Եվ նորից Ազնավուրը հնչում է հայերեն

Աշխարհահռչակ երաժիշտ Շառլ Ազնավուրի 101-ամյակի օրը «Մոսկվա» կինոթատրոնում խորհրդանշական տեսահոլովակի շնորհանդես էր. ներկայացվել է շուրջ 55 տարվա պատմություն ունեցող «Ton Nom» («Անունդ») երգը՝ Արտակ Հերիքյանի հայերեն յուրահատուկ թարգմանությամբ:
«Ազնավուրի երգերը չեն հնանում ու չեն էլ հնանա, քանի դեռ տաղանդավոր երաժիշտների նոր սերունդը նոր շունչ է տալիս նրա գործերին: Այդ նոր սերունդն ինձ «հանցակից» դարձրեց իմ իմաստուն բարեկամի «Ton nom» երգը հայերենացնելու, հայերեն հնչեցնելու գործում»,-«ArtCollage»-ի հետ զրույցում  ասում է Արտակ Հերիքյանը։

Երգը կատարում են Միքայել Սարգսյանն ու Լիլան, ովքեր ստեղծագործական զույգ լինելուց բացի, նաեւ ամուսիններ են։ Նրանք շատ վաղուց ցանկություն ունեին անդրադառնալ Ազնավուրի այս ստեղծագործությանը․ զույգն իր մեկնաբանությամբ տարիներ առաջ ներկայացրել էր նաեւ շանսոնի արքայի «La Mamma» երգը: Այս անգամ թարգմանության համար երգիչ-ամուսինները դիմել էին լրագրող, հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանին։

Ամուսիններն անկեղծանում են. երգը շատերի մոտ տարբեր զգացողություններ կարող է առաջացնել, իրենք, սակայն, երգել են միմյանց մասին մտածելով։ 

«Ես Միքոյի անունը տալով եմ երգել, պարզվեց՝ ինքն էլ երգել է՝ տալով իմ անունը»,-ասում է երգչուհի Լիլան։

Միքայել Սարգսյանն էլ պատմում է, որ մեկուկես տարի աշխատել են տեքստի եւ գործիքավորման վրա. «Հերիքյանը երգի գեղարվեստական թարգմանությունը կատարելիս փառահեղ է արել իր աշխատանքը։ Նրա հետ երկար ճանապարհ ենք անցել՝ ուշադրություն դարձնելով ամեն վանկին, ամեն բառին»։

Ազնավուրը երկու անգամ է հայերեն երգել: Երկուսն էլ զուգերգ դստեր՝ Սեդայի հետ: Առաջին անգամ՝ 60-70-ականներին, երկրորդ անգամ՝ 2009-ին:

Թարգմանության հեղինակ, Շառլ Ազնավուրի մտերիմ բարեկամ Արտակ Հերիքյանը մինչև երգի թարգմանական աշխատանքի մասին խոսելը, պատմեց  Ազնավուրի մասին, նշելով որ իր գրեթե բոլոր հարցազրույցներում աներեսաբար  հարցնում էր՝ ինչո՞ւ չի երգում հայերեն, ե՞րբ է  երգելու հայերեն, նոր ալբոմում հայերեն երգ լինելո՞ւ է...

«Ամեն անգամ նա համոզիչ պատասխաններ էր տալիս. «Չեմ երգում մի լեզվով, որը կատարելապես չեմ զգում, չեմ ուզում հայերեն երգել օտարի՛ պես. դա կշոյի հայերի ազգային էգոն, բայց ոչ ճաշակը»: Մի անգամ էլ, երբ երևի արդեն շատ էի զզվեցրել, թե «ես իմ հայերին գիտեմ. մի անգամ, որ երգեմ, պահանջելու են երկրորդը, երրորդը, չորրորդը...: Ու երբ, 2009-ին Սեդայի հետ հայկական սիրերգ ձայնագրելուց հետո նկատեցի, որ ամեն դեպքում, երգեց հայերեն, նա, թե «հոգիս ազատեցի, որքա՜ն կարելի է նույն հարցին պատասխանել...»»:

Արդեն խոսելով այս երգի թարգմանության մասին Արտակը խոստովանում է, որ շատ վախենալով է մոտեցել այս գործին։ Անկեղծանում է՝ համարձակվել է Ռեմբո, Բոդլեր, Պաուլ Ցելան թարգմանել, բայց երբեք չի հանդգնել Ազնավուրի երգերի տեքստերին մոտենալ. «Ինձ համար առաջին լուրջ փորձությունն էր, նույնիսկ վախենում եմ ասել՝ ինչպես է ստացվել։ Ազնավուրը բառախաղի հրաշալի վարպետ էր։ Ասում են՝ որպեսզի թարգմանիչը թարգմանի, հեղինակն ու թարգմանիչը նույն երազը պետք է տեսած լինեն։ Իսկ ես մոտ երկու տասնամյակ Ազնավուրի հետ մտերիմ եմ եղել, հարցազրույցների մի ամբողջ շարք արել, բայց չեմ համարել, որ այդ տեսակ մեծ պոետի հետ կարող եմ նույն երազները տեսնել»։
Երիտասարդ կատարողների խոսքով՝ իրենք շատ են ոգեշնչվել թարգմանությունից, որովհետեւ Շառլ Ազնավուրի բոլոր երգերի առանցքում  պոեզիան է: Երգի հայերեն թարգմանությունում «դժվար կատարվող» բառեր շատ կան: Հերիքյանն անկեղծանում է. «Սարսափով էի մտածում, թե ինչպես են հաղթահարելու այդ բառերը եւ ինչպես են երգելու։ Օրինակ՝ այսպիսի տողեր կան՝ «Անունդ ծփում է՝ որպես մարտակոչ ու դրոշ», «Անունդ ադամամութին փոխվում է ստվերի»»։
«Ցանկանում էինք ընտրել այնպիսի ստեղծագործություն, որն այդքան երգված չլիներ։ Նպատակներից մեկն էր նորովի ներկայացնել այն՝ պահպանելով Ազնավուրի մտածողության առանձնահատկությունը»,- «ArtCollage»-ի հետ զրույցում պատմել է երգչուհին։

Կատարողները պահպանել են ազնավուրյան ոգին ժամանակակից ռիթմերի մեջ։

«Հայերենը բաղաձայներով լի է ու այդքան էլ երգեցիկ լեզու չի, բայց Արտակը ճիշտ բառեր է ընտրել, կան հատվածներ, որ ինքը մտածում էր որ հնարավոր չէ երգել, բայց ես ու Միքոն այն մտքին ենք, որ ցանկացած բառ կարելի է երգել»,-ասում է Լիլան։

Ազնավուրին լավագույնս ճանաչելն օգնել է Արտակին հասկանալ՝ ինչ նորամուծությունների կողմ կլիներ ինքը՝ Ազնավուրը։ Երգում ռեփի հատված են ավելացրել, երկլեզու՝ հայերեն և ֆրանսերեն։

«Ազնավուրը ռեփ սիրում էր, ռեփերներին սիրում էր։ Ասում էր՝ նրանք տեքստ են գրում, խոսք են ասում։ Նա բառերին շատ տեղ էր տալիս։ Անգամ այն ժամանակ, երբ Ֆրանսիայում ընդունված չէին շատ բառերով երգեր, նա բառաշատ դարձրեց դրանք։ Նաեւ դա էր Ազնավուրի ֆենոմենը»,- ասում է Արտակ Հերիքյանը։

Զրուցակիցս պատմեց, որ Շառլը միշտ շատ համոզիչ ասում էր, որ «ինքն ապրելու է 120 տարի և երգելու է 100 տարի»։

«Նրա մահից ավելի քան 6 տարի է անցել, բայց դեռ ինքս չեմ հավատում, որ նա չկա, եւ որ այս կյանքում նրան այլես չենք հանդիպելու։ Իրոք, ինչպե՞ս կարելի է մահացած համարել մեկին, ով ունի այնքան անտիպ չափածո ստեղծագործություններ, այնքան չերգված երգեր, որոնք կբավականացնեին մեկ լավ արվեստագետի՝ 100 տարվա կարիերայի համար։ Ինչպե՞ս կարող ենք մահացած համարել մեկին, ում երգերն իրենց զգացմունքայնությամբ, համարձակությամբ, իրենց ժամանակակից լինելով շարունակում են ցնցել բոլորիս՝ աշխարհի բոլոր անկյուններում։ 

Իսկ ինչպիսին կլիներ Ազնավուրի արձագանքը, որ իր երգերը թարգմանվում են հայերեն ու կարելի է ասել հիմա շատ երգեր հայաֆիկացվում են»։ Հերիքյանը նկատում է՝ թեեւ Ազնավուրը ֆրանսիական մշակույթի հսկա է, բայց հայերս նրա արվեստը միշտ հայացրել ենք. «Այնքան ենք հայացրել, որ նույնիսկ թվացել է, թե հայերեն է երգում, թեեւ շատերը չեն էլ հասկանում՝ ինչ է երգում։ Իսկ նրա մահից հետո սկսել ենք Ազնավուրի ժառանգությունը հայերենացնել»:

Զրուցակիցս նկատում է՝ հիմա, երբ «իր հայերը» շատ հաճախ հայերեն են երգում իր երգերը, ստացվում է, որ ինքը՝ Շառլը,  «իր հայերի» գեղեցիկ ձայներով շարունակում է երգել իր «ընտանեկան լեզվով»:

«Իրեն լավ ճանաչելով կարող եմ ասել, որ նրան դուր կգար, թե ինչպես են «իր հայերը» մշակում ու տարածում իր ստեղծագործությունները»,-եզրափակում է զրույցը Արտակ Հերիքյանը։

Շառլ Ազնավուրը «Ton Nom» երգը կատարել է Լայզա Մինելիի հետ։ Երգի հայերեն տարբերակի գործիքավորումը կատարել է Թաթոս Հակոբյանը, օպերատորը  Վազգեն Մարտիրոսյանն է։ 

 

Արմինե Գևորգյան

... ... ... ...