Հայկական թատրոնի... օդային աղետը

Երբ առաջին անգամ ինձ պատմեցին այս դեպքի մասին, անկեղծ ասեմ, չհավատացի, այնքան մտացածին ու անհավանական այն ինձ թվաց: Եվ հետո կասկածի տեղիք էր տալիս այն հանգամանքը, որ այդ մասին առ այսօր քիչ էր գրվել ու պատմվել: Բայց երբ առնչվեցի անժխտելի փաստերի, մանրամասների և ականատեսների հետ, ինձ այլ բան չէր մնում, քան ընդունել, որ այդպիսի բան, իսկապես, եղել է: Դա պատահեց 1988-ի աշնանը, երբ Հայաստանում Համազգային շարժման վերելքի թեժ օրերն էին: Այդ լարված իրավիճակում և ճակատագրական ժամանակների թոհուբոհում միանգամայն հնարավոր էր, որ որևէ միջադեպ կամ իրադարձություն պարզապես մնար կյանքի բուռն ընթացքի ստվերում:
Սեպտեմբերի 24-ին Երևանի դրամատիկական թատրոնի անձնակազմը` 45 հոգի, հերթական հյուրախաղերով մեկնում էր Սիրիայի Հալեպ քաղաք: Թատրոնը նախատեսել էր 1 ամիս մնալ այնտեղ ու հանդիսատեսին ներկայացնել 4-5 պիես: Այդ էր պատճառը, որ ուղեբեռը բավական ծանր էր. թատրոնն իր հետ տանում էր թատերական բոլոր դեկորներն ու զգեստները: Երբ 158 ուղևորներով «Տու 154»-ը գետնից պոկվեց, որևէ մեկը չէր էլ կռահում, որ այդ թռիչքը սովորականներից չէր լինելու: Դերասանների տրամադրությունը բարձր էր, օդաչուներինն ու բորտուղեկցորդներինը`ևս. չէ՞ որ հենց իրենց էր վստահվել մի ամբողջ աստղաբույլի անվտանգ թռիչքի ապահովումը: Ռաֆայել Քոթանջյան, Վլադիմիր Մսրյան, Էվելինա Շահիրյան, Անահիտ Թոփչյան, Կիմ Երիցյան, Գուժ Մանուկյան, Լևոն Շարաֆյան... Այս բոլորին մեկ բեմում տեսնելն անհավանական մի բան չէր, բայց ահա այդքանին օդում տեսնելը բացառիկ հնարավորություն էր: Եվ եթե թռիչքի ընթացքում արտասովոր որևէ բան չպատահեց, ապա վայրէջքի պահին կատարվեց մի բան, որի մասին հիշելիս Դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանը, որն այդ ժամանակ 37 տարեկան էր, սարսռում է ամբողջ մարմնով, մեկ նրա դիմագծերը խոժոռվում են, մատներով դող է անցնում, մեկ սկսում է բարձրաձայն հռհռալ. «Սրահի վերջնամասում նստած էինք, արդեն վայրէջքի պահին նայեցի Ռաֆայել Քոթանջյանին, աչքերը փակ էին, ասացի. «Ռաֆ, մենք իջնում ենք», ինձ ընդհատեց. «Մի´խանգարիր, յոգա եմ անում, որ բարեհաջող իջնենք»: Ուրեմն, Ռաֆայելի այս խոսքի վրա մի ուժեղ գմփոց լսվեց, հենց մեր գլխավերևում ինքնաթիռն ուղղակի ճաքեց, փոշի բարձրացավ ու մի սարսափելի աղմուկ սկսվեց»:
Դերասանը պատմեց, որ մտքով ինչ ասես, որ չանցավ, օրինակ`այն, որ իրենք Սիրիայում ահաբեկիչների թիրախ էին դարձել: Վայրկյաններ անց արդեն գլխի ընկան, որ կատարվում է աղետալին`ինքնաթիռը պարզապես ընկնում է, ընդ որում, ընկնում է Հալեպի մարդաշատ օդանավակայանում, որտեղ այլոց թվում էին նաև նրանք, ովքեր նույն այդ ինքնաթիռով ընդամենը մեկ ժամ անց պետք է թռչեին Երևան: Ինքնաթիռում, ի դեպ, դեռևս բավականաչափ վառելիք կար, ինչը վթարի դեպքում կարող էր մեծ պայթյունի պատճառ դառնալ: Դիմավորողների թվում էր նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, որն այդ պահին օդանավակայանում կանգնած լայնացած բիբերով նայում էր երկնքին ու տեսնում, թե ինչպես էր ինքնաթիռը, որի մեջ թատրոնի ամբողջ թատերախումբն էր, այդ թվում`կինն ու զոքանչը, օդում, ինչպես հետո ինքն էր դերասաններին պատմել, բոլորի աչքի առաջ խաղալիքի նման պարզապես երկու մասի բաժանվում և փոշու հսկայական ամպ առաջացնում:
Դիմավորողի համար դա մի ուրիշ սարսափ էր: Հարությունյանի խոսքով` Խանդիկյանը տեղում ուշաթափվել էր, նրան ուշքի էին բերել`վառած սիգարետը քներակին դնելով: Իսկ թե ինչ էր կատարվել այդ պահին ինքնաթիռի ներսում, դերասանը բնորոշեց մեկ բառով`քաոս, հետո ավելացրեց`«թատերական քաոս».
«Մենք ընկնում էինք 15 մետրից: Վայրէջքի ժամանակ դիմացի անիվը ուժգին հարվածից պարզապես խրվեց ինքնաթիռի մեջ: Այնպիսի իրավիճակ ստեղծվեց, որը ոչ մի բառով հնարավոր չէ նկարագրել: Դերասան Ռուդիկ Հովսեփյանը գոռում էր, բայց հուզմունքից ձայնը դուրս չէր գալիս: Ինքնաթիռում երկու երեխա կար: Մեկին Վլադիմիր Մսրյանը դուրս հանեց, մյուսին`ես: Ուրեմն, չեմ մոռանում մի դրվագ. Մսրյանի քույրը կողքի սրահում էր, այնտեղից գոռում էր. «Վովա՜»: Նա էլ մեր սրահից արձագանքում էր, բայց երբ ընտրության առաջ կանգնեց` դուրս բերել կա´մ այդ երեխային, կա´մ քրոջը, Մսրյանը նախընտրեց դուրս հանել երեխային: Տեսեք`մարդկային ինչ որակ էր... Ոնց որ կինո լիներ»:
Բայց եթե այս «կինոյի» ժանրը որոշելու լինենք, այն անպայման պետք է տրագիկոմեդիայի ժանրին դասել. «Այդ խառնաշփոթի ընթացքում Հալեպի կարմիր ավազը լցվել էր դեմքներիս, մենք մեզ չէինք ճանաչում: Առանձնահատուկ զվարճալի տեսք ուներ Կիմ Երիցյանը. ուրեմն, կանգնել էր իր սպիտակ կոստյումով, գեղեցիկ հագնված, բայց ոնց որ ամերիկացի հնդիկ հրեշտակ լիներ: Հա, ու մեկ էլ էդ նեղ մաջալին աչքս ընկնում է Անահիտ Թոփչյանի վրա, նայում եմ`վրան փոշու մի հատիկ էլ չկա: Ասացի. «Անո´, արի քեզ իջեցնեմ», էդ պահին քամին փչեց, զգեստի փեշերը բարձրացրեց, մեկ էլ թե. «Ռոբերտ, այս կողմ չնայե´ս»: Ասացի. «Ա´յ աղջի, մենք էստեղ մեռնում ենք, դու ինչի՞ հետևից ես ընկել»,-ծիծաղելով հիշում է դերասանը:
Ի վերջո, օդաչու Խաչատուր Նալբանդյանի հրամանատարությամբ, բոլոր ուղևորներին հաջողվեց դուրս բերել, ու թեև ինքնաթիռը ջախջախվել էր, ուղևորներից որևէ մեկը, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չստացավ: Այնուամենայնիվ, ինչո՞ւ տեղի ունեցավ վթարը: Ինքնաթիռի վթարի պատճառները հետաքննող հատուկ հանձնաժողովի եզրակացության մեջ ասվում էր. «Վայրէջքն իրականացվել է թույլ հանդիպակաց քամու պայմաններում: Թռիչքի պահին արագությունը փոխվել է 265 կմ/ժամից 290 կմ/ժամի: Ինքնաթիռը չի կարողացել հավասարակշռվել այդ պայմաններին: 35 մետր բարձրության վրա ղեկի անհամաչափ շարժի արդյունքում ուղղահայաց գերբեռնվածությունը նվազել է, ինչն էլ իր հետ բերել է արագության ավելացման: Անիվները գետնին դիպչելիս 1,5 վայրկյան առաջ բարձրության ղեկն ամբողջովին շեղվել է ուղղաձիգ հարթության մեջ վերթռիչքի ռեժիմից: Վայրէջքն իրականացվել է անթույլատրելի մեծ ուղղահայաց արագությամբ, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի ջախջախմանը»:
«Մենք մահը տեսանք մեր աչքերով: Բայց մեկն այդ պահին ոնց որ ինձ վերևից ասեր` ինքնաթիռը չի պայթելու»,-պատմում է Հարությունյանը:
Դե իսկ այն, ինչ կատարվեց վթարից հետո, իսկական ներկայացման էր նման, միայն թե ոչ թե բեմի վրա, այլ հենց փողոցում: Վթարի հաջորդ օրը դրամատիկցիները ուղղակի սկսեցին կասկածել`գուցե իրենց, ամեն դեպքում չի՞ հաջողվել փրկվել, քիչ մնաց` իրենք իրենց կսմթեին, որ համոզվեին`ողջ են. «Փողոցներում ամեն քայլափոխի մեր ներկայացումների մասին ազդարարող պաստառների վրա տեսնում էինք փակցրած գրություններ այն մասին, թե իբր թատրոնի ողջ կազմը զոհվել էր: Ասում էին, թե դա կազմակերպել էր տեղի քաղաքական կուսակցություններից մեկը, որպեսզի մեր ներկայացմանը մարդ չգար: Ենթադրում եմ, որ հրավիրող կողմն իրենք չէին`դրա համար: Մենք ստիպված էինք ամբողջ կոլեկտիվով, այդ թվում`Քոթանջյանը, որն, ի դեպ, ոտքը ջարդել էր ինքնաթիռից իջնելիս, շրջել Հալեպի փողոցներով, որպեսզի մարդիկ տեսնեին, որ մենք... չէինք մահացել»,-ասում է Հարությունյանը:
Ի դեպ, Քոթանջյանը կոտրված ոտքով խաղաց 3-4 ներկայացում: Բեմ դուրս գալու համար նրան անվասայլակ էին տրամադրել, իսկ քանի որ սայլակի ներկայությունն արդեն իսկ իրավիճակ էր փոխել, դերասանին այլ բան չէր մնում, քան իր դերը խաղալ իմպրովիզներով:
Հարությունյանի խոսքով`ամեն տարի սեպտեմբերի 24-ին Երևանի դրամատիկական թատրոնը նշում է իր երկրորդ ծննդյան օրը. «Ախր, հրաշք էր է՜, որ փրկվեցինք, չէ´, կամ էլ`Ռաֆիկի յոգան օգնեց...»:
Աննա Բաբաջանյան

