Ատոմ Էգոյան՝ քողազերծելով մարդկային հոգու խորին շերտերը

Ատոմ Էգոյանն այսօր նշում է իր 64-րդ տարեդարձը: Եվ քանի որ ընդամենը օրեր առաջ կանադական կինոյի առաջատար ռեժիսորը Երևանում էր` իր սիրելի փառատոնի տոնականության միջավայրում, հիշողությունս ինձ ևս 14 տարի հետ է տանում, հասցնում երևանյան «Ոսկե ծիրան»-ի փառատոնային պայծառ մի օր, երբ փառատոնի հիմնադիրները, որոնց հետ, ինչպես նաև հայկական կինոփառատոնի հետ Էգոյանի բարեկամությունը տարիների պատմություն ունի, և նրա «Օրացույց» ֆիլմով սկսվում է փառատոնի ակունքներից, հենց Երևանում իսկական տոնական հրավառության վերածեցին սիրելի բարեկամի 50-ամյակը: Արևմուտքի զուսպ պրագմատիզմից զերծ ու հայկական անկեղծ խանդավառությամբ հագեցած այդ օրը Էգոյանի բոլոր հայրենակիցները, նրա բարեկամներն ու արվեստի սիրահարները բացահայտեցին բոլորովին մի այլ Էգոյանի, որը տոնում էր իր գուցե ամենահայկական ու ջերմ տարեդարձը:
Եվ հիմա, 12-ամյա ընդմիջումից հետո Էգոյանը, որ Կաննի կինոփառատոնի անփոփոխ ֆավորիտն է և եռակի մրցանակակիրը, որն իր ստեղծագործական կենսագրության ընթացքում հասցրել է «Օսկարի» հավակնորդ լինել և յոթ անգամ արժանանալ կանադական կինոյի բարձրագույն պարգևին՝ «Ջինի» կինոմրցանակին, դարձյալ Երևանում էր և այս տարի գլխավորում էր «Ոսկե ծիրան» երևանյան կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի ժյուրին: Բայց վերջին տասնամյակը դադարի մի ընթացք էր, երբ Էգոյանի ակտիվ ներկայությունը փառատոնում նվազեց: Այժմ վերադառնալով սիրելի փառատոն, ռեժիսորը խոսում է սիրո, կարոտի, հոգևոր հարազատության անտեսանելի թելերի ու վերադարձի անհրաժեշտության մասին:
Էգոյանը Երևան էր բերել իր նոր՝ «Յոթ քողը», ֆիլմը, որի էկրանային նորամուտը տեղի է ունեցել նախորդ տարի Տորոնտոյի կինոփառատոնում: Նոր ֆիլմում Էգոյանը վերստին վերադարձել է իր հիմնական թեմատիկային՝ մարդու տրավմատիկ հիշողությանն ու դրա բազմաշերտ քննությանը մեծ էկրանին: Բայց ամեն ինչ սկսվել էր դեռ 1996-ին, երբ թատրոնից փոքր-ինչ հեռացած ռեժիսորը տրվեց իր սիրելի ժանրին և «Էկզոտիկայի» ու «Լուսավոր գալիքի» միջև ընկած ժամանակահատվածում իրականացրեց «Սալոմե»-ի օպերային բեմադրությունը: Գրեթե 30 տարի անց վերադառնալով նույն թեմային և մեծ էկրան բերելով աստվածաշնչյան հայտնի պատմությունը, Էգոյանը քողազերծում է անցյալի, ներկայի ու ապագայի խաչմերուկում հայտնված միայնակ կնոջ մանկական տրավմաների ակուքները: Եվ դարձյալ վերահաստատում է հավատարմությունն իր երկարամյա համոզմունքին. «Անցյալը, եթե նույնիսկ մենք չենք ուզում հիշել, միշտ մեզ հետապանդում է»: Էգոյանն իր նոր ֆիլմով վերադառնալով իրեն մշտապես հուզող թեմային՝ ճշմարտության փնտրտուքին, կրկին փորձում է քողազերծել մարդկային հոգու խորին շերտերը:
Էգոյանը փաստում է՝ 90-ականներին այդ թեման այնքան խորն էր ներազդել իր ստեղծագործության վրա, որ հիմա միանգամայն օրինաչափ է վերադարձը նույն գործին, այս անգամ արդեն բոլորովին նոր տեսանկյունից: Օսկար Ուայլդի «Սալոմե»-ի ու Ռիխարդ Շտրաուսի օպերայի էգոյանական վերաիմաստավորումն ըստ ռեժիսորի իր մեծարանքի տուրքն է այս երկու ստեղծագործողներին: Արդեն 2-րդ անգամ աշխատելով Ֆիլմի գլխավոր հերոսուհու դերակատար Ամանդա Սեյֆրիդի հետ, Էգոյանը նրա և իր նախընտրած դերասանների առնչությամբ փաստում է՝ իր համար կարևորը մարդկային զգացմունքների վերապրումն է էկրանին. «Ուզում եմ, որ իմ դերասանները իրենց ստեղծած կերպարներին հնարավոր շատ մարդկային էություն տան: Մենք կարող ենք խոսել այդ գաղափարների մասին, և ես սիրում եմ խոսել այս մասին, բայց հատկապես նրանք են մարդու զգացմունքների պահապանները»:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Երևանյան հանդիպումներ» շարքին հյուրընկալվելով Էգոյանը չշրջանցեց նաև այն փոփոխությունների թեման, որոնց ականատեսն է այսօր հայրենիքում. «Տևական ժամանակ անց վերադառնալով՝ դու բացարձակապես այլ երկիր ես տեսնում, և միակ բանը որ նույնն է մնացել, և որը միավորում է մեզ՝ ոգին է: Մենք բացառիկ ենք, մենք երկար ենք պայքարել և մենք մենակ ենք որպես ժողովուրդ, բայց միմյանց ունենք»:
Տարեդարձից օրեր առաջ Էգոյանը Երևանից մեկնեց իր հետ տանելով երևանյան կինոփառատոնի պատվո մրցանակը՝ Փարաջանովյան թալերը, կինոյում ունեցած ավանդի համար, որն այսուհետև իր արժանի տեղը կունենա տիտղոսավոր ռեժիսորի բարձր պարգևների պատկերասրահում:
Նունե Ալեքսանյան