Երեք պատմություն

Գրենլանդիա

Ամեն շաբաթ, երկուշաբթի կամ երեքշաբթի առավոտյան փոստատարն ինձ բերում է նյու-յորքյան «Հերալդ Թրիբյուն» հանդեսը, որտեղ գրում են ամենայն տարատեսակ գրվածքների, և ամեն տեսակի գրողների մասին, և այն մասին, թե ինչ են նրանք գրում։ Գրողները, որոնց տպագրում են, շատ են, բայց չտպագրվողներն առավել շատ են, և ես կկամենայի տեսնել, դե թեկուզ մի քաղաքային թաղամաս, որտեղ դե գոնե մի գրող չգտնվեր, և եթե գտնվի երկրի երեսին մի հիսուն բնակչով փոքրիկ մի գյուղակ, որը չունի իր գրողը, ես կուզենայի տեսնել այն։ Ես կուղևորվեի այնտեղ և կջանայի հասու լինել, թե ինչու հիսուն համագյուղացիներից ոչ մեկը չի փորձում պատմել աշխարհի երեսին ապրող մարդու մասին։ Ես կուզենայի մի անգամ առավոտյան զբոսնել այդպիսի գյուղակում և լուռ քայլել գլխավոր փողոցով, այն ծայրեծայր չափել, զննելով տներն ու բնակիչների շարժուձևը, որովհետև հիսուն մարդը քիչ չէ, և նրանց ապրած ակնթարթներն էլ քիչ չեն։ Ես կուզենայի իմանալ այդպիսի գյուղակի մասին, բայց ես համոզված եմ, որ աշխարհի երեսին չկա համանման վայր, չկա նույնիսկ Գրենլանդիայում․ և եթե դուք կարծում եք, թե ես կատակում եմ, ապա նեղություն քաշեք գնալ հասարակական գրադարան և  գրենլանդյան գրականություն ընթերցել՝ դուք կհայտնաբերեք, որ այդ երկիրը լի է բանաստեղծներով ու արձակագիրներով, ընդ որում՝ նաև շատ լավերով։ Բայց ամողջ այդ գրականությունը՝ ինքը Գրենլանդիան է, և ահա թե ինչի մասին եմ ես պատրաստվում ասել։ Ամբողջ այդ պոեզիան, և ամբողջ այդ արձակը Գրենլանդիան է։ Մեր երկիրը, Ամերիկան, լայնարձակ է, և մենք շատ գրողներ ունենք, որոնցից շատերին չեն տպագրում։ Ես ինքս գրում եմ Սան-Ֆրանցիսկոյի մասին, բայց ոչ ամբողջ քաղաքի՝ այլ լոկ նրա արևմտյան հատվածի՝ Կարլ սթրիթից մինչև Խաղաղ օվկիանոսը։ Նրանց գրականության մեջ՝ Գրենլանդիան է, այլ ոչ թե հաշվենկատ երիտասարդը, և փառք Աստծու, որ նրանց գրականությունում՝ հաշվենկատություն չէ, այլ երկիրը, ոչ թե արվեստն արվեստի համար, այլ ճակատագիրը, միակ, անկրկնելի Գրենլանդիան։

Ես Ֆրիսքոյից եմ՝ մշուշը, շչակները, օվկիանոսը, սարերը, ավազաբլուրները, մելամաղձով լի վայրը, իմ սիրելի քաղաքը, երկրի անկյունը, ուր ես ապրում և շնչում եմ, և ուր ես զբոսնում եմ լուսադեմին ու կեսգիշերին, իմ հանդիպումների ու բաժանումների քաղաքը, որտեղ իմ կացարանն է, գրքերն ու ձայնագիրը։ Այո, ես սիրում եմ այս քաղաքը, և նրա այլանդակությունն էլ սիրելի է ինձ։ Իմ ճշմարտությունն այն է, որ ես բնավ էլ գրող չեմ և չեմ ուզում գրող լինել։ Ես չեմ փորձում ոչինչ ասել։ Ինձ պետք էլ չի ասել։ Ես ասում եմ միայն, երբ ի զորու չեմ չասել, և երբեք բառարաններից չեմ օգտվում, երբեք ոչինչ չեմ հորինում։ Ամբողջ աշխարհի արձակն առաջվա պես գտնվում է գրքերից ու լեզվից դուրս, և ինձ մնում է լոկ քայլել քաղաքով մեկ և աչքերս չորս անել։

Ամեն երկուշաբթի կամ երեքշաբթի ես թերթում եմ այս հանդեսը, որ ինձ հասցնում են Նյու-Յորքից, զննում եմ նկարները, այստեղ-այնտեղ կարդում եմ նոր գրքերի ու գրողների անունները։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ են գրում հեղինակները, որոնց տպագրում են, քանզի եթե ես իմանամ, ինչ է տպագրվում, ապա կկարողանամ հասկանալ, թե ինչ չի տպագրվում, և ես համարում եմ, որ Ամերիկայի մեծագույն արձակը՝ ծածուկ մնացածն է։ Եվ ով չգիտի, որ ամեն մի հրատարակված գրքին միշտ և ամենուր հասնում է քսան, կամ երեսուն, կամ քառասուն չհրատարակված գիրք, և դրանցում՝ Ամերիկան է, կամ Գրենլանդիան է, կամ այլ մի երկիր։

Ես ինքս շատ խղճուկ գրող եմ, որովհետև ես չեմ կարդում մեծ գրողների ստեղծագործությունները, կամ այն պատճառով, որ ես չեմ սովորել քոլեջում, որովհետև վայրն ինձ համար անձից ավելի կարևոր է, այն ավելի հուսալի է և չի խոսում, իսկ գրողները, որոնց տպագրում են, չափազանց շատ են խոսում և մեծ մասամբ անհեթեթություններ։ Ես կուզենայի պարզաբանել ահա թե ինչ՝ արդյոք աշխարհի երեսին կա մի բան, որի մասին պիտի խոսի հենց գրողը։ Ես գիտեմ շատ բաներ, որոնց մասին գրողն ավելի լավ է լռի։ Ես գիտեմ շատ բաներ, որոնց մասին պիտի խոսեն ոչ գրողները, հատկապես եղանակի մասին, ախ ինչ հիանալի արևոտ առավոտ է և այդպես շարունակ, դե իհարկե, միևնույն իմաստն արտահայտող, այլ խոսքերով և հատկապես՝ արդեն չորրորդ օրն է փողոցում արև է, թովիչ արև, և առաջին օրը, որ ես մնում եմ իմ սենյակում նստած։ Այնքան լավ էր և ես ինձ այնքան լավ էի զգում, իսկ այժմ ես ստիպված եմ նստել փակված, ի հեճուկս այն բանի, որ երկինքը ջինջ ու ջերմին է։ Ես պիտի մնամ տանն ու հանդարտ խոսակցություն վարեմ այս քաղաքի մասին, և, ընդ որում, ոչ որպես գրող։

Ահա թե ինչին է այս ամենը, ի վերջո, հանգում՝ ես ջանում եմ խոսել բոլոր այն գրողների անունից, որոնց չեն տպագրում, և որոնք, իբրև թե այստեղ էին, և ապրում ու շնչում էին այս հիանալի եղանակով երեք օրերը։ Եվ ես բնավ էլ չեմ փորձում պատմություն պատմել։ Իհարկե պատմությունն առկա է այստեղ, և ես չեմ փորձում այն շրջանցել։ Այն միշտ մեզ հետ է, եթե նույնիսկ դուք գրում եք ժամացույց արտադրողի կամ էլեկտրական լվացքի մեքենաների մասին՝ այն միշտ մեզ հետ է։ Սա իմ քաղաքն է, Սան Ֆրանցիսկոն, որտեղ արևը շատ պայծառ է, վայրը, և նրա օդը շատ ջինջ, և ահա ես՝ երկրի վրա ապրող, և ահա երկիրը, Գրենլանդիան, և ոչ մեն-միայն հաշվենկատությունը, Ամերիկան, և ոչ խոսքուզրույցը։ Ահա իմ առաջին պատմությունը, և եթե ձեզ դուր չի գալիս դրա ոճը, դուք կարող եք այն չկարդալ, որովհետև դե այն այսպիսին է, և դրանում լոկ քաղաքն է ու քաղաքի կլիման։ Բայց չէ որ այն, ինչ մենք մտածում ենք, նվազ կարևոր է, քան այն, ինչ մենք զգում ենք, իսկ այսպիսի եղանակին մենք մեր մեջ զգում ենք կյանքը, և այդ զգացումը՝ ամենամեծ արձակն է և երկրի երեսին ամենից վեր է՝ Գրենլանդիան, Ամերիկան, իմ քաղաքը՝ Սան Ֆրանցիսկոն, դուք և ես, և մենք բոլորս շնչում ենք, զգում ենք, որ մենք ողջ ենք, խմում ենք ջուր ու գինի, ուտում ենք հաց ու միս, քայլում ենք երկրի երեսին, տեսնում ենք միմյանց։ Եվ ամբողջ աշխարհի անանուն ու անհայտ գրողները կասեին նույնը, ինչ ասում եմ ես՝ որ մենք ամենքս ողջ ենք և որ մենք շնչում ենք, այնպես որ եթե ձեզ իմ ոճը դուր չի գալիս, դուք կարող եք երեկոյան թերթ կարդալ, և գրողը ձեզ տանի։

 

Վլադիմիրը

Օրեր առաջ այստեղ էր Վլադիմիր Հորովիցը և մի երեկո Սան-Ֆրանցիսկոյի օպերային թատրոնում դաշնամուր էր նվագում, հարուստ կանայք ծափահարում, և խոսքուզրույց էին վարում։ Նրանք մինչև այժմ խոսում են Վլադիմիրի ձեռքերի մասին, և այդ խոսակցությունները մեծ մասամբ անհեթեթություն են, բայց, ըստ երևույթին, անհեթեթյունից հետ կենալն անհնար է։

Վլադիմիրն եկավ այս քաղաք երեքշաբթի երեկոյան, 1934 թվականի փետրվարի 27-ին, և բոլոր գեր ու վտիտ տիկնայք ծափահարում էին նրան։ Նա ստացավ իր փողերը, և մեկնեց, երևի թե՝ Լոս Անջելես։ Իսկ տիկնայք դեռ շնչակտուր խոսում են նրա մասին, թեպետ իհարկե առանց սեռականության, չէ որ արվեստի էությունը ոգին է, այլ ոչ թե մարմինը։ Լավ, դա ծիծաղելի է, ես ինքս բազմիցս լսել եմ, թե ինչպես էին տիկնայք խոսում Վլադիմիրի ձեռքերի մասին, և այդ խոսակցությունների մեջ ոչ մի հոգևոր բան չկար, դույզն-ինչ ներշնչանք․ բայց, իհարկե, կարևորն այդ չէ, և ամենքն էլ լսել են հարուստ կանանց խոսակցությունները։ Ինձ դրանք նույնիսկ դուր են գալիս․ թող որ դրանք այդքան էլ խելացի չեն, չէ որ հարուստ տիկնայք էլ, ըստ էության, լոկ ապրում և շնչում են։ Բայց նրանք հարուստ են, և վերնախավում անպատշաճ է համարվում եղանակի մասին խոսելը, և այդու տիկնայք գնում են համերգների, որպեսզի խոսքուզրույցի համար ինչ-որ թարմ բան ունենան, ինչ-որ բան, կլիմայից զատ։ Իսկ տիկնայք, դե պետք է չէ, որ ինչ-որ բանից խոսեն։ Չէ որ նրանք չեն կարող մշտապես խոսել Ռուսաստանի մասին։ Սակայն կարևորն ահա թե ինչն է՝ դարձյալ ես ինքս։ Ես պիտի նախազգուշացնեմ, որ այն ամենում, ինչ ես սովորաբար պատմում եմ իմ քաղաքի մասին, նրա կյանքի ինչ-որ շրջանում, պարզապես ինքնակենսագրություն չի։ Ես միշտ խոսում և մտածում եմ վայրի և այդ վայրում ժամանակի մասին, և ես ինքս՝ մտքի մասնիկն եմ, քանզի այդ անխուսափելի է։ Բանն այստեղ սնապարծությունը չէ, այլ ճշգրտությունն ու ճշմարտությունը։ Ես այդ անում եմ օբյեկտիվորեն՝ ինքս, այս վայրը, այս ժամանակը։

Այն երեկո, երբ Վլադիմիրը դաշնամուր էր նվագում հարուստ տիկնանց համար, ես միայնակ նստած էի իմ սենյակում և լսում էի նրան։ Համերգը սկսվում էր ութն անց կես, և ես տուն էի եկել դրանից մի ժամ շուտ։ Ամենից հաճախ Սան Ֆրանցիսկոյի օպերային թատրոնը ես տեսել էի դրսից․ մի անգամ ես ներս սպրդեցի և այն տեսա ներսից՝ գիշերը։ Այնպես որ, իմ սենյակում նստած, ես լիովին կարող էի պատկերացնել այդ վայրը։ Ութի մոտ ես պատկերացրի, թե ինչպես են օպերային տանը մոտենում մեծ մեքենաները, և դրանցից դուրս գալիս, մոդայի վերջին ճիչով հագնված, հարուստ տիկնայք։ Շուտով սկսեցին ժամանել վիթխարի քանակությամբ ավտոմեքենաները, և այդժամ վրա հասավ ոստիկանության հատուկ ջոկատը։ Ոստիկանությունը սկսեց սուլել՝ կարգուկանոն հաստատելով։

Վլադիմիրը ելավ բեմ և տիկնայք ծափահարեցին․ նա նվագում և խոնարհվում էր, խոնարհվում և նվագում էր, և տիկնայք ծափահարում էին, հետո նա վերցրեց իր փողերն ու գնաց Լոս-Անջելես, իսկ ես նստել իմ սենյակում ու ժպտում էի։ Հուսով եմ այդ երեկո Վլադիմիրը ահագին փող ստացավ, թերևս, այ թե ինչն է կարևոր։

Ես ինքս գտնվում էի այնպիսի վայրում, քաղաքի այնպիսի մասում, ուրկից անհնար էր, ինչպես հարկն է, համերգը լսել, իսկ ճիշտն ասած, ես ամենևին չէի կարող այն լսել․ ես լոկ կարող էի մտովի պատկերացնել Վլադիմիրին դաշնամուրի մոտ։ Բայց ահա, ի վերջո, գիշերվա ժամը տասնմեկին ես որոշեցի լսել համերգը՝ իմ սեփականը, և ես գնացի լողափ, դեպ օվկիանոսը։ Ափին տաք նրբերշիկներ են վաճառվում, և կան արհեստական ջրվեժներ, որոնցով կարելի է լողալով անցնել։ Լողափին կարուսել կա։ Ես մոտեցա կարուսելին ու սկսեցի լսել դրա երաժշտությունը։ Սա իմ երկրորդ պատմությունն է, հավանաբար, առաջինից փոքր-ինչ բարդ։ Իսկ իմաստն ահա թե որն է՝ Վլադիմիրը կարուսելային երաժշտություն չէր կատարում։ Այդ կարուսելային երաժշտությունը ծագում է զուտ մեխանիկորեն, և այն շատ վատն է, բայց սքանչելի՝ այդ երաժշտությունը, որ լսում են փոքրիկ երեխաները, երբ քշում են կարուսելային ձիերը, այծերը, առյուծները և ուղտերը։ Այդ հիշողությունների երաժշտությունն էր, այնչափ վատը, որ այդ մասին խոսելն իսկ դժվար է, և, այդուհանդերձ, այն սքանչելի էր, և ես նստած էի մենակ, լսելով այդ համերգը․ կեսգիշերին երաժշտությունն ընդհատվեց, և ես ելա ու բարձր ծափահարեցի, ես ասացի՝ «բրավո». ահա և երկրորդ պատմությունը՝ Վլադիմիրի, իմ և հարուստ տիկնանց մասին։

 

Պառավի շնչառությունը

Երրորդ պատմությունը ես չեմ գրի, քանզի այն անհնար է գրել, որովհետև դա այն պատմությունը չէ, որ կարելի է գրել։ Այսօր առավոտյան ես իմ պատուհանից տեսա արևլույսի տակ մի պառվուկի՝ մինչև գետին կորացած՝ գիտականորեն դա կոչվում է դինամիկ ատաքսիա։ Նա քայլում և շնչում էր և ինչպես միշտ սև հանդերձանքով էր։ նա քայլում էր արևի տակ, և ես գիտեի, որ այդպիսի պատմություն ես չեմ կարող գրել, և ես որոշեցի ասել միայն սա՝ այսօր առավոտյան պառվուկն անձամբ լույս աշխարհ ելավ, դեռևս ողջ, շնչող, փոքրիկ պառվուկը, մինչև գետին կորված։ Նա շնչում է այս վայրն ու այս ժամանակը, և բանն ահա թե ինչն է՝ վայրը, այլ ոչ թե ձեռնհասությունը, Գրենլանդիան և Ամերիկան, մեր շնչառության պահը, ինքը կյանքը, լինելությունը, որը վեր է այն ամենից, ինչ գրում և խոսում են։ Եվ Վլադիմիրը, նա ինքը՝ ոչ թե խոսակցությունները նրա մասին, և նրա նվագը, և կարուսելի մեխանիկական երաժշտությունը, և կեսգիշերը, երբ լողափն անմարդ է և կարուսելի կողքին արդեն լոկ նրանց ստվերներն են․ և վերջին պահը՝ ծեր պառվուկը, որ քայլում է արևի շողերի տակ և շնչում է առավոտյան թարմությունը, և ես ինքս՝ պատուհանի մոտ, ես ինքս, ի վերջո։ Այսպիսով, Վլադիմիրը, և հարուստ տիկնայք, և Օպերայի տունը, և օվկիանոսը, և գրողները, որ ապրում են երկրի բոլոր ծագերում, և արևի շողերի ջերմությունը, և մաքուր օդը, և պառվուկը, ինքը՝ կյանքը, Գրենլանդիան կամ Ամերիկան, երիտասարդ ռուսը դաշնամուրի մոտ, կանգ առած կարուսելը, և հավերժորեն՝ Խաղաղ օվկիանոսն ու իմ սիրած քաղաք՝ Սան-Ֆրանցիսկոն։

                                                                  

Անգլերենից թարգմանեց Վարդան Ֆերեշեթյանը