Ցեղի Շալակտարի Արտերևույթը

Եղիշե Չարենց և Աղասի Այվազյան

«Խստակրոն գնահատականով անգամ՝ գրականության և արվեստի, հոգևոր «Մենք»-ի՝ մշտամնա երևելիներից է Աղասի Այվազյանը։ Այսօր, 2025-ի մարտի 23-ին նա դարձավ 100 տարեկան։

Բայց իր՝ երեց լինելը տարիքով չէ բնավ պայմանավորված, այլ՝ ամենայն ինչի հանդեպ իր հորինած բառով ասած՝ «պատմակշիռ հայացքով»։ Անցյալներում եղած-չեղածի և լինելիի հանդեպ: Իր մեծ և ազատ մտածելու կարողականությամբ։ Որի արդյունքն է նրա զորավոր ժառանգությունը։

Եվ ինչպես իր կերպարն է խորը հոգեբանական ու բազմածալք, այնպես էլ՝ իր հետքը, իր թողած ժառանգությունն է։ Վերածննդի մեծերի հանգույն էր՝ բազմակողմանի տաղանդավոր՝ արձակագիր, դրամատուրգ, սցենարիստ, ռեժիսոր, նկարիչ, հրատարակիչ-խմբագիր, հրապարակախոս․․․ ՈՒ միշտ՝ ազնվական․․․

Իր արժևորումների և գնահատականների մեջ  ճշգրիտ էր․ Տե՛ր էր իր նախնյաց հայրենիքին և իր ժամանակին, տե՛ր էր իր պետությանը և պետականությանը, տե՛ր էր իր ապրած կյանքին․․․ Նախորդ դարի մեծագույն նվաճումն էր համարում մեր անկախ պետությունն ու պետականությունը։

Տեսանող էր, և մեր այսքան երկար լինելության գաղտնիքը հակակշիռների մեջ էր տեսնում, դրանց չլինելը՝ կործանարար․․․ «Հակակշիռները որքան էլ փոքր, զանգվածին կարողանում էին հավասար պահել»։ Լինելով տեսանող՝ նա ներքին կապերով ու կապակցություններով էր ընկալում և զգում Տեսանողներին։

Աբովյանին, Թումանյանին, Չարենցին, Թամանյանին, Սարոյանին, Սարյանին, Մինասին․․․ Նժդեհին, Քաջազնունուն, Խանջյանին․․․

Էլի շատերին՝ անցյալում, իրենց ապրած ժամանակում, իր օրերում․․․ Իր բազմաժանր ստեղծագործական կյանքի ամենակարևոր գործն էր  դարձրել՝ Հայի կենսաբանական տեսակը բացահայտելն ու բացելը, շարունակաբար՝ փնտրում-գտնում էր Հայության կոդերը, դրանք կրող մարդ-տեսակին, թափանցում խորին խորքերը, բնավորություններ պեղում՝ հասկանալու համար ազգային ներունակության բոլոր բջիջները։ Ներուժը։ Ներհունը։ Ինքը որոնում էր, ինքը՝ գտնում, ուրախանում իր գտածով, հպարտանում, և իր գտածը, որպես կանոն, ճշգրիտ էր լինում։

Աղասի Այվազյանը հայության լինելության ֆենոմենը /արտերևույթը/ անհատական  ծրագրվածության, անհատական կամքի և ջանքի փաստ էր համարում և մեկ առ մեկ օրինակներն ուներ։

«Տասը դար հետո մենք հիմնադրեցինք երկրորդ Անին՝ Երևանը։ Չլիներ Թամանյանը, չէինք ունենա։ Արմատներով անեցի, Պետերբուրգի ճարտարապետական ակադեմիայի փոխպրեզիդենտը, որի ընտանիքի մեծ մասն անգլիացիներ էին, եկավ Երևան, որ ստեղծի հայոց մայրաքաղաքը։ Սա այն հակակշիռն է, որ կերտեց Երևանը։ Առանց խոսքի՝ Թամանյանը հանճարեղ ճարտարապետ էր։ Բայց ինձ ավելի շատ նրա կենսաբանական տեսակն է պետք, մարտիրոսվող կերպը․․․»

Չարենցից հետո երկարատև պարապուրդ՝ ասելով, նա դատարկության պատճառները գիտեր և այդպիսով ոչ միայն ինքն իր համար բացապարզում էր Չարենց-Տեսանողի էությունը, այլև՝ ինքնաբացահայտվում էր։ Քննախույզ՝ մտքով ու հայացքով, հոգեվերլուծողի և ներհայեցողի աչքով և զգայարաններով բոլոր․․․

1995-ին «Հայություն» հրատարակչության լույս ընծայած «Problema» էսսեների և պատմվածքների ժողովածուի իր Պարականոն Դիմասրահի առաջին՝ «Չարենց․ Խուլիգանաբարո Տեսանողը» վերնագրյալ էսսեով Աղասի Այվազյանը գեղագետի՝ իրեն հատուկ՝ բծախնդրությամբ է բացահայտում Չարենց-Տեսանողի կենսաբանության և  ստեղծագործական շերտերը։ Նախ՝ իր համար է բացապարզում։ «Չարենցը ամեն ինչի խորքն էր ուզում թափանցել և առաջին հերթին իր ներսի բնակազմության և կանոնադրության մեջ, որոնք պատճառն և արդյունքը հնարավոր է լինեին ցեղային տառապանքի, առեղծվածը իր գոյի և հայրենիք ասվածի միջև վերք առաջացնող կապի»։

Այս՝ մինչև խորքը խորանալու, մարդու ներսը բջիջ առ բջիջ թափանցելու, հոգին քրքրելու ազատությունը, պատճառահետևանքային կապերն ու անբացատրելին բացատրելի դարձնելու կերպն իրեն՝ Աղասի Այվազյանին էլ էր չափազանց հոգեհարազատ, ինքն էլ մարդու հոգու և մարմնի ներդաշնակության և շեղումների կոդերը կարդացող էր, ինքն էլ՝ տեսանող էր․․․

Չարենցին նվիրված էսսեում Այվազյանն ուղղակի բանաձևում է․ «Նա Տեսանող էր, ի վերուստ՝ սաղմի և հավաքականության, շարժման և հանգրվանի, իսկականի և ստի։ Եվ  տեսանողները պիտի ոչնչանային, որպեսզի չտեսնեին այն, ինչ տեսնելու ենթակա չէր, ինչ պետք է արվեր հետո․ սուտը պետք է բարձրանար ամբիոն։ Տեսանողները պետք է ոչնչանային․․․ այդպես արգելվեցին Ֆրոյդը և Դոստոևսկին, Ահարոնյանն ու Շոպենհաուերը։

Գալիս էր ժամանակը կույրերի և կույր ձևացողների։ Կույր ձևանալու համար էլ շնորհք էր պետք, և այդ շնորհքը բոլոր ժամանակներում իրագործվել է։ Չարենցը Տեսանող էր, և նա 36 թվականին, ու մի քիչ էլ վաղ, արդեն գիտեր այն, ինչ «իմացան» շատերը 54 թվականից հետո։ Չարենցը գիտեր, որովհետև նա լսում էր իր ներսի ամենախրթին ու մանվածապատ շարժումների շրշյունը, ուր մնաց իմանալ այնպիսի խոշոր, բացապարզ զգացումների դղրդյունը, ինչպիսիք են սուտը, ատելությունը ու, ամենակարևորը՝ ՎԱԽԸ»։

Ժամանակները որքան էլ տարբեր, հեռավոր ու մոտակա, երևույթների հերթագայության և կրկնության մասին են վկայում։

Ուշագրավ է, որ Այվազյանն առանց խարանելու և քննադատության է փաստում Չարենց-Տեսանողի կողքին ապրող-չտեսնողների, կամ ավելի ճիշտ՝ սուտն ու կեղծիքը  չտեսնելու տվողների մասին․ Ինքնըստինքյան կախվող հարց՝ «Արվեստագետները, իմաստասերները, պոետները, որոնք հոլի պես պտտվում էին՝ ցուցադրելով իրենց բոլոր կողմերի սքանչելիքները և տեղեկություն չունեին, թե՝ ի՞նչ է կատարվում շրջապատում, կարո՞ղ էին գոնե մի փոքր նայել իրենց ներսում կուչ եկած /ավելի ճիշտ՝ տարածված/ նորին մեծություն վախին և մտածեին՝ ինչո՞ւ և ինչի՞ց է առաջացել վախը Մի՞թե դա տեղեկություն չէր իրադրության մասին։ Եվ հետո՝ արվեստագետին ո՛չ թե պետք է հայտնեն ճշմարտության վերաբերյալ, այլ՝ ինքը պիտի պեղի լինելության ապարի խորքերից, ուր մնաց, երբ այն դրած է մակերեսին»։

Աղասի Այվազյանն անկաշկանդ պեղումների ազատությունն ուներ և ինքնուրույն էր որոնում-գտնում հայի կենսաբանական կառույցն ամբողջացնող կերպարներն ու երևույթները․․․

Ինչ վերաբերվում է վախին հարմարված, այն չտեսնելու տալով ապրողներին, ապա Այվազյանը նրանց հանդեպ մեղադրանք չունի։ «Որովհետև՝ նախ՝ Աստվածաշնչում է ասված՝ «Մի մեղադրի՛ր, որ չմեղադրվես», ապա՝ մեղադրել չի կարելի ոչինչ այն բանը, ինչ է նա։ Կարելի է գիտենալ միայն։ Չարենցը՝ Չարենց է, Ոմնենցը՝ Ոմնենց, Մանդելշտամը՝ Մանդելշտամ է, Նեկտոևը՝ Նեկտոև»։

Աներկբա է Այվազյանի եզրակացությունը՝ «Ամեն ոք իր՝ Աստծո ստեղծած անմեղսակիր տեղն ունի և տեղերը շփոթելու միտումը նաև մի այլ հավակնության դրսևորում է, որ թերևս, շատ դեպքերում ներողամտություն կարող է ակնկալել, բայց ոչ՝ տեղափոխություն»։ 

Ասել է, թե՝ յուրաքանչյուր իրեն ստեղծագործող համարողի կենսաբանությու՛նն է  ամենաճշմարիտ և անսուտ բնորոշիչը նրա երևակվող կերպարի։ Ու մեր կյանքի տարաժամանակյա իրականության մեջ՝ երեկ էլ, այսօր էլ, գալիք օրերում էլ՝ Աղասի Այվազյանի ասած՝ «ոմնենցները և նեկտոևները» անկարող են լինելու գտնվել նույն չափումներում, ուր Տեսանողներն են, վախն իրենց կերպարով կոտրողներն են, համատարած կեղծիքին ու ստին՝ իրենց ճշմարտությունը պարտադրողներն են։

Աղասի Այվազյան-հոգեվերլուծական արձակի վարպետը «վախից ոգևորություն քաղող և սեփական տոտիկի վրա պտտվող» տեսակին էլ քաջ գիտեր, Չարենցին էլ, ուստի վախի մեջ ապրողներից, վախին հարմարվածներից՝ շեշտակի զատում-անջատում է Չարենցին՝ «ցեղի շալակտարին, սիրահեղց ու կնամեծար, փոքրամարմին ու ջղային, հակաքրիստոսի ճիրաններում, հայկական պատյանի մեջ»։  

Չարենց՝ «Ցեղի շալակտար»։

Ես կամեցա այս էակա՛ն տիրույթում շեշտել շատ կարևոր զուգահեռումը նրանց երկուսի․․․

2007-ի նոյեմբերյան մի օր արվեստաբան Հենրիկ Իգիթյանը, ով բացառիկ էր իր գնահատողական տաղանդի մեջ, մեր զրույցի ընթացքում Աղասի Այվազյանի մասին  նույնը արդեն փաստել էր՝ «Աղասին ազգի բեռը իր ուսերին էր տանում»։

Շալակտարի արտերևույթը․․․Պարբերաբար կրկնվող․․․

 

Անահիտ Եսայան

 

... ... ...