Հովիկ Չարխչյան. «Երկիր անավարտ»

Ամեն հեղինակ իր ժամանակն ունի
«Վաղ թե ուշ բոլորն էլ կգնան, բայց դու դատարկություն չես զգա, որովհետև բեռ էին, այլ ոչ թե պարունակություն». Հովիկ Չարխչյանի «Երկիր անավարտ» վեպը բոլորիս մասին է:
Արդեն մի քանի օր է այս վեպը գրապահարանումս է: Մեկ շնչով ընթերցվող գիրքն ինձանից մի քանի օր ժամանակ «ստացավ»՝ իրեն կարդալու և ավարտելու համար: Գրքերի վերընթերցումներն իմ պարագայում հաճախակի չեն լինում, միշտ փորձում եմ նոր գիրք ու նոր հեղինակ բացահայտել կամ էլ՝ նույն հեղինակի հաջորդ ստեղծագործությունը: Բայց «Երկիր անավարտ»-ին, վստահաբար, մեկ անգամ էլ եմ անդրադառնալու, քանի որ ներսումս անավարտ հարցեր մնացին: Չգիտեմ՝ դրանք կգտնեմ գրքում, թե ուղղակի մեր երկրում տեղի կունենան իրադարձություններ, որոնք կստիպեն հեղինակի մտքերին այլ պրիզմայով նայել, բայց գիրքը վերընթերցել հաստատ արժե:
Անկեղծ պիտի լինեմ՝ Չարխչյանին որպես հեղինակ այս գրքով եմ բացահայտել: Ասում են՝ ամեն հեղինակ իր ժամանակն ունի: Որպես ընթերցող պիտի համաձայնեմ այս մտքի հետ, որպես ընթերցող, որը մի քանի անգամ ձեռքն էր վերցնում Ռեմարկի «Հաղթական կամար»-ը, կարդում առաջին էջերը, փակում գիրքը և տարիներ շարունակ չէր անդրադառնում դրան: Մինչև մեկ օր սկսեց գիրքն ընթերցել և հաշված օրերի ընթացքում ավարտեց այն՝ անդադար լալով, համաձայնելով հեղինակի հետ, մերժելով իրականությունը:
Հավանաբար, շատերն են կարդալու այս նյութն այն ակնկալիքով, թե իրենց պիտի վեպի սյուժեն ներկայացնեմ: Պիտի հիասթափեցնեմ ձեզ: Երբեք չեմ հասկացել մարդկանց, որոնք մեկ ուրիշին պատմում են ֆիլմի սյուժեն, որը դիմացինը դեռ չի դիտել: Կամ դեմքի լուրջ արտահայտությամբ պատմում են ընկերոջը, թե ինչի մասին էր գիրքը:
«Երկիր անավարտ»-ի յուրաքանչյուր ընթերցող գրքում իրենն է գտնելու՝ իր հարցերն ու պատասխանները, իր մտորումների արձագանքները: Բայց վստահ եմ, որ, միևնույն է, կհամառեք ու կրկին կհարցնեք, թե իմ կարծիքով ինչի՞ մասին է վեպը: Նորից կասեմ՝ ամեն մեկդ յուրովի է մեկնաբանելու ցանկացած միտք, որը կկարդա, շատերս գուցե համակարծիք, շատերս էլ տարակարծիք լինենք: Բայց մեկ բան հաստատ կարող եմ ասել: Գիրքը մեր մասին է: Այնքան շատ ենք մենք մեր էությամբ այդ գրքում, որ նկարագրել անգամ հնարավոր չէ: Հաճախ ակնկալում ենք, որ գրքերը կտան մեզ հուզող հարցերի պատասխանները, բայց այս գրքում, ըստ իս, ոչ այնքան պատասխաններ կգտնեք, որքան հարցեր:
«Երկիր անավարտ»: Վերնագիրն անգամ խորհելու առիթ է տալիս: Իրոք, թե անավարտ մնաց մեր երկիրը, մենք մեր երկրի հիմքերը չամրացրեցինք, հիմքերը, որոնց վրա ամուր պատեր պիտի կառուցեինք: Հետո կարծես փլվեց ամեն ինչ: Մի օր պատերը նորից կբարձրանան, բայց կարևոր է, որ հիմքն այս անգամ գոնե ամուր լինի: Չարխչյանն ասում է. «Սա էլ կանցնի: Նրանք կգնան: Վաղ թե ուշ բոլորն էլ կգնան: Բայց դու դատարկություն չես զգա: Որովհետև բեռ էին, այլ ոչ թե պարունակություն»: Ըստ իս, կարևոր է, թե հետագայում ինչով ենք լցնելու ներկայիս դատարկությունը:
Ինձ գրավեց այն իրողությունը, որ հեղինակը գլխավոր հերոսներից մեկին անուն չէր տվել: Նա պատմության ուսուցիչն էր, որ կյանքի ինչ-որ փուլում պաշտպանական գերատեսչությունում աշխատանքի էր անցել, պատերազմից հետո զինվորական դարձել: Հատկանշական է թերևս այն, որ պատմության ուսուցչից զինվորական դարձած կերպարի մեջ շատերս մեզ կփնտրենք: Նրա կյանքն էլ թերևս մնացել է ինչ-որ անհասկանալի խաչմերուկում: Նա պայքար է մղում սեփական արժեքների ու սկզբունքների համար, որոնք երբեմն չեն ընկալվում օտարների կողմից, բայց նա շարունակում է իր պայքարը, երբեմն մարդկանց հետ հայտնվելով բարիկադների հակառակ կողմերում: Բայց նա հավատում է իր ճշմարտությանը, թերևս ժամանակ առ ժամանակ դրանից գյուղ փախչելու ցանկություն է ունենում՝ հողին հպվելու և իր հարցերին պատասխան ստանալու համար:
Խոստացել էի չպատմել սյուժեն, բայց կարծես թե սկսեցի անկեղծանալ ձեզ հետ: Մի մեջբերում անեմ, որը սրտիս առավել է դիպել. «Վատ բան է կիսաբաց դուռը: Վերապահ, անհաստատ, երկիմաստ: Անկեղծություն չկա կիսաբաց դռան մեջ, և երբեք չես գուշակի, թե մի թեթև քամուց որ կողմ է շրխկալու իր ամբողջ հուսահատությամբ։ Նա, ով հիմա նայում է դռներին, պիտի այդպես էլ չիմանա՝ հեռացողն իր ետևից կիսաբաց թողեց, թե վերադարձողի սպասումով չփակեցին»: Չունե՞ք զգացողություն, որ բոլորս հիմա այդ կիսաբաց դռանն ենք նայում՝ դրա լայն բացվելուն կամ էլ առհավետ փակվելուն:
Գրքում բազմաթիվ իրադարձություններ կան, որոնք կփորձեք համադրել մեր իրականության մեջ տեղի ունեցածի հետ: Կերպարների կհանդիպենք, որոնք այնքան նման կլինեն մարդկանց, որոնց ամեն օր եք տեսնում հեռուստացույցով շաղակրատելիս կամ էլ ձեր առօրյա կյանքում: Ինչպես հեղինակն ասաց գրքի շնորհանդեսի ընթացքում, եթե իրեն հարցնեք, թե իրակա՞ն են գրքում նկարագրված դեպքերն ու մարդիկ, արդյոք սա այս կամ այն մարդն է, նա չի հերքի կամ հաստատի ձեր կասկածները: Վստահաբար եմ ասում՝ չեք կարող կերպարներից գոնե մեկին չգտնել մեր իրականության մեջ:
Պատմության ուսուցիչը որոշեց ամեն ինչ թողնել ու գյուղ վերադառնալ՝ դեպի արմատները, երազանքները, դեպի կյանքը: Նա կդիպչի հարազատ հողին, կմշակի այն, և հողը կկլանի նրա բոլոր անհանգստությունները: Հողն այդպիսին է. իր մեջ է հավաքում մեր բոլոր ցավերը: Ակամա հիշում ես բոլոր այն մարդկանց, որոնք, ավաղ, վերադառնալու տեղ չունեն, իրականությունից փախչելու հնարավորություն չունեն, որովհետև նրանց տան հիմքն ամուր չէր կառուցված, և ինչ-որ մեկը կարողացավ նաև պատերը քանդել:
Լուսինե Առաքելյան