Հայկական կինոյի նախամուտքը մեծ կինոաշխարհ

Կինոն սովորույթ ունի՝  հաճախ վավերացնում, ընդգրկում է ժամանակը, բայց այն իմաստավորվում է ժամանակի հեռավորությունից: Ընդունված է համարել, որ հայ կինեմատոգրաֆի ծննդյան պաշտոնական տարեթիվը համարվում է 1923թ. ապրիլի 16-ը, երբ Հայաստանի Ժողկոմխորհի դեկրետը որոշում է «... Տրամադրել 60 ռուբլի՝ ոսկով»՝ «Արմենկինո» հիմնադրելու և ֆիլմարտադրություն սկսելու մասին: «Պետֆոտոկինո» նորաստեղծ կառույցի տնօրեն նշանակվում է Դանիել Դզնունին: Սկզբում այն գործում է որպես վարձույթի կազմակերպություն։ Բայց ընդամենը մեկ տարի անց էկրան է բարձրանում հայկական առաջին`«Խորհրդային Հայաստան» լիամետրաժ փաստավավերագրական ֆիլմը։

Մինչև այդ, հեռավոր անցյալ թվացող 1899-ին Երևանում արդեն տեղի էր ունեցել առաջին կինոցուցադրությունը: Իսկ դրանից ընդամենը չորս տարի առաջ էլ Փարիզում, «Գրանդ Կաֆեում» էկրանից «սուրացել» էր Լյումիեր եղբայրների առաջին գնացքը՝ խուճապի մատնելով հանդիսատեսին, որոնց թվում  էր, ի դեպ, հայ լեզվաբանության հսկան ու բառարանագիրը՝ Հովհաննես Աճառյանը: Մինչև խորհրդային կարգերի օրոք կինոարտադրության պաշտոնական սկզբնավորումը, Առաջին համաշխարհայինի տարիներին, կինովավերագրիրները մեծածավալ  փաստագրություն էին հավաքագրել։ Ցավոք, դրանք հիմնականում վավերացնում էին պատմության ցավալի էջերը՝ Կովկասյան ռազմաճակատի մարտերից առանձին դրվագներ, հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների ոճրագործությունների ողբերգական դեպքեր, հայերի տարհանումը Ռուսաստան։ Դրանցից շատերն են «կադրից դուրս» մնացել ինչպես կինոպատմության, այնպես էլ, առհասարակ, հայկական մշակույթի էջերից։

Կինոգիտական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 20-րդ դարի առաջին-երկրորդ տասնամյակում հայկական թեմաներով ֆիլմերի ստեղծման որոշ անհաջող փորձերի հետ մեկտեղ ստեղծվել են և մի քանի ավարտուն նկարներ։ Իսկ կինոպատմության մեջ մեկ տասնամյակը կարող է մի ամբողջ դարաշրջան կազմել:

1911թվականին կինոօպերատոր Ա. Դիգմելովը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կինոժապավենով վավերագրում է Ամենայն Հայոց Կաթողիկոս Մատթեոս Երկրորդի հուղարկավորության արարողությունը:

1912թ. Եգիպտոսում Վահան Զարդարյանը նկարահանում է «Հայկական սինեմա» մեծակտավ կինոնկարը։ Ֆիլմի հովանավորն էր հայ ազգային գործիչ, Հայկական բարեգործական ընդհանուր ընկերության նախագահ Պողոս Նուբար Փաշան։ «Հայկական սինեմա» ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի է ունենում 1913թ. մարտի 13-ին՝ Կահիրեում։ Նույն ամսվա 22-ին կինոնկարը ներկայացվում է Ալեքսանդրիայում։ Հինգ մասից բաղկացած ֆիլմն անդրադառնում էր հայ ժողովրդի պատմության տարբեր էջերին՝ Ուրարտուից մինչև հայոց պետականության փլուզում, Անիի ավերակներ։

Նույն տարիներին հայ կինոգործիչները ռուսական ստուդիաներում նկարահանում են ​​ֆիլմեր։ 1911թ. Վահրամ Փափազյանի գլխավոր դերակատարմամբ և սցենարով Ի․ Փերեսթիանին Ա․ Խանժոնկովի ստուդիայում էկրանավորում է Ալեքսանդր  Շիրվանզադեի «Նամուսը», որը էկրանավորման մեջ ստանում է «Երդումով կապվածները» անունը։

1915թ. Եկատերինոդարում (Կրասնոդար) ռեժիսոր, սցենարիստ և օպերատոր Ա. Միներվինը նկարահանում է «Քրդերի իշխանության ներքո» ֆիլմը, որ պատմում է թուրքական ջարդերի սարսափները կրած հայ ընտանիքի մասին։

1916թ. ԱՄՆ-ում բացվում է «Արաքս» ընկերությունը (Arax Film Corporation)։ Այստեղ էլ Սուրեն Հակոբյանը և Հովհաննես Մամասյանը նկարահանում են «Հայկական խաչելություն» առաջին խաղարկային ֆիլմը։ Կինոնկարի գրական հիմքը Ավետիս Ահարոնյանի «Այլևս մի աղոթիր» դրաման էր: Ֆիլմը ներկայացնում էր Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կրած տառապանքները։ Ցուցադրությունից հետո ԱՄՆ-ում այն լայն արձագանք է ստանում։ 

1919 թ. փետրվարի 16-ին Նյու Յորքում տեղի է ունենում «Հոշոտված Հայաստան» կամ «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմի նկարահանումներին մասնակցում են Հարավային Կալիֆորնիայի ավելի քան 10 000 հայ բնակիչներ, այդ թվում՝ 200 երեխա, որոնք վերապրել էին տեղահանությունը։ Դրանից մեկ տարի առաջ՝ 1918թ., լույս էր տեսել Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի գիրքը, որի մոտիվներով էլ նկարահանվում է ֆիլմը, որը  սարսափելի իրադարձությունների ականատեսի առաջին փաստագրական վկայություններից է։

Այսպիսով հայ կինոգործիչները որոշակի փորձառություն ու նյութ արդեն հավաքել էին կինոշեմ ոտք դնելիս։ Եվ երբ 1923-ին Դանիել Դզնունու ղեկավարությամբ վարձակալվում է մի հին պրոյեկցիոն սարք, տասնյակ մաշված կինոժապավենների ցուցադրության շնորհիվ գոյանում է որոշակի եկամուտ, որի արդյունքում 1924 թ. հնարավոր է լինում ձեռնարկել առաջին վավերագրական՝ «Սովետական Հայաստանը» կինոնկարի ստեղծումը: Մեկ տարի անց նույն Դանիել Դզնունու առաջարկով Համո Բեկնազարյանն էկրան կբարձրացնի հայկական առաջին համր կինոնկարը՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուսը»։ Դրանից մեկ տասնամյակ անց էլ կնկարահանի հայկական առաջին հնչուն կինոնկարը՝ «Պեպոն»՝ Գաբրիել  Սունդուկյանի համանուն պիեսի հիման վրա։ Մոսկվայի Առևտրական ինստիտուտի նախկին ուսանող Համո Բեկնազարյանն այսպես է պատմում ի՛ր կինոմուտքի մասին. «Երջանկությունը մարդու մոտ գալիս է տարբեր ուղիներով։ Իմ առջև այն կանգնեց մոտ երեսունհինգ տարեկան նիհարավուն, բարձրահասակ, շիկահեր տղամարդու կերպարով․․․և առաջարկեց նկարվել կինոյում։ Ես շփոթված հարցրի․ «Իսկ ի՞նչ պետք է անեմ»։ «Ձեզ ամեն ինչ կասեն»։ Անծանոթն ինձ տվեց հասցեն ու անհետացավ»»։ Այսպես սկսվում է հայ կինոպատմության նահապետի՝ Համո Բեկնազարյանի մուտքը կինոաշխարհ, ով կբացի հայ կինոյի դուռը դեպի մեծ կինո։ Բայց սա արդեն նոր էջ է, ու արդեն՝ լրիվ ուրիշ պատմություն։   Լիլիթ Հակոբյան
... ... ...