Դժբախտաբար… Թե՞…

Առավոտյան ժամը հինգի հեռախոսի զանգը չարագուշակ է։ Հաստատ։

Դպրոցի դիրեկտորը[1] հուլիսյան այդ օրն էլ, ըստ սովորության, ժամը հինգին արդեն ոտքի վրա էր։ Եվ երբ հեռախոսը զնգաց, անմիջապես վատ բան անցավ մտքով ու արագ վերցրեց ընկալուչը։

-Լսում եմ,- ասաց, ապա՝ մինչև քնից զարթնած կինը կհասցներ հարցնել, թե ինչ է պատահել, խոսափողը շպրտեց, նետվեց ընդհանուր բակ և ձայն տվեց մութուլուսին այգին ջրող եղբորը.

-Շո՛ւտ արա, ավտոն խոդ տո՛ւր, -սիրտը բռնեց, -դպրոցում պաժառ ա։

Փոքր եղբայրը, որ սովոր էր մեծի բերանից միայն գրական հայերեն լսել (դե դպրոցի դիրեկտոր լինելուց առաջ հայոց լեզվի ուսուցիչ էր), շատ զարմացավ՝ միանգամից հասկանալով, որ եթե եղբայրն էդպես է խոսում, ուրեմն չտեսնված աղետ է։ Արագ գործի գցեց մեքենան, և դատարկ փողոցներով սլացան դեպի դպրոց։

Հրդեհը բռնել էր դպրոցի փոքր կորպուսի վերջին հարկը։ Երկու հրշեջ մեքենաները հազիվ փորձում էին կրակը մեկուսացնել, որ այն չտարածվի Մկրտիչ պապիաց տան, դպրոցից ներքև գտնվող մանկապարտեզի և, իհարկե, հարակից փայտաշեն շինության՝ դպրոցի բուֆետ-ճաշարանի վրա։

Դիրեկտորը սիրտը բռնեց, անհոդաբաշխ ինչ-որ հնչյուններ արձակեց ու հենց էդտեղ նստեց մեծ կորպուսի պատին կից, բակից կես մետր բարձր ու ոչ այնքան լայն, եզրապատին, որտեղից սովորաբար ֆիզկուլտուրայի ուսուցիչները վարում էին առավոտյան մարզանքը։ Այդտեղից ինքն էլ ամեն սեպտեմբերի մեկին ելույթ էր ունենում, ողջունում դպրոցականներին և անպայման կրկնում իր սիրած արտահայտությունը, որը «Դիրոյին» երեխաների անեկդոտների հերոս էր դարձրել. «Մեր դպրոցի հարյուրավոր շրջանավարտներ այսօր Երևանի և մեր մեծ Միության այլ քաղաքների բուհերում կրծում են գիտության գրանիտը»։

…Երբ քսաներկու տարի առաջ ընդունեց դպրոցը, նորակառույց այդ շենքում միայն միջին ու բարձր դասարաններն էին դաս անում։ Շենքն ուներ կահավորված թեմատիկ կաբինետներ, սպորտային դահլիճ, գրադարան և ընդարձակ բակ, որտեղ առավոտյան մարզանքից ու բացօթյա միջոցառումներից զատ նաև դպրոցականների համար զանազան խաղեր էին կազմակերպվում։ Իսկ առաջինից չորրորդ դասարանները դաս էին անում համարյա մի կիլոմետր վերև՝ ավանի կենտրոնում գտնվող, մոտ 100 տարեկան՝ դեռևս Ազարիա Ադելյանի[2] ժամանակներում կառուցված հին դպրոցական շենքում։ Հիմնական շենքից հեռավորությունը անհարմարություններ էր ստեղծում տարրական դասարանների ուսուցիչների ու հենց ղեկավարության համար։ Եվ իր առաջին գործը եղավ դպրոցի համար նոր կորպուս կառուցելը։

Եռահարկ շինության թույլտվություն ու ֆինանսավորում պոկելը հեշտ չէր, բայց պատերազմի վետերան լինելը շատ դռներ էր բացում։ Իսկ երբ բակի մի հատվածում շինարարությունը սկսվեց, ինքը դիրեկտորի կաբինետը տեղափոխեց այդ կողմ նայող պատուհաններով սենյակ, որ ամեն պահ շինարարությունն աչքի առաջ լինի։ Եվ ամեն դրվող քարի, բարձրացող ամեն մետրի հետ ինքն էլ իր աչքին էր կարծես բարձրանում։

Շենքը կառուցվեց ժամանակին։ Առաջին հարկում բեմով դահլիճն էր, որը նաև ծառայում էր իբրև պիոներ-սենյակ։ Երկրորդ և երրորդ հարկերում դասասենյակներն էին՝ ամեն մեկի դռանը փակցված՝ 1-ին ա, բ, գ -ից մինչև 5-ի ա, բ, գ։

Հետո էդ կորպուսին հարակից էլ կառուցեց փայտաշեն բուֆետ-ճաշարանը, իսկ դրա նկուղում՝ խառատային հաստոցներով արհեստանոցը, որտեղ աշխատանքի ուսուցման դասերն էին լինում։

Նոր կորպուսն իր երեխան էր համարում, գուրգուրում էր, փայփայում, ամեն ուսումնական տարվա վերջին գնահատում էր չարաճճի աշակերտների չարությունների հետևանքները, իր ձեռքով նախահաշիվ կազմում, նորոգում։

Ու հիմա իր զավակն իր աչքի առաջ հրի ճարակ էր, ու հրդեհը, մարելու փոխարեն, ավելի ու ավելի էր բորբոքվում։ Իսկ ինքը սիրտը բռնած նստել էր եզրապատին. զգում էր, որ իր «զավակի» այրվելու հետ իր շուրջ ամեն բան քիչ-քիչ խավարում է։

…Հրդեհաշիջմանը հետևող, աղմկող, հրշեջներին օգնել փորձող ու անճարակությունից դեսուդեն նետվող մարդիկ  «ախպե՜րս, ախպե՜րս…»  գոռոցի վրա շրջվեցին ու տեսան, որ դիրեկտորը դանդաղ, շատ դանդաղ թեքվում է։ Ու մինչ հարևանների տներից մեկի հեռախոսով շտապ օգնություն կանչեցին, դիրեկտորը, նայելով իր համարյա 20-ամյա «զավակին», կրակից շուտ հանգավ՝ «ախպե՜րս, ախպե՜րս…»  գոռացող եղբոր ձեռքերի վրա։

Երկու օր հետո դիրեկտորի թաղումն էր։ Դագաղը ձեռքերի վրա էին տանում, ու համարյա ամբողջ ավանը գնում էր դագաղի հետևից։ Եվ այդ օրը բազմաթիվ սերունդների աշակերտները, որ բազմիցս «Դիրոյի» մասին անեկդոտներ էին պատմել, «Դիրոյի» ոճին հատուկ բառեր ասելով՝ հռհռացել կամ հետևից վազելով ծաղրանմանակել, առաջին անգամ տեսան դագաղի առջևից տարվող բարձիկի վրայի շքանշաններն ու մեդալները։

 

***

Դիրեկտորի քառասունքը դեռ չլրացած մանկավարժների ավանդական օգոստոսյան համաժողովն էր։ Շրջանի բոլոր ուսուցիչները հավաքվել էին շրջկոմի նիստերի դահլիճում։ Մարդիկ էին եկել լուսավորության մինիստրությունից, մասնակցում էին շրջկոմի առաջին քարտուղարը, գործկոմի նախագահը։

Համաժողովում ելույթի համար ձայն խնդրեց նաև դպրոցի երկարամյա ուսուցիչներից մեկը, որ վաղուց աչք ուներ դիրեկտորի աթոռին և տարիներ շարունակ սպասել էր իր շանսին։ Ելույթն էլ հենց իբրև դիրեկտորի պոտենցիալ թեկնածու իր անձի վրա ուշադրություն հրավիրելու համար էր։ Եվ հենց էդ պատճառով էր, որ առանձնապես չխորանալով իր ասածի էության մեջ, սկսեց էսպես.

-Մի ամիս առաջ մեր դպրոցի դիրեկտորը դժբախտաբար, թե բարեբախտաբար մահացավ…

 

[1] Պատմվածքում օգտագործված են խորհրդային տարիներին ընդունված տերմինները՝ դիրեկտոր, մինիստրություն և այլն։

[2] Ազարիա Ադելյան (1871 - 1903) գրող, գյուղագիր, մանկավարժ, Ռիգայում ուսում ստանալուց հետո վերադարձել է հայրենի Մեղրի։ Նրա և մեղրեցի այլ մտավորականների նախաձեռնությամբ 1901 թվականին Մեղրիում ստեղծվել է Հայաստանի առաջին սպառողական կոոպերատիվը։

 

Մեսրոպ Հարությունյան