Դու, որ անցնում ես սահմանը
Աննա Կեյկոն (Վանգ Շանուվեն) չին ճանաչված պոետ է, արվեստագետ, միջազգային մշակութային համագործակցության ակտիվ գործիչ։ Այժմ Շանհայի Հյուֆենգ գրականության միջազգային ընկերակցության նախագահն է, Իսպանիայի ITHACA մշակութային հիմնադրամի՝ Չինաստանի ներկայացուցիչը, Նյու Յորքի միջմշակութային ասոցիացիայի անդամ և Իտալական արվեստի ու պոեզիայի ասոցիացիայի գլխավոր գործընկերը։
Նրա բանաստեղծությունները թարգմանվել են 3 տասնյակից ավելի լեզուներով և հրատարակվել ավելի քան 60 երկրների առաջատար պարբերականներում, ազգային և միջազգային ամսագրերում: Կեյկոն 2020 թվականի գրականության Նոբելյան մրցանակի նոմինանտներից մեկն էր: Ձեր գնահատմանն ենք ներկայացնում նրա բանաստեղծություններից մի քանիսը Լիլիթ Ղազարյանի՝ անգլերենից թարգմանությամբ:
***
Դու, որ անցնում ես սահմանը
Լուսաբացին մշուշը մեղմորեն պատում է շրջակայքը,
Հեռավոր քամին իր հետ բերում է նրբին բույրեր՝
Խառնելով իմ քնի փխրուն երազները:
Կեսգիշերվա մենավոր կախված բարձր լապտերը
Բոցավառում է ձյան տակ թաքնված լուռ կարոտը:
Դու մոռացել ես քամին, մոռացել ես խայթող ցուրտը,
Հետապնդելով արձագանքը քո սեփական ստվերի:
Արի, արքայադուստր իմ սիրելի,
Հուշիկ ու անցողիկ արի այնպես,
Թող գգվեմ քո այս ակնթարթին:
Սեր իմ, խնդրում եմ, կարդա տողերն այս անկեղծության,
Մի սիրտ, որ կարոտ է ըմբռնման ու սփոփանքի,
Հանդիպել է ահա անարդարության:
Ես անզոր եմ սանձել քեզ տեսնելու անհագ կարոտը:
Թող սերն ինձ ողորմա:
Խնդրում եմ, մի խուսափիր, ոչ էլ նահանջիր:
Անդին ժամանակի ու տարածության, բոլոր սահմաններից այն կողմ,
Սերն անապակ է, ինչպես օդը ձյունածածկ լեռան գագաթի,
Որ թափանցում է սրտի անաղարտության մեջ:
Միասին մենք համտեսում ենք սիրո նեկտարը,
Սեր, թույլ մի տուր, որ այն պղծվի:
Սիրտը, որ բռնկված է կրքով, անկարող է հանգստանալ:
Թող միասին ապրենք ներդաշնակությամբ:
Օ՛, հեռավոր Արևելքում,
Ուր դու ես ապրում, ես կարոտում եմ քո գուրգուրանքը,
Քո սիրտը միշտ բաց թող ինձ համար:
Վայրի մտքեր են թռչում ուղեղիս մեջ,
Քո մասին եմ խորհում, որ քեզ սիրեմ անվերջ:
Առանց քեզ երկինքը կորցնում է լազուրն իր:
Թեև հեռավորությունը ծանրանում է սրտիս,
Օ, այս զգացումն անհնար է զսպել,
Այն ծնվել է քո հանդեպ տածած խոր մեծարանքից:
Սիրիր ինձ ու հավատա, որ սիրո շնորհիվ դու կբացահայտես նորովի մի ես:
***
Թող գրիչն իմ լինի խաղաղության աղավնու պես
Երբ ես սովորում էի,
երեք չինացի լրագրող մահացան Հարավսլավիայում։
Երբ աշխատում էի,
փամփուշտների կարկուտ տեղաց հպարտ Բաբելոնի վրա։
Երբ սրճում էի,
համակարգիչս ցույց տվեց տեսանյութ՝
Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին։
Տեսեք՝
խաղաղ ժամանակ, երկնակամարի տակ,
մարդիկ երգում են թռչունների պես,
տունը աստղազարդ երկնքի պես գեղեցիկ է,
ալիքները դաշնամուր են նվագում, ծառերը՝ երգ ասում,
իմ սիրած երկրի անունը գեղեցկություն է,
և կարելի է ճամփորդել հեծանվով կամ ինքնաթիռով։
Ոչ սահման, ոչ ցանկապատ,
ոչ կրակոց, ոչ պայթյուն,
հրաշալի տեսարաններ, ցորենի դաշտեր ու կարմիր վարդեր։
Բայց մինչ ես հեռանալ էի ուզում,
գրիչս ծրագիրն իր ավարտեց ու ագռավ դարձավ։
Աշխարհակարգը նորից դուրս է վերահսկողությունից,
եւ աղտեղությունը փարվում է արեւին։
Լույս, խնդրում եմ ցած իջիր, ու համբույր տուր երկրին,
սնիր սրտերը վիրավոր,
թող գրիչն իմ լինի խաղաղության աղավնու պես նուրբ,
ու հանգրվանի ամենագեղեցիկ վայրում։
Սա՜ է իմ կամքը։
***
Ի˚նչ սիրով քեզ սիրեմ
Մի քանի արտասուքից զատ հարգանքի տուրք եմ մատուցում
Այն տարիներին, երբ ոչինչ չունեի...
Երբեմնի թարմ ու կանաչ շիվի պես
Մեծամիտ շնչով բարձրանում էի անծայր ուղիներով
Շնչում վաղորդյան ցողն ու օդը թարմ։
Գիշեր ու ցերեկ սավառնում էի ջահելության երկրում
Հաճելի, երջանիկ
Թռչում անհունական եթերներում:
Մի պահ սերը խայտում է,
Ուժգին սեր, որ սահում է կիսաշրջազգեստի տակից
Անցնում ինչպես քամի։
Եվ ահա այն նորից եկել է։
Արբած սիրտը նեղվում է
Արթնացնում է բազեի՝ վերածննդի ցանկությունը
Գիրուկ թևեր՝
Անմեռ խորը սիրով
Ախ, հոգնած աչքերն իրար են նայում,
Դու՝ անմահական, սիրտդ գունագեղ
Ապոլլոն, նրա գլխավերեւում միշտ կրակ է վառվում
Դժվար է մարել
Դու շարժվում ես դեպի Մուսան:
Ինչպես Հոմերոսի կախարդական գրչի թափը
Ինչպես Սապփոյի երգը
Ախ, տառապանքի հայրենիք
Դու որ ճնշված ես,
Անպտուղ սիրտ,
Խորը ակնաղբյուր ստվերում թաքուկ
Ի˚նչ սիրով քեզ սիրեմ
Ինչպե՞ս ստանամ սիրո պսակը -
Միայն այս խայտուն բառերը քերթելով է հնարավոր դա
Այդ սիրային երգերը
«Թռչող քերթվածները», Մեկը մյուսի հետեւից փորագրել ու ստանալ զգացումների խարույկ:
***
Իմ սիրո կեսը
Քո պայծառության մեջ ես սովորում եմ սիրել,
Քո իմաստության մեջ ես սովորում եմ երգեր գրել։
Դու հանգրվանել ես իմ ձախ կրծքին,
Իմ աջ աչքին,
Ու իմ ճանապարհին՝ ուղեբեռով ու ուտելիքով։
Պարզիր երկու ձեռքդ, իմ սեր,
Ամուր կառչիր քո բախտից։
Ասա, եթե Պարթենոնի աստվածուհին իմ աչքերն է վերցրել,
Ապա դու պիտի գողանաս իմ սիրտը։
Պարզ երկնքի տակ
Մարդիկ տառապելու համար են ստեղծված։
Աշխարհում, ուր կարող էիր ազատ թափառել,
Շրջափնյա գիծը սահման չունի։
Ուրեմն, իմ կես,
Սա է ճշմարտությունը, եթե ուզում ես լսել այն:
Սիրել՝ նշանակում է հնազանդվել
Մեզանից վերեւ ցոլացող պատրանքին։
Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Ղազարյանի