Երկակի մահ

Միշտ մեռիր՛,
կասեր Հովհաննես Գրիգորյանը
եթե կենդանի լիներ.
Միշտ մեռիր,
ապրելն այլեւս
անմարդկային է ...


***

Երկակի մահ


Փոքրիկ սարդը վազում է,
կատուս վրա է հասնում,
ճանկում է։
Ես լուռ փակում եմ
մահվան կոպերը,
որ իջել են առաստաղից։
Ես էլ մի անհույս

սփայդրմեն եմ, 
ով մեռնում է հիմա
իր իսկ հյուսած մահացու

բառահյուսքերում։

 

*** 

Մի ծնվիր հույս,
ես արդեն
բավականին մեծ եմ
եւ անընդունակ-անհավես,
ինչ-որ մեկին
երջանկացնելու համար։
Ինձ հերիք են ծառերը,
կանաչ սիրելիներս՝
անշառ-անշարժ,
եւ անպետք բառերը,
որ մարդիկ ամեն օր
շպրտում են վրաս:
Ես հավաքում եմ դրանք
եւ գրում բանաստեղծություն
«կյանքի» մասին։ 

 

*** 

Լռիր իմ քնքշություն,
քնի՛ր,
դու ուշացել ես։
Այլեւս չեմ կարող սիրել,
նվաղկոտ այս ձեռքերով,
օտար է արդեն դողը
սպասման,
եւ մարմին այս,
եւ մարմին այս
ցավից կարծրացած
մի պատյան՝
հավերժ մահվանն է
տրվելու... 

 

***

Ասֆալտից հառնող իմ երկրում,
դժվար է երազելը,
սիրելը -
անկորուստ։
Ասֆալտին աճող իմ քաղաքում
հույսը մոռացված նախերգանք է,
ամեն օր մորթվում են
փաղաքուշ ցողումները
եւ կտրվում է
կանաչը երակի...
Ու ոչ-ոք չգիտի
ե՞րբ կգա նոր փրկիչը
բիթի,
Աստֆալտի մայրաքաղաքում,
ամեն ինչ անորոշ է
եւ անտանելի,
ուստի մրափը
միակ լուծումն է.
Շնթռի, լաո՛,
մեռնեմ քզի... 

 

***

Ինչ գեղեցիկ է
մահը,
ինչ գեղեցիկ...
Սարսուռի ավազը
սողում է թիկունքիս
ու հասնում է մատներիս։
նայում եմ

ճերմակ դագաղի մեջ պառկած
մանկանը։
Թարթիչները մեղմորեն
խաղում են քամու հետ,
արեւով օծված խոպոպները
իջնում են հար
այտերն ի վար
ու ծածկում մանկական
խորամանկ ժպիտը։
Կրկին նայում եմ,

ու դողը բռնում է ինձ։
Նա ինձ ժպտում է,
Իսկ գուցե՞ մահն է
ժպտում ինձ։
Մահը որ մի սքանչելի
մանկիկ է հիմա։
Հեռանում եմ։
Պատսպարվում

սգո սրահի վերջին նստարանին

քնի հրեշներն ինձ
բռնում են։
Ինչ-որ մեկը հպվում է թիկունքից։
Զարթնում եմ.

աչքերիս չռվում են ապշանքից.
նա է՝ վեր է կացել իր ճերմակ դագաղից։
Թախանձագին խնդրում է.
-Սա իմ վերջին ժամն է, կխաղա՞ս ինձ հետ։
Ես խաղում եմ նրա հետ,

վազվզում եմ սգո սրահում,
մինչ մարդիկ արթնանան

ու հիշեն
վաղանցիկ ողբերգությունը։

 

Վարդան Սմբատյան