«Է՛ս տարի էլ ո՛ր չտա՛, կտրելո՛ւ եմ…»
«Աշխարհի ամենաերկար փողոցը» շարքից
Վաչն արաղ է քաշում, քուրայի տաք խանձողների տակ կարտոֆիլ է թաղել, սպասում է, որ կինը՝ Լարիսան, տնից թթուն, պանիրը, հացը բերի, թազա արաղից մի-մի բաժակ խմեն։ Հարևանների այգիներն իրարից բաժանող մետաղացանցին հարմարեցված դռնակը բացվում է, և հարևանը՝ Էդոն, բաժակը ձեռքին առաջ է գալիս՝ բարձրաձայն ինքն իրեն խոսելով.
-Մի բաժակ եմ խմելու, մի բաժակ եմ խմելու, մի բաժակ եմ խմելու…
Վաչն էդ ժամանակ արդեն խորոված կարտոֆիլները հանել և խանձողների տակ ընկույզ էր լցրել։
-Խորոված ընկույզը շատ լավ զակուսկի ա։ Բաժակդ բե՛ր, Էդո՛։
Հարմարեցված սեղանիկին թթվի, պանրի, հենց նոր կրակից հանած կարտոֆիլի կողքին հավի տապակած բդիկներ էլ կան։
Մի ժամ հետո Էդոն թեթև օրորվելով գնում էր իրենց տուն՝ բարձրաձայն ասելով.
-Սաղ Լարիսն էր մեղավոր, էնքան համով բաներ էր դրել սեղանին, է՛ս անգամ էլ չդիմացամ, էսքան խմամ…
Վաչն արձագանքեց.
-Է՛ս տարի էլ որ չտա՛…
Վաչի ասածը հիշողություններ արթնացրեց, և Լարիսան ու հենց նոր քուրային մոտեցած Համիկը ծիծաղեցին։
Էդոն նկարիչ էր։ Մշակույթի տան նկարիչը։ Նա էր ձևավորում ժողթատրոնի բոլոր ներկայացումները, համերգների կամ այլ միջոցառումների համար պատրաստում բեմը, գրում և պատկերազարդում աֆիշները։ Ազատ ժամերին էլ նկարում էր։ Նկարչական իր ձիրքը ժառանգել էր հորից՝ Ալյոշա Կարապետյանից։
Ալյոշան ու իր կինը՝ Սեդան, Էդոյից բացի ունեին էլի մի տղա՝ Վահանը և երկու աղջիկ, որոնցից կրտսերը՝ Աստղիկը՝ Ասիկոն, 60-ականներին քաղաքի թիվ մեկ գեղեցկուհին էր։
Ալյոշա Կարապետյանի մասին լեգենդներ էին շրջում։ Պատմում էին, օրինակ, որ մի անգամ կանգնած է եղել մի կիսակառույց պատի վրա, մեկ էլ պատը երերացել է։ Ալյոշան հասկացել է, որ փլվում է, բայց որ թռներ՝ քարերը թափվելու էին իր վրա, դրա համար սալտո է տվել ու վայրէջք կատարել պատի հակառակ կողմում ու էդպես փրկվել է։
Լեգե՞նդ էր, թե՞ իրականություն, չգիտեր ոչ ոք։
Ավելի շուտ իրականություն էր, որովհետև բոլորը հավատում էին դրան, մանավանդ՝ տեսել էին, թե տուռնիկի վրա ինչ վարժություններ է անում, իսկ օղակների վրա՝ նաև Ազարյանական խաչ է պահում, ինչը ամբողջ շրջանում կարողանում էին անել միայն երկու հոգի՝ Ռուբիկ Վարդանյանը և Ալյոշա Կարապետյանը։ Անգամ Կարապետյանի հարևանը՝ Հաթամաց Վալոդը, նույն ինքը՝ ֆիզկուլտուրայի հանրահայտ ուսուցիչ Վոլոդյա Հարությունյանը, որ Ֆիզկուլտ ինստիտուտը «գիմնաստիկա» մասնագիտությամբ էր ավարտել, խաչ չէր կարողանում պահել։ Ալյոշա Կարապետյանը նաև վոլեյբոլ էր խաղում, թիմի ավագ էր։
Ալյոշան երեխա ժամանակ Մոսկվայում մասնակցել էր համամիութենական պիոներական հավաքին և անձամբ տեսել էր Նադեժդա Կոնստանտինովնա Կրուպսկայային, Մաքսիմ Գորկուն, Վլադիմիր Մայակովսկուն։
Ու էս ամենով հանդերձ նա համեստ մի նկարիչ էր և նկարչության ու գծագրության ուսուցիչ։
Ալյոշա Կարապետյանի ու Վոլոդյա Հարությունյանի տներն իրարից ընդամենը մի քանի մետր էին հեռու, իսկ տնամերձ հողամասերը բաժանված էին մետաղացանցով։ Դե, մի ինտիմ մանրամասն էլ ասեմ. էն գյուղական զուգարանները հիշո՞ւմ եք։ Քանի դեռ Մրգանուշ փողոցում կոյուղի չկար, երկուսն էլ ունեին էդ զուգարաններից ու դրանք կողք-կողքի էին՝ ցանցի երկու կողմերում։ Կարող եք պատկերացնել, թե դա ինչ բարդություններ էր առաջացնում։ Հա, չմոռանամ ասել, որ Հաթամացը իրար կից երկու զուգարան էր, քանի որ մի բակում երկու տուն էր՝ պապական տունն ու Վոլոդյայի կառուցածը։
Հենց Ալյոշան էր առաջինը ասել մի բան, որ ամբողջ քաղաքում կրկնում էին.
-Չլսված բան ա, է՜. մի բակում երկու տուն, երկու հարս, վեց երեխա, նույն դարվազով մտնում-դուրս են գալիս, այգին ու ծառերը ընդհանուր, հաշտ ու համերաշխ ապրում են, մի անգամ չեմ լսել, որ էդ բակում իրար հետ նույնիսկ թեթևակի վիճեն…
Էդպես էր՝ հարևանների բակերում կատարվող ամեն ինչ աչքի առաջ էր, ու նաև՝ հայտնի էր, թե ինչին ինչ է հաջորդելու։
Ասենք, երբ Ալյոշայաց բակում ընտանիքով, գումարած իր բաջանաղ Նիկիտի ընտանիքը, քեֆ էին անում, ապա Հաթամաց երկու տների պատշգամբներում իրենց իրիկնահացին նստած հարևանները գիտեին՝ հենց խորովածը դնեն սեղանին՝ Ալյոշան կհրամայի՝ «կը բո՛-յո՜ւ»[1], և միայն դրանից հետո սեղանակիցները կանցնեն ուտել-խմելուն։
Կամ, եթե Հաթամաք իրենց ազգուտակով՝ մենակ ամենամոտիկներով՝ դե, մի 30-35 հոգով էլի, քեֆի էին նստում, Այլոշայենք լսում էին թամադայություն անող Մարտիկի՝ Վոլոդյայի կրտսեր եղբոր, համով-հումորով խոսքուզրույցը։
Ալյոշայենց այգում՝ մետաղացանցի մոտ, հենց Վոլոդյայի տան հետնամասում դամբուլի մի մեծ ծառ կար։ Ճղների մի մասն էլ կախված էր Հաթամաց կողմում։ Արդեն քանի տարի բերք չէր տալիս, մենակ չորս բոլորը շիրա էր թափում, ոտատակը կեղտոտում։
Ու ամեն գարնան՝ էտի օրերին, նույն խոսակցությունն էր հարևանների միջև.
-Կարապե՛տյան, դե էդ ծառը կտրի, էլի՛, մեկ ա բերք չի տալիս։
-Հարությո՛ւնյան, է՛ս տարի էլ ո՛ր չտա՛, կտրելո՛ւ եմ,- էդ ասելու շեշտադրությունը հենց էնպես, ինչպես գրեցի։
Ու էսպես՝ չգիտեմ քանի տարի՝ հի՞նգ, վե՞ց, տա՞սը…
Եվ Կարապետյանի «Է՛ս տարի էլ ո՛ր չտա՛, կտրելո՛ւ եմ»-ը դարձել էր թևավոր խոսք Հաթամաց բակում։ Սակայն Վոլոդյան դա ուրիշ իմաստով էր օգտագործում. բարեկամների տղաները որ պսակվելը ուշացնում էին, Հաթամաց Վալոդն ասում էր՝
- Է՛ս տարի էլ չպսակվա՛ր, կտրելո՛ւ եմ…
Թե ինչն էր կտրելու, մենակ ինքը գիտեր, երևի, մեկ էլ իր կրտսեր եղբայր Մարտիկը…
Մեսրոպ Հարությունյան
[1] «կ բո՛-յո՜ւ» - ռուս. к бою! , ի մա՛րտ