Ազգային գրականության մեծերը՝ նաև երաժշտության քարոզիչ

Ջութակը միշտ է կապվել Դերենիկ Դեմիրճյանի անվան հետ, և այն իրողությունը, որ գրողը նաև լավ նվագել է, գաղտնիք չէ: Ավելին`շատ գրականագետներ պնդում են, որ հենց ջութակի հանդեպ մեծ սերն է մղել նրան գրել «Ջութակ և սրինգ» պատմվածքը: Բաց ո՞վ կպատկերացներ, ասենք,  Աղայանին՝ շվիով, Պռոշյանին՝ դաշնամուր նվագելիս կամ Թումանյանին ու Շիրվանզադեին`լավ երգելիս: Պարզվում է`հայտնի գրողները սերտ առնչություններ են ունեցել նաև երաժշտության հետ: Մեկի վրա իրենց ազդեցությունն են թողել հայրենի գյուղը, սարերը, մյուսի վրա` հակառակը`քաղաքային կուլտուրան, անգամ`եվրոպական մշակույթի ուղղությունները: Մուշեղ Աղայանը` Ղազարոս Աղայանի որդին, իր հուշերում պատմում է երգի և երաժշտության հանդեպ գրողների մեծ սիրո, նրանց`քչերին հայտնի կարողությունների և իրենց շուրջը ձևավորած ստեղծագործ միջավայրի մասին, որտեղ մարդիկ շփվում էին նոտաների ու երաժշտական հնչյունների լեզվով:

Ահա Ղազարոս Աղայանը, որը շվի նվագել սովորել է հայրենի գյուղի` Բոլնիս-Խաչենի սարերում: Այն փաստը, որ դեռ մանուկ հասակից նրա ուշքն ու միտքը բնությունն էր, շատերին էր պարզ, բայց որ Ղազարոսը նաև շվի էր նվագում, դա արդեն նույնիսկ մտերիմներից ոմանք չգիտեին: Մանկությունից ի վեր տասնյակ տարիներ, սակայն, գրողը գործիքը ձեռքը չէր վերցրել: Եվ ամենաուշագրավն այն է, որ 44 տարվա դադարից  հետո 1898-99-ին աքսորավայրում` Հին Ղրիմում, նա նորից ձեռքն առավ իր շվին... Ղրիմում, ի դեպ, շվի պատրաստում էին թուրքերը` բամբուկի փայտից: Աղայանը նվագում էր Սայաթ-Նովայի, Նաղաշ Հովնաթանի երգերը, «Չոբան բայաթին»: Նվագելուց բացի` նա նաև հրաշալի ձայն ուներ ու լավ  երգում էր: Գրողն «Իմ կյանքի գլխավոր դեպքերը» գրքում պատմում է եկեղեցում երգելիս ունեցած հաջողության մասին: Ավելին`Աղայանը նաև հորինում էր եղանակներ իր գրած բանաստեղծությունների համար`«Մանի´ր, մանի´ր», «Ինչով պետք է մեր սրտերը ազնվացնենք» և այլն: Նույնիսկ Աղայանի հեքիաթների էպիզոդներից առանձին բանաստեղծությունների եղանակներն իրենն են (Արմիկի գովքը` «Աղջկերք, պար բռնեցեք»): Աղայանը երգում էր այնպիսի տաղեր ու մեղեդիներ, ինչպիսիք են «Կիլիկիան», «Ազնիվ ընկերը»:

Հետաքրքիր էր, որ Աղայանների և Պռոշյանների ընտանիքներն աներևույթ մրցակցության մեջ էին ու հաճախ էին հեռակա «երաժշտական դուելներ» կազմակերպում: Պերճ Պռոշյանի ընտանիքի բոլոր զավակները դաշնամուր էին նվագում: Եվ եթե Աղայանների տանը գերակշռում էր վոկալ կուլտուրան և հատկապես խմբային երգեցողությունը, որի հիմքը դրվել էր Վաղարշապատում, Կարա-Մուրզայի, Կոմիտասի խմբերի ազդեցության ներքո, ապա Պռոշյանների տանը կատարում էին, ասենք, Շոպեն, որը մեծապես տպավորում էր լսողին:

Աղայանին իր ջութակով հաճախ այցի էր գնում Վրթանես Փափազյանը: Նա հիմնականում նվագում էր եվրոպացի դասականների, օրինակ`Մենդելսոնի գործերը: Փափազյանը լավ ծանոթ էր ջութակի գրականությանը, տեսական մասին, հրաշալի տիրապետում էր հայկական, եվրոպական երաժշտությանը: Առանձնակի սիրում էր հայ ժողովրդական երգերը: Բայց նրա կատարողական վարպետության գլուխգործոցն էր «Լուր-դա-լուրը»: Աղայանը «Լուր-դա-լուրից» ազդվում էր ինչպես երբեք, և նրա աչքերը լցվում էին արցունքով: Փափազյանը սիրում էր նվագել նաև «Բայաթի Քյուրդը»: Փափազյանն իրեն հատուկ երանգավորում էր հաղորդում կատարմանը և հմայում լսողներին:

Ինչ վերաբերում է Հովհաննես Թումանյանին, ապա նրա տունը 1900-1920-ականներին գրականության, կերպարվեստի, թատրոնի, երգ-երաժշտության համար եռուն մի լաբորատորիա էր: Ինքը՝ գրողը, թեպետ օժտված չէր ձայնով, և երաժշտական մասնագիտական կրթություն չուներ, բայց նրա տանը կային դաշնամուր, ջութակ, գրամոֆոն, մանդոլին և այլն: Երեխաները Թումանյանի հետ խմբով երգում և նվագում էին զանազան հին ու նոր երգեր: Ավելին`գրողին այցի էր գալիս ինքը`Կոմիտասը, և նվագում ու երգում էր «Անուշից» կտորներ, կատարում էր  «Մոկաց Միրզան»: Ձեռնամուխ լինելով հայ ժողովրդական երգի պահպանման ու տարածման գործին`Թումանյանը մեծապես աջակցում էր երիտասարդ երաժիշտներին ու կոմպոզիտորներին: Նրա նախաձեռնությամբ կազմակերպվում էին Սայաթ-Նովայի երգերի երեկոներ, որոնք հասարակական լայն խավերի ուշադրությունը բևեռում էին աշուղի վրա և մոռացությունից հանում նրա գործերը: Ավելին`Թումանյանի շնորհիվ հրատարակվեցին Սայաթ-Նովայի դավթարն ու կենսագրությունը: Թումանյանի սիրելի երգերից էին «Անտունին», Կոմիտասի «Անուշի» նախերգանքը, Թիֆլիսի հին երգերից`«Սուլիկոն»:

Շիրվանզադեն` «Արտիստի» հեղինակը, չէր կարող չսիրել և չհասկանալ երաժշտությունը: Գրողը բարձր տրամադրության պահերին աննման երգում էր հատկապես բայաթիները: Նա տանն ուներ դաշնամուր, և դուստրը` Մարգարիտը, նվագում և երգում էր ականջահաճո ձայնով: Իսկ հետաքրքիրն այն էր, որ արտասահմանյան երկրներում շրջելուց, Փարիզում ապրելուց, եվրոպական մշակույթին հաղորդակից լինելուց հետո Շիրվանզադեն, միևնույն է, երգում էր հայկական մեղեդիներ:

Իսկ ահա Դերենիկ Դեմիրճյանը, պարզվում է, Մուշեղ Աղայանի ջութակի առաջին ուսուցիչն էր: Գրողը ջութակ նվագել սկսել է Մոսկվայում ուսանելու տարիներին: Նրա կատարումների ցանկը հիմնականում ներառում էր եվրոպացի դասականների գործեր: Դեմիրճյանը սիրում էր նվագել հատկապես Բրամսի գնչուական նշանավոր պարերը, ինչպես նաև`օպերաներից տարբեր հատվածներ: Մուշեղ Աղայանը հիշում է, որ Դեմիրճյանի հետ իրենք նվագում էին Ռոսսինիի, Բեթհովենի գործերը: Թիֆլիսում կազմակերպվող բազմաթիվ գրական-երաժշտական երեկոներին Դեմիրճյանն էր առաջինը, որ ջութակով կատարեց ժողովրդական երգեր: Մինչդեռ բազմաթիվ պրոֆեսիոնալ ջութակահարներ խորշում էին ժողովրդական երգի մատուցումից: Լայն հասարակությունը, հատկապես` երիտասարդությունը, մեծ խանդավառությամբ էր ընդունում Դեմիրճյանի կատարումները: Եվ մինչդեռ ոմանք քչփչում էին. «Մի՞թե  հանդուրժելի է պրիմիտիվ ժողովրդական երգի նման անպաճույճ կատարումը`առանց դաշնամուրի նվագակցության», կամ թե` «Ի՞նչ մի դժվար բան է, ամեն ջութակահար էլ կարող է այդ ձևով կատարել», Դեմիրճյանն անտրտունջ շարունակում էր իր ելույթները: Փաստ է, որ մինչև Դեմիրճյանը ոչ ոք չէր հանդգնել նման մատուցմամբ հանդես գալ: Նա այն նվիրյալներից էր, որոնք պայքարելով ցարական Ռուսաստանի վարած ասիմիլյացիայի քաղաքականության դեմ, որի հետևանքով տարբեր ազգեր հալածվում էին իրենց արվեստը տարածելու համար, ամենատարբեր ուղիներով նպաստում էր հայ երգի տարածմանը:

 

Աննա Բաբաջանյան