Բի Բի Քինգը, «Անի» հյուրանոցի ջեմսեյշնն ու նոմենկլատուրան

1979-ի գարնանային այդ երեկո երևանցիները բաց էին պահել պատուհաններն ու թողել, որ մի քիչ թարմ օդ թափանցեր ներս: Նոր շունչը, որ զգացվում էր քաղաքում, ջերմ զգացումների խոստումով էր եկել: Երեխաները վազում էին դուրս`խաղալու, սիրահարները շտապում էին հանդիպման: Ու եթե շատերի համար դա սովորական մի օր էր, քչերը կարող էին պատկերացնել, որ Երևանի երաժշտական պատմության մեջ դա դասվելու էր նշանակալից օրերի շարքին, և այն հնչյունները, որ բերելու էր այդ օրն իր հետ, դեռ երկար չէին լռելու երևանցիների ականջներում:
Ամեն բան սկսվեց նրանից, երբ երևանցիներն իմացան, որ «Անի» հյուրանոցում հանգրվանել էր կենդանի լեգենդ: Շատերը շտապեցին այնտեղ`տեսնելու և լսելու նրան: Իսկ մյուսների ականջին էլ հյուրանոցի կողքով անցնելիս պարզապես հասան բլյուզի այնպիսի կախարդիչ նոտաներ, որպիսիք շատերը միայն վինիլներով էին լսել: Դրանք գնալով ավելի ու ավելի գայթակղիչ էին դառնում, իսկ մարդիկ աստիճանաբար շատանում էին: Բլյուզային այդ կատարումներն այնքան էին սազում Երևանին, որ մերոնց թվում էր, թե այդ երաժշտությունն իրենց քաղաքում էր հորինվել: Իսկ այդ ի՞նչ երաժշտություն էր, որ հեռվից հեռու գերել էր անցորդներին, և ո՞վ էր «Անի» հյուրանոցի խորհրդավոր հյուրը, որին տեսնելու հնարավորությունը երևանցիները ոչ մի գնով բաց թողնել չէին ուզում:
Նրա անունն էր Բի Բի Քինգ` ամերիկացի բլյուզ երգիչ, կիթառահար, երգերի հեղինակ, որի երկրպագուները նրան համարում են բլյուզի արքա: Քինգը Երևանում էր հյուրախաղերով, սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Համերգի նախորդ օրը հյուրանոցի ռեստորանում այնպիսի մի տոն սկսվեց, որը, շատ երևանցիների վկայությամբ, ավելի բուռն անցավ, քան բուն համերգը:
Բի Բի Քինգն իր բենդի հետ ընթրում էր ռեստորանում, երբ հանկարծ նրանց ականջին հասան հարազատ բլյուզային մեղեդիներ: Բանն այն էր, որ հյուրանոցում նվագում էին հայ անվանի երաժիշտներ, որոնց կատարումները լսելուց հետո Բի Բի Քինգի բենդի անդամներն առանց բառ ասելու` բարձրացան իրենց համարներ, ապա վերադարձան` ամեն մեկը երաժշտական իր գործիքով: Նրանք միացան մեր երաժիշտներին, ու այդ պահից սկսվեց իսկական ջազային տոն`ջեմսեյշն, որը տևեց ոչ ավել, ոչ պակաս`4 ժամ:
Այդ հայ երաժիշտներից մեկն էլ հայ ջազմեն, կոմպոզիտոր Լևոն Մալխասյանն էր. «4-5 հոգով եկան, միացան մեզ: Մեր երաժիշտներից Չիկոյին եմ հստակ հիշում: Բի Բի Քինգը նստած վայելում էր երաժշտությունը: Քանի որ բեմը սեղանից մոտ էր, տեսնում էի, որ անընդհատ մատով ցույց էր տալիս ինձ ու թարգմանչի ականջին ինչ-որ բան էր փսփսում: Ընդմիջման ժամանակ հարցրի, թե ինչ էր ասում, պարզվեց`Քինգն ինձ ցույց տալով ասել էր. «Տեսեք` այս սպիտակը ոնց է սևերի երաժշտություն նվագում»: Էլ խաբար չէր, որ Սովետմիությունում մեզ «սպիտակ» չէին համարում (ծիծաղում է-հեղ.)...Դա իմ կյանքի առաջին կարևոր կոմպլիմենտն էր: Շատ ջերմ հանդիպում ստացվեց, ներսում ու դրսում տեղուդադար չկար»:
Դե, իսկ բուն համերգը, եթե շիտակ խոսելու լինենք, նախորդ օրվա «բլյուզային պայթյունին» չէր հասնի: Այն անցկացվեց Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում և մի տեսակ պաշտոնական բնույթ էր կրում: Հիմնական հանդիսատեսը նոմենկլատուրան էր: Տոմսերի մեծածավալ վաճառք, որպես այդպիսին, չէր եղել: Արձակագիր Գևորգ Տեր-Գաբրիելյանը, որն այդ ժամանակ 15 տարեկան էր, հիշում է, որ տոմսերը ձեռք էր բերել հայրը, որն աշխատում էր Կուլտուրայի մինիստրությունում: Դահլիճի առաջին շարքերը զբաղեցրել էին պաշտոնյաներ. «Մի տեսակ լարված մթնոլորտ էր, այդ կարմիր հանդիսավոր աթոռներին նստած էին, ասենք, պաշտոնյաների կանայք, որոնք, կարծես, օպերա եկած լինեին, սովոր չէին նման համերգների: Իսկ Բի Բի Քինգն ու բենդը բեմում «գժական» իմպրովիզներ էին անում, ու մարդիկ փոխանակ ակտիվ արձագանքեին, սկզբում լուռ նստած էին, սպասում էին` առաջին շարքերից ծափահարեին, որ նոր իրենք էլ կրկնեին նույնը: Բանը նույնիսկ հասավ նրան, որ Քինգն ինքը կոչ արեց մի փոքր թուլացնել նյարդերն ու ավելի ազատ զգալ: Իհարկե, կար նաև տեղյակ, ակտիվ հանդիսատես, որը հասցրել էր ունկնդրել Արմսթրոնգ, Ֆիցջերալդ... Եվ ահա այդ մեծությունների կողքին հայտնվել էր Բի Բի Քինգը, որը եկել էր Երևան»:
Այլ են Լևոն Մալխասյանի հիշողությունները, ասում է`համերգի օրը ներկաների արձագանքներն ուղղակի շշմելու էին. «Շատ լավ ընդունեցին Բի Բի Քինգին ու երաժիշտներին: Այնպիսի երգեր կային, որ իրենք սկսում էին, մարդիկ գիտեին, շարունակում էին, հետները երգում էին: Շշմելու համերգ էր»:
Ի դեպ, համերգից օրեր անց Բի Բի Քինգի հետ հարցազրույց է տպագրվել «Երեկոյան Երևանի» 1979-ի մարտի 19-ի համարում. «Երևանում հաջողությամբ անցան բլյուզների ամերիկացի հանրաճանաչ կատարող Բի Բի Քինգի հյուրախաղերը: Բեմում Քինգը կարողանում է առաջին իսկ րոպեներից կոնտակտ ստեղծել ամենանրբաճաշակ հանդիսատեսի հետ, չդիմելով դիմախաղի և թատերայնության օգնությանը»,-գրել էր թերթը:
Այսպիսին էր տպավորությունը դահլիճից բեմ նայող հանդիսատեսի համար, իսկ թե ինչպիսին էին բեմից դահլիճին նայող Բի Բի Քինգի պատկերացումները, կարելի է միայն կռահել:
Աննա Բաբաջանյան