Դեպուտատի ասածը

Դեպուտատի[1] ասածը

 

Աֆոն առավոտ-քշերով՝ ժամը 5-ին, Ստյոպիկ տղայի հետ գնացել, Նվատեղի աղբրի մոտի ամենականաչ ու հարթ տարածքը զբաղեցրել էր, որ հանկարծ ուրիշ ընտանեկան-ընկերական խմբեր չգային։ Տղայի հետ էլ գետափից բերած քարերով հա՛մ օջախ էր սարքել խաշլամայի համար, հա՛մ էլ խորովածի տեղ։

Ընկերներով պիտի Մայովկա[2] անեին։

Աֆոն կրակը վաղուց վառել, բանջարեղենը խորովել ու խաշլաման դրել էր` ընկերներն ու նրանց ընտանիքները եկան։ Հետո եկավ նաև իր կինը՝ մյուս երկու երեխաների հետ։

… Կանայք տնից բերած սփռոց-մփռոցները փռել էին գետնին ու փորձում էին աման-չամանն ու բաժակ-մաժակը մի կերպ տեղավորել։

-Ձեռի հետ էդ խորոված բադրջան-տախտեղը[3] քչևեք[4],- Աֆոյի հրահանգն էր կանանց։

Երեխեքը խումբ-խումբ խաղում էին, աղջիկները՝ բադմինտոն, տղաները՝ ֆուտբոլ։ Տղամարդիկ խորովածի առաջին թիքեքը հանել ու կրակի կողքին մի-մի բաժակ հոտնկայս էին անում։ Մեկ էլ Աֆոն, թե.

-Մի քիչ ֆռֆռացի էս Նվատեղի այգիներում, դեղձիների վրա բան չէր երևում, երևի էս տարի դեղձը, -ուզում էր բառ ասի, մեկ էլ տեսավ, որ կանայք լսում են, շարունակեց էսպես,- էս տարի դեղձը՝… դեպուտատի ասածը…

Բոլորը հռհռացին, այդ թվում՝ խոսակցությունը լսող կանայք։

 

***

ՀԿԿ Կենտկոմից իջեցված հրահանգով շրջանից ՀՍՍՀ հերթական գումարման Գերագույն Սովետի դեպուտատը պիտի լիներ կոլտնտեսական, կին, 40-45 տարեկան։ Կոլտնտեսության առաջին բրիգադի այգեգործ Արշալույս Հակոբյանը էդ չափանիշներին համապատասխանում էր։ Տարբեր կոլխոզներում մի քանի ադրբեջանցի կթվորուհիներ էլ կային էդ տարիքի, բայց հրահանգում ազգության պահանջ էս անգամ չէին գրել, դրա համար էլ շրջկոմում որոշել էին Արշալույսին առաջադրել։

Եվ ահա՝ աշնան մի օր կոլտնտեսության առաջին բրիգադի Նվատեղ հանդամասում հայտնվեց մի երիտասարդ, որն ակնհայտորեն կոստյում-փողկապով իրեն անհարմար էր զգում ու շոգում էր։ Ընդմիջման ժամ էր, այգեգործներն առավոտվա գործերը արել, աղբրի կողքին՝ ընգզիի[5] հովին նստած հաց էին ուտում։ Երիտասարդը, որ կուսշրջկոմի հրահանգիչ էր, բարևելուց հետո ասաց.

-Կներեք, առաջին քարտուղարն ասել է գամ ձեր այգեգործ օղակավար Արշոյին իր մոտ տանեմ։

-Մենք Արշո չունենք, -զարմացած ասաց բրիգադիրը։ -Արի, արի, հետներս մի բերան հաց կեր, մի բաժակ արաղ խմի, հետո կգնաս քո Արշոյին կճարես։

-Մի րոպե, -ասաց ջահելն ու հանեց բլոկնոտը, -Արշալույս Հակոբյանը ձեր բրիգադի այգեգործ չի՞։

Բոլորը սկսեցին ծիծաղել ու մատով ցույց տվեցին Արշալույս տոտային։  Ջահելը, հասկանալով, ասաց.

-Կներեք է, ես կարծում էի Արշալույսը տղամարդու անուն է, իսկ Վերջալույսը՝ կնոջ։

Նորից ծիծաղ պայթեց։

-Դե, Արշալույս տոտա, գնանք՝ քարտուղարը սպասում է։

-Այ բալա, մի հատ գոնե լվացվեմ, մազերս սանրեմ, հետո… Թուուուուու, թարսի պես էլ մի երկու բաժակ քցել եմ, բա ամոթ չի՞, արաղի հոտ կգա…

-Ռայկոմի քարտուղարի մոտ քեզ մի քիչ համեստ կպահես, -գոռաց բրիգադիրը, երբ Արշալույս տոտան ու ջահելն արդեն քայլում էին դեպի մեքենան, -չճղճղաս, կռիվ-մռիվ չանես, ոնց որ մեզ հետ ես անում։

… Շրջկոմի առաջին քարտուղարի գանգրահեր գլուխը հսկա սեղանի հետևից հազիվ էր երևում։ Տեսնելով ներս մտնող Արշալույսին, ելավ, ընդառաջ եկավ, ձեռքով բարևեց, հրավիրեց նստել, հետաքրքրվեց ընտանիքի, երեխեքի մասին, հետո՝

-Ընկեր Հակոբյան ջան, ռայկոմը որոշել է քեզ ՀՍՍՀ Գերագույն Սովետի դեպուտատ ընտրել։

-Ցավդ տանեմ, քարտուղար ջան, ես հասարակ կոլխոզնիկ եմ, ինձնից հի՞նչ դեպուտատ։ Ես հի՞նչ պիտի անեմ։

-Դու գործ չունես, -ասաց քարտուղարը։ -Չորս տարի, տարեկան երկու անգամ, ընդամենը երկու օրով գնալու ես Երևան՝ Գերագույն Սովետի սեսիային մասնակցես, հարցերին կողմ քվեարկես, գաս։ Շատ հնարավոր է մի անգամ էլ ասեն ելույթ ունենաս, բայց դրա մասին էլ չմտածես, կգրենք, կտանք՝ կկարդաս։ Գնալ-գալդ, Երևանում մնալդ, օրապահիկը, սնվելը, սաղ պետության հաշին է լինելու, բացի էդ էլ աշխատավարձիդ ամիսը 50 ռուբլի գումարվելու է։

Էս վերջինը Արշալույսին դուր եկավ։

Մի քանի օր հետո շրջանի կուսակցական ակտիվի ժողովն էր։ Ժողովը վարում էր կուսշրջկոմի երկրորդ քարտուղարը, որը նախ առաջարկության համար ձայնը տվեց շրջսովետի գործկոմի նախագահին։

-Կուսակցական ակտիվի ժողովի պատվավոր նախագահություն եմ առաջարկում ՍՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն՝ բոցաշունչ լենինյան, ՍՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար ընկեր Լեոնիդ Իլյիչ Բրեժնևի գլխավորությամբ, -հանդիսավոր հայտարարեց գործկոմի նախագահը։

Բոլորը հոտնկայս ծափահարեցին։

Շրջկոմի առաջին քարտուղարը ընթերցեց բյուրոյի որոշումը՝ Արշալույս Հակոբյանին շրջանի ընտրական օկրուգից դեպուտատության թեկնածու առաջադրելու մասին։

Թեկնածուի կենսագրությունն ու անցած ճանապարհը ներկայացրեց կոլխոզի նախագահը՝ չմոռանալով գովասանքի խոսքեր շռայլել Արշալույսի հասցեին, որը, բրիգադում միակ կինը լինելով, այգեգործական օղակ էր ղեկավարում։

Ապա ձայնը տվեցին թեկնածուին։

Մի քանի օր առաջ շրջկոմի հրահանգիչներից մեկը կանչել էր, ասել, որ իր խոսքը իրենք կգրեն, մենակ մի երկու թիվ է պետք։ Արշալույս տոտան, իր սովորության համաձայն, ընդվզել էր.

-Հինչ ա՞, կարծում եք անլեզու հայվա՞ն եմ, ես չեմ կարա՞ խոսամ, որ դուք իմ տեղը գրեք, ես կարդամ։

Բացատրել էին, որ կարգն է էդպես, էլի։ Մի խոսքով, գրել տվել էին։

Տանը տղայի ներկայացությամբ մի քանի անգամ բարձրաձայն կարդացել էր շրջկոմի հրահանգչի գրած տեքստը, ինքն իրեն փրփրել, որ սուտ-մուտ թվեր են մտցրել։

Ամբիոնին մոտեցավ ու սկսեց վարժ ընթերցել.

-Շնորհակալություն հարազատ կուսակցությանը՝ բարձր վստահության համար։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ այդ վստահությունը։ Կոլտնտեսության մեր առաջին բրիգադը, ծավալելով գործարար սոցիալիստական մրցություն, այս տարի մթերել է խոտ՝ 100 տոննա… ,- էստեղ մի պահ պաուզա տվեց, ապա բոլորի համար լսելի ասաց,- բայց ես ասել եմ 80 տոննա, էս հի՞նչ թիվ ա, դեղձ՝ … էս էլ ա սխալ…

Շրջկոմի երկրորդ քարտուղարը, դրությունը փրկելու համար, տեղից վեր թռավ ու ասաց.

-Կեցցես, ընկե՛ր Արշալույս, բավական է։ Էդ երևի ձեր խոսքը մեքենագրելիս վրիպակներ են թույլ տվել, բայց դուք անկեղծ ու անհաշտ եղաք և ուղղեցիք թվերը։ Հենց միայն այդ փաստը խոսում է ձեր ազնվության, իսկական կոմունիստին վայել պարկեշտության մասին։ Կարող եք նստել։ Ընկերներ կարծում եմ բոլորս միաձայն կքվեարկենք, որ Արշալույս Հակոբյանն առաջադրվի։

Քվեարկեցին։

Անցավ միաձայն։

Մինչ ընտրությունների օրը թեկնածուին, պարտադիր շրջկոմի մի քանի աշխատակիցների ուղեկցությամբ, տանում էին գյուղերի կոլխոզ-սովխոզների աշխատավորների հետ հանդիպումների։ Մի անգամ էլ՝ պղնձամոլիբդենային կոմբինատի ակումբում հանդիպում եղավ։ Կոմբինատի դիրեկտորը մի քիչ նեղված էր, որ Կենտկոմն իրենց հսկա արտադրական միավորումը թողած, մի ինչ-որ կոլխոզից է դեպուտատ նախատեսել։ 

Հանդիպումներից հետո տվյալ գյուղի կոլտնտեսության նախագահը կամ սովխոզի դիրեկտորը հաց էր տալիս հյուրերին։ Ամենաճոխը, ինչպես միշտ, Կարճևանի սովխոզի դիրեկտորի գցած սեղանն էր. սև զեյթուն, բաստուրմա, սուջուխ, մասկովսկի շոկոլադներ։

Արշալույս տոտան արդեն հոգնել էր ամեն օր նույն տեքստը կարդալուց, նույն հարցերին պատասխանելուց և համարյա նույն խորովածն ու խաշլաման ուտելուց։ Տանն ասում էր՝ «եթե էն հիսուն ռուբլին չլիներ, պա ինձ պե՞տք էր դեպուտատ դառնայի»։

Եզրափակիչ հանդիպումը` ընտրություններից երկու օր առաջ, շրջկենտրոնի կուլտուրայի տան դահլիճում էր։ Բոլոր գյուղերից ներկայացուցիչներ կային։ Բեմի ճակատին երկու մեծ պլակատ էր.

«Սովետական ընտրական սիստեմը ամենադեմոկրատականն է աշխարհում»:

«Մեր ձայնը տանք կումունիստների և անկուսակցականների անխախտ բլոկի թեկնածուին»։

Ընտրությունների օրվա քվերակությունից հետո թերթիկների հաշվարկը ցույց տվեց, որ Արշալույս Հակոբյանը ստացել էր 99,98 տոկոս ձայն և ընտրվել ՀՍՍՀ Գերագույն Սովետի դեպուտատ։

Նորընտիր Գերագույն Սովետի առաջին սեսիայից մի շաբաթ առաջ հրահանգիչներից մեկը մտավ երկրորդ քարտուղարի մոտ, թե.

-Պա, ախր, չհետաքրքվանք, էդ մեր դեպուտատը կարգին շոր ունի՞, որով Երևան գնա։

-Լսիր, իսկապես, -քարտուղարն էլ անհանգստացավ։ -Վռազ Արշալույս տոտային տարեք կարի արտելի Արաքսյայի մոտ, թող չափսերը վերցնի, մի հատ սիրուն սարոշկա, մի հատ էլ սիրուն կաստյումչիկ կարի երկու-երեք օրում։ Կտորներն էլ կառնեք։ Մեր շրջանը խայտառակ չանենք հանկարծ։

Երեկոյան կողմ նույն հրահանգիչը մտավ երկրորդ քարտուղարի աշխատասենյակ, թե՝ Արաքսյան ասում է էդքանը ժամանակին կարելու համար պիտի արտելից բացի, տանը էլ աշխատի, բայց դե ֆինբաժնից էն հայտնի տեսուչ ԿՊ-ն կգա, կբռնի ու կտուգանի։ Քարտուղարն էլ՝

-Եթե տենց հարց առաջանա, թող զանգի ինձ։

Դերձակուհու վախը անտեղի չէր, համապատասխան դանոսը թե՝ Արաքսյան տանը կար է անում, տեղ էր հասել, և հաջորդ օրվա երեկոյան, երբ արդեն կտորը ձևել էր, դռան զանգը տվեցին։ Հենց ամուսինը դուռը բացեց՝ ֆինբաժնի տեսուչ ԿՊ-ն թռավ սենյակ, թափով նետվեց դեպի կարի մեքենան, թե՝ «էս հի՞նչ ա, լևի գործ ես անո՞ւմ։ Ակտը գրում եմ, կտորն էլ առգրավեմ»։

-Ռայկոմի պատվերն ա, -ասաց Արաքսյան։

-Ռայկոմ-մայկոմ չեմ իմանում, ակտը գրում եմ,- գոռգոռում էր ԿՊ-ն։

Արաքսյան, ԿՊ-ի գոռգոռոցներին ուշադրություն չդարձնելով, հեռախոսի խոսափողը վերցրեց, կոմուտատորի[6] աղջկան խնդրեց միացնել երկրորդ քարտուղարի տուն։ Բարեբախտաբար քարտուղարը տանն էր ու պահանջեց խոսափողը փոխանցել ԿՊ-ին։

Կոմուտատորի աղջիկը, որ հեռախոսային խոսակցություններն ունկնդրելու սովորություն ուներ, հաջորդ օրը ընկերուհիներին պատմում էր, թե երկրորդ քարտուղարն ինչ շան լափ էր թափել ֆինբաժնի տեսուչի գլխին։

-Ընենց բառեր էր ասում, որ ես հիմա չեմ կարա ձեզ ասեմ, ու հինչ ասես չկերցրեց էդ խեղճ տեսուչին, վերջում էլ ասաց՝ «մի տարի քո ոտը Արաքսյայի տանը չտեսնամ»։ Ընենց որ մի տարի կարաք լիքը շոր կարել տաք։

Սարոշկան ու կաստյումչիկը ժամանակին կարեցին, և հետագա չորս տարիներին Արշալույս տոտան տարեկան երկու անգամ դրանք հագնում էր, գնում Երևան՝ ՀՍՍՀ Գերագույն Սովետի հերթական սեսիային։

Երրորդ տարվա աշնանային սեսիայից առաջ, երբ պիտի քննարկվեր և հաստատվեր հանրապետության հաջորդ տարվա բյուջեն, շրջկոմից Արշալույսին մի տեքստ տվեցին, ասացին՝ Կենտկոմից են ուղարկել, բյուջեի նախագծի մասին քո ելույթն է՝ առաջարկությամբ, որ գյուղատնտեսության զարգացմանը հատկացվող գումարները ավելացնեն։

Սեսիայում, երբ իրեն ձայն տվին, սկզբում վախեցավ, բայց դե ելույթը տանը, հետո էլ գնացքում մի քսան անգամ կարդացել էր, արագ իրեն հավաքեց, մոտեցավ ամբիոնին ու վարժ կարդաց իր առաջարկությունը։

Հիմնական զեկուցողը՝ ֆինանսների մինիստրը, ելույթներն ու առաջարկությունները ամփոփելիս, հատկապես գովեց կոլտնտեսուհի ընկեր Արշալույսի առաջարկությունը և ասաց, որ անպայման բյուջեում այդ փոփոխությունը կարվի։

Հաջորդ տարվա գարնան սկզբներին, երբ ծիրանն արդեն ծաղկել էր, հորդառատ անձրևներ եղան, իսկ մի օր էլ կարկուտը թակեց։ Էդ էլ քիչ էր, մարտի կեսերին եղանակն անսպասելի ցրտեց, ձյուն եկավ, ու գիշերը ցրտահարություն եղավ։

Տարերային աղետի վնասները գնահատելու համար Երևանից մարդիկ եկան, և շրջկոմի առաջին քարտուղարն էլ նրանց հետ շրջում էր դաշտերում ու այգիներում։

Առաջին բրիգադի Նվատեղ հանդամասում էլ եղան ու հանդիպեցին բրիգադի այգեգործների, դե, նաև՝ դեպուտատ Արշալույսի հետ։

Հաջորդ և մյուս օրերին բրիգադիրն ում տեսնում, պատմում էր.

-Ուրեմնըս, էն երևանցի մասնագետները մեր առաջին քարտուղարի հետ եկան։ Դե սկսեցին ծառերը նայել, վազերը։ Մինչև դես-դեն, տուդա-սյուդա, էսկողմ-էնկողմ, էսյան-էնյան, հանգը-հունգը, մեկ էլ հեռվից էն մեր Արշալույս տոտան երևաց։ Շրջկոմի քարտուղարն էլ, թե՝ «էս էլ մեր դեպուտատը, տեսնենք ի՞նքը ինչ կասի։ Բա՛րև, ընկե՛ր Հակոբյան։ Հը՞, կարկուտն ու ցրտահարությունը շատ վնա՞ս են տվել»։ Էս մեր դեպուտատն էլ, հի՞նչ ասի, որ լավ ըլնի. «Է՜, քարտուղար ջան,  էս տարի ծիրանը… պիզձեց…»։ Սաղս, էդ երևանցիք էլ մեզ հետ, փորներս բռնաք՝ պառկաք տափին…

 

***

Էդ օրվանից շրջանի տղամարդիկ, որևէ բանի վերջնականապես խափանված լինելը նշելիս, երբ շրջապատում կին կամ երեխա էր լինում, ոչ թե բառն էին ասում, այլ Աֆոյի նման՝ «…Էս տարի դեղձը… դեպուտատի ասածը…»։

 

Մեսրոպ Հարությունյան

 

[1] Այստեղ և հետագայում պահպանված են սովետական տարիների տերմինները՝ դեպուտատ, ՀՍՍՀ Գերագույն Սովետ և այլն։

[2] Մայիսմեկյան պիկնիկ։

[3] Տախտեղ - տաքդեղ, բիբար։

[4] Քչև – կեղև, կճեպ, կլեպ։ Քչևել - կլպել։

[5] Ընգզի - ընկուզենի։

[6] Այդ տարիներին դեռ ավտոմատ հեռախոսակայանը չէր գործարկվել, և զանգերը միացնում էին հեռախոսակայանի կոմուտատորի օպերատորները։