Գովազդային հայտարարություն

Մեր ընթերցողների գնահատմանն ենք ներկայացնում մեքսիկական գրականության հայտնի հեղինակներից մեկի՝ Խուան Խոսե Արեոլայի «Գովազդային հայտարարություն» պատմվածքը՝ Գրիգոր Ֆերեշեթյանի թարգմանությամբ: Պատմվածքը Արեոլայի 1952-ին տպագրված «Կոնֆաբուլարիո» ժողովածուի 28 պատմվածքներից մեկն է, թարգմանությունը կատարվել է ռուսերենից:

 

***

Ամենուրեք, որտեղ կնոջ ներկայությունը դժվար, անհարմար կամ վնասակար է, լինի դա ամուրու անկողնախորշ, թե համակենտրոնացման ճամբար, խորհուրդ ենք տալիս օգտագործել Plastisex: Հրամանատարները, ինչպես բանակում, այնպես էլ նավատորմում, իսկ երբեմն էլ ուղղիչ և ուսումնական հաստատությունների տնօրեններն ազատ մուտք են տրամադրում իրենց ենթականերին առ այս գրավիչ և հիգիենիկ էակները։ 

Այժմ մենք դիմում ենք հենց ձեզ, և կարևոր չէ, սիրո մեջ ձեր բախտը բանում է, թե՝ ոչ։ Մենք առաջարկում ենք կին, որի մասին դուք ամբողջ կյանքում երազել եք․ նա կառավարվում է ինքնաշարժ պուլտի միջոցով և պատրաստված է սինթետիկ նյութերից, որոնք ըստ ցանկության վերարտադրում են կանացի գեղեցկության ամենաակներև և ամենածածուկ առանձնահատկությունները։ Վաճառքում առկա են․ բարձրահասակ և բարեկազմ, ցածրահասակ և գեր, բաց կամ թուխ, կարմրահեր կամ շիկահեր։ Ձեզ տրամադրում ենք դիմահարդարների, քանդակագործության և դիզայնի, գեղանկարչության և դիմանկարի վարպետների, հմուտ ծեփակերտողների և կաղապարողների, կիբեռնետիկայի և էլեկտրոնիկայի ոլորտի մասնագետների մի ամբողջ բանակ, որոնք կարող են ձեզ համար կենդանացնել տասնութերորդ դինաստիայի մումիայի կամ լոգարանից հանել ամենավառ կինոաստղի, որ ամբողջովին շողում է անուշաբույր ջրի կաթիլներում։ 

Մենք կարող ենք ձեզ ուղարկել անցյալի և ներկայի բոլոր գեղեցկուհիների նմուշօրինակները, ինչպես նաև հատուկ մոդելների պատրաստման պատվերներ ենք ընդունում։ Եթե Մադամ Ռեկյամեի դյութանքը բավ չէ՝ մոռանալու ձեզ լքողին, մեզ ուղարկեք լուսանկարներ, փաստաթղթեր, պարամետրեր, արդուզարդի իրեր և հիացական նկարագրություն։ Դուք նրան կկառավարեք պուլտի միջոցով, որից օգտվելը հեռուստացույցի կոճակները սեղմելու պես դյուրին է։ 

Եթե դուք ձեր ձեռքի տակ ունեք բավականաչափ միջոցներ, ապա նրա աչքերը կարող են լինել զմրուխտից, փիրուզից կամ սև սաթից, շրթունքները՝ մարջանից կամ սուտակից, ատամները՝ մարգարտից և այլն, ու այսպես շարունակ… Մեր տիկնայք ամենևին չեն ձևախեղվում ու իրենց չեն երևակայում, պահպանում են դեմքի թարմությունը ու դիմագծերի գեղեցկությունը, աշխարհի բոլոր լեզուներով՝ կենդանի և մեռյալ, «այո» են ասում, մոդայիկ խաղացանկից՝ ուզածդ բան պարում ու երգում։ Դեմքը պատրաստվում է ըստ ինքնօրինակի, բայց կարելի է համապատասխան կոսմետիկ միջոցների օգնությամբ այն փոխել։ 

Բերանը, քթախոռոչները, կոպերի արտաքին մակերեսը և մյուս լորձաթաղանթները պատրաստված են փափկագույն սպունգից՝ լի տարբեր կազմության սննդարար և խթանիչ նյութերով՝ ստացված ծովաջրիմուռներից և բուժախոտերից, որոնք հիանալիորեն կանոնավորվում են գրգռվածության և վիտամինավորման աստիճանի հետ։ Մեղրն ու կաթը լեզվիդ տակ, ասված է «Երգ Երգոցում»։ Դուք կարող եք գերազանցել Սողոմոն արքայի հաճույքները, այծի կաթը խառնեք մեղրի հետ, խառնուրդը լցրեք ձեր Plastisex-ի գանգատուփի մեջ, ըստ ճաշակի կարմիր գինի կամ բենեդիկտին ավելացրեք, և դուք կզգաք, թե ինչպես են դրախտային գետերը երկար սննդարար համբույրով հոսում բերան։ (Կրծքագեղձի որպես գինու անոթի օգտագործումը մեր կողմից արդեն արտոնագրված է)։ Մեր Վեներաները տասը տարի անբասիր ծառայության երաշխիք ունեն․ ցանկացած կնոջ մոտավոր օգտագործման ժամկետը, բացառությամբ սադիստական վերաբերմունքի դեպքերի։ Նրանց քաշը, ինչպես բոլոր ոսկորից և արյունից կանանցը, հստակ որոշվում է և իննսուն տոկոս դեպքերում համապատասխանում է ջրի քաշին, որ մանրագույն պղպջակներով շրջանառվում է նրանց սպունգանման մարմնով՝ հանդերձված արյունաբեր երակի էլեկտրաջեռուցման համակարգով։ Այդպես մաշկի տակ մկանների խաղի և շարժման մեջ նուրբ հյուսվածքների ջրակայական հաշվեկշիռ է հաստատվում։ Երբ թերմոստատը ճնշման բարձրացում է արձանագրում, մաշկի մակերեսը աղե քրտինք է արտադրում։ Ջուրը ոչ միայն հեզասահության ֆիզիկական գործառույթ է իրականացնում, այլև ըստ էության` ֆիզիոլոգիական և առողջապահական․ ջրի դուրս գալը երաշխավորում է Plastisex-ի արագ և լիակատար մաքրումը։ 

Մագնիումից հիմնակմախքը՝ չկոտրվող նույնիսկ ամենակրքոտ գրկախառնումներից և նախագծված մարդու կմախքի օրինակով, ապահովում է Plastisex-ի յուրաքանչյուր դիրք և շարժում։ Մի փոքր պարապելով, կարելի է պարել, մարմնամարզական և ակրոբատիկ վարժություններ կատարել, կռվել և նրա օրգանիզմում շատ թե քիչ եռանդուն ռեակցիաներ հարուցել։ Հլու-հնազանդ լինելով, Plastisex-ը այդուհանդերձ մեծ հզորություն ունի, քանզի զինված է կես ձիաուժ էլեկտրական շարժիչով։ Ինչ վերաբերում է գլխամազին և այլ մազածածկույթին, մենք ացետատային թել ենք արտադրում, որ ունի կնոջ մազի հատկությունները և անգամ գերազանցում է վերջինիս իր գեղեցկությամբ, կազմվածքով և առաձգականությամբ։ Դուք սովորել եք գրկախառնումից հաճո՞ւյք ստանալ։ Կանոնավորեք համի սանդղակը։ Թևատակի թեթև բույրից՝ հիմնված ճանդաբյուրեղի ու մուշկի հյութի հիման վրա, մինչև արևառ և սպորտային կնոջ ամենաթունդ գոլորշիացումները , ընտրեք․ հասարակ յուղաթթու կամ ժամանակակից օծանելիքի ամենանուրբ ապրանքները։ Հոտոտեք ըստ ձեր ճաշակի։ Հոտառության և համի ելևէջները բնականորեն տարածվում են և շնչառության վրա, չէ որ մեր Վեներաները շնչում են համաչափ ևւ արագացված։ Շնորհիվ հատուկ կանոնավորիչի վերահսկվում է շնչառության փոխանակության ռիթմը՝ հասարակ հոգոցներից մինչև կրքոտ տնքոցներ։ Սրտխփոցի ուժը և արագությունը համապատասխանեցվում է ինքնաբերաբար։ 

Ինչ վերաբերում է պարագաներին, Plastisex-ը զգեստների ու զարդերի շքեղությամբ կարող է մրցել ամենահայտնի կանանց հետ։ Մերկ՝ նա հավասարը չունի, սեռահասուն, թե՝ ոչ, պատանի ծաղիկ, թե՝ աշնանային պտուղ՝ իր բոլոր նրբերանգներով՝ բնորոշ յուրաքանչյուր ցեղի կամ ցեղախառնուրդի։ 

Խանդոտ սիրեկանների համար մենք կատարելագործել ենք հավատարմության գոտու բազմադարյա ձևը․ այն մարմնակազմ սեղանատուփ է, որ կնոջը վերածում է անառիկ բաստիոնի։ Իսկ ինչ վերաբերում է կուսությանը, յուրաքանչյուր Plastisex զինված է ինքնաշարժ սարքով, որը միայն դուք կարող եք քանդել, այդ պլաստիկից նոր թաղանթը մեր որակի երաշխիքն է։ Նրա նմանությունը ինքնօրինակին այնքան մեծ է, որ, պատռված լինելով, ինքնին կրճատվում է՝ մարջանագույն հաստացումներ՝ այսպես կոչված կուսաթաղանթի կտորներ առաջացնելով։

Անդավաճան հետևելով առևտրային էթիկայի հստակ գծին, որ մշակել ենք, մենք ուզում ենք ցրել լուրերը, շատ թե քիչ տիպիկ, որոնք մեր Վեներաների մասին տարածում են նեվրոզով տառապող որոշ հաճախորդներ։ Ասում են, մենք այնքան կատարյալ կին ենք ստեղծել, որ միայնակ տղամարդկանց սիրած որոշ կրքոտ մոդելներ հղիացել են, իսկ մյուսները պարբերաբար տառապում են ինչ-որ կանացի խանգարումներով։ Ակնհայտ սուտ։ Թեև հետազոտությունների մեր բաժինը ամբողջ ուժով աշխատում է և եռապատկել է իր բյուջեն, մենք դեռ չենք կարող պարծենալ, որ ազատել ենք կնոջն իր այդքան ծանր բեռից։ Ցավոք, չի կարելի նույնքան վճռականորեն հերքել մի անպատասխանատու թերթի հրապարակած հոդվածն առ այն, որ մի անփորձ պատանի մահացել է՝ խեղդվելով պլաստիկից կնոջ գրկախառնումներում։ Չհերքելով նմանատիպ դժբախտության հնարավորությունը, մենք պնդում ենք, որ սույնը կարող է պատահել միայն աններելի անփութության հետևանքով։ 

Մեր արտադրանքի բարոյական կողմը մինչև այժմ բավարար չի լուսաբանվել։ Սոցիոլոգների կողքին, որոնք գովում են մեզ պոռնկությանը հասցրած հզոր հարվածի համար(Մարսելում կա տուն, որ արդեն չենք կարող վատ բառով կոչել, քանզի  այդտեղ բացառապես Plastisex-եր են աշխատում), կան և նրանք, որոնք մեղադրում են մեզ մանկայնությամբ տառապող մոլագարների խրախուսման մեջ։ Այդպիսի ինքնապահովագրողները դիտմամբ մոռանում են մեր գյուտի այնպիսի հատկությունները, որոնք դրա երջանիկ տիրոջը ոչ միայն ֆիզիկական, այլև զուտ ինտելեկտուալ և գեղագիտական հաճույք են պատճառում։ 

Ինչպես և հարկ էր սպասել, կրոնական աղանդները սույն խնդրին տարակերպ արձագանքեցին։ Ամենապահպանողական եկեղեցիները համառորեն սատարում են ժուժկալության ուխտը, և լավագույն դեպքում՝ անշունչ առարկայի հետ կենակցողին մանր հանցագործ որակավորում։ Այնուամենայնիվ, մորմոններից անջատված մի աղանդ արդեն նշել է մի քանի հարսանիք տղամարդկային սեռի առաջադեմ ներկայացուցիչների և սքանչելի սինթետիկ հրաշքների միջև։ Թեև ձեռնպահ ենք մնում դեռ անօրինական այդ միավորումների շուրջ մեր կարծիքը արտահայտելուց, մեծ հաճույքով հայտնում ենք, որ մինչև օրս նրանք մեծամասամբ երջանիկ են։ Լոկ հազվադեպ դեպքերում ամուսինը դիմել է մանր դավաճանությունների կամ բարելավումների համար, սակայն խոսք իսկ չի եղել բաժանմանը հավասարազոր լիակատար դավաճանության մասին։ Քիչ չեն դեպքերը, երբ վաղուց ամուսնացած հաճախորդները խնդրում են պատրաստել իրենց կանանց ստույգ պատճենները (սովորաբար փոքր շտկումներով), ցանկանալով օգտվել դրանից՝ չդավաճանելով կնոջը նրա տևական կամ կարճատև հիվանդության, երկար և հարկադրված բացակայության՝ օրինակ՝ մեկնման կամ մահվան դեպքում։ 

Որպես հաճույքի պարագա Plastisex-ը պետք է կիրառվի չափավոր և խելամիտ, ճիշտ նույնպես, ինչպես մեր ժողովրդական իմաստությունը բարբառում է ավանդական ուղեկցորդուհու դեպքում։ Նորմալ ռեժիմով օգտագործվելիս, այն տղամարդուն, անկախ իր աճող մարմնակազմից, առողջություն ու բարեկեցություն է երաշխավորում։ Ինչ վերաբերում է ձեռքբերման ծախսերին և բաղադրությանը, Plastisex-ը լիովին իրեն փոխհատուցում է։ Այն սառնարանի չափ էլեկտրոէներգիա է ծախսում, կարող է միանալ ցանկացած տնային վարդակի, և, նույնիսկ ամենաթանկարժեք հարմարանքներով, շատ ավելի շահեկան է, քան սովորական միջակ կինը։ Ձեր ցանկությամբ նա իներտ կամ ակտիվ է, շատախոս կամ լռակյաց, նրան կարելի է պահել հարդարանում։ 

Հասարակության համար վտանգի ստվեր իսկ չներկայացնելով, Վեներա Plastisex-ը հզոր դաշնակից է մարդկային արժեքների վերականգնման համար։ 

Այն ոչ թե նվաստացնում, այլ վեհացնում է կնոջը, ամրապնդում նրա արժանապատվությունը՝ իր վրա վերցնելով սեքսուալ հաճույքի՝ գիտականորեն ասած՝ սեքսաֆորայի ֆունկցիան։ Ծանր, թանկ նստող կամ առողջության համար վնասակար ապրանքից մեր ընկերուհիները վերածվում են իրենց ստեղծագործական կարողությունները կատարելության բարձրագույն աստիճանի հասցնելու ունակ էակների։  

Plastisex-ի օգտագործումը քարոզելով, մենք կնպաստենք այդքան երկար սպասված կանացի հանճարի ծնունդին։ Եվ կանայք, ազատ իրենց ավանդական էրոտիկ պարտականություններից, իրենց վաղանցիկ գեղեցկության մեջ մեկընդմիշտ կհաստատեն զուտ ոգու արքայությունը։

 

Թարգմանությունը ռուսերենից՝ Գրիգոր Ֆերեշեթյանի