Բոհեմական կյանքի ստվերում
«Նրանք նվաճեցին աշխարհը, բայց չգտան իրենց երջանկությունը»… Հետևյալ ամփոփագրով է ներկայանում Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Բոհեմ» փաստավավերագրական ֆանտազիան: Ներկայացման պարադոքսալ ժանրն ինքնին հետաքրքրություն է առաջացնում: Ի՞նչ կարող ենք սպասել փաստավավերագրական ֆանտազիա եզրույթից, ինչպե՞ս է վավերագրությունը հյուսվում հեղինակի երևակայության արգասիքներին:
Գործող անձիք պատմական հայտնի դեմքեր են՝ չորս հզոր կանայք ՝ մեքսիկացի սյուրռեալիստ նկարչուհի Ֆրիդա Կալո, աշխարհահռչակ դիզայներ Կոկո Շանել, ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևա և հռչակավոր երգչուհի Էդիթ Պիաֆ: Իսկ գործողությունների վայրն ու դեպքերի ընթացքը մտացածին են՝ նրանք հանդիպում են մահվանից հետո և սկսում շփվել միմյանց հետ, ինչն իրական կյանքում անհնար կլիներ անգամ ենթադրել, նկատի ունենալով որ նրանք տարբեր ազգությունների, մշակույթների, լեզվի և անգամ ժամանակաշրջանի ներկայացուցիչներ են: Ի՞նչն է միավորել այս չորս մեծ անհատականություններին երիտասարդ դրամատուրգ Մարիա Ակոպովայի գրչի և երիտասարդ ռեժիսոր Տաթև Ժաքյանի երևակայության տիրույթում:
Զոհասեղանին թողնելով ընտանեկան երջանկության հնարավորությունն այս կանայք ընտրել են կյանքը մասնագիտական առաջընթացին նվիրելու ճանապարհը, և յուրաքանչյուրն այդ ուղու գագաթնակետին է հասել՝ իր անունը անջնջելի փորագրելով պատմության մեջ: Ներկայացումն առավելապես ոչ թե նրանց փայլուն մասնագիտական վերելքի, այլ մեդալի հակառակ երեսին մնացած ցավի, զրկանքների, աղքատության, սիրո և դավաճանության, երեխաների կորստի դրվագների ամփոփումն է:
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Տաթև Ժաքյանը դերերը վստահել է երկարամյա բեմական փորձ ունեցող դերասանուհիների, որոնք տարբեր տարիների այլ դերերով արդեն արժանացել են «լավագույն դերասանուհի» կոչմանը Հայաստանի թատերական գործիչների միության ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխության շրջանակներում: Ներկայացման այցեքարտը, բեմադրական մտահղացման ամենաշահեկան կողմը հենց դերասանուհիներն են. Ֆրիդա Կալո-Հասմիկ Սուվարյան, Կոկո Շանել-ՀՀ վաստակավոր արտիստ Դիանա Մացոյան, Էդիթ Պիաֆ-Ջեմմա Ադամյան և Մարինա Ցվետաևա-Նառա Սանթոյան: Երբ գրական հերոսի մարմնավորման խնդիր է դրված դերասանուհու առաջ, նա ազատ է ստեղծագործելիս: Բեմադրողի հետ համագործակցելով՝ նա ինքն է կառուցում իր հերոսուհու բնահատուկ ժեստերը, խոսքի հնչերանգը, դիմախաղը, իսկ երբ պատմական հերոսուհու կերպավորման մասին է խոսքը, պատմականորեն պարտադրված երանգավորումներ կան և ստեղծագործելու հնարավորություն մնում է միայն դերի լուսանցքներում: Խնդիրը կրկնակի բարդանում է, երբ թատերական բեմահրթակներում և մեծ էկրանին նրանց մարմնավորել են համաշխարհային ճանաչում վայելող դերասանուհիներ. Ֆրիդա Կալո խաղացել է Սալմա Հայեկը, Կոկո Շանել՝ Օդրի Տոտուն, Էդիթ Պիաֆ՝ Մարիոն Կոտիարը: Եվ չնայած այս մարտահրավերներին՝ դերասանուհիները ճշգրիտ մարմնավորում են հերոսուհիներին՝ չընդօրինակելով համաշխարհային աստղերին: Զգեստների ձևավորման և հմուտ դիմահարդարման արդյունքում դերասանուհիները բեմում շատ նման են իրենց հերոսուհիներին: Գյումրիում այս բեմադրությունը Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճում է ներկայացվում և առաջին կարգերի փոքր հեռավորությունից նկատելի է գրիմի միջոցով դիմագծերի փոփոխությունը, իսկ երևանյան հյուրախաղերն անցկացվեցին Հովհաննես Թումանյանի անվան տիկիկային թատրոնում և այստեղ բեմից հանդիսասրահ հեռավորությունն ավելի մեծ է, արդյունքում կերպարներն ավելի կատարյալ են երևում:
Բեմում մոտ 40 տարեկան 4 կանայք են, երբ, օրինակ, Կոկո Շանելը մահացել է 87 տարեկանում, իսկ Ֆրիդա Կալոն՝ ընդամենը 47-ում.հ երոսուհիները վիզուալ այնպիսին են, ինչպիսին սովորաբար հիշում ենք նրանց: Բեմանկարիչ Լուսինե Խաչատրյանը ընտրել է ամենավառ ու հիշվող կերպարանքները. Ֆրիդան խոշոր ծաղիկներով զարդարված հյուսքով ու երկարափեշ վառ զգեստով է, Շանելը՝ կաթնագույն դասական զգեստ-կոստյումով, լայնեզր էլեգանտ գլխարկով ու մարգարտյա շղթայով, Պիաֆը՝ հասարակ սև զգեստով, իսկ Ցվետաևան աշնանային վերարկուով ու գլխարկով: Ներկայացման եզրափակիչ տեսարանում էկրանին հայտնվում են հերոսուհիների իրական լուսանկարնեը հենց այս զգեստավորմամբ: Ներկայացման երաժշտական ձևավորումը բխել է վերնագրից, կամ հակառակը՝ վերնագիրն է ծնվել հիմնական լեյթմոտիվից, որը Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ» երգն է: Օգտագործված է նաև մեքսիկական պարեղանակ, որի տակ պարում է Ֆրիդա Կալոն և հնչում են Էդիթ Պիաֆի երգերը: Ներկայացման «Բոհեմ» վերնագիրն ընտրվել է բեմադրական փուլում: Բոհեմ եզրը ծագել է Ֆրանսիայում 19-րդ դարի երկրորդ կեսին, բացատրվում է, որպես կյանքի ոչ կանոնավորված, էքսցենտրիկ ոճ, որ բնորոշ է մտավորականության որոշակի հատվածի: Բոհեմական կյանք վարողները կարող են փոքր-ինչ արկածախնդիր կյանքով ապրել, ազատ սիրո կողմնակիցներ են:
Ներկայացման հերոսուհիների կենսակերպը լավագույնս բնորոշվում է այս նկարագրով: Սակայն ներկայացման հիմնական երկխոսությունների թեման նրանց բոհեմական կյանքի տրամաբանությունից դուրս են: Առանցքային են սիրո և մայրության թեմաները: Այս համամարդկային գաղափարների շուրջ յուրաքանչյուր հերոսուհի իր տեսակետն ունի: Ֆրիդան իր կյանքի սիրուն անմնացորդ նվիրվող մարդու օրինակ է, որն ամբողջ կյանքում երազել է մայրանալու մասին: Հասմիկ Սուվարյանը լավագույնս ընկալել է այս հակասական էությունն ու նրանից հորդում է մեքսիկուհու և էքսցենտրիկ նկարչուհու էներգիան: Արտաքին նմանությունն, իհարկե օգնում է, բայց կերպարը կենդանանում է դերասանի պրիզմայով անցնելուց հետո միայն:
Ի տարբերություն Ֆրիդայի, մյուս երեք հերոսուհիների համար մայրությունը կյանքում նպատակ, առավել ևս երազանք չի եղել: Շանելը մայրանալու հնարավորություն ունեցել է, որից ինքն է հրաժարվել, իսկ Ցվետաևան ունեցել է երեխաներ, որոնց լքել է: Պիաֆը խոսում է իր սիրեկանի զավակների մասին և կարևորում հայր ու որդի կապը. «…նա երեխաներ ուներ... իսկ նրանցից հեռու լինելն իրեն չէր երջանկացնի, իսկ երբ սերդ չի երջանկացնում, ուրեմն ո՞րն է նրա գոյության իմաստը...»: Եթե հավատարմությունը խորթ գաղափար է նրանց համար, ապա կյանքի սեր ունեցել են բոլորը: Կյանքի սիրո կորստի ցավը ծանոթ է բոլորին: «…Սերը հորինել ենք, որ ապրելը ցավոտ չլինի…» այսպես է կարծում Ցվետաևան:
Ամբողջ ներկայացումը հետահայաց դրվագների վրա է կառուցված. այստեղ և հիմա գրեթե ոչինչ տեղի չի ունենում: Միակ դրվագը Ֆրիդայի կորսետը հանելու տեսարանն է, որ հստակ շփում ու ազդեցություն է նկատվում հերոսուհիների միջև: Չկան սուր կոնֆլիկտ, բախումներ, գործողությունների ինտենսիվ զարգացում և հանգուցալուծում, որը հանդիսատեսին խորհելու առիթ կտա: «Մեզ բաժին հասած կյանքը այն լավագույն հնարավորությունն էր դառնալու այն՝ ինչ կանք.... իսկ մեր ժամանակը սպառվել է»։ Թերևս Ֆրիդայի այս խոսքերը կարող ենք ընդունել, որպես ներկայացման եզրահանգում:
Ժամանակակից թանգարաններում հանդիպող նորագույն տեխնոլոգիայով ստեղծված եռաչափ գրաֆիկական պատկերավորմամբ պատմական անձիք առաջին դեմքից պատմում են իրենց անցած ուղին: Ներկայացումից ստացած տպավորությունն այդ է հուշում: Պարզապես անկենդան խոսքի ու դիմախաղի փոխարեն տեսնում ենք օրգանիկ մատուցված դերասանական խաղ:
Վանուհի Սեթոյան