մկաններով և գիտակցության բյուրեղապակե պայծառությամբ։  

Ցերեկը նրանք շարժվում են հաստոցների և շարժիչների մոտ։ Գիշերը քնում են աներազ և գրեթե անշունչ՝ սաստիկ հոգնածությամբ։

Չագովն զգում էր, որ ինքը՝ նրանք են՝ այժմ դիակի պես քնած։ Նրանք դժգոհ են աշխարհից, նրանց համար աշխարհն առեղծված չէ, այլ երկաթե կտորտանքների հավաքածու, որից պետք է շարժիչ սարքել։ Այդ շարժիչը մեզ բոլորիս կտանի այստեղից, այս անձկալի անապատից, որտեղ մահն ու աշխատանքն են և այդքան քիչ է երաժշտությունն ու միտքը։ 

Աշխատողները ցերեկն էլ ապրում են կիսով չափ։ Նյութի, երկաթի մեջ մենք խորը արձակում ենք մեր հոգիները, և մատերիան տանջում է մեզ աշխատանքով՝ հանց սատանա։ Որպեսզի մենք վերածնվենք, նյութը, աշխարհը, ամբողջ տիեզերքը պետք է ոչնչացվի։ Այլևս փրկութուն չկա։ Ոչ մի դուռ մեզ համար թողնված չէ՝ դրանք պետք է ձեռքերով բանանք։

Երեկոյան սուլիչից մինչև առավոտյան սուլիչը մենք տոչորվում ենք քնով։ Եվ քունը մեզ համար թեթևացում, հանգիստ չէ, այլ ուժից վեր աշխատանք՝ մենք վատնում,  քնի մեջ ժամանակ ենք հաղթահարում և դրա դիմաց ոչինչ չենք ստանում։ Մենք մոռացության ենք տրվում, իսկ մեր թշնամին՝ տիեզերքը հար ապրում և հզորանում է։

Քունը՝ աշխատավոր զանգվածների նահանջն է հոգնածությամբ մարմինը խեղդող գազազած աշխարհի առաջ։

Մենք հյուծված ենք սև աշխատանքի տապով, մենք մեզ չենք զգում, իսկ փրկությունը դեռ չի երևում։ Երբեք, մեզանից ոչ ոքի մեջ, չի շարժվել այդ քաղցր, քաղցր ցավը՝ առ կինը սիրո ցավը։ Մենք՝ գիտակցողներ, տեսնողներ ենք, և մենք անցել ենք ամենածանր աշխատանքին։

Թող որ նրանք, որ երեխա են, խաղում են ավազի մեջ և մտածում, որ աշխարհն իրենց մայրն է, իսկ կյանքը՝ սիրահարվածություն։

Հոգին մեր  ատելությունն է։ Եվ մեր ատելությունն այնքան մեծ է, որ այն կվերաճի և կողողի իրենով աշխարհը։

Երկրի վրա, հեռավոր անհայտ մոլորակներում աճում և աճում են ատող աշխատավոր զանգվածները։ Աշխատանքը հենց ատելությունն է։ Այդ ատելությունը տիեզերքի դինամիտն է։ Մենք աճում և բազմանում ենք անվերջորեն և փրկում ենք մեզ լոկ մենք ինքներս, այլ ոչ ամենախելացիները մեր մեջ։ Մենք խելացի և զորեղ ենք, երբ իրար հետ ենք, միայնակ՝ մենք զոհվում ենք։

Մենք՝ զանգված ենք, միասնական էակ, ծնված մարդուց, բայց մենք մարդ էլ չենք, և մարդկային ոչինչ մեր մեջ չկա։ Արևի վրա էլ ես կզգայի բոլորին իմ մեջ և չէի լինի միայնակ։

Զանգված՝ նոր տիեզերական էակ է ծնվել։ Նա կուտակում է աշխատանքում իր ատելությունը, որպեսզի դրանով շաղ տա աստղերը և ազատվի։ Նրա վիհում՝ հոգում մշտապես երաժշտություն է և անմահության և անասելի ուժի ծարավ։

Եվ դա զգում էր իր մեջ Չագովը։ Մշտապես նրա մեջ երգում և անձկում էր հոգին, և հեշտ էր ապրելն այդ դատապարտված աստղային անապատում՝ շրջապատված կապույտ առինքնող վիհերով, մեքենաներով և ընկերներով։

-Անհուսության մեջ հուսալ, -շշնջաց Չագովը և ժպտաց։

Կյանքը նրանում այնքան մեծ էր, որ նա մշտապես ծիծաղում էր, երբ ինչ-որ ծիծաղելի կամ անհեթեթ բան էին ասում, որքան էլ նա անձկար այդ պահին։

Գիշերն ընթանում և չէր անցնում։ Չագովը նստած էր ձորակի հատակին, և թեթևորեն, անգիտակցորեն խաղում էր նրանում միտքը, արյան պես խփվում անոթներում։  

Աստղահոսքերը լողում էին նրա գլխավերևում։ Մի անգամ անշշունջ լռին թռչնի ստվերը սահեց խոտի, ցողի ճերմակ արծաթի վրայով։ Իր ներսում ամեն ինչ սսկվեց, և նա ունկ դրեց, դադարեց շնչել և քարացավ, հանց գազան։ Հետո շոշափեց ձեռքերը՝ ունակ ծվատելու առյուծի երախը, և ծիծաղեց։  

Արյան և ջերմության հետ շարժվում էր նրա մարմնում ինքնաբուխ միտքն ու իր փոխարեն կատարում ըմբռնման աշխատանքը։ Այդպիսի պահերին նա անգիտակցորեն ու առանց ցանկության պայծառատես էր։ Գուցե թե, այն պատճառով, որ հենց աշխարհը՝ ջինջ, անձայն պայծառություն է, և մեր կամքը, մեր աշխատանքը, մեր կասկածը պղտորում են այն։ 

Սև, հազիվ շարժվող մեխանիկների և վարպետների Զանգվածում միտքը նույնպես հոսում էր մարմնի խորքերից և չէր կառավարվում գիտակցությամբ, այլ՝ տարերք և փոթորիկ էր։

Եվ երբեմն, հազվադեպ, ինքներս մեզանից գաղտնի, մեքենաներում այդ խենթ էներգիայի պայթյունների ժամանակ և Զանգվածի մեջ, մենք աղոտ զգում էինք մատերիայի այդ դյուրափոփոխ, խիստ ենթարկվող փափկությունը, և մեր էներգիան,  ընդհանուր դիմադրության չհանդիպելով, ոչ դիտավորյալ մսխվում էր կործանման վրա, սլանում էր, ինչպես գրանիտե մեծաբեկորը դատարկ տարածության մեջ՝ ամեն պահի արագությունը կրկնապատկելով։ 

Մենք այդժամ լարվում էինք, կարգավորիչները դնում էինք լիակատար արագության վրա, ձեռքը թափով վրա էինք բերում և զարկում դատարկությանն ու ինքներս ընկնում։

Գուցե աշխարհը չկա։ Բայց մեքենաները մանրատում էին մետաղը, առանցքակալները շիկանում էին, շարժիչները ոռնում էին, և կառույցները դրանցից դողում էին, և մենք կասկածում էինք։

Բայց այդպիսի պահերին մեզ համակում էր անձկությունը, և մենք նվազեցնում էինք էներգիայի ճնշումը, դրա տակ անհետանում էր մատերիան։

Չագովը հիշեց այդ պահերը, երբ մեքենաները գերբեռնում էին թույլատրելիի չափը մինչև անհնարինությունը, երբ հնոցարաններում հալվում էին հնոցի դռները և դինամոմեքենան մռնչում էր ու լարերի միջև բռնկվում էին կայծերը, երբ մոռացվում էր գիտությունը և առաջ էր գալիս մարդկային խենթությունն ու հավատն առ սեփական մեքենաները, կազմակերպված մետաղի գիտակցությունը, կյանքի ընկերակցութունը մատերիային, և Զանգվածի ամբողջ մարմնի վրայով, միահյուսված մեքենաների հետ, վազում և ընգդրկում, և շամփրում էր նրան էլեկտրական հոսանքը՝ աշխատավոր Զանգվածի բանականությունը, կարգաբերված միտքը, նոր մեծ գիտակցությունը։

Աշխատանքի գագաթնակետերին անհետանում է աշխարհը, և դու ազատ ես, և դու չես վախենում։ Ոչ թե անապատ է շուրջբոլորդ, այլ քեզնից փախչող աստղեր։ Դու ազատ ես, դու այլևս չես ատում, չես սիրում և չես մտածում։ Դու լոկ գիտես։ Եվ այլ անհայտ ուժ է պայթում քո մեջ, որն այստեղ անանուն է։

Մեղմ և քնքուշ ինչ-որ տեղ հեռվում երգեց թռչնակը, ասես երեխա արտասվեց։ Չագովը նայեց երկնքին, լռությանը, և հին ցավը տիեզերքի անտանելի կանչող գեղեցկությունից խրվեց իր մեջ։ Ասես կանչում էր այն նրան, ինչպես աղջիկը, որին Չագովը միշտ սիրել է, և որը լքել է այս աշխարհը․

-Հարազատս։

Եվ նա արտասվեց, ինչպես միայնակ հին մարդ։ Աստղերը մթության մեջ ծաղիկների պես ճոճվեցին, և իջնում էր թանձր ցողը։

Չագովը ելավ և դուրս եկավ ձորակից։ Հեռվում նույնկերպ վառվում և չէր մարում քնած մարդու խարույկը։ Ոռնում էր շչակը գործարանում, արձակելով գիշերային հերթափոխը, և գոլորշի էր ծանր շնչում էլեկտրական կայանը։ Նա հիշում էր մեքենաները, մեծ ընկերներին՝ մինչև առավոտյան սուլոցը քնող, և ծիծաղում էր ուրախությունից և հույսից։

-Մենք գալիս ենք առ քեզ, անհայտ աշխարհ, մենք հմայված ենք քեզնով, և մենք երբեք չենք մահանա։

Չագովը ձգվեց, արյունը հորդեց սրտից, և նա դողաց ուժից և անմահությունից։

Անսպասելի, սարսափելի միտք վրա հասավ նրան։ Նա կանգ առավ և տրորեց ձեռքերը։

Նա երկար չէր կարողանում հասկանալ, թե ինչ անի և պետք է արդյո՞ք այժմ գնալ քաղաք, պետք է արդյո՞ք աշխատել։ Կարմիր աստղը ճեղքեց երկինքը և անաղմուկ անհետացավ դատարկության մեջ, լուսավորելով աղոտ ճանապարհները և դրանցում ինչ-որ մարդու։

Այլևս ոչինչ չէր երևում։  

Չագովը սթափվեց։ Ցածր շողում էր ուշ ամիսը։ Մեռյալ երկիրը փռված էր անվերջ։ Քնած էին քաղաքում ընկերները։

Այդ պահին կարող էր սարսափելի աղետ պատահել, և ոչ ոք չէր փրկվի։ Մարդկությունը լոկ այլ երազ կտեսներ։ Միայն Չագովը երազ չէր տեսնի և կպայքարեր միայնակ ալեկոծված աշխարհի դեմ մինչև վերջ, մինչև մահը հիացմունքի մեջ։ Եվ գուցե, կհաղթեր և կտեսներ վերջին անվերջանալի երազը։

Չագովը հասկացավ իր անսպասելիորեն սլացող միտքը։

-Իսկ ինչ, եթե և միտքը, և ճշմարտության ծարավը լոկ միևնույն պարզ ուժն է, ինչ քաղցը կամ արյան ռիթմիկ տատանումը մարմնում, միայն թե այդ պարզունակ ուժի լավ կազմակերպված, բարձրագույն ձևը․․․ Եվ այդու միտքն ու ճշմարտություը՝ չնչին բան է տիեզերքի անհուն խորխորատում, տիեզերքն ավելի մեծ արժեք ունի՝ մարդուն անհայտ։ Այդժամ Զանգվածների աշխատանքը չունի այն միտքն ու նպատակը, որ մենք կարծում ենք, այդժամ հենց Զանգվածների լիակատար հաղթանակը բնության հանդեպ լոկ բնության հաղթանակն է իր անհավասարության նկատմամբ, այլ ոչ ներքին ուժի՝ մարդկության հաղթանակը՝ հանուն մարդկության։ Այդժամ այդ ամենը սաստիկ չնչին է և ուստի անպետք։  

Միտքը մարմնիս կյանքն է, և մարմինն արտադրել է միտքն իր համար, իսկ երկիրն արտադրել է մարմինն իր համար։

Չագովը գնաց։

-Իսկ այդժամ մենք ինչի համար ենք։ Մենք դրա դեմ էլ կընդվզենք, եթե դա այդպես է, բայց մենք չենք խաբվի, և ստի, երազանքի համար չենք պայքարի։ Այդժամ մենք կընդվզենք և մտքի, և ճշմարտության, և մեզ համար, բայց կհասնենք վերջին։

Առանց աշխատանքի, առանց տառապանքի, ազատորեն և բարձր աճում էր նրա մեջ կենդանի, անկորնչելի ոգին՝ հույս և բերկրանք կառուցող ամենուր, ուր կա մութ և կասկած։ Եվ նա անորսալիորեն, անշշունջ և առանց մտքի հասկացավ իր ճշմարտությունը և գնաց դեպի քաղաք, արագ և ազատ՝ իրեն չզգալով։

Քաղաքը վառվում էր էլեկտրականության մեջ։

Չագովը հետ նայեց։ Նույն կերպ վառվում էր դաշտի ծայրին խարույկը, գուցե՝ արդեն հեռացած մարդու, բայց այն այնքան հեռու էր, ասես երկնքում, և աստղերը մարող կրակի մոտ էին։

Մթությունից մի մարդ լուռ մոտեցավ Չագովին և գրկեց նրան։ Չագովը պատասխանեց և համբուրեց նրան։ Մարդն արտասվեց․

-Ի՞նչ է քեզ հետ կատարվում, ընկեր։

Մարդը ուշքի եկավ և խոսեց․

-Ես ուզում եմ քեզ համար ինչ-որ բան անել, ես եկել եմ խոնարհվելու։ Ես քայլում էի ամբողջ գիշերը քաղաքով մեկ, և ոչ ոք ոչ մի տեղ չկա։ Ես նետվեցի դաշտ։ Ես սիրուց չեմ կարողանում ապրել և քնել։

Նրա նուրբ ձեռքերը շրշացին Չագովի մազերի վրայով։ Չագովը հասկացավ՝ վերջերս, տիեզերքի դեմ Զանգվածների ապստամբության նախօրեին, շատացել են այսպիսի մարդիկ, որոնք խոնարհվում եմ մարդուն, աղոթում նրա համար և հաճախ մահանում անելանելի, անտանելի սիրուց։

Լուսանում էր։ Չագովը եկավ հանրակացարան և նստեց սիրած մեքենայի գծագրերի մոտ՝ իր մեծ նախագծի, որ նա արարում էր պոեմի պես։ Նրա մեջ նորից երգեց երաժշտությունը, և նրա հերոսական հոգին խայտեց երկաթե, անավարտ պոեմում։

Արև ելավ, և իսկույն մի հրամանով մռնչացին հազարավոր շչակներ։

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Գրիգոր Ֆերեշեթյանի