Հարություն ըստ Սարիբեկի

В этой жизни умирать не ново,

Но и жить, конечно, не новей.

 

Սերգեյ Եսենին

 

Մայրիկիս մահվանից հետո բժիշկն ասաց.

-Էդ ընկնելն ու օմբան[1] կոտրելը մահանա էր։ Ինքը պիտի հեռանար։ Բայց էնպես, որ ամբողջ աշխարհին ասի՝ պատճառը ընկնելն էր։

Մայրիկից համարյա երկու տարի առաջ էլ նույն կերպ հայրս էր մահացել, էլի 88 տարեկանում, էլի սայթաքել-ընկանելուց, օմբան կոտրելուց, երկու ամիս պառկելուց հետո։ Ուրեմն հայրիկիս սայթաքել-ընկնելն էլ, ըստ բժշկի տրամաբանության, մահանա էր։ Եվ մահանայի մասին բժշկի ասելուց հետո էր, որ առաջին անգամ մտածեցի Փոքր Մհերի սինդրոմի մասին։

 

***

Փոքր Մհերը պարբերաբար ծնվում է յուրաքանչյուրիս մեջ։ Ոչ թե էն իմաստով, որ դու զգում ես ահռելի ուժ, այլ, ընդհակառակը, գիտակցում ես սեփական ավելորդությունդ և պատրաստ ես ամեն ինչի։ Անապատ էլ չկա՝ գնաս ճգնավոր դառնաս, կամ Ագռավաքար, որ փակվես ու դուրս չգաս։ Ու մտածում ես՝ ատրճանակ դեմ տալ ճակատիդ, նետվել կամրջից, թույն խմել, երակներդ կտրել տաք ջրով լի լոգարանում, լավագույն դեպքում՝ մեկուսանալ հեռավոր մի գյուղում, կտրվել ամեն ինչից, անջատել կապի բոլոր միջոցներն ու ապրել անգետ երանության մեջ՝ շփվելով միայն գյուղի այն հարևանների հետ, որոնք քեզ կաթ ու մածուն կնվիրեն՝ իրենց երեխաներին հեքիաթներ պատմելու համար։

 

***

Հիմա հիշեցի Անրի Վեռնոյի «Մայրիկ» ֆիլմի էն դրվագը, երբ որդու անտեղի բարկության պատճառով հայրն ինֆարկտ է ստանում ու մահանում։ Կարծում եմ, նաև դա՛ է Փոքր Մհերի սինդրոմը. հեռանալ՝ գիտակցելով որ դու խանգարում ես։ Տվյալ դեպքում՝ որդուդ։ Ինֆարկտը, հանկարծահաս վրաերթը, չգիտեմ՝ պատի փլվելը հենց էնպես չեն գալիս։ Գալիս են Փոքր Մհերի սինդրոմի դրդմամբ. ավելորդության գիտակցումը արդարացնելու կամ ավելորդությունը վերացնելու համար։ Ու Փոքր Մհերի սինդրոմի կարևոր մասը. հնարավոր է երբևէ լսեք ձայները (ձիու խրխինջը, իր ձայնը, կանչը, ճիչը), բայց վերադարձի ակնկալիք չկա։

 

***

Մի քիչ սխալվեցի. Փոքր Մհերի սինդրոմով հեռանալուց հետո վերադարձի մի պատմություն ես գիտեմ։

Տղաներիս մորական պապը՝ Սարիբեկը, որ արդեն 90 տարեկան էր, էդ օրը գնացել էր Ավանի ձոր՝ Գետառի ափին իր ձեռքով կառուցած տուն։ Տունը վարձով էր տրված, իսկ ինքն ապրում էր Ավանում՝ ընտանիքով արտասահման տեղափոխված աղջկա բնակարանում։

Հիմա, երբ բացահայտել եմ Փոքր Մհերի ևս մի գաղտնիք, հասկանում եմ, որ հենց տարիների չարչարանքով սարքած, էդտեղ ընտանիք ստեղծած, հինգ երեխա մեծացրած, ուրախ ու դժվար օրերի ականատես տանը հրաժեշտ տալու համար էր Սարոն Գետառի ափ գնացել։

Ինքը գիտեր, որ գուցե այդ օրը, գուցե մի քանի օրից հեռանալու է։ Երևի նրան էլ մահանա էր պետք։

Տունը լավ տնտղելուց, վարձով բնակվողներին ինչ-որ թերություններ մատնացույց անելուց, սուրճ խմելուց, նրանց հետ ջերմ զրուցելուց հետո դուրս էր եկել, Գետառի փոքրիկ կամրջի վրա շրջվել, մի անգամ էլ նայել տանը, հետո հայացքը հառել գետի այս մի ափին անխնամ մնացած իր այգուն, բարձրացել Մյասնիկյան պողոտա ու, առանց աջ ու ձախ նայելու, քայլ արել, որ էդ պողոտան իբր անցնի… Մի մեքենա հարվածել էր, իսկ հետևից եկողը՝ վրաերթ արել։

Սարո պապիկի էդ ողբերգական մահվանից հետո թաղամասի բնակիչները բողոք բարձրացրին, փակեցին պողոտան, պահանջեցին վերջապես իրենց համար Մյասնիկյանը հատելու որեւէ հնարավորություն ստեղծել։

Մի քանի օր հետո Սարոյի զոհվելու տեղից մի քիչ վերև կանչով լուսակիր հայտնվեց։ Թաղի մարդկանց համար փողոցն անցնելը դյուրացավ։

Փոքր Մհերի սինդրոմով հեռացած Սարո պապը հարություն առավ, կամ եթե կուզեք՝ վերամարմնավորվեց լուսակրի տեսքով։

Թաղեցիները հիմա դրան «Սարոյի սվետաֆոր» են ասում։ Իսկ պատմությունն իմացող վարորդներն էլ՝ անցնելիս ողջունում են.

-Բարև՛, Սարո պապի՛։

 

Մեսրոպ Հարությունյան

 

 

[1]  Օմբա - ազդրի վերին վերջնամասը, որ միանում է կոնքոսկրին։