«Հերոսները խոսում են, մենք չենք լսում...»

«ArtCollage»-ի ընթերցողներին ենք ներկայացնում Վարդան Ամալյանի պատանեկան տարիքում գրած պատմվածքներից մի քանիսը: Վարդանը 44-օրյա պատերազմում զոհված հազարավոր տղաներից մեկն է, երիտասարդ, տաղանդավոր մի ստեղծագործող, որի անգամ պատանեկան գործերում ասես մահվան թափառող կանխազգացում կա: Մի առիթով Վարդանը Եռաբլուրում ասել էր. «Հերոսները խոսում են, մենք չենք լսում...»: Վարդանին կարդալով հիշենք մեր բոլոր լույս տղաներին, որոնք իրենց չգրված պատմվածքները, երաժշտությունները, չնկարված կտավներն ու չխաղացած դերերը հանձնել են մեր հիշողությանը և լսենք Եռաբլուրից հնչող ձայները:
Մրջյունը
Մի անգամ զբոսնում էի՝ գնալով ընկերոջս հետ հանդիպման: Գնում էի, գնում և հանկարծ տեսա մի մրջյունի, որի գործառույթը ինձ հայտնի չէր: Առանց ծանրութեթև անելու՝ ոտքս դրեցի նրա վրա, և նա հրաժեշտ տվեց կյանքին: Ինձ համար շարունակեցի ճանապարհս, կարծես թե ոչինչ էլ չի եղել, բայց ինքս ինձ խաբել չկարողացա: Ճիշտ է, ուրիշ տեսանկյունից այս ամենը անգամ կարող է հիմարություն թվալ. Ի՞նչ է եղել որ, ինձ համար քայլելով գնում էի, մի մրջյուն էլ սպանեցի: Բայց մահը մրջյունի համար էլ է նույնը: Նրա կյանքը հետ բերելու համար շատ ուշ էր, և մի կողմից էլ սխալ կլիներ ներողություն խնդրել մրջյունի տնեցիներից նրանց ընտանիքի անդամին անիմաստ սպանելու համար: Իհարկե, սա երկրորդական պլան է: Առաջնային է իմանալ այն, թե ով էր նա: Հնարավոր է՝ նա առաջին մրջյունն էր, ով կատարել էր ամենամեծ շրջագայությունը, ասենք թե փողոցի մի ծայրից մյուսը, և դա էլ հերիք չէ, հայտնաբերել էր ամենախորը «իջվածքը»՝ աղբանոցը կոյուղում: Կամ, հնարավոր է՝ նա զինվոր էր, ով լեյտենանտից պետք է դառնար կապիտան նրա համար, որ մեկ հոգով պաշտպանել էր ամբողջ մի մրջնաբույն և հետ վերադառնալով մահվան բերանից հաղթանակով՝ նա, երևի թե, ամենահպարտ մրջյունն էր այդ պահին, և հանկարծ նրան տրորում է մի հիմար, ով անգամ մրջյունի արածի կեսը չի արել: Մի կողմից էլ լավ է, որ նա անսպասելի մահացավ, քանզի, տեսնելով իմ հսկայական չափերը, կմեռներ վախի ու անզորության պայմաններում, և այդ ամենը այն ժամանակ, երբ նա ազգի նշանավոր հերոս էր, վետերան: Ցավոք, այդ ամենը նրա համար կվերածվեր խայտառակության:
Եվ այդ դեպքից հետո ես դարձա ավելի ուշադիր և անգիտակից քայլեր աշխատեցի չկատարել, և, հնարավոր է, որ ինձ դրա համար դպրոցում կդնեն հինգեր, բանակում կտան խրախուսական պատվոգրեր, այնուհետև արդեն աշխարհի փառքին և հարգանքին կարժանանամ:
Ցավն այն է, որ փառքի գագաթնակետին ես չեմ հիշի այդ մրջյունին, բայց չէ՞ որ այս ամեն ինչի համար պարտական էի նրան: Եվ ի՞նչ իմանաս, գուցե մի օր էլ՝ փառքի գագաթնակետին, ինչ-որ մեկը տրորի ինձ՝ չմտածելով, որ հենց նոր վերացրեց աշխարհի երեսից ինձ պես նշանավոր ճղճիմի:
2013թ.
Մտացրիվ
Ի՞նչ է կյանքը... երկրային փորձությո՞ւն, թե՞ անվերջանալի մի հերթ, որը կազմել է Աստված: Գլխումս տարբեր մտքեր են պտտվում. ամեն մի բանի նայելիս գլխումս նոր միտք է առաջանում:
Կյանք... Առաջին հայացքից լավագույն նվերը, որը կարող է տալ մեզ Աստված: Բայց երբ կյանքում ամեն ինչ լավ չի ստացվում, մարդ իր հոգու խորքում խոստովանում է, որ ինքը սխալվում էր: Այդ դեպքում ի՞նչ՝ մեռնե՞լ, թե՞ պայքարել մինչև վերջ, որը կրկին դեպի մահն է տանում: Մարդիկ սիրում են կյանքը. մարդիկ իրականում կյանքը չեն սիրում: Կյանքը սիրելի է դառնում այն ժամանակ, երբ քո ցանկությունները կատարվում են, և դու ապրում ես այն անձանց, իրերի, երևույթների, իրադարձությունների հետ, որոնք դու սիրում ես, քանի որ մենք առանց դրանց կարող ենք անիծել մեր բախտը և չարանալ կյանքի հանդեպ:
Սև ու սպիտալ գույներով ֆիլմերը, ինչպիսիք են շատ ու շատ հնաոճ ֆիլմեր... այդ գույները հիմա մեր իրականությունում են: Մարդիկ դարձել են անտարբեր․ ոչ ոքի չի հետաքրքրում, որ շատ տաղանդավոր աստղագետներ, արվեստագետներ, և այլ շատ վաստակավոր մարդիկ կարող են ապրել մուրացկանի նման: Ոչ ոքի չի հետաքրքրում, որ որոշ «հաստավզեր» կարող են մարդ սպանել բոլորի աչքի առաջ, և ոչ մի բան... կարծես թե ոչինչ էլ չի եղել: Այնինչ այնտեղ ինչ-որ մեկը հոգին ավանդեց ոտքերի հարվածներից:Նրանք կարող են այդպես ինչ-որ մեկին սպանելուց հետո բարձր հռհռալ, բայց դա նրանք չեն...
Դա Աստված է մեզ ծաղրում... այդ Տերն է մեզ ծաղրում...
Նա ծիծաղում է, քանի որ մենք անգամ եղեռն տեսանք և պահպանեցինք մեր գոյությունը, բայց երբ որ ամեն ինչ հանդարտվեց, մենք մեր մեջ սկսեցինք ավելի մեծ պայքար, քան պատերազմն էր, որը նույնպես հաղթել էինք: Քանի որ մեր թշնամին մենք ենք, ոչ թե ուրիշ մի ազգ:
Մարդիկ վատ են նայում մահվանը...
Մահը կրկին Աստված է: Պարզապես այս անգամ նա վերցնում է, ոչ թե տալիս... Մահը պարզապես մի պորտալ է, որը մարդու հոգին ձևափոխում է հետագայի համար: Քանի որ այն մարդու կերպարանքը, որի մեջ մենք ապրում ենք, պարզապես խղճուկ մի դիմակ է:
2014թ.
Անվերնագիր
Մտածել շատ եմ սիրում... ավելի շուտ երազել, ոչ թե մտածել... Ցավոք, սեփական խղճիս առջև արդարանալու ուրիշ ձև չունեմ: Անընդհատ նոր զգացմունքներ... սակայն վախենում եմ դրանք թղթին հանձնել:
Ես ազատ եմ և ազատ եմ հոգով: Տափակ և միալար արդարանալու ձև, որով խաբում եմ ինքս ինձ բաց թողածս ամեն մի վայրկյանի համար: Իրականությունը ստի մեծ աղբյուր է, որի մեջ թաթախված է աշխարհը, և, ցավոք, այս աշխարհում պետք է ապրես, ինչպես բոլորը՝ կաշկանդված և պարփակված, երազանքներդ ու հույսերդ խեղդելով ինքդ քո մեջ: Իրականությունը սուտ է, որը շրջապատում է աշխարհը և խանգարում է՝ չթողնելով տեսնել ստի ամպերի միջից դուրս եկող ճշմարտության արևը: Մեր հոգին մեզ չի պատկանում, քանի որ մենք այն վաճառել ենք մինչև լույս աշխարհ գալը: եվ այդ պատճառով է , որ մեր հոգին կարծես ուզում է դուրս թռչել և գնալ գնորդի մոտ:
Քանի որ մենք մեր հոգու գնորդին, մեղմ ասած, խաբել ենք՝ նրանից վերցնելով և գումարը, որը, ի դեպ, հավասար է կյանքին, իսկ հոգին, որը մենք պետք է նրան տայինք, վերցրել և փախել էինք... կյանքն էլ, հոգին էլ... Այդ ամենը կազմակերպել է մեր տականք ուղեղը, որը նման է անհոգի ռոբոտի: Իսկ հոգին ցանկանում է դուրս փախչել մեզանից և լինել արդար՝ գնալով իր իրական տիրոջ մոտ, հակառակ դեպքում նա ոչնչով չի տարբերվի ուղեղից:
Հնաարավոր է՝ հոգին գիտի, թե ինչ է լինում խաբողների հետ: Ցավոք, մեր շահամոլ ուղեղի մեղքերի պատիժը մենք պետք է կրենք մեր երկրային կյանքում: Կյանքը վայելե՛ք, բայց մի՛ մոռացեք, թե ինչն է իրական հաճույքն ու վայելքը...
Մի՛ խեղդեք ձեր թուլությունն ու անզորությունը խմիչքի մեջ և համարեք դա հաճույք, քանզի դա տառապանք է, ոչ թե վայելք: Զգացե՛ք, թե ինչպես եք վազում ժամանակի հետևից և նրան չեք հասնում: Հրաշալի է, եթե դուք ունենք այդպիսի զգացողություն, քանի որ կան մարդիկ, որոնք կարծում են, թե հասել են ամեն ինչի։ Նրանք կամ վախենում են ճանաչել ճշմարտությունը իրենք իրենց մեջ, կամ էլ, իրոք, այդպես են կարծում: Բայց դա ևս տանջանք է, երբ գիտես, որ ոչ ոք երբեք ամեն ինչի չի հասնելու, անգամ բացառությունները, քանզի դա հասու չէ հասարակ մահկանացուներիս:
Զգացե՛ք, թե ինչպես եք սիրահարվում ձեր երազում տեսած էակին և ապրում այդ զգացողությամբ ամբողջ օրը, գուցեև շաբաթը, ամիսը...
Փակե՛ք ձեր աչքերը կամ բա՛ց թողեք, ինչպես կուզեք, և մի լավ երաժշտության տակ /ցանկալի է, որ մեղեդին ազատ ոճի լինի/ պատկերացրեք ձեզ թռչելիս. մի՞թ՞ հեքիաթային չէ ամեն ինչ։ Ես ապրում եմ երկրից կտրված, և, գիտե՞ք ինչ, դա ճիշտ է, քանի որ ձեր աշխարհը միակ վայրն է, ուր ոչ ոք չի համարձակվի ներխուժել, որը լիովին ձեզ կպատկանի, որտեղ ինչ ցանկանաք, այն էլ կանեք, ով ուզեք, այն էլ կլինեք, և, ամենակարևորը, դուք այնտեղ կարող եք հասնել ամեն ինչի։
2012թ.
Վարդան Ամալյան