Վերադարձ մեծ դադարից հետո. «Ճպուռն ու մրջյունը» երևանյան օպերայի բեմում

Մայրաքաղաքի մշակութային անցուդարձի գարնանային անակնկալը խոշորամասշտաբ նոր նախագծի՝ Ստեփան Լուսիկյանի երաժշտությամբ «Ճպուռն ու մրջյունը» բալետի երկար սպասված վերադարձն է երևանյան օպերային թատրոնի մեծ բեմ: Դեռ Եզոպոսի ժամանակներից տարբեր դարաշրջանների առակագիրներին գրաված այս պատմության շուրջ Լուսիկյանը տևական ժամանակ է մտորել: Պարտիտուրը կոմպոզիտորն ավարտեց 1991 թվականին և արդեն ապրիլին տեղի ունեցավ բալետային ներկայացման առաջնախաղը: Այն երևանյան հանդիսատեսի գնահատմանը ներկայացվեց լեգենդար Մաքսիմ Մարտիրոսյանի բեմադրությամբ և մեծ հաջողություն էր վայելում երևանյան հանդիսատեսների շրջանում: Բայց Մարտիրոսյանի բեմադրությանը վիճակված չէր երկար մնալ թատրոնի խաղացանկում. ընդամենը մի քանի տարի անց սկսվեց մանկական թատրոնի վերակազմավորման գործընթացը, որի արդյունքում ներկայացումներն ընդմիջվեցին: Իսկ ընդմիջումը երկարաձգվեց գրեթե 30 տարի:
Երեք տասնամյակից ավելի տևած դադարի ընթացքում գունեղ ու գրավիչ ներկայացման վերածվելու իր ներուժով «Ճպուռն ու մրջյունը» շատ բեմադրիչների է գրավել: Տարիներ առաջ «Սունդուկյան» թատրոնի բեմում «Ճպուռն ու մրջյունը» մյուզիքլի իր հեղինակային տարբերակը ներկայացրեց Վիգեն Ստեփանյանը՝ բեմական վարպետության և պլաստիկայի վրա հենված պարային գունեղ մի ներկայացմամբ: Բայց բալետային լավագույն ավանդույթներով բեմադրված «Ճպուռն ու մրջյունը» ներկայացմանը հանդիսատեսը ստիպված էր սպասել երեք տասնամյակից ավելի տարիներ:
Նոր բեմադրության նախաձեռնությունն օպերային թատրոնինն է, առաջարկը եկել է Կարեն Դուրգարյանից և Երևանի պարարվեստի պետական քոլեջում մեծ խանդավառությամբ ու ոգևորությամբ են ընդունել այն: Նման աշխատատար ու բազմամարդ ներկայացման նախապատրաստական ու բեմադրական աշխատանքն իրականացվել է առավելագույն կարճ ժամանակահատվածում. արվել է ամենը որ ստեղծագործական կազմը չափազանց սեղմ ժամկետում հաղթահարի նման բարդ աշխատանքը:
Բեմադրության և լիբրետոյի հեղինակ, բալետմայստեր, Երևանի պարարվեստի պետական քոլեջի տնօրեն Դավիթ Գալստյանը բնավ պատահական չի համարում, որ երևանյան թատրոնը նոր բեմադրության համար ընտրել է հենց այս գործը, որը հասունության քննություն կարող է համարվել քոլեջի սաների համար: Այս ներկայացման պարային կազմում Դավիթ Գալստյանը խտացրել է քոլեջի պատանեկան, ստեղծագործական ամբողջ ներուժը: Խորեոգրաֆիայի առումով բալետմայստերն առավելագույն բարդ խնդիրներ է առաջադրել ոչ միայն մենապարողներին, այլև ամբողջ պարախմբին՝ նրանց հանձնարարելով խորեոգրաֆիկ դրամատուրգիայի ամենաբարդ կոմպոզիցիաները, որոնք պահանջում են դասական տեխնիկայի մեծ վարպետություն: Իսկ բեմադրական լուծումների հարցում Գալստյանը նոր հեղինակային մոտեցում է որդեգրել՝ մեկ ներկայացման մեջ համադրելով ժամանակակից պարի և դասական բալետի էլեմենտները: Եվ փոքրիկ արտիստները բեմադրողին հուսախաբ չեն արել՝ հիացնելով իրենց պրոֆեսիոնալիզմով, արտիստիզմով և բուռն երևակայությամբ։
Դավիթ Գալստյանը վստահ է, որ այս մոտեցումը մեծապես կնպաստի պարողների մասնագիտական վարպետության զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը և արդյունքն ավելի քան գոհացուցիչ է համարում. «Նախ ուզում եմ ասել, որ ներկայացումը բեմադրված է նոր շնչով, պարի այսօրվա ժամանակակից պահանջներին համապատասխան: Եվ բեմադրված է երկու ձեռագրով՝ ժամանակակից և դասական պարերով: Ներկայացման առաջին գործողությունն ամբողջովին ժամանակակից պար է, որը միանգամայն նոր ու թարմ շունչ է հաղորդելու մեր բալետային արվեստին և օպերային թատրոնի խաղացանկին: Իսկ երկրորդ գործողությունն արդեն խիստ դասական է։ Կարծում եմ, որ հատկապես հետաքրքիր է ստացվել հենց այդ համադրությունը: Իհարկե, կարելի է լինել դասական-ակադեմիական բալետի անդավաճան հետևորդ, բայց այսօր աշխարհում մեծ տարածում ունի մոդեռն բալետը, և բնավ պետք չէ սահմանափակել մեր պարողների հնարավորությունները: Եթե մենք ուզում ենք այսօր աշխարհում ընդունված պահանջներին համապատասխան շրջանավարտներ ունենալ, ապա, անկասկած, պետք է գնանք այդ ճանապարհով: Այսօր բալետի արտիստը պետք է տիրապետի և՛ դասական, և՛ ժամանակակից պարի տեխնիկաներին, նաև՝ այլ տարբեր պարային ոճերի, որպեսզի մրցունակ դերասան լինի: Եթե ցանկանում ենք համաքայլ գնալ աշխարհի հետ, պետք է բազմաֆունկցիոնալ արտիստներ կրթենք»:
Տարվա առաջին մանկական բեմադրությունը հանդիսատեսի գնահատմանն է ներկայացնում գունագեղ, բազմամարդ ու գրավիչ մի ներկայացում, որը բացի բալետային էսթետիկայի նորույթներից նաև խիստ ժամանակակից ներկայացում է. բեմադրության մեջ օգտագործվել է 3D գրաֆիկա: Այն ավելի տպավորիչ է դարձել ժամանակակից նոր և փորձարարական լուծումների, վառվռուն, հետաքրքիր ու գեղեցիկ բալետային տարազների շնորհիվ, որոնք գունեղ են և նրբաճաշակ։ Բեմադրության ընթացքում մթնոլորտը շատ ստեղծագործական է և աշխույժ։ Երիտասարդ պարողները մեծ հաճույքով են հաղթահարում բարդ մասնագիտական առաջադրանքները, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց նաև այն գիտակցությամբ, որ սա բալետ է՝ մեծ, բարդ և կատարելության արվեստ։ Դինամիկ զարգացումներով ու կերպարանափոխություններով հագեցած ներկայացումը չափազանց գրավիչ է երեխաների համար: Բարոյախոսական ենթատեքստը նույնն է. մրջյունը տարված է անդադար աշխատելու գաղափարով և հորդորում է ամբողջ ամառ աշխատել: Հրաշալի երաժշտությունը, վառ դեկորացիաները, հետաքրքիր և դինամիկ զարգացող սյուժեն իրապես կախարդական տեսարան են ստեղծում բեմում՝ այն վերածելով իսկական հեքիաթի։ Հենց այդ բառով էլ բեմադրության հեղինակները բնորոշում են նոր ներկայացումը:
Ներկայացմանն, իհարկե, մեծ գրավչություն է հաղորդում նաև Ստեփան Լուսիկյանի երբևէ ձգողականության ուժը չկորցնող երաժշտությունը, որը հանդիսատեսին ներկայացվեց Մաեստրո Աթանես Առաքելյանի մեկնաբանությամբ: Դիրիժորը չափազանց բարձր է գնահատում համերաշխության և կատարյալ փոխըմբռնման այն մթնոլորտը, որում աշխատել են նվագախումբն ու արտիստական կազմը և, իհարկե, չի մոռանում ընդգծել Ստեփան Լուսիկյանի երաժշտության ոգեշունչ ազդեցությունը. «Բարեբախտաբար, գնահատելով Լուսիկյանի երաժշտության մեծ արժեքը, մեզ նոր բեմականացում իրականացնելու հնարավորություն տրվեց: Եվ պետք է ասեմ, որ այսքան տարիներ անց երաժիշտները նույնպիսի սիրով նվագեցին այդ հրաշալի երաժշտությունը, ինչպես առաջին անգամ: Ըստ էության, երաժշտությունը որևէ փոփոխություն չկրեց, միայն մեկնաբանության առումով դարձավ փոքր-ինչ ավելի դինամիկ, բայց մնաց նույնպիսի գեղեցիկ հնչողությամբ, ինչպես միշտ եղել է Լուսիկյանի երաժշտությունը: Երաժշտասերները լավ են հիշում և՛ նրա երգերը, և՛ թատերական ներկայացումների համար գրած նրա երաժշտությունը: Ես կարծում եմ, որ այս ներկայացումը պետք է երկար կյանք ունենա»:
Առաջին բեմադրությունից 34 տարի անց «Ճպուռն ու մրջյունը» վերահաստատեց լավագույն ներկայացումներից մեկը լինելու իր իրավունքը և այժմ արդեն նոր բեմադրությունը երևանյան օպերային թատրոնի մշտական խաղացանկի լիիրավ ներկայացումներից է:
Նունե Ալեքսանյան


