«Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ»

87 տարի առաջ, նոյեմբերի 27-ին մեր գրականությունը մեծ կորուստ ունեցավ՝ վախճանվեց Չարենցը: Եվ արդեն տասնամյակներ շարունակ այս օրը հայ ժողովրդի հիշողության մեջ դաջվել է որպես մեր պոետիկ հանճարի հիշատակի օր: Չարենցի հիշատակի օրվա առիթով «ArtCollage»-ն իր ընթերցողներին է ներկայացնում մի հատված Հովիկ Չարխչյանի «Չարենց և Արմենուհի. Սիրախաղ կրակի հետ» փաստագրական վեպից, որը նվիրված է պոետի ու բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի սիրո զարմանալի պատմությանը:

 

***

1920 թվականի փետրվարը եկավ աննկատ ու անտարբեր: Ժամանակն այդպիսին էր` ոչ մեկին չէր մտահոգում ժամանակը: Մարդիկ ընդամենը զարմանում էին, թե այդ ինչ հրաշքով էր, որ ամեն բան դեռ հոսում էր իր հունով, և մարդկանց զարմանքից հոսքը դառնում էր էլ ավելի տարանցիկ:

Մի քանի շաբաթ նախարարության շենքում գիշերող Չարենցը վերջապես նոր կացարան գտավ Նազարովսկայա փողոցի տներից մեկի կիսանկուղային հարկում ու տեղափոխվեց այնտեղ: Ցուրտ, մթամած սենյակում գրեթե ոչինչ չկար, բացի միայնությունից, և եթե մութն ընկնելուց հետո նա այստեղ էր վերադառնում օրն ավարտելու համար, ապա այդ օրն իր ներսում արդեն սպառած էր լինում նախքան շեմքից ներս անցնելը: Աշխատանքը չէր հրապուրում բայց մխիթարում էր, վաղվա օրը անխոստում էր, բայց բացառելի չէր, միտքը տարուբերվում էր սասանումներից, բայց աներկյուղ էր լողում: Այդ պատճառով էլ Չարենցն իրավունք ուներ կարծելու, որ համակերպության տեսանկյունից իր կացությունն այնքան էլ անամոք չէ, հատկապես որ երբեմն գիշերները հաջողվում էր նաև գրել, իսկ դա առայժմ այն միակ բանն էր, որ նա անում էր մեծագույն հաճույքով:

Ձմեռային քաղաքում երկու բան ջերմություն էին տալիս նրա ցուրտ անձկությանը` բանաստեղծությունը և մտքերն Արմենուհու մասին: Հաճախ դրանք միասին էին գալիս, ու այդ պահերին գիրը դառնում էր թերի, խոհերը` ցաքուցրիվ, քանի որ նրանցից ամեն մեկն ուզում էր ինքը լինել դրության տերը, բայց որովհետև ընտրություն չկար, նա ազատ էր արձակում այն, ինչը ձեռնարձակ լինելիս գուցե և հնազանդ չէր դառնալու, բայց գոնե կլիներ անձևափոխ ու բնածին: Արմենուհու գոյությունը նրա դյուրափոփոխ կյանքում այնքան հանկարծական ու անկանխատես էր, որ շարունակում էր մնալ ժամանակի լուսանցքներում, դեռ ձեռք չէր բերել իրեն պատշաճող բառերի ու մտքերի հանդերձը, դեռ իր գույներով չէր մերվել բազմերանգի ներդաշնակությանը: Եվ ծածուկ երազների ժամերին որքան էլ հեռուն թռչեին Չարենցի խոհերը, կար մի սահմանագիծ, որից այն կողմ փակ էր հորիզոնը նրա սավառնումի ու անրջանքի առաջ:

Չկար նաև այնպիսի մեկը, ում հետ նա կարող էր կիսվել: Ինչ-որ ժամանակ Կարինե Քոթանջյանն էր, որին վստահում էր իր կարոտներն ու թախիծը: Բայց հիմա Կարինեին ոչինչ պատմել չէր ցանկանում: Գիտեր, թե նա ինչ պիտի ասեր, իսկ այն, ինչ պիտի ասեր Կարինեն, իր ուզածը չէր, որովհետև մոլորյալ հոգուն հիմա համախոհ էր պետք, այլ ոչ թե բարոյախոս կամ խոստովանահայր: Ու մնում էր միայն վերջին հավատարիմը՝ բառը, որը նույնպես չկար՝ ի հեճուկս այն մտայնության, թե ամայացումը լրացվում է, կորուստները փոխհատուցվում են և նյութը կորչելու հակումներ չունի: Իսկ երբ ամեն ինչ բացակայում է, գլուխ է բարձրացնում նորին մեծություն համառությունը:

Եվ ահա, այլևս չմտահոգվելով իր քայլերին ժուժկալ խելամտության տեսք հաղորդելու մասին, Չարենցը հետզհետե ընկղմվում էր մտասևեռումների թանձրույթի մեջ՝ պատրաստ գնալու մինչև ամենահեռուն, մինչև ամենաեզրը, մինչև ամենաանիմաստը: Դա առնվազն խելահեղություն էր, բայց նա արդեն ուզում էր խելահեղ լինել, քանի որ չլինելը մեկ ուրիշի վարքագիծն էր, իսկ նրան պետք էր ակնբախության պատկերը, հանուն որի պատրաստ էր ամեն բանի ու պատրաստ չէր ձեռնաթափ լինել:

Ցուրտը նրա համար արդեն խոչընդոտ չէր, և գրեթե ամբողջ ազատ ժամամակը Չարենցն անց էր կացնում անհասկանալի որոնումների մեջ՝ չափչփելով քաղաքի փողոցները: Պատեհ-անպատեհ առիթներով նա կամ հայտնվում էր Ահարոնյանների տան շեմքին, կամ տեղեկանում էր, թե որտեղ կարող է լինել Արմենուհին և իբրև թե բոլորովին պատահմամբ ինքն էլ էր ընտրում այդ վայրը: Զրույցների ժամանակ սևեռուն, խայթիչ հայացքով նայում էր նրան ու ցանուցիր, կցկտուր բառեր էր հեգում, մինչդեռ միտքը անբառ էր ու խարդավան: Գերնպատակը հիմա անուն ուներ, իսկ միջոցների մեջ խտրություն չէր դրվելու: Նվաճման տենդը կլանել էր ոգին ու մարմինը: Նվաճման տենդից գայթակղության կերոնը ծխում էր խանձրահամ ծխով:

Իսկ ո՞րն էր Արմենուհու պատասխանը, ի՞նչն էր լինելու նրա կրակն ու ծուխը հրկիզումների ժամին: Կասկածից վեր էր, Արմենուհին չէր կարող արդեն նկատած չլինել Չարենցի մեղապարտ զգացմունքների անթաքույց շերտերը: Մեկ ուրիշին դա կարող էր նույնիսկ զվարճացնել, կամ զայրացնել, կամ լինել հաճելի: Սակայն կանացի հասունությամբ, կենսափորձով ու նրբանկատությամբ օժտված տիկնոջ ընտրությունն այդքան մեծ չէր և այսուհետ նրան ուրիշ ոչինչ չէր մնում, քան մի կողմից իրեն պահել առավելագույնս զուսպ, երբեմն նույնիսկ սառը, մյուս կողմից լինել այնպիսին, որ չվիրավորեր հիվանդագին ինքնասիրությամբ ու հանդգնությամբ շնչող երիտասարդին: Բայց եթե միայն այդքանը պահանջվեր նրանից…

Ինչ-որ բան արդեն խոտորվել էր: Ջրերն այլևս չէին ուզում հոսել այնտեղ, որտեղ մշտապես թափվել էին: Էության ներհակ ազդակները տագնապ էին հնչեցնում, քանի որ վարժվել էին դիմադրության, բայց հաստատական մերժումը չկար, ինչպես որ չկար վավերական ոչինչ: Իր տիրույթները փակի տակ պահող տիկինը պիտի համոզված լիներ, թե անբասիր վարքին ուրիշ երաշխիքներ պետք չեն, սակայն բանականության հետնախորշերում ծվարած հայացքը, միևնույն է, ամեն անգամ մի թույլ ցնցումից պիտի պտտվեր ու բևեռվեր պատուհանի վայրագույրի նեղ բացվածքի վրա, որտեղից փողոցն էր երևում…

Դա խաղ չէր: Դա  աչառու կռիվ էր ինքն իր հետ: Ու որքան էլ Արմենուհին ջանում էր հոգատար քրոջ ու հովանավորի դերը ստանձնել, այնուհանդերձ արդեն զգում էր, որ Չարենցից ոչ պակաս ինքն էլ անզոր էր լինելու լիովին խեղդել հոգում արթնացող թրթիռները: Օտար մի ձեռք եկել, խախտել էր նրա կյանքի հանդարտ, միապաղաղ ընթացքը, բայց եթե խռովքը շփոթ ու խուճապ էր բերել, այն բերել էր նաև թարմություն, բերել էր արթնացումը նիրհող անձկության, գույներ էր բերել, որոնք խամրել էին ժամանակի ստվերներում: Նա ուզում էր ունեալ թե’ մեկը և թե’ մյուսը: Եվ այդ  երկակի տարուբերումը չէ՞ր նաև պատճառը, որ Չարենցը ճոճվում էր հուսախաբության ու սպասումի անհաստատ թևերի վրա:

Արմենուհին ծփանք էր: 

Ալիքի պես մոտենում, քնքշության ջրեր էր բերում, հետո ետ էր քաշվում` թողնելով երկնչանքի թաց ավազը, որի վրա անընթեռնելի նշանագրեր էին մնում, ու թեև այդ նշանների անսխալ գաղտնազերծումը վեր էր Չարենցի ուժերից, բայց նա գոնե հասկանում էր, որ քանի դեռ դրանք կային, ինքը կարող էր միտքն ու ցանկությունները սնել կրքահարույց հույսերով:

Վաղուց այդքան տաք ձմեռ նրանք չէին ապրել, որքան այդ նահանջ տարվա փետրվարն էր:

Արմենուհին շարունակում էր լուռ համառությամբ մերժել նրա անլուռ  համառությունը` պատսպարվելով դժվարահաճ բարեպաշտության թիկնոցի տակ, բայց միևնույն ժամանակ նա չէր հանդուրժում, եթե Չարենցի հայացքն այլ ուղղություն էր ընտրում, որովհետև թեև Չարենցն իրենը լինել չէր կարող, ապա իրենը պիտի լիներ Չարենցի հիացմունքը, և այդ հիացմունքը Արմենուհին ոչ մեկի հետ կիսել չէր ուզում:

Անորոշությունը լցվում, շեղջվում, ծանրանում էր: Ներքին մի ձայն երկուսին էլ հուշում էր, որ այդպես անվերջ շարունակվել չի կարող, ամեն ինչ իր վախճանն ունի, իր ելքը, իր տարողության վերնագիծը: Իսկ դրան դեռ հասնել էր պետք՝ երբեմն խոյանքով, երբեմն պարզապես սպասումով:

Չարենցը սպասման մի եղանակ գիտեր. հապաղումի սփոփանքը գտնել գրասեղանի առաջ` իր ապրումների ու թղթերի հետ ներանձնացած: Բայց հիմա նրա ներշնչանքը թափուր էր ու կողոպտված: Տողը լքել էր նրան: Եվ նրանից երես էր դարձրել չափակցումը: Եվ հեռացել էր զուգակցորդ պատկերն՝ իր հետ տանելով հետևանքի արտացոլման իսկությունը: Չարենցը գուցե պատճառ ուներ կարծելու, որ ինչ-որ առումով երջանիկ կարելի է համարել այն մարդկանց, ովքեր դժվարանում են իրենց հույզերը բառերի վերածել, որովհետև նրանք, որոնց դա մասամբ հաջողվում է, կորցնում են զգացմունքի նախաստեղծ վիճակը, բնազդային հուշումների, անմշակ հոսքերի, ներքին ընդվզումների ինքնաբուխ անկեղծությունը: Նա, ով իր ներապրումը բառի է վերածում, փոխակերպման ճանապարհին մի կողմ է թողնում անպատմելին և ուրեմն կորստյան է մատնում ամբողջ ճշմարտությունը՝ հանուն իրողության ստվերի: Բայց Չարենցը հիմա ամբողջն էր ուզում՝ իր լիածիր տեսիլքը, և պատրաստ չէր ոչինչ զիջել հանուն հոգեհույզ բանաստեղծության: Չարենցը համառում էր, էջերը մնում էին անզբաղ ու անգիր:

Թվում էր, այդ փակուղուց երբեք էլ ելք չէր լինելու: Ու հենց այն ժամանակ, երբ դառնամաղձ հուսահատությունն արդեն իր գլուխն էր բարձրացնում, որ կլաներ նրա համբերության վերջին մասունքը, ամեն ինչ կատարվեց շատ անսպասելի ու միանգամից:

Մի օր, երբ բծավոր տիֆից մահացել էր Երևանի շրջանային դատարանի դատախազի օգնականը և Վարդգես Ահարոնյանը գնացել էր ցավակցելու իր պաշտոնակցի սգավոր հարազատներին, այդ երեկո Արմենուհին դուրս եկավ աշխատավայրից ու քայլեց դեպի տուն: Չէր շտապում: Չորս պատերի ներսի մենակությունը նրան չէր գրավում, դրա համար էլ գնում էր դանդաղ, գրեթե ճեմելով, կանգ էր առնում խանութների ցուցափեղկերի առաջ, կարդում էր ազդագրերը: Եվ հանկարծ տներից մեկի անկյունում տեսավ Չարենցին: Չարենցն ընդառաջ էր գալիս դանդաղ, իր որսին հետամտող գայլային զգուշությամբ: Արմենուհին կռահեց, որ իրենց հանդիպումը պատահմունք չէր, բայց այս անգամ չլարվեց. նա մի քիչ էլ գոհ էր, որ հատկապես այդ ժամին, երբ ինքն ազատ էր ու հոժարամիտ, կարող էր մի փոքր զբոսնել նրա հետ և, ինչպես ասում են, թեթև պչրությամբ վարձահատույց լինել սիրահետող երիտասարդին իր ջանադրության դիմաց: Չէ՞ որ Չարենցն իսկապես վաստակել էր նման բարեհաճությունը։

Երեկոն կարող էր բարի լինել։ Նրանք կողք-կողքի քայլում էին, խոսում էին ամեն տեսակ բաներից, և Արմենուհին համակ ուշադրություն ու սիրալիրություն էր։ Իսկ դա Չարենցին հուսադրումի թևեր էր տալիս, սրտապնդում էր նրան, կաթիլ առ կաթիլ ցողում էր մտքերի երկբայող շերտերը տաք ակնկալությամբ։ Հիմա արդեն նա շիտակության ամբարներից դուրս էր բերում նվիրական բառերի այն հրայրքները, որոնք դեռ երեկ չէր խիզախի երևացնել։ Ներքին մի պահանջ թելադրում էր Չարենցին այդ մասին ասել կամ հիմա, կամ երբեք։ Ներքին մի հակում նրան հրում էր առերեսման անմատույցի հետ։ Ու հավանաբար ինքն էլ չիմացավ, թե ինչպես հատեց զսպումի վերջին գծերը, հայտնվեց մերձեցման մտքին առընթեր։

-Սիրում եմ,- սորուն ավազի պես փափուկ արտաբերեց քարաբեկորի պես ծանր բառը։ Ասաց ու դիմահար սպասեց պատախանին։ Արմենուհին գիտեր ու չգիտեր, որ նա այդ բանը կասեր։ Ավելի շատ չգիտեր, քանի որ կարծել էր, թե լռության փաստարկներն ավելին էին, ու ինքը բավարար խութեր էր ստեղծել խոստովանության ճամփան փակելու համար։ Եվ այդ պատճառով էլ՝ լսելով բացառվածը, սրդողանքի ու ցավի կծկումներից պիտի պոռթկար.

-Մի՞թե չես հասկանում, որ ինձ չի կարելի սիրել:

Թվաց՝ իրենց հետ վայրկյաններն էլ քար կտրեցին։ Թվաց՝ ձայնն արձագանք տվեց բոլոր փողոցներում ու անցորդները շրջվեցին, որ տեսնեն դրա թռիչքը։ Մի քանի ակնթարթ նրանք այդպես անշարժացել էին դեմ առ դեմ։ Հետո սկսեցին լուռ քայլել, ապա Արմենուհին կանգ առավ, հրաժեշտ տվեց ու հեռացավ: Չարենցը գամվել էր իր տեղում, նայում էր նրա ետևից ու ոչինչ չէր տեսնում…

Երկու օր անց «Պանդոկի» հավաքն էր: Գրեթե բոլորն էին եկել: Սկզբում ինչ-որ վիճաբանություն ծագեց տաղաչափական մի խրթին հարցի շուրջ։ Երկար աղմկեցին, բայց այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Այնուհետև խոսք գնաց Դավիթ Անանունի «Հոգևորի փլուզումը» քննական հոդվածի մասին, որ նոր էր լույս տեսել «Հայաստանի կոոպերացիա» հանդեսում։ Եվ միայն սրանցից հետո հեղինակները սկսեցին ընթերցել իրենց նոր գործերը։ Ցանկություն հայտնողներից մեկն էլ այս անգամ Չարենցն էր։ Նա միշտ չէ, որ կարդում էր, այդ պատճառով էլ հավաքվածները նրա մասնակցությունն ընդունեցին խրախուսող ժպիտով ու աշխույժ կատակներով։

Չարենցը ոտքի կանգնեց, գրպանից հանեց ծալված թուղթը, բայց առանց էջին նայելու անբարեհույս լռության մեջ սկսեց արտասանել.

 

Ես ինչպե՞ս Ձեզ չսիրեմ։ - Դուք արվեստ եք ու հոգի։ 
Օ, կարելի՞ է արդյոք պրոֆիլը Ձեր չսիրել։ 
Ով երգ ունի իր սրտում ու սովոր է գեղեցկի՝ 
Նա պարտավոր է Ձեզ բյուր, հազար սոնետ նվիրել...

 

Արմենուհին հասկացավ անմիջապես: Նա նույնիսկ զարմացավ, թե ինչպես կարողացավ տիրապետել իրեն ու չցնցվել նստարանի վրա: Սենյակի կիսամութը պիտի թաքցներ այն գունատությունը, որ իջավ տիկնոջ դեմքին: Երկչոտ մի դող հոսանքի պես անցավ նրա մարմնով, մինչդեռ Չարենցը շարունակում էր կիզված ձայնով ընթերցել տող տողի ետևից.

 

Եվ Դուք գիտե՞ք, որ սիրուց հիվանդացած իմ հոգում 
Ես միշտ լսում եմ թեթև, թավ թրթիռներ ջութակի-
Երբ համբուրում եմ ես Ձեր բարակ մատներն ապակի։

 

Նա արտասանեց վերջին բառերը, նայեց Արմենուհուն, խորը շունչ քաշեց ու նստեց:

Այսպիսի պահերին հարիր էր լռությունը։ Բայց այդ մասին գիտեին միայն երկուսը։ Դրա համար էլ լռությունը չեկավ։ Լռությունը փակվեց-մնաց Չարենցի ձեռքի թղթի ծալքերում, բանտվեց-մնաց Արմենուհու՝ իրար սեղմված մատների տակ, իսկ «Պանդոկի» կիրքը խշվրտյունն էր, ժխորն ու բազմաձայն քլթքլթոցը։ Եվ նրանց թաչյունը պոկ եկավ, որ լցնի բոլոր անկյունները։

Ամենքն էլ ուզում էին իրենց կարծիքն արտահայտել։ Մեկի համար չարենցյան մադրիգալը Տերյանի գրչի անհաջող կրկնօրինակն էր։ Մյուսը պնդում էր, թե բանաստեղծությունը համեմված էր պլեյբեյական սիրախաղի նրբերանգներով և դրա մեջ ազնիվ զգացմունքներ չկային։ Երրորդն ասում էր, որ հեգնախառն, վերամբարձ ոճից քաղքենիության հոտ է գալիս։ Իսկ Արմենուհին ոչինչ չցանկացավ ասել։ Նա զննում ու մտածում էր։

Եթե չարության աչքերը կանաչ են, ապա հեգնանքի աչքերից դեղինն է կաթում։ Ամեն դեպքում, Արմենուհին այդ գույնն էր տեսնում Չարենցի կոպերի տակ, նրա յուրաքանչյուր բառը տարրալուծվում էր տիկնոջ ինքնասիրության ավազանում՝ մերթ վերածվելով սնապարծ վրձնախաղի, մերթ լինելով երանգածուփ պատանք, որի ներսում զմռսվել էր բաղձանքի շնչահեղձ մարմինը։ Ի՞նչ էր դա՝ վրեժխնդրության նոր ձև՞, թե՞ սիրո խոստովանություն դառնացած սրտի խորքից, որն իր ցավագար հոսքի ճանապարհին խառնվել էր պղտոր վտակների հետ ու կորցրել էր նախագոյակ պարզության հայելին։ Չարենցի արձագանքի մեջ սերն էր շա՞տ, թե՞ հեգնությունը, քնքշանքն էր շա՞տ, թե՞ քմծիծաղը։ Չկար այն կշռակը, որի նժարների վրա Արմենուհին պիտի չափեր իրական նվիրումի կամ անցողիկ հրապույրի ծանրությունը, չկար այն գծափայտը, որի օգնությամբ պիտի տարբերակվեր մերձեցման կամ հեռացման անջրպետը։ Բայց նա դեռ ժամանակ ուներ վերծանելու գաղտնախոս սրտի չափածո լեզուն և լինելու ազնիվ ինքն իր հետ։

Մեկ շաբաթ հետո «Պանդոկը» վերստին մարդաշատ էր։ Երբ հերթը հասավ Արմենուհուն, նա մնաց նստած, ընդամենը շտկեց իրանը, գլուխը մի փոքր բարձրացրեց ու կարդաց.

 

Քան մեղմությունը շոյող աչքերի

Սիրում եմ խայթող հայացքը քո չար,

Ավելի դյութիչ է խոսքդ չարի,

Քան բարությունը, հեզությունն անճար:

 

Լույս երազներես ես իմ ավելի

Սիրում եմ հոգուդ մութը անթափանց,

Անգուշակելի հույզերով է լի

Հոգուդ մթությունը անդնդաբաց:

 

Եվ ճգնումներես, աղոթքներես շատ

Ծնդրադրում եմ կեղծիքիդ առջև,

Առ անմեղությունը հոգուս վհատ

Ու դատիր, դատիր կախաղան մինչև:

 

Դատիր իմ անզոր բարությանս համար,

Որ մեղրը չարիդ դեռ չեմ ճաշակել,

Դատիր ու պատժիր չարովդ անաչառ,

Տես` ուժիդ առջև ծնկի եմ եկել:

 

Քան իմ Աստվածը վսեմ ու բարի,

Պաշտում եմ կամքը քո Սատանայի,

Սիրում եմ խայթը քո չար աչերի,

Դատված լինեմ թող, միայն թե նայի…

 

Չարենցը հաղթել ու պարտվել էր։ Չարենցը գիտեր, որ թանկ էր լինելու հաղթության գինը։ Չարենցը նաև գիտեր, որ երջանիկ կլիներ իր անձնատուր ծնրադրումով։ 

Թշվառ, կիսավեր, որբերով լի, պատերազմող ու քաղցած երկրում սերն արագ էր հասակ առնում:

 

Հովիկ Չարխչյան