Դընի Դոնիկյան. «Գրում եմ ֆրանսերեն հայ ժողովրդի մասին և նրա համար»

Վերջերս Հայաստանի ազգային գրադարանում բացված ֆրանսահայ գրող Դընի Դոնիկյանին նվիրված ցուցահանդեսի առիթով նաև տեղի ունեցավ առցանց հանդիպում գրողի հետ, որի ընթացքում Դոնիկյանը պատասխանեց իրեն ուղղված հարցերին: Նախորդ տարի Դընի Դոնիկյանը գրադարանին էր փոխանցել իր անձնական արխիվը, որի առիթով էլ կազմակեպվել էր ցուցադրությունը: Մեր ընթերցողներին ենք ներկայացնում Դոնիկյանի՝ հանդիպման ընթացքում հնչած ողջույնի խոսքը և հարցազրույցը:
***
Նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ազգային Գրադարանին, որ սիրով ընդունեց իմ արխիվը։ Հատկապես ջերմ շնորհակալություն եմ ուզում հայտնել տնօրենուհուն՝ Աննա Չուլյանին, որ միտք հղացավ կազմակերպել այս շնորհանդես-ցուցահանդեսը։ Այսպիսի ճանաչումը մեծ խիզախում է, որ երբեք չի հպանցել մեր սիրելի սփյուռքի ներկայացուցիչներին։ Հարցն այն է, որ Դընի Դոնիկյանն այնքան քիչ ընթերցված հեղինակ է, որ մեծ մասամբ մնում է անհայտ, նույնիսկ, եթե մտահոգվել է հայերեն թարգմանել տալ իր գրքերի մեծ մասը։ Սա է պատճառը, որ Դընի Դոնիկյանը անձամբ կներկայացնի գրող Դընի Դոնիկյանին, հնարավորին չափ խուսափելով ինքնագովերգման գիրկն ընկնելու միտումից։ Այս ներկայացման համար խնդրել են մի քանի բարեկամ-ընկերների հարցեր ուղղել հեղինակին՝ իր աշխատանքի տեսանկյունից ելնելով, որոնք հետաքրքրում են նրանց, երբ ամեն անգամ անհրաժեշտություն է զգացվում զարգացնել նյութը։
***
Արգենտինայում բնակվող գրող Աննա Արզումանյանը հարցնում է՝ արդյո՞ք հողի և լեզվի միջև ինձ մոտ կապ կա։
-Իմ առաջին ժողովածուում, որ վերնագրված է Աններդաշնակություններ / Հարաձայնություններ (որ դառնալու էր «ETHNOS» եռահատոր գրքերից առաջինը), հողը ներկայանում է որպես առասպելական վայր, որը շաղկապվում է ցեղասպանության հարցի հետ։ Հիշում եմ, որ 1966-1967 թվերին այդ բանաստեղծությունները գրելիս, ինչպիսի արտակարգ խանդավառություն էի ապրում։ Երկրորդ հատորը, վերնագրված՝ «Ընդհանուր վայր», արձակ տեքստերի հավաքածու է, որ հիշատակում են բանաստեղծական և քննադատության ձևով իմ այցելությունն այսպես կոչված Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն։ Կենդանի Հայաստանի մասին այս տեքստերի համար շատ պարտական եմ Սոլժենիցինի գործերին։ Վերջին հատորը վերնագրված է «Մագնիսական լեռը», ուր Արարատ լեռը միաժամանակ առիթ է դառնում զննումի և մի տեսակ դատողության այն օտարացումների պատճառով, որ պատմությունն ի վիճակի եղավ մատնելու հայ ժողովրդին։
Այժմ հասկանալի կլինի, ինչու «ETHNOS» գիրքը երջանկություն է պարգևում ինձ Հայաստանի Ազգային Գրադարանում հանգչելու համար։ Փաստորեն, սա վերաբերում է մի գրքի հանդիսավոր, հիմնավոր և հիմնադիր բացմանը, որտեղ ի հայտ են գալիս արդեն բոլոր թեմաները, որ հետագայում քննարկելու և զարգացնելու էի։ Ի դեպ, սա, հավանաբար, վերաբերում է մեն միակ մի գրքի, որ վկայակոչում է հայերի իրական կյանքը կոմունիստական վարչակարգի օրոք՝ 70-ական թվականներից սկսած։ Գրված Հայաստանում և Ֆրանսիայում, այնպես ստացվեց, որ ընդհատակյա հրատարակվեց Վիետնամում, որտեղ դասավանդում էի 1975 թվի ապրիլից, ՎիետՔոնգի կողմից Սայգոնի նվաճումի առաջին օրերից սկսած։ Նշում եմ այն պատճառով, որ սա հակակոմունիստական առաջին գիրքն է հրատարակված Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում, երբ Սայգոնում արդեն մոլեգնում էին ինքնաքննադատություններն ու արևմուտքում տպագրված գործերի վտարումը։
Այսքանից հետո բնավ չպատասխանեցի Աննա Արզումանյանի այն հարցին, որը վերաբերում էր լեզվի և հողի միջև եղած հարաբերություններին։ Իմ առաջին բանաստեղծությունը գրել եմ հայերեն 12-13 տարեկանում։ Ավելի ուշ, ֆրանսիացի հեղինակների գործերը կարդալով, բնականաբար մղվեցի գրել ֆրանսերեն։ Որից հետո հայկական հարցը ստանձնած պարտավորությունս բնականորեն կենտրոնական տեղ էր հատկացնելու Հայաստանին և հայ ժողովրդին։ Այսպիսով, հանգամանքների բերումով, դարձա պարադոքսալ գրող այն ժամանակից ի վեր, ինչ գրում եմ ֆրանսերեն հայ ժողովրդի մասին և նրա համար։ Բայց այս երկիմաստությունը զարմանալի չէ։ Սա մեր պատմության արդյունքն է, ծվեն-ծվեն լինելու արդյունքը։ Փաստորեն, ֆրանսերենի օգտագործումը, հայկական թեմայի հետ առնչված, անմիջական արտաքսումի արտահայտումն է։ Արտաքսումի արտահայտումը որպես գրողի՝ հարաբերվելով նախնյաց հողի հետ։ Նույնիսկ վերջին գրքերիցս մեկը վերնագրված է «Սերն աքսոր է»։ Դա նշանակում է մարդու անխուսափելի տարրալուծումը որպես նյութի՝ իր էության հետ։
Երևանաբնակ լրագրող Թագուհի Հակոբյանը, որ իմ գրքերում նկատում է լեզվաբանական մտածողություն և օրիգինալ ոճաբանության մտահնարանք, ուզում էր իմանալ, որն է իմ սրտամոտ գրական ժանրը։
-Ես գրականություն եմ եկել դասական բանաստեղծությամբ։ Որից հետո արտահայտվել եմ արձակով, համառոտ տեքստերով, նովելներով, վեպերով, ինչպես նաև թատերգությամբ, էսսեով, հոդվածներով․․․ իսկ վերջում՝ աֆորիզմներով։ Որպես գրող չեմ սիրում կրկնվել։ Սա է պատճառը, որ միշտ ջանում եմ ինձ զարմացնել նոր ձևեր ընդգրկելով։ Մինչև իսկ խառնելով ժանրերը, դրանք բաղդատելով իրար հետ միևնույն գրքի մեջ։ Օրինակ, «Աղբաստանում» ձգտում ունեի գրել մի ամբողջական վեպ, որում ներդրեցի բանաստեղծություն, գեղանկարչություն, երաժշտություն, հերոսապատում, թատերագրական երկխոսություն, նույն ձևով, ինչ կյանքի տևողությունը և մահվան ժամանակահատվածը խաչաձևվում են, որպես թե երկխոսության իրավիճակում դնեի Նուբարաշեն ընթացող ճանապարհին աղբանոցն ու գերեզմանատունը։ Չերկմտեցի նաև խառնել իրար կերպարվեստն ու գրությունը, ինչպես «Ինքնակենսագրասյուն»-ում է կամ «Հատվածներ վտարանդիների կերպարանքներից» գրքերում։ Բայց ամենահետաքրքիրը կերպարներ հորինելն է, ինչպես արել եմ «Սերը աքսոր է» գրքում։ Ներկայումս գրում եմ մի թատերգություն «Big Դոդի Գագոն» Երկինք է կերտում (ժամանակավոր վերնագրով), որտեղ պատմության մեջ հերթագայվում են մենախոսությունն ու երկխոսությունը։ Իրականում այն ինչ հետաքրքրում է ինձ՝ խաչաձևումն է, գրել ոչ միայն մեն միակ ժանրով, այլ երկխոսության մեջ դնել ժանրերն իրար հետ։ Իսկ սա նշանակում է, որ իմ գրքերն անսովոր են և պահանջում են իրական սեր գրականության հանդեպ ընթերցողի կողմից։
Լուսինե Մուսախանյանը, որ հիմա բանաստեղծական շնչով գրված և միաժամանակ առեղծվային աֆորիզմներից կազմված իմ վերջին ժողովածուն է թարգմանում, հարցնում է ինձ՝ ինչպե՞ս են ծնվում բառախաղերը երևակայությանս մեջ, արդյո՞ք մշակում եմ նախադասություններս, թե՞ դրանք ինքնաբերաբար են առաջանում։ Երկա՞ր եմ աշխատում ոճի վրա, թե՞ միտքը հանկարծակի է ծագում իմ գլխում։
-Եթե խոսքը վերաբերում է իմ աֆորիզմներին, ես միաժամանակ մի քանի մեթոդներով եմ աշխատում։ Ես ասում եմ՝ աշխատում եմ, երբ նրանք են, որ բառացիորեն աշխատում են ինձ վրա: Պատահել է նույնիսկ, որ վերջնահարված եմ տվել մի նախադասության, երբ աչքի վիրահատման ժամանակ տեղային անզգայացման մեջ էի։ Եվ, ի վերջո ինձ, հաջողվեց գտնել ճիշտ բառերը իրենց հավասարակշռվածությամբ՝ նախքան վիրաբույժը վիրակապ կդներ աչքիս։ Պատահում է, որ դրանք պոռթկումով են գալիս քուն մտնելուս պահին։ Ամեն անգամ պետք է գրի առնեմ, այլապես կանհետանան։ Գիտեմ, որ հաջորդ օրը նորից եմ անդրադառնալու դրանց։ Հիվանդանոցում շատ եմ գրել՝ մանավանդ աֆորիզմներ, որ Լյուսին հիմա թարգմանում է։ Այստեղ նույնպես նախադասությունները գալիս էին իրար հաջորդելով։ Փաստորեն ես վերցրել էի հետս մի գիրք, որ բառացիորեն ինձ հետ շատ էր զրուցում․ «Երկխոսություններ հրեշտակի հետ»։ Բավական էր մի էջ բացեի, ընկնելով մի բառի վրա, անմիջապես այս հանդիպումը մի միտք էր արձակում, որն ինքնաբերաբար փոխվում էր նախադասության։ Մի լուսաշող նախադասություն, ժանրի համար այնքան տարօրինակ, որ հպվում է մարդկային մտքի չհետազոտված գոտիներին։ Ի միջի այլոց, տարակուսում եմ երկու վերնագրերի միջև, որ ուզում եմ տալ այս գրքին․ «Ցավդ տանեմ» կամ «Անհայտի պոետիկա»։ Շատ հանդուգն մի բան է, քանզի խույս է տալիս ամեն տեսակի բանականությունից։ Ուրեմն, նրա սովորական բանականությունից ազատվելով է ընթերցողը նույնպես գնահատելու արտառոցության փայլակները, որ այդ նախադասությունները վեր են հանելու նրա մտքում, ինչպես իմ պարագայում տեղի ունեցավ։
Ավելացնեմ, որ շատ եմ գրում, հատկապես հիմա, ինձ համար հարկադրանքներ եմ ստեղծում։ Դրանք այն հարկադրանքներն են, որ հարստացնում են նյութը։ Օրինակ, երբ աշխատում եմ հնչեղություններին արձագանք տալ, պարտադրում եմ ինձ գտնել ավելի հյութեղ, ավելի ճիշտ բառեր, որոնք սկզբնական իմաստի պտույտների չափն ավելացնում են։
Ես որոշակիացնում եմ, որ ամեն գիրք գրվի անձնական պահանջների համաձայն, որ բերեն իրենց հետ հատուկ աշխատանքի մեթոդ։
Օրինակ, «Աղբաստան» վեպի համար սկսեցի մանրակրկիտ պլան մշակել յուրաքանչյուր գլխի համար։ Եթե գրած լինեի թեթև ոճով, չէի հասնի նույն արդյունքին։ Պլանավորվածության փուլում այնքան էլ հեշտ չէր ընթացքը։ Ամենադժվարը ճիշտ տոնայնություն գտնելն էր, որ այդ գրքի համար էր նախատեսված։ Մի անգամ այն ձեռք բերելուց հետո, կառուցվածքն ավելի արագ է ընթանում։ Այդ ժամանակ դա դառնում է սևեռուն գաղափար, որին ոչինչ չի կանգնեցնում։ «Աղբաստան»-ը մեծ մասամբ գրվեց այն ժամանակ, երբ քիմիաբուժություն էի ընդունում։ Երկու սեանսների միջև քսան օր դադար ունեի, որոնցից տասը օրը գամված էի անկողնուն։ Որից հետո, մնացած տասը օրերի ընթացքում աշխատում էի։ Հիշում եմ նաև, դիալիզ ընդունելու ժամանակ էր, որ գրեցի մի ուրիշ գիրք․ «Զավեշտալի համառոտագրություններ», որ լույս տեսավ 2017 թվին։
Ինչ վերաբերում է «Ինքնակենսագրասյունին», գրել եմ չափածո, ներկայացնելով քանդակագործությունս և բառերն հարմարեցնելով կցած իրերին։
Իրականում, տարբեր ժանրերով գրելու կարողության առավելությունը կայանում է նրանում, որ մտավոր առումով միշտ ակտիվ վիճակում ես գտնվում։ Բավական է մի բառ լսել, կարդալ մի խանութի վերնագիրը կամ այլ բան, որ անմիջապես գործի դնի ներշնչումը։ Այս առումով, այնպես է ստացվում, որ գրողը ինքնակորույս աշխատում է այդ պահից, երբ միշտ հնարավորություն չունի նշումներ կատարելու այն ամենի մասին, որ անցնում է մտքով։
Աննա Արզումանյանը հարցնում է․ ինչպիսի տարբերություն եմ գտնում սփյուռքի և Հայաստանի իմ ընթերցողների միջև։
-Չգիտեմ, պե՞տք է ինձ նզովյալ գրող համարեմ։ Բայց որքան գրում եմ, այնքան ավելի տպավորություն եմ ստանում, թե այդ նզովքը հաստատվում է։ Իմ առաջին գրքերը երկար գրաքննադատությունների առիթ տվին «Յառաջ» թերթի «Միտք և Արվեստ» բաժնում։ Այսօր հրատարակածս գործերը Տիգրան Եկավյանի գրախոսությունների առիթ են տալիս «France Armenie»-ում, որ նույնպես գրականության վերաբերյալ բաժին է բացել «France Armenie» հանդեսում, իմանալով, որ թերթերը ավելի շուտ մնում են որպես առանցք հայկական հարցի վերաբերյալ համայնքի և քաղաքականության բնագավառի կյանքում։ Պետք է ասել, մերժելով ստեղծել շահադիտական գրականություն և հրաժարվելով ֆրանսիացի որևէ մեծ ձեռնարկատեր հրատարկչից, նշում է այն միայնությունը, որի մեջ աշխատում եմ։ Սակայն նույնիսկ հրատարակելով գրքերս հայ հրատարկչի մոտ հայկական Եկեղեցիների վերաբերյալ կամ իմ թատերգությունները, որոնց առանցքը ցեղասպանության հարցն է, սրանք նույնպես հետաքրքրություն չառաջացրին կամ հետաքրքրասիրության որևէ սկզբնավորում, որ պետք է սպասեինք տեսնել համայնքից։
Աննա Արզումանյանը նույնպես հարցնում է ինձ․ ի՞նչ կապ եմ տեսնում Փարաջանովի և իմ ստեղծագործության միջև։
-1980 թվին, երբ Թիֆլիսում հանդիպեցի Փարաջանովին, ինձ հետաքրքրեց նրա հալածված ստեղծագործող լինելու հանգամանքը։ «Փարաջանով ձիերը» գրքիս չափածո գործերը լայն ակնարկ են տալիս այս թեմատիկայի վերաբերյալ։ Փարաջանովը ներկայացնում է քմահաճ, անխիղճ բռնապետության կողմից խոր հուսահատությամբ համակված արվեստագետի պատկերը։ Այս առումով նա ոչ մի դեր չի խաղեցել իմ հետագա գրքերի մշակման հարցում, երբ այն ժամանակ ես հալածված չէի որևէ բռնապետության կողմից։ Այս ասելով, ընդունում եմ Փարաջանովի կողմից ազատագրված կերպարվեստի վերաբերյալ գործերս, երբ նա անձամբ իր մաշկի վրա զգալով քաղաքական հարկադրանքները, ձերբազատվել է ընթացքի մեջ գտնվող կինոարվեստի վերաբերող դոգմաներից։ Պետք է վստահաբար ասեմ, որ ավելին՝ իր կոլաժներում, օրինակ, տեսնելով, ինչպես է Փարաջանովն այրում նոր ստացած բացիկի ծայրերը, ես կարողացա խրախուսել երևակայությանս, ազատագրվելով դասական արվեստի ձևերից։ Դա քիչ բան չէ։
Ավելի համոզիչ է Արա Բալիոզյանի ազդեցությունը, որ իր ներդրումն ունի հայկական մշակույթի գործում։ Հավանաբար նրան եմ պարտական իմ քննադական պայծառատեսությամբ, որ ոմանք հակահայրենասիրական ամբարտավանություն կորակեն։
Իրականում, իմ աշխատանքի մեջ հայ գրողների ներկայությունը երբեք չի ներգործել ճշգրիտ ազդեցությամբ ընթացաշրջանիս վրա։ Թարգմանել եմ Պարույր Սևակ։ Թումանյանին պաշտում եմ, հիանում եմ Բակունցով, բայց այս հեղինակներին ընթերցելու ժամանակը ուշացումով եկավ, դա եղավ ֆրանսիացի հեղինակներին ընթերցելուց հետո․ Բալզակ, Պրուստ, Մոնտենյը, Ռեմբո, Սեն-Ժոն Պերս, Վալերի, Կլոդել և այլոց գործերը։ Օրինակ, 20 տարեկանում շատ եմ ընդօրինակել վերջին երկու հեղինակներին։ «Փարաջանով ձիերը» գրքի համար շատ պարտական եմ Սեն-Ժոն Պերսին։
Գիտեմ, որ ընդհանուր առմամբ ընթերցանությունն արագ անհետանում է ամբողջ աշխարհի երեսից։ Իսկ փորձառական գրականությունը, որ իմն է, իր տեղը չունի։ Այս ամենի պատճառով պե՞տք է գրելը դադարեցնել։ Իմ պատասխանն է՝ ոչ։
Սփյուռքում մշակութային հանգրվաններն իրենց դերը չեն կատարում և երբ կոչված են դա անելու, միջնորդավորված դիմում են քաղաքական նկատառումներին՝ ասպարեզից հեռացնելու համար այլախոհ մի գրողի, որպիսին ես եմ։ Շատ զվարճալի պատմություններ ունեմ այս հարցի վերաբերյալ, բոլորը մեկը մյուսից ավելի ողբալի և ավելի ստորացուցիչ, բայց հիմա դրա ժամանակը չէ։
Հայերը միշտ զարմացնելու են ինձ։ Օրինակ, իմ Հայկական ցեղասպանության փոքր հանրագիտարանի համար, բացի «France Armenie» հանդեսում տպված երկարաշունչ հոդվածից, հայկական ոչ մի ընկերություն կամ հաստատություն հրավեր չկազմակերպեց։
Ինչ վերաբերում է Հայաստանի իմ ընթերցողներին, ոչինչ չեմ կարող ասել, որովհետև վերադարձ չունեմ։ Չեմ կարող անտեսել, որ Հայաստանի հայերը այլ հոգսեր ունեն և կարդալը նրանց համար առաջնային հարց չէ։ Բայց չեմ բացատրի, ինչու «Աղբաստան»-ն այնքան վատ ընդունվեց մտավորականների կողմից, սակայն գոնե պատվախնդրություն ունեցան կարդալու և ընկալելու վեպը։
Ավարտելու համար ասելիքս, ուզում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել այն թարգմանիչներին, որ ուղեկցել են ինձ, սկսեմ Նվարդ Վարդանյանից՝ իմ առաջին գրքերի թարգմանչուհուց, որ թարգմանել է իմ գրքերից 6-ը, գնահատելով նրա հաստատակամությունն այնքան, որքան բանիմացությունը, չմոռանալով, որ նա անմիջապես սկզբից ներշնչել է ինձ։ Ռուզաննա Վարդանյանին նրա «Աղբաստան» գրքի թարգմանության համար։ Անահիտ Ավետիսյանին իր մանրակրկիտ խմբագրությունների համար, Գառնիկ Մելքոնյանին, որ թարգմանել է իմ թատերգությունները։ Հասմիկ Թորոզյանին՝ իմ աֆորիզմների համար։ Լիլիթ Մնացականյանին «Փարաջանով ձիերի» նուրբ թարգմանության համար, Տաթևիկ Թանգյանին՝ հոդվածների համար և Լուսինե Մուսախանյանին, որ շատ հոգսեր ունենալով, մտահոգվում է իմ վերջին գրքի՝ աֆորիզմների պատճառով՝ «Ցավդ տանեմ»։
Վերջ ի վերջո, ինչպե՞ս շնորհակալություն չհայտնեմ իմ հրատարակչին՝ Մկրտիչ Մաթևոսյանին, որ առանց նրա, հավանաբար գրքերս գոյություն չունենային տարիների ընթացքում, նա որ իրականության կոչեց գրողի իմ զառանցանքները։
Իրականում Հայաստանի և Սփյուռքի համատեղ աշխատանքի արդյունքում լավ օրինակ ենք հանդիսացել։
Շնորհակալ եմ բոլորին։
Դընի Դոնիկյան