Մարաստանի Աժդահակ թագավորի երազը. արքետիպային շերտերը և կերպավորումն իտալացի նկարչի փորագրանկարում

1888 թվականին Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության վարդապետ Հայր Հակոբոս Իսավերտենցը (1835-1902) եվրոպացի ընթերցողների համար հրատարակում է ֆրանսերեն մի աշխատություն՝ նվիրված հայ ժողովրդի պատմության հերոսական էջերին: «Հայոց պատմություն» (“Histoire de l’Arménie”) մեծածավալ այդ գիրք-ալբոմում պատմական նշանակալի իրադարձությունները նկարագրող տեքստերին կից հրատարակվում են իտալական դասական նկարչության լավագույն ավանդույթներով ստեղծված փորագրանկարններ, որոնք Հայր Իսավերտենցի պատվերով պատկերում են այդ ժամանակաշրջանի վենետիկյան նշանավոր նկարիչները։
Հայաստանի հեթանոսական ժամանակաշրջանի պատմությանը վերաբերող նկարազարդումներից հատկապես առանձնանում է Աժդահակի երազի մասին պատմությունը, որ Խորենացու «Հայոց պատմության» «Տիգրան և Աժդահակ» պատումի մի հատվածն է: Այդ պատումում հավասարապես գործում են երկու դիպաշարեր՝ Տիգրանի և Աժդահակի կապն ու հարաբերությունները պատմության փաստացի դաշտում և դրանց սիմվոլային իրացումը հեթանոսական առասպելների բացահայտ արտահայտությամբ երազային դաշտում: Ինչպես նկատել են հայ և արտասահմանցի տարբեր ուսումնասիրողներ (Աբեղյան, Հարությունյան, Պետրոսյան, Ռասսել և այլք), հայոց հեթանոս արքային նվիրված այդ պատմության հենքում վաղնջական ամպրոպային առասպելների հետքեր կան:
Ըստ պատումի փաստացի հատվածի՝ մարացի արքա Աժդահակը, ցանկանալով բարեկամանալ հայոց արքայի հետ, ամուսնանում է արքայի քրողջ՝ Տիգրանուհու հետ։ Շուտով սակայն, նա սկսում է անհանգստանալ Տիգրանի և իր թշնամի հույն Կյուրոս արքայի մտերմությունից, և այդ մտքերով տարված գիշերը մարգարեական երազ է տեսնում։ Արթնանալով նա կանչում է իր խորհրդականին, և երազը կապելով Տիգրանի հնարավոր հարձակման հետ՝ որոշում է Տիգրանուհու միջոցով խաբել ու հաղթել նրան։ Հայոց արքայի քույրը, սակայն, հավատարիմ է մնում եղբորն ու հայրենիքին և նրան պատմում է գալիք դավաճանության մասին։ Տիգրանը մարտում հաղթում է Աժդահակին, գերի վերցնում նրա առաջին կնոջը՝ Անույշին և նրան իր զավակների հետ բնակեցնում Արարատ լեռան ստորոտում՝ մեծ բացվացքի մոտ։
Իրադարձությունների «հնարավոր» այս շղթան ինքնին ամպրոպային առասպելի տարբեր քողարկված շերտեր ունի. (1) արքա Տիգրան՝ վիշապամարտիկ հերոս, (2) վիշապ՝ օտար թագավոր Աժդահակ (իրանական առասպելաբանությունից հայտնի Աժի Դահակա վիշապը) (3) վիշապի գերությունից ազատված կին կամ քույր՝ Տիգրանուհի, (4) վիշապի կինը կամ մայրը, որ գերի է ընկնում հաղթանակից հետո (Անույշ):
Քողարկված առասպելական այս պատմությունը ընդմիջվում է առասպելական ներփակ մի երազ-պատումով, որում միֆական շերտերը բացահայտ են գործում: Երազը քրիստոնյա պատմիչ Խորենացին թերևս համարել է երկրորդական, ոչ այնքան իրական ու արժանահավատ՝ այն ներկայացնելով առանց միջամտությունների և զտման:Ավելի քան 1300 տարի անց նույն ճանապարհով է գնացել նաև Մխիթարյան հայրերից Հակոբոս Իսավերտենցը՝ այս երազը ներկայացնելով առանց փոփոխությունների և միջամտությունների, ավելին՝ իտալացի նկարիչ Զասսոյին պատվիրելով նկարել և ժամանակի իտալական արվեստի առանձնահատկություններին համաձայն զարդարել հենց Աժդահակի երազի բացահայտ հեթանոսական հատվածը:
Երազում Աժդահակը հայտնվում է «անծանոթ երկրում, մի բարձրաբերձ լեռան մոտ, որի գագաթը թվում էր՝ պատած է սարսափելի սառնամանիքով»։ Լեռան սառույցների մեջ նա տեսնում է խոշոր աչքերով, կարմիր այտերով, ծիրանի (մանուշակագույն) զգեստով կին՝ ծածկված երկնագույն քողով։ Կինը բռնված է երկունքի ցավերով և շուտով լույս աշխարհ է բերում երեք դյուցազուն զավակ։ Առաջինն առյուծ հեծած սլանում է դեպի արևմուտք, երկրորդն ինձ (հովազ) հեծած թռչում է դեպի հյուսիս, իսկ երրորդը վիթխարի վիշապի մեջքին հարձակվում է Աժդահակի տերության վրա։
Շուտով երազը փոխում է տարածաժամանակային ընդգրկումը, և Աժդահակը հայտնվում է իր արքունի պալատի տանիքին՝ աստվածների կուռքերի մեջտեղում: Կարճ ժամանակ անց ապարանքի վրա է հարձակվում վիշապ հեծած դյուցազունը և սկսում ավիրել աստվածների արձանները: Կանխագուշակող այս երազն ավարտվում է Աժդահակի պարտությամբ:
Գրեթե անփոփոխ ավանդված այս երազում վառ արտահայտված են հեթանոսական որոշ սիմվոլներ, որ կապվում են համամարդկային մի շարք արքետիպերին:
Աչքի ընկնող առաջին խորհրդանիշը աշխարհի կենտրոն հանդիսացող լեռան արքետիպն է: Լեռը նախ և առաջ ներկայանում է որպես աստվածների բնակատեղի. աստվածուհին ծննդաբերում է լեռան գագաթին՝ լույս աշխարհ բերելով երեք դյուցազուն աստվածներին: Աշխարհի կենտրոն հանդիսացող լեռն իր նախնական ընկալումներով արական գործառույթ է ստանում: Այն ներկայանում է որպես տղամարդկության, սերունդ տալու սիմվոլ, որ իր յուրօրինակ դիրքի շնորհիվ կապում է աշխարհի երեք օղակները՝ անդրաշխարհը (ստորոտ), աշխարհը (բուն լեռը) և երկինքը կամ աստվածների բնակատեղին (գագաթ): Երկունքի ցավերով բռնված կինն էլ ներկայանում է որպես Մեծ մոր արքետիպի սիմվոլային արտահայտություն՝ մայրության սկիզբ: Եվ արականության ու իգականության միաձուլումից էլ ծնվում են երեք աստվածամանուկները:
Ծննդաբերության ցավերով բռնված կինը պատրաստվում է կյանք տալ աշխարհը ավերող ու նորից կառուցող աստվածություններին, որ ծնվելու պահին արդեն հեծնում/ հաղթում են երեք ուժեղագույն կենդանիներին՝ առյուծին, հովազին և առասպելական վիշապին՝ թռչելով դեպի աշխարհի չորս կողմերը՝ կյանքի հին կեցութաձևն ավերելու և նորը հաստատելու համար: Պատահական չէ նաև որդեծնության պահին կերպավորված այս աստվածուհու արտաքինի պատկերը՝ ծիրանի զգեստ, երկնագույն քող, կարմիր այտեր: Կնոջ բնութագրական հիմնական գույները դառնում են երկնային ոլորտին՝ գիտակցությանը, սրբությանը վերաբերող կապույտն ու մանուշակագույնը և երկրային ոլորտը՝ կյանքը բնորոշող կարմիր արյունը: Կարմիր արյան ու ծննդաբերության ցավերի միջով անցնելուց հետո աստվածամայրը հասնում է երկնային մակարդակին (աստվածացմանը)՝ սրբազան կապույտին և մանուշակագույնին:
Տիգրանի և Աժդահակի ցիկլում երազային նարատիվից դուրս մեծ մոր արքետիպի քողարկված իրացում տեսնում ենք նաև ցիկլի իրականության դաշտում: Այս պարագայում արքետիպն արտահայտվում է մի կողմից՝ երիտասարդ ու անձնվեր կնոջ կերպարով, մյուս կողմից՝ որպես չարիքի մայր:
Տիգրանուհին ներկայանում է որպես դևին (Աժդահակին) գերի կույս, որ դեռ չի իրացրել մայր դառնալու իր երկու կերպափոխումները՝ հղիություն ու ծննդաբերություն, և անձնվեր նվիրված է իր հայրենիքին ու եղբորը:
Աժդահակի առաջին կին Անույշն էլ կերպավորվում է որպես վիշապների մայր՝ մեծ մոր արքետիպի իրացման բացասական կողմ: Աժդահակին հաղթելուց հետո Տիգրանը նրան և նրա սերունդներին բնակեցնում է Արարատ լեռան մեծ բացվածքի մոտ (դուռ դեպի դժոխք): Պատահական չէ նաև, որ հայոց հին բանահյուսական երգերում Աժդահակին վիշապ են կոչում, իսկ նրա սերունդներին՝ վիշապազուններ:
Լեռան արքետիպի հետ է կապվում նաև երազի երկրորդ հատվածը, երբ տարածական հարթությունը իրական լեռան ստորոտից տեղափոխվում է դեպի սիմվոլային լեռ՝ Աժդահակի ապարանքի տանիք։ Աշխարհի կենտրոնը (axis mundi) խորհրդանշող լեռը պատումի մի կետում կերպափոխվում է․ ապարանքի տանիքը դառնում է իրական սրբազան լեռան ասոցատիվ իրացում, հեթանոսական պաշտամունքի վայր, որի վրա կուռքերի տեսքով աստվածներ են ապրում։
Երազի արքետիպային համակարգի հաջորդ արտահայտությունը իգականությունը խորհրդանշող Մեծ մորից և արականությունը մարմնավորող Լեռից ծնված աստվածամանուկն է, որ թռչում է աշխարհը քանդելու ու նորից կառուցելու:
Խորենացու պատմության մեջ ներկայացված այս երազի հեթանոսական սիմվոլային համակարգի ողջ էությունը գիտակցում է Մխիթարյան (հայկական կաթոլիկ) եկեղեցու վարդապետ Հ. Իսավերտենցը, որ ոչ միայն նույնությամբ զետեղում է Խորենացու պատմության այս հատվածն իր ֆրանսերեն աշխատության մեջ, այլև իտալացի նկարիչ Զասսոյին պատվիրում նկարել այն՝ ավելի պատկերավոր ներկայացնելով պատմության առասպելա-ծիսական շերտերը:
Նկարում պատկերված է երազի երկրորդ տեսարանը՝ սիմվոլային լեռը՝ Աժդահակի ապարանքի տանիքի պատկերը: Տանիքին հատուկ շեշտադրված են աստվածների կուռքերի արձանները՝ մարդկային և մարդ-կենդանի (արծիվ) արտահայտություններով: Կուռքերի պատկերներում իտալացի նկարիչն առանձնակի կարևորել է նաև պարսիկների արևային պաշտամունքի դերը. արձանների պատվանդանների վրա նկատելի են արևը խորհրդանշող գլխազարդի պատկերները, նույն դրսևորումը կարելի է տեսնել նաև արձաններից մի քանիսի գլխին՝ դրանք օծող պսակի տեսքով: Արևային պաշտամունքի արտահայտություն են դառնում նաև մեջտեղի արձանի պատվանդանին երևացող երիտասարդ առյուծները, որ նույնպես կրակի ու լույսի խորհուրդն են կրում:
Աժդահակը և իր հպատակները կերպավորված են արքայական հագուստներով, զոհ մատուցելու պահին, ընթացքի մեջ, երբ փորձում են պաշտպանել իրենց կուռքերին երկնքից հարձակվող վիշապամարտիկ հերոսից: Իտալացի նկարիչը նրանց պատկերներում կարևորել է հարուստ հագուստը, որը զուգահեռվում է ավելի ասիական պալատական կեցութաձևին՝ թագ, զենքեր, պալատական գլխարկներ:
Նկարի աջ մասում արդեն իրացված է երազի միֆական կոնտենտը: Ամպամած երկնքում երևում են երեք դյուցազունները: Առյուծին և լեոպարդին հեծած հերոսները նկարված են մեջքից՝ թռիչքի ընթացքում, երբ նրանցից յուրաքանչյուրը գնում է աշխարհի՝ իրեն հասցեագրված կողմում իրացնելու իր նախախնամությունը: Մինչդեռ երրորդ հերոսը սլանում է ուղիղ ապարանքի վրա և հստակ երևում է նրա արտաքինը: Իտալացի նկարիչը հայ հերոսին տվել է հունական դիցաբանության հերոսներին բնորոշ արտաքին՝ ինչ-որ տեղ կապելով նրան իտալական կլասիցիստական կանոնավոր արվեստին: Հաղթանդամ հասակ, մերկ ու առնական մարմին՝ ծածկված քամուց տատանվող թիկնոցով: Ձեռքերի շարժումներից անգամ կարելի է եզրակացնել, որ նա կերպավորվել է հարձակման պահին: Դիտելի է նաև հայկական արտաքինին բնորոշ մազոտ դեմքը, խռիվ մազերն ու հաստ մորուքը: Հստակ ուրվագծվում են հերոսի մկանները: Տիգրանը հեծել է նույնպես հարձակման պահի մեջ գտնվող վիշապին, որ կրակ խորհրդանշող լեզվով պատրաստվում է ավերել Աժդահակի ապարանքը:
Այսպիսով՝ Մովսես Խորենացու «Հայոց Պատմության» էջերում հրատարակված Աժդահակի երազը հեթանոսական կերպարների և միֆական աշխարհայացքի կառույցով գրված յուրօրինակ արքետիպային պատում է: Դրանում բաց տեքստով արտահայտվում են աշխարհի կենտրոն հանդիսացող լեռան կամ տիեզերական կառույցի, մեծ մոր և աստվածամանկան արքետիպերն իրենց սիմվոլային տարբեր իրացումներով՝ Արարատ լեռ, սրբազան ապարանք, աստվածամայր, վիշապամայր, չմայրացած կույս, վիշապամարտիկ հերոս և այլն: Այս երազի հեթանոսական շերտերը լավագույնս պատկերված են իտալացի նկարիչ Ջ. Զասսոյի փորագրանկարում:
Հեղինակ՝ Սողոյան Աստղիկ, բ.գ.թ
Փորագրանկար՝ Ջուլիանո Ձասսո, «Աժդահակի երազը», 1888 թ․