«Չաո»-ն երեկ, այսօր և վաղը

Հաջողված բեմադրության նախապայմաններից մեկն ամուր դրամատուրգիայով և ուշագրավ թեմայով գրական հիմքն է: Այս ճշմարտությանը բեմադրիչները բախվում են դեռ ռեժիսորական կուրսում սովորելու շրջանում, երբ տասնյակ պիեսներ են ընթերցվում մինչև գտնվում է այն պարարտ հողը, որտեղ կարող են ծիլ տալ ու աճել ռեժիսորական մտքի սերմերը: Կուռ դրամատուրգիայով գործը գանձ գտնելու է համարժեք ռեժիսորի համար և բնականաբար գտածոն ձեռքից բաց թողնել նա ոչ մի դեպքում չի ուզում: 

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկում Մարկ Սովաժոնի «Չաո» սիրային կատակերգությունը ամենաերկարակյաց ներկայացումներից է: Տարիներ առաջ գործը բեմադրվել և նկարահանվել է հեռուստաներկայացման ձևաչափով (գլխավոր դերերում՝ Արթուր Ութմազյան, Շաքե Թուխմանյան), 1997թ Հրաչյա Հարությունյանի բեմադրությամբ և գլխավոր հերոսի՝ Վենսանի, մարմնավորմամբ կատակերգությունն իր հաստատուն տեղն է գտել խաղացանկում և մնացել անքան, որքան թույլ կտար դերասանների կենսաչափական տարիքը:

«Ամենակենսունակ խմբերն էլ թարմությունը պահում են այնքան, որքան դերասանական մեկ սերնդի լիարժեք ստեղծագործական կյանքն է»:(Հ.Հովհաննիսյան)

Երբ Հայաստանի վաստակավոր արտիստներ Լուիզա Ղամբարյանն ու Հրաչյա Հարությունյանը 20-25 տարեկան երիտասարդներ խաղալու համար արդեն  հասուն տեսք ունեին, ներկայացումը դուրս եկավ խաղացանկից: Մի քանի տարի անց սերնդափոխված դերասանակազմով և ժամանակակից հնչողությամբ «Չաո»-ն վերադարձավ՝ 21-րդ դարի երիտասարդներին թատրոն կանչելու:  Հետաքրքրական է, որ գլխավոր հերոսներին մարմնավորած արտիստները կրկին զբաղված են՝ Ժերոմ Կուֆիսելի և տիկին Մարտինեի դերերում:

-Որպես դերասանուհի «Չաո»-ն ինձ համար այցեքարտ եղել է, -նշում է Լուիզա Ղամբարյանը,- Եվ երբեք մտքովս չի անցել, որ նույն պատմության մեջ կարող եմ այլ կենսագրություն կրել:

«Սեր» և «սերունդների բախում». այս երկու հավերժական թեմաների շուրջ է հյուսված Մարկ Սովաժոնի «Չաո»-ն: Գաղափարներ, որոնք ժամանակավրեպ չեն, ինչի արդյունքում էլ կատակերգությունը տասնամյակներ շարունակում է բեմադրության համար ցանկալի նյութ լինել: Ֆրանսիացի հեղինակը ֆրանսերեն բնօրինակում էլ է վերնագրել «Չաո», ինչը պահպանված է թարգմանություններում և ուշադրություն է գրավում: Ոչ՛ ֆրանսերենում, ոչ՛ թարգմանական լեզուներից որևէ մեկում (այդ թվում նաև հայերենում) չկա մի բառ, որն օգտագործվի և՛ ողջունելիս, և՛ հրաժեշտ տալիս: «Չաո» ասելով կարող ենք «բարև», «առայժմ», կամ «մնաս բարով» հասկանալ, իսկ թե հերոսներն իրականում բառի որ իմաստային նրբերանգն են հաղորդում, բացահայտվում է տեսարանների շղթայով:

1997թ բեմ բարձրացած ներկայացման տեսագրությունը հասանելի է համացանցում: Հոդվածի ելակետային դրույթը նոր բեմադրության վերլուծությունն է, բայց որոշ զուգահեռներ այնուամենայնիվ կանցկացնենք: Փոքր-ինչ զարմանալի է հայ հանդիսատեսի սերն այս նյութի հանդեպ: Եթե այսօր մեր հանրության համար գիշերային ակումբում ծանոթացող ու սիրահարվող երիտասարդների պատմությունը առանձնապես զարմանալի չէ, ապա գրեթե երեք տասնամյակ առաջ սա բացառիկ խայտառակ մի դիպված կորակվեր, որը պարադոքսալ կերպով բեմական լույսերի ներքո հաճելի է եղել դիտել: Հանդիսատեսը թատրոնում իր կյանքի արտացոլքը չի փնտրում, նա ուզում է տեսնել ուրիշ մարդկանց, մի դեպքում ավելի հերոսական, այս դեպքում ավելի խենթ ու համարձակ:

«Սա լրիվ նոր նեկայացում է իր բեմադրաոճով, դերասաններով, ռիթմի զգացողությամբ» վստահեցնում է Սոֆիի դերակատար Դիանա Մալենկոն: Ներկայացումը նոր է, բայց այն չենք շտապի որակել նոր բեմադրություն: Այո՛, սերնդափոխվել է դերասանական կազմը, փոխվել են բեմանկարչական որոշ  լուծումներ, ժամանակակից շքեղ լուսային ձևավորում է օգտագործված, երաժշտական ձևավորումն է ողողված մերօրյա հիթերով և ամենամեծ փոփոխությունը՝ էկրանը, որը զբաղեցնում է ամբողջ հետնավարագույրը: Այսքան նորամուծությունների կողքին բեմադրության հիմնական կառուցվածքը, երկխոսությունները, տեսարանից տեսարան պարային անցումները տառացի կրկնվում են: Ի վերջո, երկու դեպքում էլ բեմադրիչը Հրաչյա Հարությունյանն է, հետևաբար սեփական բեմադրական լուծումները կրկնելը, նույն նյութը բեմադրելիս քննադատության առիթ չի հանդիսանում: Ավելի դիպուկ և ազնիվ կլինի այս ներկայացումն անվանել վերականգնված, կամ նորացված բեմադրություն:

Ներկայացումը սկսվում է էկրանից, Երևանի փողոցում թափառաշրջիկ երաժիշտների ելույթով: Հանդիսատեսն, իհարկե, ճանաչում է Ներսես Ավետիսյանին և կատարումն էլ նոր չէ նրա ականջին: Մի քանի տեսարան անց պարզվելու է, որ Ներսեսը խաղում է գլխավոր հերոսի՝ Վենսան Մարտինեի դերը, իսկ էկրանին բնավ էլ Երևանը չէր: Հանդիսատեսը չգիտի հավատալ աչքերին, թե ականջներին:

Ներսես Ավետիսյանի մասնակցությամբ ներկայացումներում ավանդույթի ուժ է ստանում նրա երաժշտական կատարումների առկայությունը: Վենսանը երաժիշտ է և այս իմաստով ներկայացման նման սկիզբն արդարացված է, բայց և ծանոթ մեղեդին կենտրոնացումը շեղում է դեպի Ներսես Ավետիսյան երգչի արվեստ: Մյուս կողմից գեղեցիկ ձայնն այն  «զենքն» է, որով հարստանում է Ավետիսյանի ներկայությունը բեմում: Հրաչյա Հարությունյան-Վենսանն անմիջապես հավաքում է հանդիսատեսի հայացքը և բեմում վերածվում ծանրության կենտրոնի, իսկ Ավետիսյան-Վենսանը գրեթե միշտ խաղընկերոջ ստվերում է մնում: Հավասարակշռություն կա միայն առաջին՝ հայր և որդի տեսարանում, երբ Անտուան Մարտինեին մարմնավորող Արմեն Բարսեղյանը նստած է առաջնաբեմի անկյունում, իսկ Ավետիսյանն ակտիվ շարժվում ու կիսագոռալով փորձում է հաստատել իր տեսակետի ճշմարտությունը: Ավետիսյանը մնում է հանդիսատեսի դիտակետի ստվերում՝ հատկապես Վենսան-Սոֆի տեսարաններում: Սոֆիի դերում դուբլորային սկզբունքով զբաղված են Դիանա Մալենկոն և Մարիամ Ադամյանը: Տեսարաններ, որոնցից պետք է հորդեր նոր ծնվող սիրո լույսը, գործող անձանց վարքագիծն ամբողջական չէ, կորչում է պատճառահետևանքային կապը, դժվարությամբ ենք ընկալում բեմական հակազդումն ու հերոսների փոխհաղորդակցումը: Մարիամ Ադամյան-Սոֆիի խաղը համոզիչ ու լիքն է, տեսնում ենք վիճակի անմիջականություն: Նա պահն ընդունում է այնպես, կարծես նոր է ապրում: Ուշադրության է արժանի «ես արհեստական ծաղիկներ չեմ սիրում» տեսարանը: Կեղծ ու շինծու փոխհարաբերությունների խորհրդանիշ են արհեստական ծաղիկները, և նույն նախադասությունը դերասանուհին մի քանի անգամ արտասանում է տարբեր էմոցիոնալ պաշարով: 

Լինելով կատակերգություն՝ «Չաո»-ն հարուստ է բավականին խորիմաստ դրվագներով: Այդպիսի օրինակ է Սոֆի-Ժերոմ Կուֆիսել տեսարանը, երբ դուստրն, ի վերջո, համարձակություն է հավաքում հոր աչքերի մեջ նայելով խոսել իր անսեր մանկության մասին:

Կարծում եմ նորացված «Չաո»-ն ևս երկար կմնա խաղացանկում, հանդիսատեսին ժպիտներ նվիրելով և մտորելու առիթներ տալով:

Ի՞նչ է հարստությունը… Աշխարհի տարբեր երկրներում բանկային հաշիվներ, թե՞ սուղ ֆինանսական միջեցներով, բայց սիրո ու համերաշխության մթնոլորտում մեծանալու հնարավորություն: Ի՞նչ է սերը… Հասարակական բարձր դիրք ունեցող զուգընկեր ընտրելու կարողությո՞ւն, վայրկենական առկայծող զգացմո՞ւնք, քիմիա՞, ներդաշնակությո՞ւն, թե մի ուրիշ բան:

 

Վանուհի Սեթոյան