Հինգ հայկական նշմար օտար ֆիլմերում

Շատերիս է պատահել. նայում ես որեւէ երկրի արտադրության կինոնկար (սերիալ, անիմացիա...) ու մեկ էլ հանկարծ անսպասելիորեն հայտնվում է որեւիցե հայկական նշմար՝ մեղեդի, խոսք, հիշատակում, անուն, այլեւս չասած հայկական դեմքերի մասին։ Այս թեմայով առիթներ ունեցել ենք գրել, այժմ ներկայացնում ենք եւս հինգ ուշագրավ հայկական նշմար օտար ֆիլմերից…

 

1. «Միքիի թրեյլերը» (Mickey’s Trailer, 1938)

 

Ուոլթ Դիսնեյի հռչակավոր Միքի մկնիկի եւ նրա ընկերների արկածների մասին պատմող այս առաջին մուլտֆիլմերից մեկը դիտելիս «հայկական ականջին» Դոնալդ բադիկի «լոգանքի» մեղեդին հանկարծ սկսում է ծանոթ թվալ։ Իր կռնչոցով հայտնի այս բադիկը, մտնելով լոգարան, սկսում է երգել… «Ծիծեռնակ» երգի մեղեդին։ Այն, որ երգը հենց «Ծիծեռնակն» է, ապացուցվում է անմիջապես հաջորդող տեսարանով, երբ նրա երգի վրա պատուհանագոգին հայտնվում են մի քանի ծիծեռնակներ։ Սա չի կարող պատահականություն լինել։ Դոնալդ բադիկի երգածը «Ծիծեռնակի» ճիշտ կրկնօրինակում է, չնայած փաստեր չկան, թե որտեղից կարող էր այդ մեղեդին ծանոթ լինել Դիսնեյի մի շարք մուլտֆիլմերի երաժշտության հեղինակ Օլիվեր Ուոլասին (1887–1963)։ Այդ շրջանում որեւէ ամերիկացի դասական երգչի՝ «Ծիծեռնակի» կատարման փաստ մեզ հայտնի չէ։ Ավելի վաղ շրջանից հայտնի է, որ իռլանդացի երգչուհի Գրեյս Օ’Մալին կատարել է «Ծիծեռնակը»՝ ի թիվս այլ հայկական երգերի («Ես լսեցի մի անուշ ձայն», «Հաբրբան», տե՛ս Հայկական համերգ Լոնդոնում, «Հորիզոն», 11.05.1912, «Արձագանգ Փարիզի», 1916, թ. 6)։ Հավանական է, որ Օլիվեր Ուոլասին ծանոթ եղած լինի Միխայիլ Իպոլիտով-Իվանովի «Հայկական ռապսոդիան», որի հիմքում Նոր Նախիջեւանում կոմպոզիտորի գրառած հայ ժողովրդական մեղեդիներն են, մասնավորապես՝ «Ծիծեռնակը»։

Ի դեպ, մեղեդային որոշ նմանություն կա նաեւ «Ծիծեռնակի» եւ «Երաժշտության հնչյունները» հայտնի կինոմյուզիքլի «Էդելվայս» երգի դեպքում, սակայն այստեղ, ի տարբերություն նախորդի, մեջբերում չէ, այլ սոսկ մոտիվային նմանություն, որպիսիք շատ կան երաժշտության մեջ։

 

 

2. «Հարձակում Բաքվի վրա» («Anschlag auf Baku», 1940–1941)

 

Ֆրից Քիրխհոֆի նկարահանած այս գերմանական նացիստական քարոզչական խաղարկային ֆիլմը (շեշտված հակաբրիտանական ուղղվածությամբ) կինոյի «Մուռնաու հիմնադրամը» դասել է հատուկ թույլտվությամբ ցուցադրվող ֆիլմերի շարքին։ Գործողությունները կատարվում են 1919-ին, Բաքվում, գլխավոր հերոսն է «Միավորված նավթային ընկերության» աշխատակից գերմանացի սպա Հանս Ռոմբերգը, որը ղեկավարում է անվտանգության ծառայությունը՝ այդ նավթահանքերը պաշտպանելու նպատակով։ Ֆիլմում հանդես են բերված տարբեր ազգերի ներկայացուցիչներ՝ անգլիացիներ, գերմանացիներ, դանիացիներ, ամերիկացի, շվեդ, ռուս, թուրքեր… եւ երեք հայ։ Նրանք են՝ «նավթային հայ մագնատ» Մամուլյանը (դերակատար՝ Արիբերթ Վաշեր), Թաթուլը (Վիլհելմ Քյոնիգ) եւ Ցոլակը (Յոզեֆ Քամփեր)։ Հասկանալի է, որ Մամուլյան անունը վերցրել են ժամանակի հռչակավոր հայ բեմադրիչի անունից, իսկ հերոսի նախատիպը կարող է լինել Մանթաշովը։

 

3. «Աբաջինյանի Հելենը» («Helen of Abajinian», 1957)

 

1957–1963 թվականներին ամերիկյան Սի Բի Էս հեռուստաալիքը սփռել է մեծ տարածում գտած մի վեսթերն սերիալ՝ «Զենք ունեցիր. ճամփորդելու եմ» («Have Gun - Will Travel") վերնագրով (բնագրի  «have gun»՝ «Ունեցիր զենք»-ը խաղարկվում է «have fun»` «զվարճացիր» բառի հետ)։ Ահա առաջին մասերից մեկը կոչվել է «Աբաջինյանի Հելենը» (բեմադրիչ՝ Էնդրյու Մքլագեն)։ Սերիալի գլխավոր հերոսը՝ քննիչ Պալադինին (Ռիչարդ Բուն) վարձում է Սան Ֆրանցիսկոյում բնակվող Սամուել Աբաջինյան անունով, սարոյանական բեղերով մի խիստ եւ պատվախնդիր հայ ագարակատերը (Հարոլդ Ջ. Սթոուն), որպեսզի նա գտնի ու հետ բերի աղջկան՝ Հելենին (Լիզա Գեյ)։ Վերջինս փախել էր իր հավանած տղայի՝ իռլանդացի կովբոյ Րայթի (Ջիմի Օ'Րիլի) հետ։ Սամուելը եւ Պալադինը երկար սակարկում են վճարի գինը, եւ հայ ընկերները նրան ասում են. «Դու հայի նման ես սակարկում»։ Բայց Պալադինը, ինչպես հաճախ այդ սերիալում, պարզապես «բռնությամբ վերադարձնող» չէ․ նա փորձում է հասկանալ՝ աղջիկը փախել է հարկադրանքո՞վ, թե՞ կամովին։ Պարզվում է՝ Հելենը սիրահարված է եւ ուզում է հենց իր ընտրյալի հետ ամուսնանալ, իսկ վերջինս հակված չէ։ Պալադինը վերադարձնում է նրանց Աբաջինյանի մոտ, որտեղ կովբոյը, դիտելով Հելենի պարը, սիրահարվում է նրան։ Այս կատակերգական դրվագը հետաքրքիր է նաեւ, որ հայ հայրը ներկայացվում է որպես պատվախնդիր, բայց մի քիչ «հին աշխարհի» մտածողությամբ, իսկ Հելենը, որպես Ամերիկայում ծնված հայուհի («Ես երկրորդ սերունդն եմ, ես ամերիկացի եմ»)՝ ավելի ամերիկյան ազատ ընտրության կողմնակից։ Ֆիլմի մյուս հայ հերոսներն են առոգանությամբ խոսող Գուրգենը (Վլադիմիր Սոկոլով), Ջորջին (Նիք Դենիս) եւ Հելենի մայր Մարգան (երեւի՝ Մարգո, Նաոմի Սթիվենս)։

Հետաքրքիր է նաեւ, որ հայկական իրողություններ լսում ենք ոչ թե հայ հերոսներից, այլ Պալադինից։ Հենց սկզբից լրագրում կարդալով Աբաջինյանի հայտարարությունը դստերը գտնելու մասին, «հայ» բառը նրա մեջ զուգորդվում է ուտեստների հետ, որոնք էլ նա թվարկում է՝ «շիշ քեբաբ, փլավ, փախլավա»։ Ճաշկերույթի տեսարանում նա, խորովածի շամփուրը ձեռքին, Րայթին առաջարկում է «տոլմա, Իզմիրի քեբաբ, քեշկեկ (այսինքն՝ հարիսա)», հիշատակում է Արարատ լեռը եւ այն, որ «Հին Հայաստանն աշխարհի խաչմերուկում էր, եւ նրա պարերի ծագումը կորսված է անտիկ աշխարհում, այն ունի Հունաստանի, Պարսկաստանի, անգամ Մինոայի բույրը։ Բայց այս պարերն իրական լեզու են, մարդկության ամենից հմայիչ, հասկանալի, համընդհանուր լեզուն»։ Սրան հետեւում է հերոսուհու պարը, որի երաժշտությունը նման է հայկականին, բայց շարժումները՝ ամենեւին։ Սակայն հատկապես տպավորիչ է, որ այս նույն տեսարանում հնչում է Արամ Խաչատրյանի «Գարուն Երեւան» երգի մեղեդին՝ արեւելյան գործիքավորմամբ։

Ի դեպ, նույն 1957 թվականին «Աբաջինյանի Հելենը» դրվագի համար բեմագրի հեղինակ Ջին Ռոդենբերին արժանացել է Ամերիկայի սցենարիստների գիլդիայի մրցանակին...

 

4. «Տղան հանդիպում է աղջկան» (“Boy Meets Girl,” 1984)

 

Ֆրանսիական կինոյի պաշտամունքային անուններից մեկի՝ Լեոս Կարաքսի առաջին լիամետրաժ գործն է «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմը։ Այս ինքնատիպ կինոստեղծագործության մեջ, հակառակ դիպաշարի տրամաբանությանը, հանկարծ մուտք է գործում հայոց լեզուն (արեւմտահայերենը)՝ մետրո նստող տղուկի շուրթերից։ Ֆրանսերենը եւ հայերենը հերթագայում են, թվում է, թե նա բանաստեղծութիւն է արտասանում։ Եվ քանի որ տղայի դերակատարն Արտակ Պասմաճյանն է՝ բանաստեղծ Կարիկ Պասմաճյանի որդին, ենթադրում ենք, որ նրա արտասանածը հոր գրած բանաստեղծությունն է։ Այսպես, որքան կարողացանք գրի առնել, Կարաքսի ֆիլմում հնչում է հետեւյալ հայերեն խոսքը՝

Ես՝ պզտիկ, ես՝ ճարպիկ,

զոհողութիւններով յղփացած,

ասֆալթը կոխկրտելէն ոտքերս կ’եփեն, կրակ կը դառնան։

Կօշիկներս կը հանեմ՝ ուր որ պատահէ,

Մինչ այդ կօշիկներս… բախտաւոր էին,

ինքն ալ կը տառապէ իմ ոտքերէն եւ ինձմէ շատ աւելի

ինքը առտու-իրիկուն կը սպասարկէ։

Երբ սխալմամբ շատ հեռու կ’երթայի ոգեւորութեանս մէջ,

գիշերը վրայ կը հասնէր,

անմիջապէս մէթրոն կ’առնէի, որ շատ շուտ տուն հասնէի։

35 ֆրանք ամսականէս ինծի կը ձգէին 15 ֆրանք,

անոնք ալ ճամբաներուն վրայ…

Ի դեպ, ժամանակին այս տեքստի վերաբերյալ նամակով հարցրինք Արտակ Պասմաճյանին եւ նրա հորաքրոջը՝ Վիվի Պասմաճյանին, սակայն երկուսն էլ, տեսած լինելով գրածս, հարկ չհամարեցին պատասխանել։

 

5. «Տենտենի արկածները» («The Adventures of Tintin,» Ֆրանսիա-Կանադա, 1991–1992)

 

«Տենտենի արկածները» մուլտֆիլմային հեռուստասերիալը հիմնված է բելգիացի հեղինակ Հերգեի՝ մեծ ժողովրդականություն վայելող համանուն պատկերապատումի (կոմիքս) վրա։ Ահա այս սերիալի 1.1314-րդ մասում  («Ոսկե ճանկերով խեցգետինը») գլխավոր հերոս Տենտենը գտնում է մի կտոր թուղթ, կարդում է վրան գրածը՝ «Կարաբուջյան» եւ ասում է, որ դա «հայերեն բառ է»։ Այն  հիշված է անիմացիոն ենթագրերում ու ծագում է կոմիքսից։ Բառը Տենտենը եւ մյուս հերոսը՝ Սնոուին, օգտագործում են որպես մաքսանենգության գործի հուշում։

Ի դեպ, Տենտենի մասին գրքերում կան նաեւ ուրիշ հայկական կապեր եւս (օրինակ՝ 714 չվերթի ժամանակ Էրզրումի հիշատակումը)։

 

Անտեսելի՞ են, արհամարհելի՞ են այս ցաքուցրիվ նշմարները։ Կարծում ենք՝ ոչ։ Մեր հարեւան (եւ ոչ միայն) ազգերը մի՞թե երջանիկ չէին լինի ու չէին բարձրաձայնի, եթե հնչեր իրե՛նց ժողովրդի մեղեդին հռչակավոր Դոնալդ բադիկի շուրթերից (կտուցի՞ց), եթե գերմանական ֆիլմում իրե՛նց հայտնի հայրենակցի ազգանունը տային նավթատեր կինոհերոսի, եթե իրե՛նց հայրենակցուհին փախչեր կովբոյի հետ ու իրե՛նց պատմական հայրենիքի մասին խոսեին իրենց երկրի մայրաքաղաքի երգի մեղեդու ներքո, Փարիզում թափառող տղուկն արտասաներ իրե՛նց լեզվով եւ, վերջապես, իրե՛նց լեզուն հիշատակեր մեկ այլ նշանավոր անիմացիոն կերպար...

Նաեւ մենք ընտրեցինք վերոհիշյալ օրինակները՝ ցույց տալու համար, որ միջազգային համատեքստում հայկական նշմարները միշտ չէ, որ կապվում են տխուրի ու ժխտականի հետ...

 

 

Արծվի Բախչինյան

 

Պատկերներ՝

 

«Միքիի թրեյլերը» մուլտֆիլմ «Հարձակում Բաքվի վրա» խաղարկային ֆիլմ «Աբաջինյանի Հելենը» վեսթերն սերիալ «Տղան հանդիպում է աղջկան» ֆիլմ «Տենտենի արկածները» մուլտֆիլմային հեռուստասերիալ
... ... ... ... ...