Չարլզ Բուկովսկու կյանքն ու գործունեությունը դիմակ-տիկնիկի արտահատչաձևում

Տիկնիկային թատրոնն անմիջապես ենթագիտակցորեն ասոցացվում է մանկական ներկայացումների հետ, բայց երբ ուսումնասիրում ենք այս արվեստի առաջացման փուլերը, տեսնում ենք, որ ի սկզբանե այն բնավ մանկական բնույթ չի ունեցել: Անտիկ աշխարհում՝ Եգիպտոսում և Հունաստանում, առաջին անգամ տիկնիկներ օգտագործվել են թատերայնացված ծիսակատարությունների շրջանակներում՝ քարոզի և աստվածների փառաբանման նպատակով: Մ.թ.ա. 2-1-ին դարերում տիկնիկներ օգտագործել են Հնդկաստանում, Չինաստանում և Ճապոնիայում: Աստիճանաբար զարգացել են տիկնիկների օգտագործման տեխնիկան և փոփոխվել են ներկայացումների թեմատիկ ուղղվածությունը: Չինաստանում «ստվերների թատրոնը» բեմադրում էր փիլիսոփայական հիմքով պատմական պիեսներ և օգտագործում տիկնիկներ: Իսկ ճապոնական «Բունրակու» թատրոնում արդեն տեսնում ենք բազմաշերտ դրամատուրգիայով տիկնիկային ներկայացումներ: Միջնադարյան եվրոպայում շրջիկ թատերախմբերը կատակերգական սատիրիկ բեմադրություններում տարբեր տեսակի դիմակ-տիկնիկներ էին օգտագործում: Վերածննդի ժամանակաշրջանի իտալական «Կոմեդի դել արտե» շրջիկ դիմակների թատրոնը նույնպես խամաճիկներ և դիմակ-տիկնիկներ էր գործածում: Եվ միայն 19-20-րդ դարերում են ակտիվորեն բացվում տիկնիկային թատրոններ, որոնց խաղացանկում շեշտադրված մանկական տիկնիկային ներկայացումներ են:
Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնի խաղացանկային քաղաքականությունն է մանկական հեքիաթների կողքին ունենալ մեծահասակների համար նախատեսված ներկայացումներ, բայց դրանք ավելի հաճախ տիկնիկային չեն: Հայ իրականությունում հազվադեպ երևույթ են հանդիսատեսի 16+ տարիքային շեմի թիրախային խմբի համար նախատեսված տիկնիկային ներկայացումները: Իսկ տիկնիկային վավերագրական ներկայացումն արդեն, ոչ թե հազվադեպ հանդիպող, այլ բացառիկ թատերական իրադարձություն կարող ենք որակել:
Մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել երիտասարդ ռեժիսոր Մարիետա Դովլաթբեկյանի «Բուկովսկի» ներկայացումը: Կամերային կառուցվածքի շնորհիվ ստեղծագործական անձնակազմն այն ակտիվորեն ներկայացնում է տարբեր փառատոների շրջանակներում: «Բուկովսկի»-ն համարձակ գաղափար է, որը վերաճել է ինքնատիպ և նորարարական ներկայացման: Բեմադրությունը առաջնախաղից սկսած հիացմունքի մեծ ալիք է բարձրացրել: Զարմանալի է, որ ներկայացումն ավելի մեծ ճանաչման ու հիացական արձագանքի է արժանանում Հայաստանի սահմաններից դուրս ցուցադրությունների ժամանակ: Փառատոնային հաղթարշավի վերջին կանգառը Լեհաստանի Լոմժա քաղաքի միջազգային «Վելիսկա» փառատոնն էր, որի ընթացքում ներկայացումն արժանացավ գլխավոր մրցանակի, իսկ դերասանուհի Մարիամ Ալեքյանը հաղթող ճանաչվեց «լավագույն դերասանուհի» անվանակարգում: Ներկայացման հերոսը ամերիկացի բանաստեղծ և վիպագիր, գրականությունում «կեղտոտ ռեալիզմի» հիմնադիր Չարլզ Բուկովսկին է: Նրա էքսցենտրիկ էությունն ու անհամաչափ վայրիվերումներով լեցեւն կենսագրությունը մեկ անգամ չէ, որ վավերագրության նյութ է դարձել: Ամենահայտնի անդրադարձը՝ 2003թ նկարահանված «Բուկովսկի» փաստավավերագրական ֆիլմն է:
Չարլզ Բուկովսկին Հայաստանում ամենաընթերցվող գրողների շարքում չէ, և անգամ փոքր-ինչ զարմանալի է, որ երիտասարդ ռեժիսորի ստեղծագործական որոնումները հենց այս անհատի բացահայտմանն է հանգել: Նա կարողացել է տիկնիկային թատրոնի դասական ավանդույթները սերտորեն զուգակցել թատրոնի արդիական պահանջներին և մեկ անձի շուրջ հյուսվող բեմադրությունը դարձել է խիստ ժամանակակից և հրատապ խնդիրներ շոշափող գործ:
Չարլզ Բուկովսկին ներկայացված է դիմակ-տիկնիկի տեխնիկայով, տիկնիկավար դերասանուհի՝ Մարիամ Ալեքյան: Ռեժիսորական ամենայուրօրինակ մտահղացումը կարող է ի չիք դառնալ, եթե այն հանդիսատեսին հասցնող գլխավոր օղակը՝ դերասանը, լիարժեք չընկալի ու չիրագործի իր խնդիրը: Այս դեպքում ռեժիսորն ընտրել էր լավագույն դերասանուհուն, որը թե՛ տիկնիկավարման տեխնիկայով, թե՛ իր մարմինը դիմակի էությանը ձուլելու խնդրի կատարման վարպետությամբ, թե՛ կերպարից կերպար անցումներում պարզապես հիացնում ու զարմացնում է: Հիշատակման են արժանի հատկապես այն դրվագները, երբ դերասանուհին մենախաղով երկխոսություն է կառուցում, միաժամանակ խաղալով Բուկովսկու և նրա ընկերուհիների դերերը: Դերասանի վարպետության կատարյալ դրսևորում են այս տեսարանները, Ալեքյանը վարկենապես փոխում է ձայնը, ժեստերը, ակտիվացնում և պասիվ պահում դիմախաղը, ավելին՝ ինքն իր հետ ռոմանտիկ տեսարան է խաղում՝ մատուցելով էսթետիկ էտյուդ: Վարպետության և բեմի գեղագիտական զգացողության փայլուն օրինակ է ծննդաբերության դրվագը: Ամեն ինչ ճշմարտանման է, բայց նրբորեն պահպանված է թույլատրելիի սահմանը:
Չարլզ Բուկովսկուն ներկայացնող դիմակ-տիկնիկը սիմվոլիստական տեսք ունի, կարծես ոչ թե գրողի արտաքինն է ներկայացնում, այլ ներաշխարհը: Ներկայացումը Բուկովսկու կյանքի խտացումն է բեմական իրականությունում: Բուկովսկին ներկայացված է որպես անձ և որպես գրող: Նրա անձնական կյանքը, հույզերն ու ապրումները, մանկական տրավմաներն ու դրանց արտացոլքը սպիտակ թղթին, սերերն ու բաժանումները, խմբագրությունների անթիվ, անհամար մերժումները հանդիսատեսին է մատուցվում ընդամենը երկու դերասանի աշխատանքով: Զուգախաղն իր հաջող կերպավորումը ստացավ ի դեմս երկու շնորհալի դերասանների՝ Մարիամ Ալեքյանի և Նարեկ Ալեքսանյանի: Եթե Մարիամ Ալեքյանը ներկայացման հիմնական հատվածում Բուկովսկու տիկնիկավար դերակատարն է, ապա Նարեկ Ալեքսանյանը տարբեր դրվագներում հանդես է գալիս Բուկովսկու բռնարար հոր, հրատարակիչների, գործատուների կերպարներում, մատուցում է հեղինակային տեքստ և այս ամենը զուգորդում Բուկովսկու պոեզիայի ռիթմիկ մատուցմամբ:
Ամբողջ ներկայացումն ընթանում է կիսախավարում, վառ գույներ գրեթե չկան: Որպես հիմնական առանցքային դեկոր օգտագործված է մի սև խորանարդ, որը հանդիսատեսի աչքի առաջ բացվում ու վերածվում է գրասեղանի կամ բարի, խոհանոցի, կամ ռեստորանի սեղանի: Պարզ ու խոսուն արտահայտչամիջոցով անմիջապես փոխվում է գործողության տեղն ու ժամանակը:
Ժամանակակից մարդուն բարդ է զարմացնելը, նրա գրպանի փոքրիկ գաջեթը վայրկյանների ընթացքում պատասխանում է բոլոր հարցերին, արհեստական բանականությունը միշտ պատրաստ է կատարել ցանկացած հանձնարարություն, բայց մարդը շարունակում է թատրոն այցելել: Նա փնտրում է ավելի՞ն, թե՞ պարզապես մի ուրիշ իրականություն:
Ռեժիսորները հաճախ տեխնոլոգիայի մարտահրավերներին դիմակայելու և ժամանակին համընթաց քայլելու մղումով ներկայացումները ծանրաբեռնում են տեխնիկական շքեղ լուծումներով՝ լույսեր, էկրան, ծուխ և այլն: Գուցե արդյունքը գեղեցիկ ստացվի, բայց թատերարվեստը նախ և առաջ դերասանն է: Դերասանի հոգին խոսեց հանդիսատեսի հետ՝ ներկայացումը ստացված է, մնաց անհաղորդ՝ ոչ:
Մարիետա Դովլաթբեկյանն ու իր ստեղծագործական ընտանիքը վստահաբար գիտեն այս ճշմարտությունը: «Բուկովսկի»-ն իր համեստ բյուջեով, պասիվ տեխնիկական հնարքներով և փայլուն դերասանական խաղով նորագույն հայ թատրոնի պատմության մեջ տեղ ունենալու իրավունքն ունի՝ որպես տիկնիկային վավերագրական բեմադրության լավագույն օրինակ:
Վանուհի Սեթոյան

