Էքզիստենցիալ ներհայեցում շեքսպիրյան Վերոնայում

Թատերական փառատոները մշակութային կյանքը հարստացնող կարևոր հարթակներ են: Այս տարի «Արմմոնո» միջազգային թատերական 23-րդ փառատոնի շնորհիվ մայրաքաղաքի և մարզերի թատերասեր հանրության երեկոները համեմված էին երկու տասնյակից ավելի բազմալեզու և բազմաժանր մենաներկայացումներով:
Եթե տարբեր ձևաչափերով անցկացվող թատերական փառատոների գոյությունը կարևորվում է, քանի որ դրանք մասնագիտական փորձի փոխանակման և տարբեր թատրոնների հանրահռչակման գործիք են, ապա «Արմմոնո»-ն իր յուրահատուկ ձևաչափով նաև վարպետության քննություն է դարձել արտիստների համար: Մենաներկայացմամբ հանդես գալու համար թե՛ համարձակություն, թե՛ վճռականություն է պահանջվում: Ճիշտ է, հաջողությունը կարող է մեծ քայլ լինել արտիստի ստեղծագործական վերելքի գործում, բայց և անհաջողությունը վարկենապես մոռացնել կտա մինչ այդ գրանցած մեծ ու փոքր հաջողությունները: «Արմմոնո» փառատոնի երկարակեցությունը և ամենամյա շարունակական ընթացքը վկայում են ճիշտ ընտրված մշակութային քաղաքականության և արդյունավետ գործունեության մասին:
Տարիներ առաջ փառատոնի շրջանակում բեմ բարձրացած ներկայացումները հետո արդեն շարունակում են իրենց ինքնուրույն կյանքը, մասնակցում այլ փառատոների և թատերական մրցանակաբաշխությունների՝ արժանանալով մասնագիտական հանձնախմբերի բարձր գնահատականին, և ևս մեկ անգամ տարբեր հեղինակավոր հարթակներից հնչեցնում են փառատոնի անունը: Լավագույն օրինակներից մեկն է Նարինե Գրիգորյանի «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» վավերագրական մենաներկայացումը, որով 2017թվականին բացվել է «Արմմոնո» փառատոնը: Ներկայացումն արդեն 8 տարի է շարունակում է իր ընթացքը աշխարիի տարբեր թատերական բեմահարթակներում:
Նարինե Գրիգորյանն այն եզակի արտիստներից է, որին հաճախ ենք բախտ ունեցել բեմում տեսնել՝ մենաներկայացման գեղագիտության շրջանակներում. հիշենք մաթևոսյանական «Գոմեշը»՝ նույն «Արմմոնո»-ի ծրագրում և «Дзинь» մենաներկայացումը:
Այս տարի «Արմմոնո» 23-րդ փառատոնը բացվեց «Սասունցի Դավիթ» էպոսի հիման վրա Նարինե Գրիգորյանի ստեղծած բեմադրությամբ: Բեմում հանդես գալու իրավունքն այս անգամ վստահված էր Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանին: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի նախագիծ «Սասունցի Դավիթ» ներկայացման գլխավոր դերակատարման համար նա արժանացել է ՀԹԳՄ ամենամյա թատերական մրցանակաբաշխության «Արտավազդ» մրցանակի:
Փառատոնի հզոր մեկնարկն ապահովված է, բայց և բարձր նշաձողը պարտավորեցնում է հաջորդիվ ներկայացողներին:
«Արմմոնո»-ի մեկնարկից առաջ տեղի ունեցած հարցազրույցի ժամանակ փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հատուկ շեշտադրեց մարզային թատրոնների և թատերախմբերի ներգրավվածության փաստը: Ինչն էլ ուղղորդեց վերլուծել Գյումրու երիտասարդական թատերախմբի «Ռիչարդ» մենաներկայացումը: Վերլուծության հիմքում ներկայացումը դիտած հանդիսատեսի մասնագիտական և ոչ մասնագիտական խմբերի արձագանքի սոցիոլոգիական հարցման որակական քննությունն է:
Գյումրու երիտասարդական թատերախումբը ստեղծվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի դերասանառեժիսորական կուրսերի շրջանավարտների ջանքերով: Համախմբվելով մեկ նպատակի շուրջ՝ գաղափարակից երիտասարդները Գյումրիում ստեղծեցին թատերախումբ, որը ոչ թե մրցում, այլ սերտորեն համագործակցում է և՛ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի, և՛ Հովհաննես Հովհաննիսյանի հիմնադրած «Մտորումների թատրոնի» հետ: Թատերախումբը հաճախ ներկայանում է նաև ոչ ֆորմալ ձևաչափով: «Ռիչարդ»-ը թատերախմբի առաջին մենաներկայացումն է և Անահիտ Ղազարյանի առաջին բեմադրությունը: Ռիչարդի դերում պիեսի հեղինակ Արմեն Արշալույսյանն է. մարմնավորել կերպար, որը քո մտահղացման արդյունքն է, բայց և նրա ստեղծման աշխատանքները վստահել սկսնակ բեմադրիչի…
Գործողությունները կատարվում են Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսի հորինված իրականության պայմաններում՝ 14-15-րդ դարերի Վերոնայում: Հերոսը՝ Ռիչարդը, տգեղ արտաքինով թունագործ է, որն իր աշխատանքը կատարում է արվեստագետի մոտեցմամբ: Շարունակական փորձերը միտված են թույնի կատարյալ բանաձև գտնելուն, որը կգործի վարկենապես և փրկության ոչ մի հնարավորություն չի թողնի: Հանդիսատեսը շատ արագ հասկանում է, ով է հերոսը, ինչով է զբաղված, բայց թե որքան խորն են նրա ատելության արմատները, բացահայտվում է աստիճանաբար:
Կյանքի, մարդկության, անարդարության մասին հնչող ընդհանրական խոսքերը հանգում են. «…Երբ 5 տարեկան երեխայի աչքի առաջ քարշ տալով տանում են նրա հորն ու մորը: Չես հասկանում ուր են տանում, բայց մնում ես մենակ…» մտքին, և անորոշության քողն անհետանում է՝ հերոսի ատելության հիմքում մանկության բաց վերքն է, որն ավելի է խորացել, երբ նրան որդեգրած թունագործ կինը նույնպես դաժան մահվան է արժանացել: Ռիչարդը դարձել է մահվան խորհրդանիշը Վերոնայում, ինչը շեշտադրված է նրա հանդերձանքով և մահակով, որն իր հետ վերցնում է, երբ թույնը պետք է պատվիրատուին հասցնի: Բեմանկարիչ Ֆլորա Նախշքարյանը ռեկվիզիտի և դեկորների ձևավորման խորհրդանշական մոտեցմամբ է աշխատել: Ոչինչ բեմում ինքնանպատակ չէ. լույսի ու ստվերի խորհրդանիշներն արտացոլում են հերոսի հոգում ապրող ու պայքարող սիրո ու ատելության, կյանքի ու մահվան զգացողությունները: Եթե մահվան խորհրդանիշը մահակն էր, ապա, որպես կյանքի ու սիրո խորհրդանիշ ընտրվել էր ձեռքի լուսամփոփը, որի լույսի ներքո Ռիչարդը տեսել ու սիրահարվել էր Ջուլիետին: Ներկայացումը տեմպոռիթմիկ կառուցվածքով բաժանված է երկու հատվածի. առաջին մասում, այն ավելի դանդաղ, անգամ ձանձրալի ու ձգձգված է, բայց երբ մահվան մարմնացում դարձած հերոսի հոգում սիրո կայծն է հայտնվում, անմիջապես փոխվում է ռիթմը, գործողությունները դառնում են դինամիկ, հանդիսատեսը սկսում է համակրել հերոսին և սպասել դրական հանգուցալուծման: Գրական հիմքի հեղինակ Արշալույսյանը փորձել է այն մոտեցնել իր ընտրած միջավայրին՝ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության լեզվամտածողությանը և գործողությունների ընթացքին (օրինակ Ռիչարդը մասնակցում է հայտնի դիմակահանդեսին), իսկ հերոսի ներքին բախումներն ավելի շուտ էքզիստենցյալ փիլիսոփայության շրջանակներում են, ոչ թե վերածնունդի: Ռիչարդի ներաշխարհի երկու «ես»-երի բանավեճի տեսարաններում ինքնաքննադատությունը լռեցնելու և երանելի ապագայի իրագործման հնարավորությանը հավատով սպասելու սին վճռականություն կա:
«Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործության գործողությունների շղթայում «Ռիչարդն» այնքան էլ ներդաշնակ չի ձուլվում, քանի որ Շեքսպիրի պատումում թույները տարբեր աղբյուրներից են հայտնվում հերոսների ձեռքում, և, ի վերջո, Ջուլիետին թույնը չի սպանում, այլ Ռոմեոյի սուրը. «…երջանիկ դաշույն ահա քեզ պատյան, ժանգոտվիր այդտեղ և տուր ինձ հանգիստ»: Հատկապես մասնագիտական թատերական ուղղվածությամբ հանդիսատեսը ներկայացման վերնագրի և հերոսի անվան պատճառով ենթագիտակցորեն փնտրում է Շեքսպիրի մեկ այլ հայտնի ստեղծագործության`«Ռիչարդն 3-րդ»-ի հերոսին: Այս երկու հերոսներն ունեն աշխարհայացքի նման մոտեցում, թերևս հնարավոր է որոշ բնավորության գծեր նույնացնել, սակայն հերոսի անվան այս տարբերակն ավելի շուտ խանգարել է հանդիսատեսին ճիշտ ընկալել գործը:
Ներկայացման գաղափարախոսությունը ներհայեցման արդյունքում է բացահայտվում: Այս հերոսի օրինակով հեղինակը ցույց է տալիս կյանքում տեղի ունեցած դժբախտությունները չհաղթահարելու և ցավի ալիքը վրեժի ծարավի վերածելով ապրելու հանգուցալուծման ողբերգականությունը: Եթե «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունն անկախ հերոսների մահվան ելքից լավատեսական է որակվում, ապա «Ռիչարդը» մռայլ էքզիստենցիալ ողբերգություն է:
Վանուհի Սեթոյան
