Համաշխարհային խաղաղությո՞ւն

Համաշխարհային խաղաղություն… Մարդիկ չպետք է ամեն ինչ դիտարկեն բարոյական տեսանկյունից: Եթե նույնիսկ մեզ հաջողվի հասնել համաշխարհային խաղաղության, ապա չենք հասնի բարոյականության միջոցով: Շայդեմանը վերջերս ասաց, որ ժողովրդավարությունն արագ առաջընթաց կգրանցի համընդհանուր ուժասպառության պատճառով: Այնուհանդերձ, դա այնքան էլ պատվաբեր չէ ժողովրդավարության կամ մարդկության համար: Չէ որ ուժասպառությունից ծնված բարոյականությունն իրականում բարոյականություն չէ:
Սրանից զատ, ես հստակ գիտեմ, թե որն է ճշմարիտը, բայց կասկածում եմ, որ տվյալ հասկացության և «համաշխարհային դեմոկրատական խաղաղության» կապն անքակտելի է: Ժողովրդի իշխանությունը նշանակում է բանականության կամ նույնիսկ ոգու իշխանություն, սակայն որքանով ես եմ տեսնում, երաշխավորված խաղաղություն դեռ չի հաստատվել: Ժողովուրդները խաղաղություն են երազում. նրանք շատ են երազում այդ մասին, նույնիսկ եթե պատերազմը երկարատեւ է եղել եւ շատ թանկ գին են վճարել դրա համար:
Ռուսոյի ուսմունքը «լավ ժողովրդի» մասին, հեղափոխական լավատեսությունն ընդհանրապես նշանակում է` հավատ առ քաղաքականությունը, հավատ առ մրջնաբույնը, հավատ առ սոցիալիզմը, հանրապետական ժողովրդավարությունը, համընդհանուր սոցիալիզմը. ես հստակ գիտեմ, թե ինչն է այսօր ընկալելի, բայց իմ էությունն ու դաստիարակությունը չեն կարող հավատարիմ մնալ այդ վարդապետությանն ու համոզմունքին: Ռուսական եւ գերմանական ոգին, Դոստոեւսկին եւ Շիլլերը համակարծիք են, որ մարդկության խնդիրները չեն կարող լուծվել քաղաքական ճանապարհով, այլ միայն` հոգեւոր եւ բարոյական. դրանք կարող են լուծվել կրոնի միջոցով, անհատի քրիստոնեական ինքնակատարելագործման միջոցով, «գեղագիտական դաստիարակության» եւ անհատի ազատագրման միջոցով, ինչը ցանկանում են մյուսները: Ռիչարդ Դեհմելի նոր, հիշարժան, երեք չափածո տողերից բաղկացած դրամայում խղճի հարցերից հասկացող մեկն ասում է. «Ամենաուժեղ զգացմունքն անգամ կորչում է, երբ այն մատուցվում է հզոր գաղափարների անվամբ, մարդուց մարդ տածող մի քիչ բարությունն ավելին է, քան մարդկության հանդեպ ողջ սերը»: Դա այդպես է, հավատացեք: Պատմական-քաղաքական համատեքստում մարդկության հանդեպ սերը լուսանցքային սիրո դրսեւորում է եւ հակված է առավել պերճախոս դրսեւորվել այնտեղ, որտեղ կա առանցքային խնդիր: Նախքան մարդասեր խաղալը ինքներդ դարձեք ավելի լավը, ավելի մեղմ, նվազ ամբարտավան, նվազ ագրեսիվ ու ինքնաարդարացող… Մեծ հաջողություն է սպասվում նրան, ով կարողանում է բարեհունչ արտաբերել. «Ես սիրում եմ Աստծուն»: Բայց եթե նա մինչեւ այդ «ատում է իր եղբորը», ապա, ըստ Հովհաննես Ավետարանիչի, նրա սերն Աստծու հանդեպ ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ գրականություն եւ զոհաբերման ծուխ, որը չի հառնում վեր:
Համաշխարհային խաղաղություն…
Երբեք, ոչ մի օր, նույնիսկ ազգային ողբերգության ժամանակ, ես չեմ մտածել, որ Եվրոպայի ժողովուրդների ատելությունն ու թշնամանքը, ի վերջո, խաբեություն են, մոլորություն, եւ որ միմյանց խժռող կողմերն իրականում ամենեւին էլ կուսակցություններ չեն, այլ միասին, Աստծո կամոք, եղբայրական տանջանքների ենթարկվելով, աշխատում են աշխարհի եւ հոգու նորացման համար: Այո’, կարելի է մտածել բարի եւ հոգատար Եվրոպայի մասին, եթե բարության եւ համընդհանուր միասնության մասին մտածում են միայն հոգնածության եւ խորը տառապանքից ծնված զգայունության եւ հոգեւոր կատարելագործման պայմաններում: Քանի որ տառապանքի միջոցով կատարելագործումն ավելի վեհ ու մարդասիրական է, քան երջանկության եւ բարեկեցության միջոցով դրան հասնելը, ես հավատում եմ Եվրոպայի լավագույն ժամանակներին, որոնք նվիրված կլինեն կրոնական մարդասիրությանն ու հանդուրժող ոգեղենությանը, երբ ամոթով ու հեգնանքով կկարողանան հիշել այսօրվա աշխարհայացքային վեճերը: Թող այս Եվրոպան լինի առանց դոկտրինի, անարդար, խոսքի եւ հակաթեզի նկատմամբ հավատ չտածող, ազատ, զվարթ ու հեզ, իսկ «արիստոկրատիայի» կամ «ժողովրդավարության» համար արժե միայն ուսերը թոթվել: Դա մի ողջ օրվա դրամատիզմն էր, երբ Գյոթեն նկատեց, որ ամբողջ գաղափարը պտտվում է միայն արիստոկրատիայի եւ ժողովրդավարության շուրջ, եւ որ դա ընդհանրապես չի հետաքրքրում մարդկությանը…
Ահա թե ինչի մասին էր խոսում ապաքաղաքական արվեստագետը: Իսկ հետպատերազմյան Եվրոպան չի՞ լինի ապաքաղաքական եւ արվեստասեր: Արդյո՞ք դրա պատասխանատվությունը, ի հեճուկս քաղաքական ինքնավարության, «քաղաքական մթնոլորտի» համար բղավողների, չեն ստանձնի հումանիզմն ու կրթությունը:
Իհարկե, պետք է հավատարմության երդում տալ միակ արիստոկրատիային` սեփականին: Թող նա մշակույթի եւ ճաշակի հարցերում սովորի իրերին նայել այն տեսանկյունից, ինչն իր համար ընկալելի չէր նախկինում, թող հրաժարվի արգասաբեր գեղագիտությունից, էկզոտիկությունից, հանուն բարբարոսության ինքնափրկիչ կախվածությունից, ինչին նա անձնատուր էր լինում նորաձեւ հագուստի մեջ անզուսպ խելագարությունից. չէ որ նա դատապարտում է հիմար ինֆանտիլիզմն արվեստում եւ մերժման ժեստ է ցույց տալիս անտրոպոֆագ պլաստիկին ու հարավամերիկյան նավահանգստային պարերին: Սա ամենեւին էլ լավ բան չի նշանակում: Քանի դեռ Եվրոպան հակված է վայրագության, նա միշտ կհայտնվի պատերազմի շեմին. դա միանշանակ է: Ի դեպ, Եվրոպան այս պահին աղքատ չէ՞, նրա կրած դժվարությունները չեն սովորեցրել նրան`գտնելու պարզություն ու բնականություն. օրինակ` վայելել ձու, խոզապուխտ ու կաթ եւ ավելի երախտապարտ գտնվել, քան այլ ոք: Թե՞ դա բխում է որկրամոլությունից: Այո’, եկեք պատկերացնենք, որ այն լցված է նողկանքով իր նեգրական վայելքների եւ անցյալի քաղաքակիրթ աղմուկի հանդեպ, եկեք պատկերացնենք, որ այն տուրք է բարքերին ու արվեստին, ինչը նման իրավիճակի պարզ վկայությունն է. անզարդ, բարի, հոգեւոր, բարձրագույն հումանիզմով, հզոր` իրենց մարդասիրությամբ…
Ես վախենում եմ, որ «Եվրոպայի մտավորականությունը» ինձ կստիպի հրաժարվել նման երազանք ունենալու իմ իրավունքից: Ճիշտ է, ես հասկացա, որ ավելի ազգային եմ իմ բնույթով, քան գիտեի, բայց երբեք ազգայնական, «հայրենական արվեստագետ» չեմ եղել: Ես անհնար համարեցի «անտեսել» պատերազմը երեւի այն պատճառով, որ այն մշակույթի հետ կապ չունի, ինչը շատ համարձակ պնդում է: Ցնցված, գրգռված, բարձրաձայն մարտահրավեր նետելով` ինձ իրավունք եմ վերապահում մտնելու թոհուբոհի մեջ եւ վիճարկելով պաշտպանել այն, ինչն իմն է: Սակայն Աստված գիտի, որ ես ավելի երջանիկ կլինեմ, երբ քաղաքականությունից ձերբազատված հոգիս կարողանա նորից վերարժեւորել կյանքը եւ մարդկությանը, եւ դա ավելի շատ կարդարացնի իմ հույսերը, երբ խաղաղ սահմանների հետեւում գտնվող ժողովուրդներն ապրեն արժանապատիվ եւ երջանիկ. այդժամ գեղեցիկ անգլիացին, հղկված ֆրանսիացին, մարդասեր ռուսն ու բանիմաց գերմանացին կփոխանակեն իրենց լավագույն ապրանքները:
***
Ֆիլիպ Հայնրիխ Շայդեման- Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերմանացի քաղաքական գործիչ: 1918-19թթ. գերմանական հեղափոխության ժամանակ Շայդեմանը Ռայխստագի շենքի պատշգամբից Գերմանիան հռչակել է Հանրապետություն: 1919թ. Վայմարում Ազգային ժողովի կողմից նա ընտրվել է Ռայխի նախարար: 1933թ. Ադոլֆ Հիտլերի եւ Նացիստական կուսակցության իշխանության գալուց հետո Շայդեմանն աքսորվել է:
Թարգմանությունը գերմաներենից` Թագուհի Հակոբյանի