Դոստոևսկու մասին

Դոստոեւսկու մասին

(1925)

 

Դոստոեւսկու մասին նոր ասելիք չկա: Ցանկացած խելացի եւ ճշմարիտ միտք, որ կարելի է ասել նրա մասին, արդեն ասվել է. այն, ինչ ժամանակին նոր ու հնարամիտ էր թվում, արդեն հնացել է, մինչդեռ բանաստեղծի սիրելի ու սարսափելի կերպարը մեզ միշտ ներկայանում է նորովի` առեղծվածի եւ հանելուկի մեջ պարուրված, երբ մենք նրան դիմում ենք կարիքի եւ խորհրդածության ժամերին:

Ռասկոլնիկովի մասին կարդացողը եւ բազմոցին պառկած ուրվականային  աշխարհից հաճելի սարսափ զգացողն այդ բանաստեղծի իրական ընթերցողը չէ, ինչպես գիտնականն ու խելացի մարդը, որը հիանում է նրա վեպերի հոգեբանությամբ եւ լավ գրառումներ է անում նրա աշխարհայացքի մասին: Մենք պետք է կարդանք Դոստոեւսկի, երբ դժբախտ ենք, երբ տառապել ենք մինչեւ տառապանքի հնարավոր սահմանը, եւ ամբողջ կյանքն ընկալում ենք  ինչպես այրվող, մխացող վերք, երբ հուսահատություն ենք շնչում եւ մեռնում ենք անհուսությունից: Հետո, երբ մենք ձերբազատվում ենք տառապանքից, միայնակ ու կաթվածահար հայացք ենք նետում կյանքին, այլեւս չենք կարողանում ըմբռնել նրա վայրի, գեղեցիկ դաժանությունը եւ այլեւս ոչինչ  չենք ցանկանում, այդժամ մենք ընկալում ենք այդ սարսափելի եւ փառահեղ  բանաստեղծի երաժշտությունը: Այդ դեպքում մենք այլեւս հանդիսատեսներ չենք, այդ դեպքում մենք այլեւս զվարճասերներ ու դատավորներ չենք, այդ դեպքում մենք նրա ստեղծագործության բոլոր խեղճ դեւերի խեղճ եղբայրներն ենք, այդ դեպքում մենք ապրում ենք նրանց տառապանքներով` կախարդված ու շնչահեղձ նայելով կյանքի հորձանուտին, մահվան հավերժական պտտող ջրաղացին: Եվ այդ դեպքում մենք ենթարկվում ենք Դոստոեւսկու  երաժշտությանը, նրա մխիթարությանը, սիրուն. միայն այդ դեպքում ենք մենք զգում նրա սարսափելի եւ հաճախ այնքան դժոխային աշխարհի հրաշալի իմաստը:

Այդ ստեղծագործություններում մեզ գրավում են երկու ուժեր. երկու տարրերի եւ հակադիր բեւեռների դիմադրությունից աճում է նրա երաժշտության  առասպելական խորությունն ու ընդգրկուն տարածքը:

Մեկը հուսահատությունն է, չարիքի պատճառած տառապանքը, մարդկային ամբողջ գոյության ընթացքում արյունալի դաժանությանն ու կասկածամտությանն այլեւս չդիմադրելը: Այդ մահը պետք է լիներ, այդ դժոխքը պետք է մտնել, նախքան մյուսը` Տիրոջ երկնային ձայնը, կկարողանա իսկապես հասնել մեզ: Արդարամտությունն ու անկեղծությունը` ընդունելու, որ մեր գոյությունն ու մարդկությունը տխուր, կասկածելի, հնարավոր է` անհույս բան են, կարեւոր նախապայման են: Մենք պետք է հանձնվեինք տառապանքին, մահվանը. մերկ իրականության ամբողջ դժոխային քմծիծաղը պետք է սառեցներ մեր աչքերը, նախքան մենք կկարողանայինք ընկալել երկրորդ, մյուս ձայնի խորությունն ու ճշմարտությունը:

Առաջին ձայնը հաստատում է մահը, ժխտում հույսը եւ հրաժարվում բոլոր այն մտավոր ու բանաստեղծական զարդարանքներից ու հանդարտեցումներից, որոնցով մեր սիրելի գրողները թաքցնում են մարդկային գոյության վտանգն ու դաժանությունը: Սակայն երկրորդ ձայնը, այդ ստեղծագործության իսկապես երկնային երկրորդ ձայնը, մեզ ցույց է տալիս մյուս, երկնային կողմում, մահից բացի մեկ այլ բաղադրիչ, մեկ այլ իրականություն, մեկ այլ էություն` մարդու խիղճը: Թեեւ մարդկային ամբողջ կյանքը կարող է լինել պատերազմ եւ տառապանք, չարություն եւ սարսափ, կա նաեւ մեկ այլ բան` խիղճ, մարդկային ունակություն` դիմակայելու Աստծուն: Խիղճը մեզ կարող է ուղեկցել տառապանքի եւ մահվան վախի միջով, ուղեկցել դեպի տառապանք եւ մեղքի զգացում, բայց այն մեզ դուրս է բերում անտանելի, միայնակ անիմաստությունից, այն մեզ ուղղորդում է դեպի մտքին, էությանը, հավերժականին վերաբերող հարաբերություններ: Խիղճը ոչ մի կապ չունի բարոյականության, օրենքի հետ, այն կարող է նրանց հետ ունենալ ամենասարսափելի, մահացու հակասություններ, բայց այն անսահման ուժեղ է, ավելի ուժեղ, քան ողբերգությունը, ավելի ուժեղ, քան շահամոլությունը, ավելի ուժեղ, քան փառասիրությունը: Նույնիսկ ամենախորը տառապանքի մեջ, վերջնական մոլորության մեջ, այն միշտ ցույց է տալիս մի նեղ ճանապարհ, որն ուղղորդում է ոչ թե դեպի մահվան դատապարտված աշխարհ, այլ դրանից անդին`դեպի Աստված: Ճանապարհը, որը մարդուն ուղղորդում է դեպի իր խիղճը, դժվար է. գրեթե բոլորն այդ խղճի դեմ են, ավելի ու ավելի ծանր բեռ են կրում եւ կործանվում են խեղդված խղճից: Բայց  յուրաքանչյուրի համար, ամեն պահ, տառապանքից ու կասկածներից անդին, բաց է խաղաղ ճանապարհը, այն ճանապարհը, որը կյանքը դարձնում է իմաստալից, եւ մահը` հեշտ: Մեկը պետք է զայրանա եւ մեղանչի իր խղճի դեմ, մինչեւ զգա ամբողջ դժոխքը եւ համակվի սարսափով, վերջում, հառաչելով, զգա իր սխալը եւ ապրի դարձի ժամը: Մյուսները` հազվագյուտ, երջանիկ եւ սուրբ մարդիկ, ապրում են իրենց խղճի հետ կատարյալ ներդաշնակության մեջ, եւ, ինչ էլ որ պատահի նրանց հետ, միայն արտաքուստ է ազդում նրանց վրա, չի դիպչում նրանց սրտին. նրանք մնում են միշտ ծաղկուն, ժպիտը չի անհետանում նրանց դեմքից: Այդպիսի մարդ է իշխան Միշկինը:

Ես Դոստոեւսկու այդ երկու ձայները, երկու ուսմունքները լսել եմ այն ժամանակ, երբ ես նրա գրքերի լավ ընթերցողն էի, այն ժամանակ, երբ հուսահատությունն ու տառապանքը կոփել էին ինձ: Կա մի արվեստագետ, որի հետ ես նույն զգացումն եմ ապրել, մի երաժիշտ, որին ես միշտ չեմ սիրում եւ հաճույքով չեմ լսում, ինչպես որ միշտ չեմ հաճույքով Դոստոեւսկի ընթերցում:  Նա Բեթհովենն է: Նա տիրապետում է երջանկության, իմաստության եւ ներդաշնակության այն գիտելիքներին, որոնց չես հանդիպի հարթ ճանապարհներին, դրանք միայն փայլում են անդունդի եզրին գտնվող ճանապարհներին, որոնք մարդ չի ընտրում ժպիտով, այլ միայն արցունքներով եւ տառապանքից ուժասպառ լինելով: Նրա սիմֆոնիաներում եւ քառյակներում կան հատվածներ, որոնցում մաքուր տառապանքից եւ կորստից զատ փայլում է անսահման հուզիչ, մանկական եւ քնքուշ մի բան` մտքի մի առկայծում, փրկության գիտակցում: Ես այդ բոլոր հատվածները հայտնաբերում եմ Դոստոեւսկու ստեղծագործություններում:

 

Թարգմանությունը գերմաներենից`Թագուհի Հակոբյանի: