Երաժշտական Գյումրիի նոր դեմքը

Գյումրիում մի խումբ տաղանդավոր ու նպատակասլաց երիտասարդ երաժիշտներ համախմբել են իրենց ստեղծագործական ներուժը «Ֆոլկաստիկ» բենդում՝ ֆոլկ երաժշտությանը նոր շունչ հաղորդելու նպատակով։ Բենդի հիմնադիրն է պրոդյուսեր, ռեժիսոր, կիթառահար ու շեփորահար Տաթև Ժաքյանը։ Խմբի կազմում ընդգրկված են վոկալիստներ Գայանե Անտոնյանը և Ռուզաննա Թադևոսյանը, դաշնակահար Միքայել Միքայելյանը, ջութակահար Նարե Ենգոյանը, հարվածային գործիքների մասնագետ Արամ Փափազյանը և կլարնետահար Գոռ Երվանդյանը։ «Ֆոլկաստիկ» բենդի համար մեծ ոգեշնչման աղբյուր է դարձել նիդերլանդական «OMNIA» խումբը, ինչի շնորհիվ նրանք որոշել են անդրադառնալ «Fee Rah Huri» երգին։ Այս ստեղծագործությունն էլ հիմք դարձավ նրանց առաջին տեսահոլովակի համար, որը հրապարակվեց YouTube-ում։ Բացի այդ, բենդի անդամների վրա մեծ ազդեցություն են թողել նաև «No Smoking Orchestra»-ն՝ ի դեմս Էմիր Կուստուրիցա ռեժիսորի և Գորան Բրեգովիչ երաժշտի։
Բենդի հիմնադիր Տաթև Ժաքյանի խոսքով՝ «Ֆոլկաստիկ» բենդը մեկ տարեկան է, բայց խմբի ստեղծման սկիզբը կապում են 2022-23 թվականների հետ, երբ «ԿԱԶԱ» հիմնադրամի թիմի հետ որոշեց խումբ ստեղծել․ «Սկսվեցին երկար քասթինգային փուլեր՝ երաժիշտների, գործիքների ընտրության, ապա նաև ժանրային, ոճական ուղղվածություն փնտրելու աշխատանքները: Մինչև կհասնեինք բենդի ֆոլկաստիկ էությանը, անդամների վերջնական տեսքին ու առաջին բեմելին՝ բավական հետաքրքիր էվոլյուցիա կատարվեց»,-պատմում է Տաթևն՝ ընդգծելով, որ այս բենդն այն իրողության վկայությունն է. որ պետք է գնալ երազանքների հետևից: «Ֆոլկաստիկ»-ի անդամները բնավորությամբ ու ստեղծագործականությամբ տարբեր են, բայց միավորված են մեկ ուժեղ զգացմունքով՝ սիրով դեպի երաժշտությունն ու ֆոլկը։
«Երբ լսում են՝ ֆոլկ բենդ ենք, մտածում են՝ հայկական ֆոլկի մասին է խոսքը, այնինչ մենք մեր համերգներում աշխարհի տարբեր մայրցամաքների ձայնն ենք հնչեցնում, ու մեր երգը թափառում է աֆրիկյան ռիթմերից մինչև բալկանյան, ֆրանսիական, Մերձավոր Արևելքի, Բրազիլիայի ու շատ-շատ այլ ազգերի հայրենիքներով, և «Ֆոլկաստիկ»-ը հայկական երաժշտական իրականությունում ճամփորդություն է՝ սրտի ու ականջների օգնությամբ»,-մանրամասնում է բենդի հիմնադիրը։
Բենդի վոկալիստ Գայանեն նշում է, որ «Ֆոլկաստիկ»-ի առավելություններից մեկն այն է, որ շատ լեզուներ են ուսումնասիրում և բազմաշերտ աշխատանք տանում։ «Ամեն լեզուն սովորելու համար ես ու մեր մյուս վոկալիստը` Ռուզաննան, տրանսկրիպցիայի միջոցով գրում ենք, թարգմանում, որպեսզի իմաստը կարողանանք ճիշտ տեղ հասցնել։ Դժվարություններ լինում են, լեզուներ կան, որ շատ դժվար են տպավորվում և մոռանում ենք երբեմն կամ արագության մեջ կարող է սխալվենք, բայց ամեն փորձին ավելի ենք հմտանում և հաղթահարում ենք խնդիրները»,-պատմում է Գայանեն։
«Ֆոլկաստիկ» բենդի համար տեսահոլովակները կարևոր հաղթանակներ են, որոնք հնարավորություն են տալիս մի պահ «փոքրացնել» աշխարհը և այլ մայրցամաքների ռիթմը, լեզուն ու պատկերը հասցնել հայ հանդիսատեսին։ Հաճախ են լսում կարծիքներ, որ մինչև բենդի մասին իմանալը, մարդիկ մտածել են, թե դիտում են օտարերկրյա ինչ-որ խմբի տեսահոլովակ։ Բենդի անդամները նշում են՝ մեծ է ցանկությունը, որ այն ազգերին, որոնց անդրադառնում են՝ հենց իրենց հայրենիքներում էլ հանդես գան երգերով։
Հագուստը, դիմահարդարումը… Բենդի յուրաքանչյուր ելույթ ու տեսահոլովակ նոր ու հետաքրքիր լուծումներով է ներկայանում։ Հանդիսատեսը միշտ կարող է ակնկալել անսպասելի ու յուրահատուկ կերպարներ, որոնք արտացոլում են ինչպես խմբի ստեղծագործական ոճն, այնպես էլ ֆոլկի ամբողջ բազմազանությունն ու գույները։
Ինչ վերաբերում է խմբի անդամների կերպարային ընտրության գործընթացին, բենդի վոկալիստ Ռուզաննան նշում է, որ երբեմն որոշումները կայացվում են միասին, երբեմն էլ՝ առանձին։ Հիմնական հագուստի ընտրությունը թիմային աշխատանք է, սակայն աքսեսուարները յուրաքանչյուր մասնակից ընտրում է իր կերպարին համապատասխան՝ պահպանելով «Ֆոլկաստիկ»-ի նախընտրած գույներն ու էությունը։ Այսպես, ամեն անգամ խմբի հիմնական հագուստը նոր տեսք ու ոճավորում է ստանում՝ դառնալով արվեստի ևս մեկ դրսևորում։
«Ֆոլկաստիկ»-ի առաջին տեսահոլովակը նկարահանվել է «FEE RA HURI» (նիդերլանդական ռիթմերով, բայց գոյություն չունեցող լեզվով) երգի հիման վրա՝ հանդիսատեսին հուշելով, թե ինչպիսի երաժշտական խենթություններ կարելի է ակնկալել խմբից։ Եվ հենց այդպես էլ ստացվել է։
Երկրորդ տեսահոլովակը նվիրված է «YARO JAN» երգին, որն, ի դեպ, երեք տեսահոլովակներից ամենասիրվածն է հանդիսատեսի շրջանում։ Այն ներկայացնում է հայկական ֆոլկ երաժշտությունը, Գյումրիի փողոցների ջերմ ու անկրկնելի մթնոլորտը, ինչպես նաև խմբի անկեղծ ու անմիջական կերպարը՝ հավիկին ու աքաղաղին ամուր գրկած։ Այս տեսահոլովակը ոչ միայն օգնեց հայ ունկնդիրներին չշփոթել խմբի անդամներին օտարերկրացիների հետ, այլև ճանաչել նրանց որպես երաժշտական Գյումրիի նոր դեմքեր։
Իսկ երրորդ տեսահոլովակը խմբի ամենանուրբ աշխատանքներից է՝ լեհական «Dwa Serduszka» ֆոլկ երգի ջազային մեկնաբանությունը։ Այս ստեղծագործության մեջ խումբը ներդրել է իր բոլոր ստեղծագործական հնարավորությունները՝ «Ֆոլկաստիկ» բենդը ներկայացնելով միանգամայն այլ տեսքով և ասելիքով։
Բենդի անդամներից յուրաքանչյուրը «Ֆոլկաստիկ»-ի իր ընկալումն ունի, բայց բոլորը համերաշխորեն ընդգծում են՝ մի երաժշտական ընտանիք է, որում գերիշխում է սիրո և ստեղծագործական մթնոլորտը:
Տաթև. ««Ֆոլկաստիկ»-ն ամենավառ ապացույցներից մեկն է, որ մեր երազանքները, մեր հույսերը մի օր գտնում են իրենց տունը երկրի վրա»։
Գայանե. ««Ֆոլկաստիկ»-ն ինձ համար ընտանիք է, որտեղ ես ինձ ապահով, խաղաղ եվ իրական եմ զգում»:
Ռուզաննա. ««Ֆոլկաստիկ»-ն ինձ համար գունավոր աշխարհ է, որտեղ մշտապես բացահայտում եմ ներսումս եղած գույներն` իրենց բոլոր դրսևորումներով»։
Նարե. ««Ֆոլկաստիկ»-ն այն վայրն է, որտեղ կտրվում եմ առօրյա թոհուբոհից, վայելում ամեն վայրկյանը և վերալիցքավորվում»։
Միքայել. ««Ինձ համար բենդի անդամները ոչ թե գործընկերներ են, այլ ընտանիք, որովհետև մենք լսում ենք միմյանց`հարգում միմյանց կարծիքը, և միասին նվագում մեր հոգու մեղեդիները»։
Արամ. ««Ֆոլկաստիկ»-ը մի ջերմ խարույկ է, տարբեր ծառերի ճյուղերից կազմված, որոնք իրենց երաժշտական մոտեցմամբ և նրբություններով վառ են պահում ֆոլկի կրակը»։
Վովա Արզումանյան

