Գրիժան և տեղական ֆոլկլորը

-Վալո՜դ, -ամուսնուն ձեն է տալիս Վերժինեն, -Մեսրոպի գրիժան էլի դուրս ա ընԳել, ցավից ոռնում ա…

Հաթամաց Վալոդն այգու գործից կտրվում ու վազում է տղայի գրիժան տեղը գցելու։

Էդ գրիժան բժշկական գրականության մեջ կոչվում է աճուկային ճողվածք։ Թե ոնց էր 5-6 տարեկան տղան ձեռք բերել, հայտնի չէ, բայց որ դուրս էր ընկնում՝ ցավից ծղրտում էր, ոնց որ էն հավերը, որ Հաթամ պապը մորթում էր՝ երբ հյուր էին ունենում։ Միակ փրկությունը գրիժան տեղը գցելն էր: Իսկ դա կարողանում էին անել մենակ հայրը և պապը։

Մարտի սկզբներին էր երևի. ամբողջ ընտանիքով պապական տան պատշգամբում հավաքված նայում էին, թե անձրևներից ու ձնհալից վարարած գետի հեղեղը ոնց է ափերը քանդում, հսկա քարերը քշում, ծառերն արմատախիլ անում, դամբը տապալում։ Հեղեղի դմբդմբոցը ամբողջ Մեղրին բռնել էր։ Ու հենց էդ պահին երեխան ինչ-որ անզգույշ շարժում արեց, ու գրիժան էլի դուրս ընկավ։

-Վերջ, -գրիժան տեղը գցելուց հետո ջղայնացավ Վոլոդյան, -խոխին պիտի տանենք օպերացիայի։

-Երևանից նոր խիրուրգ ա եկել, -հուշեց Վոլոդյայի կրտսեր եղբայրը՝ Մարտիկը, -ասում են շատ լավն ա, տարեք հանի՝ պրծնենք էդ դարդից։

-Հա, ճիշտ եք, -էս էլ Վերժինեն էր, -հերիք չի, որ երեխան թաղում խաղալուց խեղճանում ա, աշնանն էլ դպրոց ա գնալու։ Բա որ դպրոցում հանկարծ գրիժան դուրս ընԳի, հինչ ե՞նք անելու։

Բոլորը հայացքները հառեցին Հաթամ պապին։ Քչախոս պապը միայն գլխով հավանություն տվեց, իսկ Սաթի տատին ասաց.

-«Ապելացին» պրծնի, խոխան լավանա՝ Մկաց աղբրում մի հատ որձակ եմ մատաղ անելու։

Երկու օր հետո վեց տարեկան Մեսրոպն արցունքն աչքերին կանգնած էր հսկա մի մարդու առաջ։ Սպիտակ խալաթով էդ մարդուն բոլորը Օնիկ Կարպիչ էին ասում։ Բժիշկը երեխուն պառկեցրեց թախտին, շոշափեց գրիժան, հետո դարձավ ծնողներին։

-Երկու օրից կվիրահատենք, երկու-երեք օր կմնա հիվանդանոցում, հետո կտանեք տուն, մի շաբաթից կբերեք՝ կարերը կքանդենք։ Տեսնում եմ՝ աշխույժ երեխա է։ Լավ է, որ գարնան սկզբին եք բերել, ամառ լիներ՝ տանջվելու էր։ Երկու-երեք ամիս պիտի հանգիստ մնա։ Հետո՝ ամառը սկսվի, ինչքան ուզում է թող բոլթանի տա, էլ ոչ մի բան չի լինի։

Հաթամաց Վալոդին ամենից շատը զարմացրեց, որ Երևանից եկած բժիշկն ասաց «բոլթանի տա», որովհետև դա զուտ մեղրիական խոսք էր։ Երևի բժիշկը լսել-սովորել էր։

Երկու օր հետո, երբ տանում էին վիրահատարան, Մեսրոպը լսեց, որ բժիշկն ասում է. «ոչ մի նարկոզ, տեղային անզգայացում ենք անելու»։ Թե մեկը, թե մյուսը երեխուն անծանոթ ու անհասկանալի էին։

Երբ պառկեցրին վիրահատական սեղանին ու բժիշկը ներարկիչը մոտեցրեց աճուկին, Մեսրոպն աչքերը փակեց, որովհետև գլխավերևում կախված ոչ բոլոր լուսարձակներն էին միացրած, և          

չմիացրածների մեջ ամեն ինչ արտացոլվում էր։ Եվ երբ զգաց որ աճուկը թմրում է, լսեց Օնիկ Կարպիչի հրամանը. «Մի հատ երգիր, մինչև ես կտրեմ-հանեմ»։

Բժիշկը մոռացել էր ասել՝ «մտքումդ երգիր»։ Իսկ Մեսրոպը դեռ փոքր տարիքից ամեն ինչ բառացի էր ընկալում։ Օրինակ, հերթական անգամ գայթել-ընկնելուց հետո, երբ մայրն ասել էր «Ա, դե ոտքիդ տակը նայի՝ հետո գնա, էլի», ինքը ոտքը բարձրացրել էր, տակը նայել, հետո քայլ արել։

Հիմա էլ նույնը։ Երբ բժիշկն ասաց «Մի հատ երգիր, մինչև ես կտրեմ-հանեմ», ինքը չհասկացավ, որ մտքում պիտի երգի՝ ուշադրությունը շեղի, ցրվի, էլի։ Սկսեց բարձրաձայն երգել, բայց ոչ թե մանկապարտեզում սովորած «Տոնածառը» կամ «Իմ տատիկը բարի»-ն, այլ…

Երևի որովհետև բժշկի անունն էլ Օնիկ էր՝ հենց էդ երգը մտքին եկավ, ու վիրահատարանով մեկ տարածվեց Մեսրոպի զիլ, բայց «անսլուխ» ձայնը.

 

Այսպես, թե այնպես, այնպես, թե այսպես,

Օնիկի աղջիկ Լյուդմիլան եմ ես:

«Պաբեդով» գա՜լիս, «Մասկվիչով» գը՜նում,

Տղաներին էլ աչքով եմ անում։

 

Օնիկ Կարպիչը, որ արդեն նշտարը մոտեցրել էր երեխայի աճուկին, միանգամից հետ քաշվեց ու սկսեց հռհռալ՝ բարձր, էլի բարձր, շատ բարձր։ Նրա կողքը կանգնած ջահել ասիստենտն ու բուժքույրերը նույնպես ծիծաղից արցունքակալեցին։ Երևանցին, իհարկե, չհասկացավ, թե էդ ինչ երգ է, բայց տեղացի բուժքույրերին, հաստատ, ծանոթ էր էդ ֆոլկլորը, ու նրանք ավելի բարձր էին հռհռում։

Բժիշկը մի կերպ իրեն հավաքեց, որ հանկարծ վիրահատության ժամանակ ձեռքը չցնցվի ծիծաղից, երկու րոպե դադար հայտարարեց, որ բոլորը հանգստանան։ Իսկ հենց անցավ գործի՝ երեխային հրամայեց էլ չերգել՝ լուռ մնալ։

…Օնիկ Կարպիչը դուրս եկավ, միջանցքում սպասող ծնողներին ուրախացրեց՝ ասելով, որ ամեն ինչ հաջող է անցել, ու հիմա ասիստենտը կարերն է դնում։ Վերժինեն մի հինգ անգամ շնորհակալություն հայտնեց, ապա բժշկին հարցրեց, թե էդ ի՞նչ էր արել երեխան, որ վիրահատարանից լսվող ծիծաղը ամբողջ հիվանդանոցը բռնել էր։

Օնիկ Կարպիչը շատ պատկերավոր նկարագրեց Մեսրոպի արածը, բայց երգն անգիր չէր հիշում։ Բժշկի հետ դուրս եկած ջահել բուժքույրը քրքջալով ինքը երգեց՝ երեխու տնազն անելով։

Վոլոդյան փորը բռնեց ու սկսեց բարձր ծիծաղել, իսկ Վերժինեն՝ համ ծիծաղեց, համ էլ մի քիչ մռայլվեց, որ երեխան թաղում տենց բաներ է լսում, ու որոշեց, որ արգելելու է մեծերի հետ խաղալ՝ ինքն էլ իմանալով, որ դա անհնար բան է։

-Էդ երգը հումից ե՞ս լսել, -խնդմնդալով հարցրեց Վոլոդյան վիրահատության հաջորդ օրը, երբ Մեսրոպն արդեն աշխույժ շփվում էր։

-Գոգոյից։

-Բարդուղա՞ց։

-Հա, Էլիզի ախպորից…

-Բայց գիտե՞ս հինչ երգ ա, հում մասին ա…

-Ա, ես շատ եմ մանում…

Շատ-շատ տարիներ հետո միայն Մեսրոպը իմացավ էդ երգի պատմությունը։

1960-ական թվականների կեսերին մեքենաները Մեղրիում քիչ էին։ Եղածներն էլ հիմնականում բեռնատարներ էին, իսկ մարդատարները հազվադեպ էին։ Եվ չտեսնված-չլսված բան էր, որ մի մարդ երկու մեքենա ունենար։

Էդ մարդը Օնիկն էր. վարում էր գործկոմի նախագահի «պադավատ» «Մոսկվիչը», նաև՝ սեփական «Պոբեդա» ուներ, որով գործից հետո տեղ-մեղ էր գնում։

Դե, առավոտյան մեքենաներից որևէ մեկով աղջկան տանում էր դպրոց (էլի չլսված-չտեսնված բան. Մեղրիում բոլորը ոտքով էին դպրոց գնում), կեսօրից հետո տուն բերում, երեկոյան էլի ինչ-որ տեղ տանում։ Մեղրու ջահելներն էլ էդ մասին երգ էին հորինել.

 

Այսպես, թե այնպես, այնպես, թե այսպես,

Օնիկի աղջիկ Լյուդմիլան եմ ես:

«Պաբեդով» գա՜լիս, «Մասկվիչով» գը՜նում,

Տղաներին էլ աչքով եմ անում։

Մեսրոպն էդ երգը հետո էլի մտքում կամ բարձրաձայն երգել է, թե ոչ՝ հայտնի չէ։

Բայց ստույգ հայտնի է, որ Սաթի տատին խոստումը կատարեց. մայիսի վերջերին Մեսրոպին, Վաչին ու Մարտիկի դեռ երկու տարին չլրացած տղային՝ Կարենին, Մարտիկի զոքանչի՝ Արուս տատիի հետ տարավ Մկաց աղբյուր, աքլորի վիզը կտրեց ու արյունով համ Մեսրոպի ճակատին խաչ նկարեց, համ էլ, համենայն դեպս, մյուս երկու խոխեքի…

 

Մեսրոպ Հարությունյան