Ճապոնացիներն են գալիս

Ինձ չի հուզում, թե որքան լայն է ծովածոցը։ Եթե նրանք ապրում են այնտեղ, Օքլենդում, ինչո՞ւ նրանք չեն մնում այնտեղ։ Եվ եթե նրանք ապրում են այստեղ, Ֆրիսքոյում, ինչո՞ւ նրանք կանգ չեն առնում այստեղ։

Ես իմ ամբողջ կյանքում այդքան խելագար չեմ տեսել․ միշտ գնում ու գալիս են, երբեք մի տեղում չեն կանգնում։ Եվ ես կուզենայի իմանալ, թե ի՞նչ են գտնում նրանք այդպիսի կյանքում, և ի՞նչ ունեն դրանից։ Ետ ու առաջ, և միշտ փութկոտության մեջ, ասես թե պատրաստվում էին ինչ-որ կարևոր բան անել։

Դե ի՞նչ են նրանք անում, գրողը տանի։

Կարծում եմ՝ ես գիտեմ։ Նրանք գրասենյակային աշխատողներ են, և ամբողջ օրը նստում են սեղանի մոտ, գործնական թղթերով կապիկություններ են անում և համանման բաներ։ Նրանք ավելի ոչինչ չեն անում, քան որ ես եմ անում՝ թերթեր եմ վաճառում։ Ուրկից ծնունդով ես եմ՝ հովտում, մարդիկ առանձնապես ոչ մի տեղ չեն գնում։ Գուցե թե շաբաթը մեկ գնում են մոտակա քաղաք կինո նայելու կամ շրջակայքում փոքր-ինչ պարելու, բայց նրանք գժի պես չեն վազում, ինչպես քաղաքաբնակները՝ միշտ փութկոտության մեջ։

Գուցե թե ես այն քչերից մեկն եմ, ով հովտից այսքան հեռու է եկել՝ երկու հարյուր մղոն առանց կանգառի, չհաշված սենդվիչներ վերցնելու մի քանի կանգառները, ընդամենը հինգ րոպե, որպեսզի մարդիկ կարողանային իջնել ավտոբուսից և գնային զուգարան կամ խմեին ու սենդվիչ ուտեին։ Իսկ երբ ես տուն դառնամ, եթե վերադառնամ, կարծում եմ, բոլոր թոշակառուները Սելմայում կհարցնեն, թե ես ինչ եմ տեսել, և ես նրանց կպատմեմ։

Ես խելացնոր վազող մի բոլուկ մարդ տեսա: Ես նրանց կպատմեմ։ Ես տեսա հազար-հազարավորների նավերում` նստում և ելնում են, և հետուառաջ են անում ծովածոցով, ասես ոչինչ էլ չի պատահել։

Եթե ինձ իսկ չհամակի ճամփորդելու տենդը, ես կվերադառնամ հովիտ ու ամենքին կպատմեմ, թե ինչի նման է մեծ քաղաքում ապրելը։ Ես երբեք չեմ տեսել միաժամանակ այդքան շատ դժոխք ու խառնաշփոթ, առանց հարգելի պատճառի։ Կարելի է կարծել, ահա-ահա ինչ-որ բան կպատահի, ես ահա արդեն երկու շաբաթ թերթեր եմ վաճառում լաստանավերի գետանցի շենքի մոտ և ոչինչ չեմ տեսնում։ Դե, ես շատ մանր-մունր բաներ տեսա, բայց այս մարդիկ այնպես են հետուառաջ փութում, որ կարելի է կարծել, որ շուտով պատերազմ կսկսվի կամ ավելի վատ մի բան։

Դուք կարծում եք գուցե թե ճապոնացիները եկել են միլիոնավոր նավերով Տոկիոյից, որպեսզի ռմբակոծեն քաղաքը կամ ևս ինչ-որ բան: Բոլորն իրար անցած թռչկոտում են շուրջբոլորը, ասես ամբողջ քաղաքը լի է մարդկանցով, որոնցից յուրաքանչյուրի շալվարում կարմիր մրջյուններ են վխտում։

Ուրկից ես եմ սերում, մարդիկ ամեն ինչից անտեղյակ են ու ամեն ինչ հեշտ են տանում։ Մենք թերթեր ենք ստանում և իմանում ենք, որ ճապոնացիները պատրաստվում են ներխուժել Քալիֆորնիա, բայց մենք միշտ կարծում ենք, որ Սելման դա վերջին վայրն է, որ նրանք կուզենային նվաճել, որովհետև այն, գրողը տանի, հեռու է ամենայն կարևոր բաներից և այնքան մենավոր վայր է, պարզապես մի փոքրիկ քաղաք առանց որևէ իրական սկզբնապատճառի, որպեսզի այնտեղ որևէ մեկն ընդհանրապես լինի, Բացի Հարփերից, իհարկե, ով սխալվեց երեսունհինգ տարի առաջ ու այստեղ հանրախանութ հիմնեց ու այդ ժամանակից ի վեր բոլորից գժված է։ Մենք երբեք չենք անհանգստանա, արդյոք կգան ճապոնացիները, թե չէ, որովհետև, ինչպես ասում է իմ քեռի Սթենլին, դե որ մի գրողի տարածի պատճառով անհանգստանանք ճապոնացիների համար, միայն թե չստիպեն ճապոներեն խոսել, թե չէ այն չափազանց դժվար է սովորել՝ ես փորձել եմ։

Ես և քեռի Սթենլին միասնաբար փորձեցինք։ Մեր քառասուն ակրանոց խաղողի այգում մի տարի առաջ ճապոնական ընտանիք էր աշխատում, և ես ու իմ քեռի Սթենլին փորձում էինք սովորել այդ լեզուն, բայց մենք հրաժարվեցինք դրանից։ Մենք Սուկիոյին ու նրա կնոջն ասացինք, որ նրանք հենց այնպես, բազմազանության համար փոքր-ինչ ամերիկերեն սովորեին։ Դե ինչի նման է՝ ճապոներեն սովորել, որպեսզի միայն հասկանաս, թե նրանք ինչ են պատրաստվում անել ագարակում։ Մենք դրան վերջ դրեցինք և խնդրեցինք հենց նրանց փոքր-ինչ ամերիկերեն սովորել, դե թեկուզ շատ քիչ, դե նրանք մեկ էլ մի երեք ամսից գնացին։ Ասացին, թե իբր, մենք իրար չենք հասկանում, իսկ ինչ միտք ունի քառասուն ակր մշակելը, եթե ոմանք չեն հասկանում, թե ի՞նչ են պատրաստվում անել մյուսները։

Սուկիոն ամենանյարդային  փոքրիկ ճապոնացին է, որ ես երբևէ տեսել եմ։ նա ուզում էր մեր խաղողի այգին վերածել նմուշօրինակի։ Ահա թե որքան հեռու մենք գնացինք լեզվի մեջ։ Ահա թե որքան խորունկ ընկալեցինք նրա մտահղացումը։

Քեռի Սթենլին ասաց․

-Գլուխս բան չի կտրում էս խճճված լեզվից։ Ես կարծում եմ, Սուկիոն ուզում է հիսուն տոկոսով բերքատվությունը բարձրացնել և արմատախիլ անել քսանամյա վաղեմության որթը, իսկ դրա փոխարեն ալիկանտեի նոր վազ տնկել, որ երեք անգամ ավելի թանկ է։ Եվ մեկ էլ, ինձ թվում է, պատրաստվում է նոր ցախատուն սարքել և ազատվել մեր ծեր, քնձռոտ կաղլիկ ձիուց։ Երբեք էսպիսի խճճված լեզու չեմ տեսել, ինչպես ճապոներենը։ Երևի թե, Սուկիոն ուզում է էստեղ տրակտոր բերել և խաղողի այգին գիտականորեն մշակել։ Երբեք չես հասկանա, թե նրա մտքին ինչ է։ Մենք առանց այդ էլ խելքից դուրս գործ ունենք։ Ես և քեռի Սթենլին փորձում էինք Սուկիոյին համոզել, որ նա պարզապես կատարեր ընտել գործը և չանհանգստանար մեր բերքի համար, բայց նա նյարդային ճապոնացի է, և մենք այդպես էլ ընդհանուր լեզու չգտանք։ Նա մշտապես խոսակցության պահին վեր էր թռչում, ճապոներենին ամերիկերենը խառնած բլբլալով, վազում էր դռան մոտ և քաղաքավարի սպասում էր, մատնացույց անելով խաղողի այգին և իր լեզվով բլբլալով։ Ասում են, բոլոր ճապոնացիներն էլ այդպիսին են, տեղ ու դադար չեն գտնում, նրանք միշտ ուզում են ինչ-որ բանով զբաղվել, և ես ու քեռի Սթենլին դրա դեմ ոչինչ չունեինք։ Մենք ասում էինք, քանի որ ճապոնացիները սիրում են գրաստաձիու պես բանել, դա նրանց խնդիրն է, իսկ այլ բարդություններ մենք նրանց հետ չունեինք։

Երեք ամիս այն բանից առաջ, որ Սուկիոն մեզ հրաժեշտ տվեց, սրբելով ճապոնական արցունքները ճապոնական դեմքից, քեռի Սթենլին կարդաց Հերսթի թերթում, որ ճապոնացիները պատրաստվում են մեզնից գրավել Քալիֆորնիան։ Հիշում եմ, որ այդ դիպվածը քեռուս մեծագույն հուզմունքի մեջ գցեց։ Նա տուն եկավ թերթով, երբ Սուկիոն ու կինն ընթրիք էին պատրաստում։ Մենք բոլորս մի հարկի տակ էինք ապրում, քանի որ քեռի Սթենլին համարում էր, որ իմաստ չունի, որ մենք տեղափոխվենք Սելմա, այն բանի համար, որ Սուկիոն մեր փոխարեն անում է մեր աշխատանքը, առավել ևս, որ մենք ուզում էինք փոքր- ինչ սովորել նրա լեզուն։

-Ահա էստեղ գրում են, -ասաց քեռի Սթենլին, -իբր թե ճապոնացիները պատրաստվում են գրավել Քալիֆորնիան։ Դե, Սուկիո, ի՞նչ կասես դրան։ Քո կարծիքով, նրանք շո՞ւտ կհայտնվեն այստեղ, թե դրանք պարզապես ասեկոսեներ են։ Ի՞նչ կասես, Սուկիո։ Ի՞նչ ես կարծում, արդյոք ճապոնացիներին պե՞տք է գրավել Քալիֆորնիան և ի լրումն մեր կողմերն էլ հետը, մեր ավանաքաղաք Սելման իր բոլոր խղճուկ խաղողի այգիներով, որոնք նույնիսկ բանկերը գրավ չեն վերցնում։ Ես ահա թե ինչ եմ մտածում՝ եթե ճապոնացիներն իրոք գրավեն մեր երկիրը, ապա նրանք պարզապես հիմարներ են, որովհետև նրանք մեծ խնդիրներ կունենան։ Այս խաղողի այգին ես սկսել եմ մշակել քսան տարի առաջ, և ես ի՞նչ ունեմ դրանից։ Ջլատված մեջք, այն գարնանից, որ Ջերին կատաղեց տաղտկալի կյանքից ու սիրուց, դուրս պրծավ, ջարդեց գութանն ու համարյա թե հոգիս հանեց։ Բայց այն ժամանակից, որ Գուվերը նախագահության համար իր թեկնածությունը դրեց, իմ ձեռքին ոչ մի անգամ կարգին փող չի եղել։

Սուկիոն սարսափեց, երբ լսեց թերթի հոդվածի մասին, իսկ նրա պստլիկ կին Օկան՝ ճիշտ ու ճիշտ ասես աղջնակ՝ ճապոներեն քմծիծաղեց։

Քեռի Սթենլին ասաց․

-Ահա թե ես քեզ ինչ կասեմ, Սուկիո։ Եթե դու կապի մեջ ես Ճապոնիայի կայսերական կառավարության հետ՝ դուք լսեիք, թե ինչպես քեռի Սթենլին արտասանեց այդ բառերը՝ ասես երևելի դիվանագետ Վաշինգթոնից, -ապա ավելի լավ է գրիր քո տղաներին, Սուկիո, և ասա՝ հանուն ամենայն սրբության, մտքներիդ չդնեք նմանատիպ բան անել։ Թող մեր նահանգի հետ գործ չունենան, գրողի տարածը բանի պետք չի, չէ որ ես գիտեմ։ Ես էսքան չարքաշություն եմ անում, բայց գրոշ անգամ չեմ վաստակել՝ տանելու բան չի։ Ով է տեսել, որ դե իմ տարիքի մարդը գաղտուկ սողոսկի սեանսների առանց տոմսի, որ մի տասը ցենթ է և ինչը ես չունեմ, որպեսզի հանգիստ կինո գնամ ու նստեմ ինչպես վայել է ջենթլմենին ու ֆիլմ նայեմ։ Դա ինչի՞ նման է։ Կարծում ես ամոթից ու նվաստացումից սրտիցս արյուն չի կաթո՞ւմ։ Եթե քո խոսքը ձեր տղերքի համար ինչ-որ նշանակություն ունի, Սուկիո, ապա շտապիր նրանց ասել, որ քիթները չխոթեն, ուր որ պետք չի, թե չէ նրանք էստեղ աղի արցունք կթափեն։ Սուկիո, դու ինչ-որ բան գիտե՞ս այդ ֆանտաստիկ ծրագրի մասին։ Բարեկամս, դու Ճապոնիայի կայսերական կառավարության հետ մշտական կապ պահպանո՞ւմ ես։ Չգիտեմ, ինչ է ձեր կայսրի անունը, Սուկիո, բայց եթե դու նրա հետ մոտ ես, ժամանակ մի կորցրու, ասա նրան, թող հարազատ հողից ոչ մի քայլ չկտրվի։ Ամենը, ինչ ձեզ այստեղ սպասում է՝ այդ ջարդոտած ողնաշարն է, ինչպես իմը։ Եվ մեկին տասը դնում եմ, դուք կյանքում ձրիաբար կինո չեք սողոսկի, ինչպես ես եմ դա կարողանում։ Սուկիո, դու ի՞նչ գիտես էդ խելակորույս ծրագրի մասին։

Սուկիոն դողդոջուն տերևի պես դողում էր, բայց նրա պստլիկ կին Օկան լոկ քմծիծաղում էր, լսելով Քեռի Սթենլիի խոսակցությունը։ Նա պաշտում էր նրա խոսելաեղանակը։

-Ոչ, ոչ, -ասաց Սուկիոն։

Նա ճապոներեն մի քանի բառ արտասանեց, բայց մենք դրանք չհասկացանք։ Իսկ այնուհետև կրկնեց․

-Ոչ, ոչ, Ճապոնիան  խաղաղասեր երկիր է։ Ճապոնիան խնդիրներ չի ուզում։ Ճապոնիան շատ աշխատել, ընտանիք պահել է ուզում։ Ոչ, ոչ, -պնդում էր Սուկիոն։ Ճապոնիան խնդիրներ չի ուզում։

-Դուք մի բոլուկ անախորժություններ կունենաք, -հավաստիացրեց նրան քեռի Սթենլին։ Ամեն տարվա ամեն օրը դուք թաղված կլինեք եռման ջրի մեջ։ Նվազ ծանր մարդիկ, քան ամերիկացիք, լարման տակ կճկռեն, Սուկիո: Դուք ակնթարթաբար կդժբախտանաք։ Ինքներդ կվազեք Ճապոնիա տանող մոտակա նավի վրա։ Կվերածվեք նյարդերի կծիկի, Սուկիո։ Դուք ընտել չեք էնպիսի դժվարությունների, ինչպես մենք, ամերիկացիք։ Մենք այնքան վաղուց ենք թաղվել էս ամենի մեջ, որ նույնիսկ ուշք չենք դարձնում, բայց դուք կշվարեք։       

-Օ՜հ, ոչ, ոչ, -ասաց Սուկիոն։ -Օ՜հ, ոչ, ոչ, ոչ։ Ճապոնիան չի ուզում Քալիֆորնիան։ Ճապոնիան ուզում է շատ աշխատել ու անախորժություններ չունենալ։

-Ես ինքս էլ միշտ էդպես եմ կարծել, -ասաց քեռի Սթենլին։ -Ես ձեզ միշտ խաղաղ, դեմոկրատ տղերք եմ համարել։ Բայց ահա՝ այդ մասին գրված է թերթում, Սուկիո, սևով սպիտակի վրա, մեծ խորագրերով։ Էնպես որ օգնիր ինձ։ Այստեղ ասված է, որ դուք ուզում եք տիրանալ մեր խաղողի այգիներին։ Մարդու հավատը չի գալիս, որ դուք էդպիսի հիմարներ եք։ Մենք՝ ամերիկացիներս, տոկուն մարդիկ ենք, մեզ ոչնչով չես խաբի։ Մենք պատրանքներ չենք փայփայում։ Այս հովտում բոլորը գիտեն, որ տարեցտարի գետնաջրերը ավելի ու ավելի նվազում են, և շուտով էստեղ նորից անապատ կլինի։ Եվ, ըստ իս, ինչքան շուտ, այնքան լավ։ Ամբողջ հովիտը պատկանում է պոզավոր դոդոշներին ու ճագարներին, Սուկիո։ Աստված վկա, պատկանում է։ Պոզավոր դոդոշներն ու ճագարները երբեք էստեղից չեն չքվի։ Նրանք կսպասեն, որ ջրի մակարդակը վերջնականապես իջնի, և պոմպերը չկարողանան դրանք դուրս քաշել։ Եվ երբ մենք բոլորս փասափուսաներս հավաքենք ու էստեղից գրողի ծոցը կորչենք՝ Նեբրասկա, Այովա և Քենթուքի՝ այնտեղից, որտեղից մենք սերել ենք սկզբնապես, և մեզ կշվարեցնեն բոժոժավոր օձերն ու լալկան բազեները, պրերիայի շներն ու մողեսները, որոնք կծիծաղեն մեր բթամիտ գլուխների վրա, մեզ նման խելագար մոլագարների վրա, որ իրենց են ուզում ենթարկեցնել մայր բնությունը և բոլոր մնացյալ բաները, և ես ոչնչում նրանց չեմ մեղադրում։ Ոչ ես, թույլ տուր քեզ ասել, Սուկիո։ Ոչ Սթենլի Էթհին։ Չէ որ հիմարին էլ պարզ է, որ այս երկիրը պիտանի է միայն կակտուսների համար։ Ահա կակտուսները դուրս են պրծնում բոլոր ծակուծուկերից, հենց խաղողի այգիներում։ Փույթ չի, թե դու ինչքան ես կատարելագործվում, չարքաշություն անում և անհանգստանում։ Դուք պետք է որ խելագար լինեք որպեսզի վերցնեք այս հողը ու փորձեք դրա հետ ինչ-որ բան անել։ Դուք բնությունից արտիստիկ եք, և լարումն ակնթարթաբար ձեզ կկոտրի։ Դուք նրբակիրթ ու լուրջ մարդիկ եք, բայց մենք ամերիկացիներ ենք, մենք կոշտ ու կոպիտ ենք ու ծիծաղում ենք ձախորդությունների վրա։ Մենք այնքան երկար ենք եղել ձախորդության մեջ, որ դա մեզ կատակ բան է թվում։ Կարծում ես մենք չգիտե՞նք Սուկիո, որ քաղաքականությունը կեղտոտ բան է։ Կարծում ես չգիտե՞նք որ հասնողը մեզ թալանում է։ Չէ, մենք ամեն ինչ գիտենք, Սուկիո։ Պարզապես մեր արյան մեջ է բավարարվել քչով, և շաբաթը մեկ լավ կինո գնալ։ Մենք չենք պատրաստվում էս անապատը դրախտավայրի վերածել, մենք գիտենք՝ այն պատկանում է բոժոժավորներին ու մողեսներին։ Եվ մենք միայն սպասում ենք, որ ջուրն այնքան խորը կթաղվի, որ նույնիսկ մեր լավագույն պոմպերը չեն կարող դրանք դուրս քաշել։ Այս է ամենը եթե դու ընդհանրապես ինչ-որ բան հասկանում ես մարդկային բնույթից, Սուկիո․ ապա քեզ պիտի հայտնի լինի, որ Քալիֆորնիան ճապոնացիների նման նրբակիրթ մարդկանց տեղ չի։ Ասա քո կառավարությանը, որ հեռու մնան էս անապատից։ Դու ի՞նչ ես կարծում, Սուկիո, ճապոնական նավատորմիղը մինչև գարուն կհայտնվի՞ էստեղ։ Կուզենայի ես տեսնել, թե ինչպես եք դուք ճկռում էս անապատում։ Ես ինքս, երևի թե, վերածվում եմ անապատի շան։ Ես կարծում եմ, որ իմ մեջ բորենու վարքագծեր են զարգանում։ Եվ ահա թե ես քեզ ինչ կասեմ, Սուկիո։ Ես շատ բան կտայի, որպեսզի տեսնեի, թե քո համերկացիներն ինչպես են էստեղ հիմարանում, քեզ նախօրոք եմ ասում, որ կգա ժամանակ, երբ ես ձեզ կպարգևեմ զվարթ հա-հա, մեծ ձիու ծիծաղը, որովհետև դուք ոչինչ չեք կարողանա անել այս տեղի հետ, Սուկիո, դա բախտաթղթերում չի, և ես կքոչեմ Քենթուքի, որտեղից եկել եմ երեսուն տարի առաջ հորս ու մորս հետ, միայն այն բանի համար, որ երևի թե կկարոտեմ տանը, որովհետև գիտեմ այս երկիրը ինչպես երեխան իր մորը։ Ես ընտելացել եմ նրան։ Ընտելացել եմ տարվա եղանակներին, Սուկիո, գարնանն ու ամռանը, աշնանն ու ձմռանը, և ինձ համար միևնույն է, թե ես մինչև կյանքիս վերջը մի գրոշ էլ կաշխատեմ, թե չէ։ Ես ընտել եմ թույլատրելու ձմերուկներին ու սեխերին աճելու  ինչպես խելքներին փչի և մեծանալ։ Այս է ամենը։ Մենք Հոմերի հետ չենք ուզում շատ փող վաստակել։ Մենք միայն ուզում ենք հետևել տարվա չորս եղանակների փոփոխությանը։ Դուք՝ ճապոնացիներդ, այլ եք, և դու դա գիտես, Սուկիո։ Դուք անընդհատ ձգտում եք ինչ-որ բանով զբաղվել։ Ո՞ր գրողի տարածի համար։ Թուզը ոչինչ չարժի։ խաղողը ոչինչ չարժի։ Ամենակարող Աստված, Սուկիո, եթե դուք նվաճեք Քալիֆորնիան, դա հանցագործություն կլինի։ Ի՞նչ ես կարծում, Սուկիո, ճապոնական նավերը մինչև գարուն կհասնե՞ն էստեղ։ Ես պարզապես անհամբերությունից պայթում եմ, որպեսզի տեսնեմ, դե դուք ինչպես կթռչկոտեք էս անապատում։

-Օ՜հ, ո չ, միսթր Էյթի, -ասաց Սուկիոն։ -Ոչ, ոչ, ոչ, ճապոնացիները սիրում են շատ բանել և խնդիրներ չունենալ։ Ճապոնիան պատերազմ չի ուզում։

-Ի՞նչ պատերազմ, -ասաց քեռի Սթենլին, ծալծլած թերթով խփելով ծնկին: -Ինչ, այ մարդ, ոչ մի պատերազմ էլ չի լինի։ Մենք ծիծաղից կթուլանանք, որպեսզի թույլ տանք ձեզ գլուխ կոտրել էս խելագար անապատում։ Դա կկակղեցնի մեր չորացած սրտերը՝ նայել, թե ինչպես է ձեր ժողովուրդը կապիկի պես հիմարացնում իրեն։ Եթե դու, Սուկիո, լրտեսում ես ճապոնիայի կայսերական կառավարությանը, ապա ավելի լավ է ասա քո կայսրին, որ նա երեխայական սխալներ թույլ չտա։ Թե չէ նա պատմության մեջ կմտնի որպես բոլոր ժամանակների ու ժողովուրդների ամենամեծ ավանակը, Սուկիո։ Մի վեց հարյուր տարի հետո նրան կծանակեն պատմության դասագրքերում։ Ջուրը տարեցտարի ավելի շատ է նվազում, Սուկիո։ Երբ ճապոնացիները մուտք գործեն Քալիֆորնիայի ափ, ոչ մի պատերազմ չի լինի։ Հարցրու հովտում ուզածդ ագարակատիրոջ։ Եվ քեզ կպատասխանեմ, որ որքան շուտ, այնքան լավ։ Եթե քո խոսքը ինչ-որ կշիռ ունի կայսեր պալատում, Սուկիո, ասա նրան, որ մեր անապատի վրա աչք չդնի։ Դուք, տղերք, դրա համար չեք ստեղծված։ Մենք՝ ամերիկացիներս, հեշտ մարդիկ ենք։ Մենք ձեր խելագար փառասիրությամբ չենք տառապում։ Դե, վերցնենք թեկուզ և քեզ, Սուկիո։ Դու միշտ ճագարի պես թռչկոտում ես, որպեսզի խաղողի այգին իդեալական կարգուկանոնի բերես, կարծես թե մյուս ամառ ստիպված չես լինի ամեն ինչ նորից սկսել։ Կարելի է կարծել, թե դրանից թզի գինը կբարձրանա։ Լսիր, թուզը կերակուր չի։ Երբ հաց չկա, մենք թուզ ենք ծամում, դա այդպես է, բայց ուզածդ գիտնական քեզ կասի, որ թուզն իրական սննդարար ուժ չի պարունակում։ Մարդկանց թուզը պետք չի։ Ասա կայսրին՝ թող մեկ անգամ էլ ծանր ու թեթև անի։ Ահա թերթում է գրված։ Ես շատ կափսոսամ, եթե կայսրն այդ ամենը լրջորեն է մտահղացել։ Դե էդ ի՞նչ տեսակի մարդ է ձեր կայսրը, Սուկիո։

-Օ՜հ, ոչ, ոչ, -ասաց Սուկիոն։ -Ճապոնիան չի ուզում Քալիֆորնիան, Ճապոնիան ամերիկյան ժողովրդի հետ խնդիրներ չի ուզում։

Քեռի Սթենլին ու Սուկիոն շարունակում էին նույն ոգով մինչև այն ժամանակ, որ ես անտանելի քաղցեցի։ Վեջապես մենք նստեցինք ընթրելու, բայց քեռի Սթենլին անընդհատ խոսում ու խոսում էր ճապոնական ներխուժման մասին, իսկ ես ոչ մի կերպ չէի հասկանում, թե ում համար է նա ավելի շատ մտահոգվում՝ մեր թե ճապոնացիների։

Այսպես թե այնպես, երեք ամսից Սուկիոն հավաքեց ընտանիքն ու հեռացավ մեզանից։ Սուկիոն արցունքն աչքերին հրաժեշտ տվեց։ Ես էլ տխրեցի, որովհետև ես դեռ երբեք չէի հանդիպել այդպիսի նրբակիրթ և աշխատասեր, մտախոհ ու բարեկիրթ մարդկանց։ Ես ու քեռիս մի ամբողջ շաբաթ մտահոգ էինք Սուկիոյի ու նրա ընտանիքի մեկնումից հետո։ Եվ մենք ինքներս ստիպված եղանք զբաղվել եփել-թափելով ու տնտեսությամբ։ Մենք, ի վերջո, թաղվեցինք ամենաանհաշտ վեճի մեջ, որ տեսել էր Սան Հոակիմ հովիտը։ Քեռի Սթենլին ջանում էր ինձ համոզել, թե ես տանուլ եմ տվել, թե ես ստիպված եմ հիմա եփել-թափել ու տանը մաքրություն անել, բայց ինձ չես խաբի։ Առաջինը, մենք ճապոնական փող էինք վեր նետում, որպեսզի որոշենք թե պատրաստելու ու մաքրելու ում հերթն է։ Եթե ես ասում էի «ղուշ», «ղուշ էր» ընկնում։ Իսկ քեռի Սթենլին ասում էր՝ դա գիր է, որդյակս, դու ճապոներեն էնպես չգիտես, ինչպես ես։ Այնպես որ անիմաստ էր ճապոնական մանրադրամը վեր նետելը, քանի որ քեռի Սթենլին հայտնաբերում էր «ղուշը» կամ «գիրը» ցանկացած կողմում, իսկ ես փորձում էի համոզել նրան անել աշխատանքը, բայց նա լսել անգամ չէր ուզում։ Այդժամ ես ծախեցի ձին, և ավտոբուսով գնացի Սան Ֆրանցիսկո, և հիմա արդեն երկու շաբաթ է թերթ եմ վաճառում լաստային գետանցի շենքի մոտ։ Եթե ինձ չհամակի տեղափոխման վայրի մարմաջը, ճամփորդի տենդը, և ես չսկսեմ hետ ու առաջ անել երկրով մեկ, ապա կվերադառնամ Սելմայի խաղողի այգին և քեռի Սթենլիին կպատմեմ քաղաքային կյանքի մասին։ Նա քսան տարի Սելմայից դուրս չի եկել, և, կարծում եմ, օգտակար կլինի իմանալը, թե ինչպես են այդ խելագարները զօրուգիշեր վազվզում և պահում իրենց ինչպես ճապոնացիները, որոնք պատրաստվում են վայրէջք կատարել Քալիֆորնիայում և սովորեցնել մեզ`ամերիկացիներիս, իրենց լեզուն։

 

Թարգմանությունը՝ Ֆարդան Ֆերեշեթյանի