Հրաչյա Թամրազյան. Բանաստեղծություններ

Սեպտեմբերի 3-ը մեր ժամանակների ազգային մշակույթի նվիրյալներից մեկի՝ տաղանդավոր պոետ, թարգմանիչ, նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի հիշատակի օրն է: Ճիշտ 9 տարի առաջ այս օրը դադարեց բաբախել պոետի սիրտը: Հրաչյա Թամրազյանի հիշատակի օրվա առիթով «ArtCollage»-ն առաջարկում է ընթերցել բանաստեղծի տարբեր տարիներին գրված մի քանի ստեղծագործություններ:
***
Մուշեղ Գալշոյանին
Աշունը իր պաղ
Շուրթերի վրա
Տանում է կրկին
Մի մաքուր անուն.-
Ո՞վ այսպես կանուխ
Ճանապարհ ելավ,
Այս ո՞վ է անդարձ
երկինք հեռանում:
Աչքերին ծխոտ
Մի փառ է կապում
Օդի մաղմղուն,
Փխուր ապակին,
Ու նա գալիս է,
Որ աչքերը մեր
Իր սև, մոխիրե
Շղարշով փակի:
Աչքերից արյուն-
Արցունքով հոսող
Ծխահամ ու թեն
Մրմուռ ու հոտ է.
Խնկում է աշնան
Հոգեվարքն արդեն,
Ու մեկը մաքուր
Արյուն է ոթել:
(Նրան ներծծեց
Կարոտը վերին,
Երկինքը՝ մաքուր
Ակունքի ծարավ,
Նա ջինջ աչքերում
Ի հուշ ամենի
Մի պայծառ երկրի
Առասպել տարավ):
Ցնդում է հուշը
Հիմա եթերում՝
Հանձնված մաքուր
Լույսերի խաղին,
Ու մեկը անվերջ
Նախշեր է ծեփում
Լույսի ու քարի
Մաքուր շաղախից:
Նրանք երկինք են
Ելնում բույլերով,
Մանվում հավերժի
Անհուն կտավին,
Իր կարոտներն է
Երկինք ուղարկում
Քաղաքը աշնան
Ընկղմվող նավից:
Արցունքի խեժով
Զմռսում է նա
Ու ոսկեզօծում
Նաշն իր լուսեղեն,
Ի հուշ ամենի
Երկինք հղելով
Մի վերջին, վերջին,
Լուսե մի մեռել:
***
Դոն Կիխոտ
Հիմա չգիտեմ, ո՞ւմ հետ եմ խոսում,
Եվ այս տողերը ո՞վ պիտի կարդա,
Երբ խեղկատակն է լոկ ծափեր կորզում,
Երբ դահլիճը լի, բայց բեմն է դատարկ։
Եվ ո՞վ կսպասեր, ստվե՛ր իմ, ասա՛,
Որ պիտի մի օր խոսքը ճապաղի,
Որ ետնաբեմում – ահից համրացած,
Պիտի հանձնվենք այս մնջախաղին:
Մի ահագնացող ոճիրի մասին,
Որ այս հողն արդեն կրել չի կարող –
Ու որոճում են անհոգ ու անսիրտ
Իրենց օրերը անիղձ, անկարոտ...
Ամենն, ուրեմն, պատրանք է եղել –
Խոսքը ոգեղեն, տարերքը հզոր,
Ու ցամաքել է կրքի հեղեղը,
Գաղափարների թափառող մի զորք
Մարտի է տարել անփորձ բառերը,
Որ ընկան կռվում – դավին անգիտակ –
Խոսուն մեռյալներ, որ կյանք են առել,
Ու կրկին մտել դիմակների տակ։
Ու ես չգիտեմ, թե ի՞նչ եմ շահում,
Ու ես չգիտեմ, թե ո՞ւր եմ հասել,
Եվ ո՞ւմ վրա են հիմա արշավում
Իմ այս բառերը` անպաշտպան, անզեն։
Ու ես չեմ կարող զրահներ հագնել,
Ու անձնազոհի դեր խաղալ էլի.–
Ու ես ճարահատ սրտիս զարկերը
Ուղղում եմ հոգու հողմաղացներին.
– Ինչո՞ւ է ամբոխն այսքան անտարբեր,
Եվ ինչպե՞ս հուզել քաղաքն այս դատարկ,
Ու արժե՞ սգալ կամ արցունք թափել –
Զազրախոսում է ամեն խեղկատակ,
Ու վերնախավն է ցնծում նորընտիր,
Որ զոհել է իր միակ հերոսին –
Ամայության հետ դու եզրեր փնտրիր,
Դատարկության հետ դու խենթախոսիր...
Իսկ դուք ասում եք – ժամանակ է պետք,
Երբ ժամանակն է վաղուց կանգ առել,
Բայց ես պատրաստ եմ հենց հիմա երդվել,
Որ ժամանակի պատանդը բառն է։
Ու անիմաստ է արդեն հապաղել,
Երբ խոսքն է այրվում ներքին խռովքից –
Նա դո՛ւրս կպրծնի աքցանից ահեղ
Կա՛մ կարժանանա հավերժ նզովքի...
***
Անժամություն
Եվ կանգ են առել ժամ ու ժամանակ,
Չկա ժամացույց ու թվեր չկան,
Նրանց տարել են մահ-կառափնարան,
Օրերն իրենք են աղետի վկան:
Բայց ես կարթնանամ վաղ արշալույսին,
Երբ թռչունները սիրում են երգել,
Երբ արթնանում է ճառագայթն հույսի –
Երբ թոթափում ես ավելորդ և կեղծ
Ժամանակները՝ արդեն ժամկետանց,
Որ կենդանության թրթիռ իսկ չունեն –
Դու սպասում ես՝ երբ պիտի ետ գան
Ժամանակները՝ չվող թռչուններ:
Ու դու փոխում ես պահը ժամանման,
Ու ջերմություն ես խառնում երկնքին,
Թեպետ դու գիտես՝ ուղիղ մի ժամ անց
Պիտի արշավի աղետն այդ կրկին,
Երբ կանգ են առնում ժամ ու ժամանակ,
Երբ թռչուններն են օդում քարանում –
Ժամանակները պիտի մահանան –
Արդեն ջրերն են լուռ անշարժանում,
Ու ծանրանում է օդն առավոտյան,
Ու արթնանում է օրը շնչահեղձ,
Բայց կյանքն անզոր է ու մշտակործան,
Նրա հետ շատ է այսպես պատահել –
Երբ ուժ են տալիս բառերը նրան՝
Անէությունից կրկին ծնվելիս,
Անդունդի մեջ է ծիրն այդ առնված
Ու ծիլ է տալիս հույսի ծվենից…
Որ հոգուդ մեջ է այսպես ծվարել,
Ասես հոգին է իր խորշը վերջին,
Ու քեզ մնում է երգն այս ծրարել,
Ու հույսի նման հղել հավերժին:
07. 04. 2016
***
Ձեռագիրը
Տողանցումներում խիզախի՛ր, հոգի՛ս,
Այնպե՛ս արա, որ ձեռքդ չդողա,
Քո նմանակը շնչում է կողքիս,
Քո ձեռագիրը դարձավ փրկօղակ
Օրերի համար հիվանդ, մերձիմահ,
Որ նրանց անձուկ վիշտը փարատի,
Խիզախի՛ր, հոգի՛ս, և դարձյալ ի մա՛րտ –
Անավարտ երգն այս պիտի ավարտվի:
07. 04. 2016
***
Հեռացածների տեսողությունը
Զգում ես հանկարծ քո աչքերի մեջ –
Ժամանակներն են նրա մեջ սուզված –
Խորունկ անցյալներ – հոգու կղզիներ,
Եվ նավարկում է ծփացող հույսը,
Ո՞ւմ հայացքն է քեզ խորքից հմայում,
Ի՞նչ ջրերում են աչքերդ սուզված,
Ո՞ւմ հայացքով ես աշխարհին նայում:
Եվ սիրո անափ այդ մայրցամաքը
Ինչո՞ւ խորտակվեց մեր հոգու խորքում,
Այդ խոր կարոտը համակել է քեզ,
Ու ոչինչ նրան էլ չի ամոքում:
Հեռացածների տեսողությունն է
Արցունքակալում քո աչքերի մեջ –
Ծովացած հայացք – նրա մեջ սուզված
Խոր հուզաշխարհներ – հոգու կղզիներ...
19. 02. 2014
***
Հարցմունք
Հրաչյա Սարուխանին
(հատված) Է
Ու ինչ ազատ են հնչում երգերը,
Երբ ազատվում է կյանքը կապանքից,
Ու ես կգնամ իմ իսկ հետքերով՝
Ինձ հետ տանելով իմ ճակատագիրն
Այն ուղիները գտնելու համար,
Որ սպասում են մեզ երազներում,
Բայց ուղեկիցս հուշում է, ավաղ,
Որ ես մենակ եմ այնտեղ հասնելու –
Նա ինձ կլքի սահմանն անցնելիս,
Եվ ուրիշ ոչ ոք չի լինի ինձ հետ,
Ուր պատասխանն է բոլոր հարցերի.
–Սահմաններ չկան անձերի միջև.
Հոսում է գինին՝ հին հոգիները
Նոր մարմինների մեջ են բնակվում,
Ու ա՜յս է ապրած քո կյանքի գինը
Վայելի՛ր նրա ումպերը մաքուր…
Բայց ես կփորձեմ այնտեղ արթնանալ՝
Տնտղելու համար կյանքը իրեղեն,
Ու կլրացնեմ նոթերն անավարտ,
Կընթերցեմ այն՝ ինչ եղել-չի եղել։
Կգտնեմ մի կերպ ապրելու մի ձև –
Այդպես բոլորն են սահմանը անցնում.
–Ես երազներս կվերցնեմ ինձ հետ
Իբրև իրեղեն կյանքի ապացույց։
Ես կիջևանեմ հարկի տակ խաղաղ,
Անուն չի լինի իմ նոր տան մուտքին,
Ու ամեն օտար անցորդի համար
Ես մոմ կվառեմ իմ լուսամուտին։
21.06.2015
Հրաչյա Թամրազյան