Եվ սիրո անափ այդ մայրցամաքը...

26. 07. 2024

ք. Ծաղկաձոր

 

Սարգսյանի անունը շատ հաճախ էր հնչում մեր տանը: Մենք՝ փոքրերս, գիտեինք, որ հսկա և ժպտադեմ հերոսը, որով հիանում էին մեր բոլոր տարեկիցները, հայրիկի ընկերն է:

Ես ինքս Վազգեն Սարգսյանին տեսել եմ միայն մի անգամ՝ 93-ի ամռանը: Հուլիս ամիսն էր: Ինչպես ամեն տարի, քույրիկներիս ու մայրիկիս հետ հանգստանում էինք Սևանի Գրողների տանը՝ «Ձկան աչքում», ինչպես սովոր էինք ասել ընտանիքում: Շենքը, որ նախկինում հոգեբուժարանի նման մի բան էր եղել, սպիտակ էր՝ արևոտ, բաց պատշգամբներով, բայց ճաշարանն իր գծագրությամբ իսկապես մեծ, բացված երախով կետ էր հիշեցնում: Սովորաբար հայրիկս մեզ ուղարկում էր Գրողների տուն, ինքը մնում էր Երևանում՝ Ավանի մեր դատարկ բնակարանում, աշխատելու: Ժամանակ առ ժամանակ անսպասելիորեն հայտնվում էր շաբաթվա մեջ կամ շաբաթ-կիրակի օրերին:

Հերթական հայտնություններից մեկն էր. միայն թե այս անգամ, Երևան վերադառնալու փոխարեն, գիշերը մնացել էր մեզ հետ: Կիրակի էր: Նախաճաշից հետո մի քանիսով կանգնած էինք ճաշարանի դռան առաջ, որ երբեք չէր փակվում: Մեզ հետ էր նաև Հասմիկ Վարդանյանը՝ արձակագիր Հայկ Վարդանյանի դուստրը՝ մոր՝ տիկին Սեդայի և Երվանդ-Տիգրան անկրկնելի զույգի հետ, որ չարաճճիության անզուգական ասպետներ էին: Հանկարծ Գրողների տուն բարձրացող քարե անհավասար աստիճանների տակ զինվորական հագուստով մի մարդ էր հայտնվել: Ես առանձնապես ուշադրություն չէի դարձրել: Բայց հեռանալու փոխարեն՝ կերպարանքը սկսել էր բարձրանալ: Հայրիկս թիկունքով դեպի աստիճաններն էր կանգնած: Հիշում եմ մայրիկիս շփոթված բացականչությունը. «Հրա՜չ, Վազգենը...»: Վազգեն Սարգսյանն էր. ինչ-որ գործով Սևանով անցնելիս իմացել էր, որ հայրս Գրողների տանն է, առանց զգուշացնելու եկել էր՝ տեսնելու: Ամուր փաթաթվել էին: Մենք անարտահայտելի, քարացած մի հրճվանքի մեջ էինք: «Տիգրա՜ն, Երվա՜նդ... Վազգե՜նը»,-ճչացել էր Հասմիկը վանք տանող լանջը մագլցած տղաներին, ու ինքն էլ, հարազատի ջերմությամբ, գրկել էր Վազգենին: Շրջվել էի ու տեսել էի, որ մայրիկիս աչքերը լցվել են: Դրանք Անկախությանը հետևած ամենապայծառ տարիներն էին. մենք նվաճել էինք մեր անկախությունը, և աշխարհը լայն բացել էր իր դռները մեր առջև՝ անմնացորդ հիացմունքով: Ու մենք հպարտ էինք, ու աշխարհին ու ապագային նայում էինք պայծառ ու հաստատ հայացքով: Իսկ մեզ՝ պատանիներիս համար, ազգային ինքնագիտակցության բյուրեղացումից զատ, դա նաև գեղեցիկի, իսկականի, ստեղծագործ մտքի հաղթանակն էր կեղծիքի, ծրագրային ֆալշի, բթացնող քարոզչության դեմ:

Շուտով երիտասարդ Վազգեն Սարգսյանի ճառագող ժպիտը գրկել էր ամեն ինչ: Ջերմ էր իրեն անծանոթ երեխաների նկատմամբ ու կարծես ինքն էլ շփոթված: Հիշում եմ՝ ինձ միանգամից զարմացրել էր հերոսական հանդիսավորության, սեփական կարևորության գիտակցության բացակայությունը: Ճիշտ է, դա հատուկ էր հայրիկիս բոլոր ընկերներին, բայց 92-93 թթ. Վազգեն Սարգսյանը բոլորիս համար հերոս էր, առասպել, ու հիմա առասպելական հերոսը կանգնած էր մեր առջև՝ պարզ, զինվորական հագուստով, արևից կկոցած աչքերով, տղայի պայծառ ու շփոթված ժպիտով: Երկու՝ մեծ ու փոքր Յուրաները՝ Գրողների տան տնօրենն ու պարետը, իրար էին անցել. ամեն գնով ուզում էին հյուրասիրել, բայց ժամանակ չկար:

Հետո բոլորով իջել էինք լողափ, ես, մայրիկս, քույրերս՝ Արուսիկն ու փոքրիկ Անուշիկը. Վազգենն ու հայրիկս պետք է լողային, իսկ հայրիկս շատ երկար էր լողում, ու մենք մի կողմ էինք քաշվել: 15-16 տարեկան էի:

Տարիներ հետո էլ, երբ հիշում եմ հուլիսի արևով ողողված այդ օրը, լիճն ու ավարտվող մեր մանկության ճայերին, այդ հպանցիկ հանդիպումից մնացած ամենաուժեղ տպավորությունը Վազգենի անսահման ջինջ հայացքն է: «Անբուժելի» մի մանկության պատկերը, որ այնքան անհամատեղելի էր արյան, ցանկացած կոպտության, վայրագության մտապատկերի հետ, և ինձ թվում է, որ շատերը չէին արտահայտվում, բայց հենց այդ անհամապատասխանությունն էր ցնցում բոլորին ու ստիպում աչքերը լցնել: Ու գուցե այդ մանկությունն էր նաև իսկական հերոսության նախապայմանը, բայց այդ միտքը ես կարողանում եմ ձևակերպել միայն այսօր:

...Վազգեն Սարգսյանի սպանության մասին իմացա Ֆրանսիայում ուսանելու տարիներին՝ Առլի Թարգմանչաց տանը, որտեղ հայտնվել էի թարգմանական ծրագրով: Պատահաբար ռադիոյով լսեցի կցկտուր տեղեկատվությունը, որ թվում էր զոհերի պաշտոնները՝ առանց անունները տալու: Անմիջապես զանգեցի տուն... Մերոնք հաստատեցին լուրը: Պնդեցի, որ փոխանցեն հայրիկիս, քանի որ իրականում շատ անհանգիստ էի: Հայրիկս վերցրեց հեռախոսը, բայց առաջին բառից հետո չկարողացավ խոսել: Վազգեն Սարգսյանի սպանությունից օրեր անց գրվեց «Պաշարված ամրոց» բանաստեղծությունը, որ նվիրված է նրա հիշատակին:

Վերջին երկու տարիներին, երբ ավելի ու ավելի հաճախ եմ հիշում Սևանի Գրողների տան այդ առավոտը, իննսունականների իմ կենսագրությունն ու մեր բոլորի անցած ուղին, չգիտես ինչու՝ միայն հայրիկիս այս երկու տողերն են միտս գալիս՝ որպես ճշգրիտ արտահայտությունը մի բանի, որ ինքս չեմ կարող կամ չեմ ուզում ձևակերպել.

«Եվ սիրո անափ այդ մայրցամաքը

Ինչո՞ւ խորտակվեց մեր հոգու խորքում...»:

 

Շուշանիկ Թամրազյան